Ռեդյարդ Քիփլինգ
Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ (անգլ.՝ Joseph Rudyard Kipling, դեկտեմբերի 30, 1865[1][2][3][…], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան[4] - հունվարի 18, 1936[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։
Քիփլինգի վաղ մանկությունը շա՜տ ուրախ ու անհոգ էր Հնդկաստանում, բայց 1871 թվականին, վեց տարեկանում, նա և իր քույրը՝ Էլիսը (հայտնի որպես Թրիքս), ուղարկվեցին Անգլիա՝ կրթություն ստանալու։ Նրանք տեղավորվեցին Լորն Լոջում՝ Պորտսմութում գտնվող մի տանը, որը ղեկավարում էր Հոլլոուեյ ընտանիքը։ Այստեղ Քիփլինգը բախվեց խիստ դաստիարակության և բռնության, ինչը հետագայում արտացոլվեց իր ստեղծագործություններում։ Այս ամենն այնքան վատ անդրադարձավ նրա վրա, որ գրողը մինչև կյանքի վերջ տառապեց անքնությունից։ Նրա հայրը՝ Ջոն Լոքվուդ Քիփլինգը, քանդակագործ էր և ճարտարապետության դպրոցի տնօրեն, իսկ մայրը՝ Էլիս Քիփլինգը (ծննդյան ազգանունը՝ ՄաքԴոնալդ), սերում էր հայտնի ինտելեկտուալ ընտանիքից։
12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան տարան Դևոնշիրի Յունայթեդ Սերվիսես քոլեջ, որպեսզի հետո նա անպայման ընդունվի հեղինակավոր ռազմական ակադեմիա։ Քոլեջի տնօրենը Ռեդյարդի հոր մտերիմ ընկերն էր։ Եվ հենց նա էլ տղայի մեջ սերմանեց հետաքրքրություն ու սեր դեպի գրականությունը։ Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող։
1882 թվականին Քիփլինգը վերադարձավ Հնդկաստան և սկսեց աշխատել Լահորում որպես լրագրող «Civil and Military Gazette» թերթում։ Այս շրջանում նա սկսեց գրել պատմվածքներ և բանաստեղծություններ, որոնք արտացոլում էին Հնդկաստանի կյանքն ու մշակույթը։ Նրա առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Plain Tales from the Hills», հրատարակվեց 1888 թվականին և մեծ ճանաչում բերեց նրան։ Իսկ 80-ականներին, շրջելով գրեթե ամբողջ աշխարհով, Քիփլինգը 1889 թվականի հոկտեմբերին եկավ Լոնդոն, ամբողջությամբ նվիրվեց գրականությանը և հենց այդ պահից էլ ճանաչում ձեռք բերեց։ 1892 թվականին Քիփլինգը ամուսնացավ ամերիկուհի Քերոլին Բալեստիերի հետ։ Նրանք սկզբում բնակվեցին ԱՄՆ-ում, սակայն ընտանեկան դժբախտություններից հետո՝ ներառյալ իրենց դստեր՝ Ջոզեֆինի մահը թոքաբորբից, վերադարձան Անգլիա։ Այստեղ Քիփլինգը շարունակեց իր գրական գործունեությունը՝ ստեղծելով բազմաթիվ հայտնի գործեր։ Նա իրար հետևից հրատարակել է ամենատարբեր գրքեր՝ «Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները, «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկները։ Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» վեպերը։ Ավելի հանրահայտ են, սակայն, երեխաների համար Քիփլինգի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի՝ Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895)։ Քիփլինգի ստեղծագործությունները հաճախ պարունակում են բրիտանական իմպերիալիզմի թեմաներ, ինչը ժամանակին բարձր գնահատվեց, սակայն հետագայում ենթարկվեց քննադատության։ Նրա «Սպիտակ մարդու բեռը» (The White Man’s Burden) բանաստեղծությունը դարձել է իմպերիալիստական գաղափարների խորհրդանիշ։ 1907 թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում Ջունգլիների գիրքը պատմվածքների ժողովածուն, Քիմ վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եթե» ("If") բանաստեղծությունը։ Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերենի զարգացման գործում։ Չնայած քննադատություններին, Քիփլինգի գրական տաղանդը անժխտելի է։ Նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և մինչ օրս կարդացվում են ամբողջ աշխարհում։ Ռեդյարդ Քիփլինգը մահացավ 1936 թվականի հունվարի 18-ին Լոնդոնում՝ ստամոքսի խոցի հետևանքով առաջացած արյունահոսությունից։ Նրա աճյունը հանգչում է Վեստմինստերյան աբբայությունում՝ «Բանաստեղծների անկյունում»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20170323100843/http://jeugdliteratuur.org/auteurs/rudyard-kipling
- ↑ 5,0 5,1 Western Gazette (գերմ.) — 1936. — Iss. 10355. — S. 9.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1907/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k45854946
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Kindred Britain
- ↑ Souden D. Wimpole Hall: Cambridge — 1999. — ISBN 978-0-7078-0139-1
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ http://theweald.org/N10.asp?NId=2175
Արտաքին հղումներ
խմբագրել- Քիփլինգի ստեղծագործությունների հայերեն աուդիոտարբերակը
- Аудиосказки Киплинга слушать онлайн или скачать
- Аудиосказки Киплинга слушать онлайн или скачать
- Ռադյարդ Քիփլինգը bookmark.am-ում
- Ռեդյարդ Կիպլինգը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 439)։ |