Ելենա Բրիտանացի (անգլ.՝ Helena of the United Kingdom) կամ Ելենա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (անգլ.՝ Helena of Saxe-Coburg and Gotha, մայիսի 25, 1846(1846-05-25)[1][2], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][1] - հունիսի 9, 1923(1923-06-09)[3][4], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի և նրա ամուսին Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու երրորդ դուստրը, ամուսնությամբ` Շլեզվիգ Հոլշթայնի արքայադուստր։

Ելենա Բրիտանացի
 
Մասնագիտություն՝ բուժքույր և ազնվական
Ծննդյան օր մայիսի 25, 1846(1846-05-25)[1][2]
Ծննդավայր Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][1]
Վախճանի օր հունիսի 9, 1923(1923-06-09)[3][4] (77 տարեկան)
Վախճանի վայր Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Թաղված Արքայական գերեզմանատուն
Դինաստիա Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Մայր Վիկտորյա թագուհի
Ամուսին Prince Christian of Schleswig-Holstein?
Զավակներ Prince Christian Victor of Schleswig-Holstein?, Albert, Duke of Schleswig-Holstein?, Princess Helena Victoria of Schleswig-Holstein?, Princess Marie Louise of Schleswig-Holstein?, Prince Harald of Schleswig-Holstein?[3] և stillborn von Schleswig-Holstein-Sonderburg-Augustenburg?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Թագավորական կարմիր խաչ Բրիտանական կայսրության շքանշանի Մեծ խաչի տիկին Բրիտանական թագի շքանշան և Royal Family Order of King Edward VII

Ելենայի դաստիարակությամբ զբաղվել են մասնավոր ուսուցիչներ, որոնք ընտրվել են նրա հոր եւ նրա մտերիմ ընկեր ու խորհրդական բարոն Ստոկմարի կողմից։ Մանկությունը նա անցկացրել է իր ծնողների հետ` ճամփորդելով Մեծ Բրիտանիայի բազմաթիվ թագավորական նստավայրերով։ Արքունիքի ջերմ ու ընտանեկան մթնոլորտն անհետացել է 1861 թվականին հոր` արքայազն Ալբերտի մահից հետո, երբ Վիկտորյա թագուհին խորասուզվել էր ինտենսիվ սգի մեջ։ 1860-ական թվականների սկզբին արքայադուստրը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Կառլ Ռուլանդի հետ, որն արքայազն Ալբերտի գերմաներենի գրադարանավարն էր։ Այն բանից հետո, երբ թագուհուն հայտնի է դարձել նրանց հարաբերությունների նորությունը, 1863 թվականին նա Ռուլանդին մերժել է աշխատանք տալ, եւ Ռուլանդը վերադարձել է հայրենիք` Գերմանիա։ Երեք տարի անց Ելենան ամուսնացել է սնանկացած գերմանական արքայազն Քրիստիանի հետ։ Զույգը Մեծ Բրիտանիայում է ապրել, և Ելենան իր կրտսեր քրոջ` Բեատրիսայի հետ միասին դարձել է թագուհու ոչ պաշտոնական քարտուղարը։ Սակայն 1901 թվականին մոր մահից հետո Ելենայի հանդիպումները եղբայրների եւ քույրերի հետ ավելի ու ավելի հազվադեպ են դարձել։

Ելենան թագավորական ընտանիքի առավել ակտիվ անդամներից է եղել` կատարելով լայնածավալ թագավորական պարտավորություններ։ Նա եղել է բարեգործական հաստատությունների ակտիվ ղեկավար և «Թագավրական Կարմիր խաչի» մրցանակի հիմնադիր-անդամներից մեկը, հիմնել է Ձեռագործ աշխատանքների թագավորական դպրոց, ինչպես նաեւ եղել է Բրիտանական բուժքույրերի թագավորական ասոցիացիայի նախագահ։

Ելենան եղել է արքայական ընտանիքի առաջին անդամը ով տոնել է իր ոսկե հարսանիքը, սակայն ընդամենը մեկ տարի անց նրա ամուսինը մահացել է։ Ելենան նրանից հետո ապրել է վեց տարի և մահացել է 1923 թվականի հունիսին, 77 տարեկան հասակում։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

