Իտալա-ավստրիական պատերազմ (1848-1849)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Իտալա-ավստրիական պատերազմ 1848-1849, ավստրիական տիրապետությունից Իտալիան ազատագրելու համար պատերազմ, որը սերտորեն կապված էր 1848-1849 թվականներին իտալական պետություններում ծավալված բուրժուական հեղափոխության հետ։ 1848 թվականի մարտին ժողովրդական ապստամբության հաղթանակի հետևանքով ավստրիական զորքերը վտարվեցին Լոմբարդիայից և Վենետիկից (Ավստրիայի իշխանության տակ էին գտնվում 1815 թվականից)։ Մարտին Մարդինիայի (Պիեմոնտի) թագավոր Կառլ Ալբերտը պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ։ Սակայն իտալական պետությունների կառավարող շրջանների և անձամբ Կառլ Ալբերտի դավաճանական քաղաքականության (վախենում էին հեղափոխական շարժման խորացումից) հետևանքով իտալական զորքերը 1848 թվականի հուլիսի 25-ին Կուստոցայի մոտ պարտվեցին։ Օգոստոսի 6-ին ավստրիական զորքերը մտան Միլան, իսկ 3 օր անց Կառլ Ալբերտը զինադադար կնքեց, որը առաջ բերեց մասսաների դժգոհությունը։ Լոմբարդիան նորից միացվեց Ավստրիային։ Հեղափոխական նոր վերելքը Կառլ Ալբերտին ստիպեց 1849 թվականի մարտի 20-ին վերսկսել ռազմական գործողությունները։ Սակայն արդեն մարտի 23-ին Նովարայի գլխավոր ճակատամարտում իտալական զորքերը գլխովին ջախջախվեցին։ Կառլ Ալբերտը փախավ Իտալիայից։ Նրա որդի Վիկտոր էմանուել 2-րդը մարտի 26-ին զինադադար կնքեց։ Ավստրիական զորքերը նորից օկուպացրին Լոմբարդիան և Վենետիկը։ Օգոստոսի 6-ին Միլանում կնքվեց հաշտություն, որով Մարդինիայի թագավորությունը Ավստրիային վճարեց 65 մլն. ֆրանկ ռազմատուգանք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 424)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալա-ավստրիական պատերազմ (1848-1849)» հոդվածին։ |