Ղրիմի պատերազմ (թուրքերեն՝ Kırım Savaşı; անգլ.՝ The Crimean War; ֆր.՝ la guerre de Crimée) կամ Արևելյան պատերազմ (անգլ.՝ The Eastern War; ֆր.՝ la guerre d’Orient), 1853-1856 թվականներին տեղի ունեցած համաշխարհային ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։

Ղրիմի պատերազմ
Ռուս-թուրքական պատերազմներ

Հովհաննես Այվազովսկի, «Սինոպի ճակատամարտը»
Թվական 1853-1856
Վայր Ղրիմ, Բալկանյան թերակղզի, Անդրկովկաս, Սև ծով, Սպիտակ ծով, Բալթիկ ծով, Հեռավոր Արևելք
Պատճառ Ռուսաստնի կողմից զորք մցնելը Մոլդավիա Եվ Վոլախիա
Արդյունք Ռուսաստանի պարտություն
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն
Ֆրանսիա
Մեծ Բրիտանիա
Սարդինիայի թագավորություն
Ռուսական կայսրություն
Մեգրելիա
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն սուլթան Աբդուլ Մեջիդ
Ֆրանսիա կայսր Նապոլեոն III
Միացյալ ԹագավորությունՎիկտորիա թագուհի
Սարդինիայի թագավորություն թագավոր Վիկտոր Էմանուիլ II
ՌուսաստանՆիկոլայ I
ՌուսաստանԱլեքսանդր II
Կողմերի ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն 165 000
Ֆրանսիա Ֆրանսիա 309 268
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 200 868
Սարդինիայի թագավորություն Սարդինիայի թագավորություն Սարդինիայի թագավորություն 21 000
գերմանական զորք՝ 4250
շվեյցարական զորք՝ 2200
կազակների զորք՝ 1400
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն 750 000
Ռազմական կորուստներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն 45 300
Ֆրանսիա Ֆրանսիա 97 365
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 22 602
Սարդինիայի թագավորություն Սարդինիայի թագավորություն 2 194
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն 143 000
25 000 զոհ
16 000 սպանված՝ վերքերից
89 000 զոհ՝ հիվանդություններից

Ռազմական գործողություններ են տեղի ունեցել Կովկասում, Անդրկովկասում, Դանուբյան իշխանություններում, Բալթիկ, Սև, Ազովի, Սպիտակ և Բարենցի ծովերում, ինչպես նաև Ամուր գետի, Կամչատկայի և Կուրիլյան կղզիների ստորին հոսանքներում, նաև Հեռավոր Արևելքում[1]։ Ռազմագործողություններն իրենց ամենամեծ լարվածությանը հասել են Ղրիմի թերակղզում, ինչի պատճառով էլ Ռուսաստանում պատերազմն անվանել են «Ղրիմի պատերազմ»: Բուն Ռուսաստանում, մինչև 20-րդ դարի սկիզբը, օգտագործվել է «ֆրանսիական» կամ «Արևելյան պատերազմ» անվանումները, ինչպես նաև «Թուրքական պատերազմ» անվանումը, մինչև որ ընդունվել է «Ղրիմի պատերազմ» ընդհանուր օգտագործվող (ամբողջ աշխարհում) անվանումը[2]։