 
Ելենան եղբոր` Ալֆրեդի հետ, որը նրան համարում էր իր սիրելի քույրը
Ֆրանց Քսավեր, 1849 թվական

Ելենան ծնվել է 1846 թվականի մայիսի 25-ին Լոնդոնում, Բուքինգհեմյան պալատում բրիտանական թագուհի Վիկտորյայի և նրա ամուսնու ՝ արքայազն Ալբերտի ընտանիքում։ Ելենան դարձել է թագավորական զույգի ինը երեխաներից երրորդ դուստրը եւ հինգերորդ երեխան։ Աղջիկը ծնվել է թագուհու քսաներկուամյակի հաջորդ օրը[5]։ Արքայազն Ալբերտը հայտնել է իր եղբորը` Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Էռնեստ II-ին, որ Ելենան «լույս աշխարհ է եկել բոլորովին կապույտ, սակայն այժմ նա լավ է»[6]։ Նա հավելել է, որ թագուհին «տանջվում էր ավելի երկար ու ավելի ուժեղ, քան նախորդ անգամները, և նա պետք է հանգիստ մնա, որպեսզի վերականգնվի»[7]։

Աղջիկը մկրտվել է 1846 թվականի հուլիսի 25-ին Քենթերբերի արքեպիսկոպոս Վիլիամ Հոուլիի ձեռամբ Բուկինհեմյան պալատի մասնավոր մատուռում[8]։ մկրտությունն ընդունել են մեծ դուքս Ֆրիդրիխ Վիլհելմ II-ը (Ջորջ III թագավորի թոռնուհու` Ավգուստա Կարոլինայի ամուսինը), դքսուհի Ելենա Մեկլենբուրգը (արարղության ժամանակ նրան ներկայացրել է Վիկտորյա թագուհու մայրը` այրիացած Քենթի դքսուհին) և Քեմբրիջի դքսուհի Ավգուստան[9]։ Աղջկան անվանել են «Ելենա» ի պատիվ դքսուհու կնքամայր Օռլեանցու, «Ավգուստա» ի պատիվ Քեմբրիջի դքսուհու եւ «Վիկտորյա» ի պատիվ Քենթի այրիացած դքսուհու։ Ընտանիքում արքայադուստրը հայտնի էր փաղաքշական «Լենհեն» մականվամբ, որն առաջացել էր արքայադստեր այլ մականունից` գերմաներեն «Հելենհեն»[10]։

Ելենան առույգ, անմիջական երեխա է եղել։ Այսպես, նա կարող էր պատասխանել եղբորը, երբ վերջինս իր հոգու հետ խաղալու համար հարվածում էր նրա քթին[11]։ Նա նկարչության նկատմամբ հակումներ է դրսևորվել և թագուհի Վիկտորյայի պալատական տիկնանցից լեդի Օգաստա Սթենլին դրական է արտահայտվել եռամյա Ելենայի նկարների մասին[10]։ Ինչպես եւ նրա քույրերը, աղջիկը վաղ մանկությունից հիանալի նվագում էր դաշնամուր։ Բացի այդ, նա հետաքրքրվում էր գիտությամբ եւ տեխնոլոգիաներով. այդ նույն հետաքրքրություններն ուներ նրա հայրը ՝ արքայազն Ալբերտը։ Նաև նրա սիրած մանկական պարապմունքներն էին ձիավարությունը եւ նավավարելը[7]։ Ինչպես եւ նրա քույրերը, Ելենան կրթությունը ստանում էր այն ծրագրով, որը մշակվել էր նրա համար հոր եւ նրա մտերիմ ընկեր բարոն Ստոկմարի կողմից։ Աղջկան ուսուցանում էին գործնական հմտություններ, ինչպիսիք են տնային տնտեսության խնամքը եւ սնունդ պատրաստելը, ինչպես նաև լեզուներ[12][13]։

Վիկտորիան և Ալբերտը կողմնակից էին միապետությանը, որը հիմնված է ընտանեկան արժեքների վրա, ուստի Ելենայի և նրա քույրերի ու եղբայրների ամենօրյա զգեստապահարանը բաղկացած էր միջին խավի համար նախատեսված հագուստից, իսկ երեխաները քնում էին աղքատիկ կահավորված, քիչ ջեռուցվող ննջասենյակներում[14]։ Չնայած միանման կրթությանն ու դաստիարակությանը, ժամանակի ընթացքում արքայադստեր տաղանդները սկսեցին ստվերի տակ անցնել նրա ավելի թատերական հակումներ ունեցող քույրերի ընդունակությունների համեմատ[15]։

