Սինոդ
Սինոդ (հունարեն՝ հավաքույթ, ժողով), բարձրագույն հոգևոր անձանց ժողով մի շարք ուղղափառ և բողոքական եկեղեցիներում, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմին 18-19-րդ դարերի սկզբին։ Ռուսաստանում ստեղծվել է 1721 թվականին՝ վերացված պատրիարքության փոխարեն։ Սինոդի իրավասության ներքո գտնվում էին զուտ եկեղեցական (եկեղեցական դոգմաների մեկնաբանություն, ծիսակատարությունների, աղոթքների կարգադրում), եկեղեցաոստիկանական (պայքար «հերձվածողների» և «աղանդավորների» դեմ, եկեղեցական բանտերի և գրաքննության վարույթ) բնույթի գործեր, եկեղեցավարչական և տնտեսական կառավարումը (եկեղեցական պաշտոնյաների նշանակում և ազատում, եկեղեցական գույքի տնօրինում) հոգևոր անձանց դատական գործը։ Սինոդը բարձրագույն մարմին էր նաև ընտանեկան իրավունքի որոշ հարցերով (ամուսնություն ազգականների հետ, ամուսնալուծություն)։
Սինոդի անդամներին բարձրագույն հոգևորականներից նշանակում էր կայսրը։ Սինոդի գործունեությունը վերահսկում էր օբերպրոկուրորը։ Խորհրդային վարչակարգի առաջին դեկրետներից մեկով սինոդը, որպես պետական մարմին, վերացվեց, ապա ռուս, ուղղափառ եկեղեցու պատրիարքության վերականգնումից (1917) հետո վերստեղծվեց՝ որպես պատրիարքին կից զուտ եկեղեցական, խորհրդակցական մարմին (բարձրագույն հոգևորական աստիճանավորներից)։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, ըստ «Պոլոժենիե»-ի, 1837 թվականին ստեղծվեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին կից Սինոդ։ 1960-ական թվականներին եպիսկոպոսական Սինոդը հաստատվեց կաթոլիկ եկեղեցում։
Պատրիարքների գլխավորությամբ Սինոդներ կան Վատիկանի հետ ունիայի մեջ գտնվող որոշ եկեղեցիներում՝ ղպտիական (ԵԱՀ), հայկական (Լիբանան), քաղդեական (Իրան) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 394)։ |