Սերբա-չեռնոգորյան-թուրքական պատերազմներ (1876-1878)

Սերբա - Չեռնոգորյան - Թուրքական Պատերազմներ , Սերբիայի և Չեռնոգորիայի մղած պատերազմները Օսմանյան կայսրության դեմ։

Մորավացի ճակատամարտը (պատկերազարդում)

Տեղի են ունեցել Բալկաններում ազգային-ազատագրական շարժման վերելքի պայմաններում։ 1876 թվականի պատերազմին (որը հունիսին հայտարարել էին Սերբիան և Չեռնոգորիան, և որոնք Օսմանյան կայսրությունից պահանջում էին Բոսնիան և Հերցեգովինան) Սերբիան և Չեռնոգորիան անպատրաստ էին։

Ռազմական գործողությունների ընթացքում թուրքական զորքերը գրավեցին Սերբիայի մի շարք վայրեր։ Թուրքական կառավարությանը ներկայացրած (1876 թվականի հոկտեմբեր) Ռուսաստանի վերջնագրի շնորհիվ կռվող կողմերի միջև կնքվեց զինադադար, իսկ 1877 թվականի փետրվարին Սերբիան հաշտություն կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ նախապատերազմական վիճակը վերականգնելու պայմանով (Չեռնոգորիան չստորագրեց հաշտության պայմանագիրը)։

1877-1878 թվականի ռուս-թուրքական պատերազմի սկզբին Չեռնոգորիան վերսկսեց (1877 թվականի ապրիլ) ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ։ 1877 թվականի դեկտեմբերին Սերբիան դարձյալ մտավ պատերազմի մեջ։ Սերբական և չեռնոգորիական զորքերը հասան նշանակալի հաջողությունների, Սերբիան ազատագրեց երկրի հարավի և արևելքի մի շարք շրջաններ։ Ռուսաստանի հաղթանակը ռուս-թուրքական պատերազմում վճռական դեր խաղաց Սերբիայի և Չեռնոգորիայի անկախության նվաճման գործում։

Բեռլինի կոնգրեսի որոշմամբ Սերբիան և Չեռնոգորիան ստացան անկախություն և զգալիորեն ընդլայնեցին իրենց տարածքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։