 
Ելենան 1856 թվականի դեկտեմբերին

Ընտանեկան երջանկության մթնոլորտը, որում դաստիարակվել է Ելենան, ավարտվել է 1861 թվականին։ Մարտի 16-ին Ֆրոգմոր հաուսում մահացել էր թագուհու մայրը` Քենթի այրիացած դքսուհի Վիկտորյան։ Թագուհին վշտաբեկ էր, սակայն ընտանիքին նոր հարված էր սպասվում դեկտեմբերին. դեկտեմբերի 14-ին Վինձորում մահացավ արքայազն Ալբերտը։ Արքունիքը սգի մեջ էր խորասուզվել, իսկ ամբողջ թագավորական ընտանիքը Վիկտորյայի հրամանով մեկնեց Օսբորնի նստավայր։ Ելենան նույնպես խորապես վշտացած էր հոր մահվամբ։ Հունվարին նա գրել է իր ընկերներից մեկին. «այն, ինչը որ մենք կորցրել են, ոչինչ եւ երբեք չի կարող փոխարինել, եւ մեր վիշտը շատ-շատ դառն է... ես պաշտել եմ պապայիս, ես նրան սիրել եմ երկրի վրա ամեն ինչից շատ, նրա խոսքն ամենասրբազան օրենք է եղել, եւ նա ինձ օգնական եւ խորհրդական է եղել...նրա կողքին եղած ժամերն ամենաերջանիկն են եղել իմ կյանքում, եւ հիմա այդ ամեն ինչը վերջացել է»[16]։

Ամուսնու մահից հետո թագուհին երկար ժամանակ լքեց հանրային կյանքը։ Հետագա վեց ամիսների ընթացքում հրապարակային միջոցառումներում նրա ոչ պաշտոնական քարտուղարը և ներկայացուցիչը  դարձել էր նրա երկրորդ դուստրը` Ալիսան (ավագ դուստրը` Վիկտորյան, արդեն ամուսնացած էր և ապրում էր Գերմանիայում)։ Սակայն Ալիսան ինքն էլ օգնության կարիք ուներ։ Ելենան` ըստ ավագության թագուհու հաջորդ դուստրը, պետք է դառնար Ալիսայի օգնականը, բայց Վիկտորյան նրան համարում էր անհույս, քանի որ արքայադուստրը չէր կարողանում առանց արտասվելու երկար դիմանալ[17]։ Ի վերջո, պետական գործերում Ալիսայի օգնականը դարձավ նրա քույրը ՝ Լուիզան[18]։ 1862 թվականին Ալիսան ամուսնացավ Հեսսենի արքայազնի հետ, որից հետո Ելենան ստանձնեց «ծերացող մոր հենակների» դերը[19]։ Այդ դերում նա իրականացնում էր մանր-մունր հանձնարարություններ, ինչպիսիք էին, թագուհու նամակները գրելը, քաղաքական թղթակցությունում մորն օգնելը եւ պարզապես նրան ընկերակցելը[20]։

Ամուսնության մասին վեճեր խմբագրել

 
Ելենան մոտավորապես 1860 թվականին

1860 թվականի սկզբին Ելենան սիրախաղ սկսեց իր հոր նախկին գրադարանավար Կարլ Ռուլանդի հետ, որը պալատական արքունիքում նշանակում էր ստացել բարոն Ստոկմարի առաջարկությամբ, 1859 թվականին։ Նրան այնքան էին վստահում, որ թույլ էին տվել գերմաներենի դասեր տալ Ելենայի եղբորը` Ուելսի երիտասարդ աքայազնին։ Թագուհին Ռուլանդին նկարագրել է որպես «օգտակար և օժտված»[21]։ Սակայն երբ 1863 թվականին թագուհին հայտնաբերեց, որ Ելենան ռոմանտիկ զգացմունքներ ունի թագավորական ծառայի նկատմամբ, Ռուլանդը կորցրեց Վիկտորյայի վստահությունը և անմիջապես ետ ուղարկվեց Գերմանիա[22]։