Նախադրյալներ

խմբագրել

19-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն անկման վիճակում էր, և միայն Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի ուղղակի ռազմական օգնությամբ սուլթան Մահմուդ II-ը (1808-1839) երկու անգամ կանխել է Կոստանդնուպոլիսի գրավումը Եգիպտոսի կառավարիչ վասալ Մուհամմադ Ալիի կողմից: Բացի այդ, ուղղափառ ժողովուրդների պայքարն օսմանյան լծից ազատագրվելու համար շարունակվել է (տես Արևելյան հարցը)[3][~ 1]։ Այս գործոնները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի մոտ 1850-ականների սկզբին ուղղափառ ժողովուրդներով բնակեցված Օսմանյան կայսրության բալկանյան կալվածքները բաժանելու մասին ցանկություն էր առաջացել, որին դեմ էին Անգլիան և Ավստրիան[~ 2][~ 1]: Բացի այդ, Անգլիան ձգտում էր Ռուսաստանին դուրս մղել Կովկասի Սև ծովի ափերից[~ 3], Անդրկովկասից[~ 4], նաև Հյուսիսային Ամերիկայի տարածքներից։ Ֆրանսիական կայսր Նապոլեոն III-ը, թեև չէր կիսում Ռուսաստանի թուլացման անգլիական ծրագրերը, դրանք համարելով չափազանցված, դեմ չէր Ռուսաստանի հետ պատերազմին որպես 1812 թվականի պարտության վրեժ և որպես իր անձնական իշխանության ամրապնդման միջոց։

Բեթղեհեմում (Պաղեստին)[4] Սուրբծննդյան տաճարի վերահսկողության շուրջ Ֆրանսիայի հետ դիվանագիտական ​​կոնֆլիկտի (Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ) ժամանակ Ռուսաստանը, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, գրավեց Մոլդովական և Վալախական իշխանությունները, որոնք Ադրիանապոլսի պայմանագրի պայմաններով գտնվում էին Ռուսաստանի պրոտեկտորատի տակ[5][~ 5]։ Ռուսական կայսր Նիկոլայ I-ի զորքերը դուրս բերելուց հրաժարվելը ստիպեց Թուրքիային 1853 թվականի հոկտեմբերի 4-ին (16), իսկ հետո 1854 թվականի մարտի 15-ին (27) Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, պատերազմ հայտարարել Ռուսաստանին։

Կովկասում ռուսական զորքերի զգալի մասը կապված էր Կովկասյան պատերազմի հետ, և Թուրքիայի հետ սահմանը ծածկելու համար կազմավորվեց 30000-անոց կորպուս: Ղրիմում կար ընդամենը 19 հազար ռուս զինվոր։ Չնայած պատերազմի սկզբում Ռուսաստանը հույս ուներ Ավստրիայի բարյացակամ չեզոքության վրա, բայց հաշվի առնելով պատերազմի ընթացքում ի հայտ եկած թշնամանքը, զորքերի մեծ զորախումբ մնաց արևմտյան շրջաններում Ավստրիայի սահմանը ծածկելու համար, ինչպես նաև հյուսիս-արևմուտքում՝ 256 հազար մարդ, ևս մոտ 500 հազարը մնացել է Ռուսաստանի ներքին տարածքներում[6]։

Պատճառներ

խմբագրել

19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։

Պատերազմի սկիզբ

խմբագրել

1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

 

Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։

Թուրքերի Արդահանի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի Թիֆլիս, նոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պավել Նախիմովի նավախումբը նոյեմբերի 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը։

Պատերազմի ընթացք

խմբագրել

Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854 թվականի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։

 
Սինոպի ճակատամարտ 1853 թ

Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854 թվականի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։

 
 

Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854 թվականի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական և թուրքական բանակները հանդիպեցին ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։

Հետագա ռազմական գործողությունների ընթացքում դաշնակիցները, օգտվելով ռուսական զորքերի տեխնիկական թերարժեքությունից[7] և ռուսական հրամանատարության անվճռականությունից[8][~ 6], Սև ծովում կենտրոնացրեց բանակի և նավատորմի քանակապես և որակապես գերազանցող ուժերը, ինչը թույլ տվեց նրանց Ղրիմում հաջողությամբ իջեցնել դեսանտային ստորաբաժանումներ, մի շարք պարտությունների մատնել այնտեղ տեղակայված ռուսական բանակի ստորաբաժանումներին և պաշարել ռուսական Սևծովյան նավատորմի հիմնական բազան՝ Սևաստոպոլը, իսկ 1855 թվականի մարտին Նիկոլայ I-ի մահից հետո՝ գրավել նրա հարավային մասը:

Միկոլայիվը գրավելու դաշնակիցների հետագա փորձը, որտեղ կենտրոնացված էին Սևաստոպոլից տարհանված Սևծովյան նավատորմի ստորաբաժանումները, ձախողվեց, քանի որ անգլո-ֆրանսիական նավատորմը չհամարձակվեց ճեղքել ռուսական ական-հրետանային պաշտպանական դիրքերը Դնեպր-Բուգ լիմանը: Այս արշավախմբի ընթացքում դաշնակիցների կողմից գրավված ռուսական Կինբուրն ամրոցը մի քանի ամիս անց լքվեց նրանց կողմից առանց կռվի։ Սրանից հետո սևծովյան թատերաբեմում լայնածավալ ռազմական գործողությունները փաստացի դադարեցվեցին։ Դաշնակիցները նույնպես չկարողացան վճռական հաջողությունների հասնել պատերազմի այլ թատերաբեմերում: Կովկասյան ճակատում ռուսական զորքերին հաջողվեց մի շարք պարտությունների մատնել թուրքական բանակին և գրավել Կարսի ամրոցը։

1871 թվականի մարտի 1-ին Լոնդոնում կոնվենցիա է ստորագրվել Սև ծովի ապառազմականացման ռեժիմի վերացման մասին, որը նախատեսված էր Փարիզի պայմանագրի հոդվածներով[9]:

Պատերազմի ավարտ

խմբագրել

1855 թվականի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854 թվականի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855 թվականի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855 թվականի օգոստոս)։

Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855 թվականի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հազարանոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հազարանոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23-25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։

Կարևոր ճակատամարտերը

խմբագրել
  • Սինոպի ճակատամարտ, 30 նոյեմբերի 1853 թ.
  • Սիլիստրայի պաշարումը, 5 ապրիլի - 25 հունիսի 1854 թ.
  • Բոմարսունդի առաջին ճակատամարտը, 21 հունիսի 1854 թ.
  • Բոմարսունդի երկրորդ ճակատամարտը, 15 օգոստոսի 1854 թ.
  • Պետրոպավլովսկի պաշարումը, 30–31 օգոստոսի 1854 թ.
  • Ալմայի ճակատամարտ, 20 սեպտեմբերի 1854 թ.
  • Սևաստոպոլի պաշարումը, 1854թ. սեպտեմբերի 25-ից մինչև 1855 թ. սեպտեմբերի 8-ը
  • Բալակլավայի ճակատամարտ, հոկտեմբերի 25 1854 թ.
  • Ինկերմանի ճակատամարտ, 5 նոյեմբերի 1854 թ.
  • Եվպատորիայի ճակատամարտ, 17 փետրվարի 1855 թ.[10]
  • Չեռնայայի ճակատամարտը (նաև «Տրակտիր կամրջի ճակատամարտ»), 1855 թ. օգոստոսի 16
  • Քինբերնի ճակատամարտ (1855), 17 հոկտեմբերի 1855 թ.
  • Ազովի ծովի ծովային արշավ, 1855 թ. մայիս-նոյեմբեր
  • Կարսի պաշարումը, 1855 թ. հունիսից մինչև նոյեմբերի 28-ը

Փարիզի հաշտության պայմանագիր

խմբագրել

1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա: Սև ծովը և Բոսֆորի և Դարդանելի նեղուցները չեզոք հայտարարվեցին՝ բաց առևտրային նավերի համար և փակ ռազմական նավերի համար՝ ինչպես առափնյա, այնպես էլ բոլոր մյուս տերությունների նավերի համար[11]: Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարս բերդաքաղաքը, որը հանձնվել է Սևաստոպոլի հարավային մասի դիմաց)[12]։

Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859-1861 թվականների հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։

Հայերի մասնակցությունը պատերազմին

խմբագրել

Ինչպես 18-րդ դարի վերջի և19-րդ դարի սկզբի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղրիմի պատերազմում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուսական զենքի հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բարսեղ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պավել Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լազար Սերեբրյակովը։ Ռազմական գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Վաղարշապատ, Կարս, Իգդիր, Ղարաբաղ, Փամբակ-Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853 թվականներին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853-1854 թվականին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։