Ռուլանդի հետ կատարվածը թագուհուն ստիպեց մտածել դստեր համար փեսայի որոնման մասին։ Քանի որ Ելենան միջնեկ երեխան էր, ապա խոշոր եվրոպական տներից մեկի ներկայացուցչի հետ ամուսնության հավանականությունը շատ փոքր էր[23]։ Աղջկա արտաքին տեսքը նույնպես անհանգստության տեղիք էր տալիս. արքայադստեր կենսագիրներից մեկը տասնհինգամյա տարիքում նրան նկարագրել է, որպես գեր, թափթփված, կրկնակի կզակ ունեցող[24]։ Բացի այդ, Վիկտորյան պնդում էր, որ հարսանիքից հետո Ելենան ստիպված կլինի մնալ թագուհու հետ, ինչի հետ պետք է հաշտվեր ապագա ամուսինը[25]։ Ի վերջո, թագուհու ընտրությունը կանգ առավ արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայնի թեկնածության վրա, որը տասնհինգ տարով մեծ էր Ելենայից եւ արքայադստեր ազգականներից էր (նրանց ընդհանուր նախնին էր Ուելսի արքայազն Ֆրեդերիկը)։ Սակայն այդ ամուսնությունը քաղաքականապես ձեռնտու չէր, եւ լուրջ տարաձայնությունների պատճառ հանդիսացավ թագավորական ընտանիքում։

Շլեզվիգը և Հոլշտեյնը այն ժամանակներում երկու տարածքներ էին, որոնց համար պայքարում էին Պրուսիան եւ Դանիան Պրուս-դանիական և Ավստրո-պրուս-դանիական պատերազմների ժամանակ։ Երկրորդ պատերազմի ընթացքում Պրուսիան եւ Ավստրիան հաղթեցին Դանիային, իսկ դքսությունները` Ավստրիայի որոշմամբ փոխանցվեցին Ավգուստենբուրգ արքայական տոհմին` արքայազն Քրիստիանի ընտանիքին։ Սակայն Ավստրո-պրուսական պատերազմից հետո, որի ընթացքում Պրուսիան օկուպացրել էր դքսությունը, դրանք դարձան պրուսական, ընդ որում Շլեզվիգ Հոլշտայնի դուքս տիտղոսի հավակնորդները շարունակեցին մնալ Ավգուստենբուրգները[26]։

 
Ելենան և Քրիստիանը նշանադրությունից անմիջապես հետո

Միեւնույն ժամանակ, Դանիան երկու դքսությունները համարում էր իր ժամանակավորապես կորցրած տարածքներ։ Ելենայի հավանական ամուսնությունը Շլեզվիգ Հոլշտայնցի արքայազնի հետ սարսափեցրել էր դանիական թագավոր Քրիստիան IX-ի դստերը` Ալեքսանդրային, որը ամուսնացած էր Ելենայի եղբոր` Ուելսի արքայազն Էդուարդի հետ եւ, իմանալով կայանալիք նշանադրության մասին, - բացականչել է. «Դքսություն պատկանում են Պապա՛յին»[27]։ Ալեքսանդրան ստացավ ամուսնու, նրա եղբոր` Ալֆրեդի եւ նրանց քրոջ` Ալիսայի աջակցությունը, որը բացահայտորեն մեղադրեց մորը այն բանում, որ նա պատրաստ է զոհաբերել սեփական դստեր երջանկությունը հանուն անձնական հարմարության[28]։ Ալիսան նաեւ պնդում էր, որ այդ ամուսնությունը կհանգեցնի իր քրոջ` Վիկտորիայի պրուսական արքունիքում ունեցած առանց այն էլ փոքր է ժողովրդականության էլ ավելի նվազմանը[29]։ Սակայն ինքը ՝ արքայադուստր Վիկտորյան, ջերմորեն ողջունում էր այդ միությունը, քանի որ երկար տարիներ մտերիմ է եղել Քրիստիանի ընտանիքի անդամների հետ[27]։ Այս բարեկամության շնորհիվ էր, որ 1881 թվականի փետրվարին արքայադուստր Վիկտորյայի որդին` ապագա կայսր Վիլհելմ II-ը, ամուսնացավ Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայնի զարմուհու` Ավգուստա Վիկտորյայի հետ։