 
Միքայել Լորիս-Մելիքով

1854 թվականի հունիսին, երբ թուրքական 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854 թվականի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեներալ Ն. Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լորիս–Մելիքովի ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրքական զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։ Ղրիմի պատերազմում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն. Մուրավյով, Մ. Բոգդանովիչ, Մ. Լիխուտին, Ֆ. Գեյրոտ և ուրիշներ)։

Նշումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 «А! - Зайончковский А.М. Восточная война 1853-1856. Том 1, Глава 9. Святые места». adjudant.ru. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.
  2. Նիկոլայ I-ին վերագրվում է Օսմանյան կայսրությունը «Եվրոպայի հիվանդ մարդու» հետ համեմատելը, որը նա օգտագործել է 1850-ականների սկզբին օտարերկրյա դիվանագետների հետ իր շփումների ժամանակ: // Тарле Е. В. Крымская война Արխիվացված է Օգոստոս 14, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  3. Անգլիական «Վիքսեն» նավի կալանավորումից հետո, որը զինամթերքի բեռներով շարժվում էր դեպի կովկասյան ափ, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում ռուսական զորքերի և չերքեզների միջև, վարչապետ Փալմերսթոնը Ռուսաստանի դեսպանին հայտարարեց, որ չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Չերքեզիայի վրա։ // Тарле Е. В. Крымская война Արխիվացված է Օգոստոս 14, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  4. «Անդրկովկասում ցամաքային գործողությունները, ըստ անգլիական պլանի, հանձնարարվել են Օմեր փաշայի թուրքական բանակին, որը Շամիլի ջոկատների հետ համատեղ հարձակում էր իրականացնում Արևմտյան Վրաստանում և Հայաստանում»: // Штейнберг Е. Л. История британской агрессии на Среднем Востоке. — М.: Воениздат, 1951.
  5. «АДРИАНОПОЛЬСКИЙ МИРНЫЙ ДОГОВОР МЕЖДУ РОССИЕЙ И ТУРЦИЕЙ». www.vostlit.info. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.
  6. «А! - Зайончковский А.М. Восточная война 1853-1856. Том 2, Глава 2. Сосредоточение русских войск на границе княжеств (лето 1853 года) и распоряжения по занятию княжеств». adjudant.ru. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Широкорад, Александр Борисович. «Курилы — исконно японская земля?». Независимое военное обозрение, 10.02.2006. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  2. «Крымская война: взгляд с той стороны». warspot.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Восточный вопрос». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link): Մասնավորապես, 1852-1853 թվականներին Չեռնոգորիայի իշխանությունում զինված ապստամբություն է տեղի ունեցել:
  4. «А! - Зайончковский А.М. Восточная война 1853-1856. Том 1, Глава 9. Святые места». adjudant.ru. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.
  5. «А! - Зайончковский А.М. Восточная война 1853-1856. Том 2, Глава 2. Сосредоточение русских войск на границе княжеств (лето 1853 года) и распоряжения по занятию княжеств». adjudant.ru. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.
  6. Крымская война // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  7. Федосеев, Семен. «Кульминация «ружейной драмы» | Публикации | Вокруг Света». www.vokrugsveta.ru (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.
  8. «А! - Зайончковский А.М. Восточная война 1853-1856. Том 1, Глава 16. Планы действий России и Турции в предстоящей кампании и подготовка к ней со стороны последней». adjudant.ru. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Собрание Трактатов и Конвенций, заключённых Россией с иностранными державами. Т. XV. Трактаты с Францией». Runivers.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  10. «Eupatoria-ի ճակատամարտ». history-maps.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. Парижский трактат. 30.03.1856. Проект Российского военно-исторического общества
  12. «Парижский трактат». // Исторический факультет МГУ. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • Պողոսյան Ա. Մ., Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը, Ե., 1958։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմի պատերազմ» հոդվածին։