Չնայած քաղաքական հակասություններին եւ տարիքային տարբերությանը, Ելենան երջանիկ էր Քրիստոնի հետ և վճռական տրամադրված էր նրա հետ ամուսնությանը[30]։ Որպես Քրիստիանի կրտսեր` իշխանություն չունեցող որդի, չունեցեր որեւէ լուրջ պարտավորություններ և կարող էր ընդմիշտ մնալ Մեծ Բրիտանիայում, ինչը համապատասխանում էր թագուհու հիմնական պահանջին։ Ստանալով արքայազնի տեղափոխվելու համաձայնությունը, Վիկտորյան հայտարարեց առաջիկա ամուսնության մասին[31]։ Ելենայի և Ուելսի արքայադուստր Ալեքսանդրայի հարաբերությունները շարունակում էին լարված մնալ, քանի որ Ալեքսանդրան պատրաստ չէր ընդունել Քրիստիանին, ով նաեւ նրա հեռավոր եղբայրն էր հանդիսանում (նրանց ընդհանուր նախնին էր Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ը), ո՛չ որպես ազգական, ո՛չ էլ որպես փեսա[32]։ Այս ամուսնությունը անհաշտ դարձրեց Ալեքսանդրային ոչ միայն Ելենայի հետ. թագուհին չէր կարողանում ներել արքայադստերը սեփականատիրության մեջ իրեն մեղադրելու համար։ Նա Ուելսների մասին գրել է. «Բերտին քնքուշ ու բարի է, բայց դա չի նշանակում, որ Ալիքսը նույնպիսին պետք է լինի։ Շատ ժամանակ կանցնի, եթե այդ պահը, ընդհանրապես, գա, ինչով նա կկարողանար վերադարձնել իր նկատմամբ իմ վստահությունը[33]։

Ամուսնական կյանք խմբագրել

 
Ելենան հարսանյաց զգեստով

Նշանադրության մասին հայտարարվել է 1865 թվականի դեկտեմբերի 5-ին, եւ, չնայած Ուելսի արքայազնի հարսանիքին ներկա լինելու նախնական մերժմանը (քրոջ` Ալիսայի միջամտությունից հետո նա փոշմանել է), հարսանիքը շատ ուրախալի իրադարձություն եղավ[34]։ Թագուհու կարգադրությամբ արարողությունը կատարվեց Վինձորի ամրոցի մասնավոր մատուռում, թեեւ, ինչպես ավանդաբար ընդունված էր, այդ նպատակի համար օգտագործվեց Սուրբ Գեորգի` ավելի մեծ երգչախումբը։ Դեռ ավելին, տոնակատարության ժամանակ թագուհին ժամանակավորապես մեղմացրեց իր սգո հանդերձը. նա հագել էր սև զգեստ և դրել էր սգո սպիտակ գլխարկ։ Գլխարկից երկար ժանյակավոր ժապավեններ էին իջնում թագուհու մեջքին[35]։

Արարողության մասնակիցները մատուռ մտան Բեթհովենի Հերոսական սիմֆոնիայի հնչյունների ներքո, ստեղծելով հոյակապ տեսարան, որի վրա ստվեր նետեց միայն Քեմբրիջի դուքս արքայազն Ջորջի հեռանալը. նրա մոտ հոդատապի հանկարծակի նոպա էր սկսվել։ Քրիստիանը խորանի մոտ էր կանգնել Էդվարդ Սաքսեն Վայմար Էիզենախի եւ Ֆրիդրիխ Շլեզվիգ Հոլշտայնի ուղեկցությամբ։ Ելենային դեպի խորան էին ուղեկցում մայրը, Ուելսի արքայազնը և դուքսերի, մարկիզների և կոմսերի չամուսնացած աղջիկներից բաղկացած ութ հարսնաքույրերը[36]։ Արքայադուստրը հագել էր շքեղ ատլասե սպիտակ զգեստ` հոնիթոնյան ժանյակներից կարված մեծ վալաններով (անգլ.՝ Honiton), որոնք զարդարված էին վարդերով, բաղեղով ու մրտենիով։ Նրա գուխը զարդարում էր նարնջի և մրտենու ծաղկեպսակով քողը, որը նույնպես հոնիթոնյան ժանյակներից էր պատրաստված։ Որպես զարդ Ելենայի վրա կար վզնոց, ականջօղեր եւ օպալով և ադամանդներով բրոշ, որոնք թագուհին էր նվիրել[37]։ Քրիստիանը տարիքով ավելի մեծ էր երևում, քան իրականում էր, և հյուրերից մեկը նկատել էր, որ Ելենան ասես թե ամուսնանում է մեծահասակ մարդու հետ։ Ի դեպ, երբ նա առաջին անգամ կանչվել էր Մեծ Բրիտանիա, Քրիստիանը ենթադրել էր, որ այրիացած թագուհին իրեն դիտարկում է որպես նոր ամուսին իրեն համար, այլ ոչ թե որպես իր դուստրերից մեկի փեսացու[38]։ Ամուսնական առաջին գիշերը նորապսակներն անցկացրին Օսբորն հաուսում, ապա նրանք մեկնեցին մեղրամսի, որի ընթացքում եղան Փարիզում, Ինտերլակենում եւ Ճենովայում[39]։

Ելենան և Քրիստիանը միմյանց նվիրված զույգ էին ու գերադասում էին խաղաղ ընտանեկան կյանք վարել[40]։ Զույգի հիմնական նստավայրը դարձել էր Վինձորի մեծ պարկի Քեմբեռլենդ լոջ առանձնատունը (անգլ.՝ Cumberland Lodge), որը պարկի ռեյնջերի ավանդական նստավայրն էր. թագուհին Քրիստիանին նվիրել էր ռեյնջերի պատվավոր պաշտոնը։ Լոնդոնում գտնվելու ժամանակ զույգը կանգ էր առնում Բուքինգհեմյան պալատի իրենց անձնական ննջասենյակներում[41]։

Ելենան և Քրիստիանը համատեղ կյանքում ունեցել են վեց երեխաներ, սակայն վերջին երեխան ծնվել է մահացած, իսկ կրտսեր որդին մահացել է ծնվելուց ութ օր անց։ Արքայադուստր Լուիզան` Ելենայի քույրը, ֆրանսիացի քանդակագործ Ժյուլ Դալուին հանձնարարել է ստեղծել հուշահամալիր Ելենայի մանուկ երեխաների գերեզմանների վրա[42]։

Թագուհու անձնական խնդրանքով խորհրդարանը Քրիստիանին տրամադրել է տարեկան վեց հազար ֆունտի չափով վճար[43]։ Բացի այդ, խորհրդարանը Ելենային տվել է երեսուն հազար ֆունտի չափով օժիտ, իսկ թագուհին զույգին հատկացրել է ևս հարյուր հազար, որը կազմում էր տարեկան մոտավորապես չորս հազար ֆունտ[44]։ Վինձորի պարկի ռեյնջերի պաշտոնի հետ միասին Քրիստիանը ստացել է նաև Վինձորի գերագույն կառավարչի պատվավոր պաշտոնը, ինչպես նաև արքայական հանձնակատարի պաշտոնը 1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Այնուամենայնիվ, նա հաճախ իր փոխարեն նիստերին ուղարկում էր վստահված անձի` գերադասելով իր Կորրի շան հետ ժամանակ անցկացնել, կերակրել բազմաթիվ աղավնիներին կամ որսի գնալ[45]։

Ելենան, ինչպես և խոստացել էր, ապրում էր թագուհու կողքին և քրոջ` Բեատրիսայի հետ կատարում էր մոր անձնական քարտուղարի պարտականությունները։ Բեատրիսան, որի նկատմամբ Վիկտորյան ավելի բարեհաճ էր, իրականացնում էր ավելի կարևոր պարտականություններ, իսկ Ելենան ստանձնում էր ավելի մանր հարցերը, որոնք չէր հասցնում լուծել քույրը[46]։ Ավելի ուշ տարիներին Ելենային օգնել է նրա չամուսնացած աղջիկը` Ելենա Վիկտորյան, որին թագուհին թելադրում էր իր օրագիրը կյանքի վերջին ամիսներին[47]։

Ելենան կատարյալ առողջ չէր, եւ ժամանակի ընթացքում նա ափիոնի և լաուդանումի նկատմամբ կախվածություն ձեռք բերեց[48]։ Բայց թագուհին չէր հավատում, որ Ելենան շատ հիվանդ էր, և նրան մեղադրում էր հիպոխոնդրիայում, որը ողջունվում էր ներողամիտ ամուսնու կողմից[49]։ Վիկտորյա թագուհին գրել է ավագ դստերը, որ Ելենան հակվածություն ուներ «ինքն իրեն երես տալ (եւ Քրիստիանը նույնպես) և զիջել ամեն ինչում, որ նրա բժիշկների և բուժքույրերի կարևորագույն նպատակն է թափ տալ նրան և ստիպել, որ ավելի քիչ մտածի իր մասին եւ սահմանափակումների վերաբերյալ»[50]. Սակայն Ելենայի ոչ բոլոր խնդիրներն էին հիպոխոնդրիայով պայմանավորված։ Օրինակ, 1869 թվականին նա ստիպված էր եղել հետաձգել Բալմորալ այցը, երբ վատ էր զգացել կայարանում։ 1870 թվականին նա տառապում էր ուժեղ ռևմատիզմից և հոդերի հետ կապված խնդիրներից։ 1871 թվականի հուլիսին նա տառապում էր թոքերի լճացումից, եւ հիվանդությունն այնքան լուրջ էր, որ հասարակությունը բացատրություն էր պահանջում, եւ արքունիքը ստիպված եղավ ցիրկուլյար արձակել, որում հայտարարվում էր, որ արքայադստեր հիվանդությունը պայմանավորված է «թագավորական ընտանիքի անդամների համար ունեցած խիստ անհանգստությամբ»[51]։ 1873 թվականին նա մեկնեց ֆրանսիական առողջարան` հիվանդությունից հետո վերականգնման համար, իսկ 1880 թվականին՝ Գերմանիա՝ ակնաբույժի մոտ այցելելու համար[52]։

Վերջին տարիներ խմբագրել

 
Ելենան մոտ 1910 թվականին

1900 թվականի հոկտեմբերին Անգլո-բուրական պատերազմի ժամանակ մալարիայից մահացավ Ելենայի սիրելի որդին` Քրիստիան Վիկտորը[53], իսկ հաջորդ տարվա հունվարին` թագուհի Վիկտորյան։ Նոր թագավոր դարձավ Ելենայի եղբայրը` Էդուարդը, որը մտերիմ չէր մինչ այդ պահը ողջ մնացած քույրերից և ոչ մեկի հետ, բացի Լուիզայից։ Ելենայի ազգական արքայազն Ալեքսանդրը գրել է, որ թագուհի Ալեքսանդրան նախանձում էր թագավորական ընտանիքին եւ չէր ցանկանում ամուսնու քույրերին Սանդրինգհեմյան պալատ հրավիրել[54]։ Բացի այդ, Ալեքսանդրան այդպես էլ մինչեւ վերջ չհամակերպվեց Ելենայի և Քրիստիանի ամուսնության հետ` դեռևս 1860-ական թվականներին ծագած վեճերի պատճառով[55]։

Նոր թագավորի ժամանակ Ելենան հազվադեպ էր տեսնվում եղբայրների եւ քույրերի հետ։ Նա շարունակում էր զորավիգ լինել միապետության համար և զբաղվում էր բարեգործությամբ։ Ելենան և Քրիստիանը հանգիստ կյանք են վարել, բայց, այնուամենայնիվ, ունեցել են մի քանի թագավորական նշանակումներ։ 1906 թվականին զույգը բրիտանական թագավորին էր ներկայացնում Վիլհելմի (Ելենայի ազգական) եւ Ավգուստայի (Քրիստիանի ազգական)[56] արծաթե հարսանիքի կապակցությամբ։ Եղբոր օրոք Ելենան այցելության է մեկնել Պրետորիա, (անգլ.՝ Transvaal Colony) Հարավային Աֆրիկայի Տրանսվաալ գաղութում գտնվող որդու` Քրիստիան Վիկտորի գերեզմանին։ Պրետորիայում արքայադստերը դիմավորել է վարչապետ Լուիս Բոտան, սակայն Յան Սմեսը հրաժարվել է հանդիպել նրան, քանի որ մի կողմից նա տխուր էր, որ իր երկիրը տանուլ է տվել պատերազմը, իսկ մյուս կողմից, որ իր որդին մահացել էր Բրիտանական համակենտրոնացման ճամբարում[57]։

1910 թվականին մահացավ Էդուարդ թագավորը, իսկ չորս տարի անց բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Պատերազմի ընթացքում Ելենան իր ժամանակը նվիրել է բուժքույրական գործին, իսկ նրա դուստրը ՝ Մարիա Լուիզան, իր հուշերում գրել է, որ իրենց սիրելիների մասին բազմաթիվ հարցեր էին ուղղում իր մորը և մորաքույրերին։ Որոշվեց, որ նամակները պետք է ուղղվեն Ելենայի զարմուհուն` շվեդական կրոն-արքայադուստր Մարգարիտային, քանի որ Շվեդիան չեզոք երկիր էր։ Պատերազմի ժամանակ ՝ 1916 թվականին Ելենան և Քրիստիանը նշեցին իրենց հարսանիքի ոսկե հոբելյանը, եւ, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան բարիկադների տարբեր կողմերում էին, կայսրը շնորհավորական ուղերձ հղեց հորաքրոջը և նրա ամուսնուն շվեդական կրոն-արքայադստեր միջոցով։ Թագավոր Գեորգը և թագուհի Մարիան ներկա էին հեռագիրը ստանալու պահին, եւ արքան ասել է Մարիա Լուիզային, որ նրա նախկին ամուսին Արիբերթ Անհալթցին մեծ ծառայություն է մատուցել, երբ բաժանվել է նրանից։ Երբ Մարիա Լուիզան ասել է, որ կփախներ Մեծ Բրիտանիա, եթե դեռ ամուսնացած լիներ նրա հետ, թագավորը «աչքերը փայլեցնելով» պատասխանել է, որ նա պետք է նրան ետ վերադարձներ[58]։

 
Ելենայի գերեզմանը Շլեզվիգ Հոլշտայնում, Ֆրոգմորի տարածքում
Արքայադստեր գերեզմանը ձախից երկրորդն է

1917 թվականին, ի պատասխան երկրում հակագերմանական տրամադրություններին, Գեորգ V-ը դինաստիայի ազգանունը Սաքսեն Կոբուրգ Գոթերից փոխեց Վինձորներ (դինաստիայի հիմնական նստավայրի անվանումով)։ Նա նաև հրահանգեց, որ թագավորական ընտանիքի  բոլոր անդամները հրաժարվեն գերմանական տիտղոսներից ու անվանակոչություններից։ Այսպես, Քրիստոնյաը, Ելենան եւ նրանց դստրերը դարձան պարզապես արքայազն եւ արքայադուստր Քրիստիան, արքայադուստր Ելենա Վիկտորյա և Մարիա Լուիզա առանց տարածքային անվան նշումի։ Ելենայի միակ որդին` Ալբերտը, կռվում էր Պրուսիայի կողմում, թեեւ հստակ հասկացրել էր, որ չի պատերազմելու իր մոր երկրի դեմ[59]։ Նույն թվականին, հոկտեմբերի 8-ին, Շոմբերգ հաուսում մահացավ արքայազն Քրիստիանը։ Ելենայի վերջին տարիներն անցան թագավորի հանձնակատարների հետ վեճերով, որոնք փորձում էին վտարել նրան Շոմբերգից եւ Քեմբերենդ լոջից դրանց պահպանության մեծ ծախսերից ելնելով։ Ելենան հաղթող դուրս եկավ, քանի որ այդ երկու առանձնատներն էլ փոխանցվեցին նրա ցմահ օգտագործման դեռևս Վիկտորյա թագուհու տիրապետության օրոք[60]։

Ելենան մահացել է Շոմբերգ հաուսի նստավայրում 1923 թվականի հունիսի 9-ին[61]։ Նրա հուղարկավորությունը նկարագրել են որպես «փայլուն կատարված տեսարան», որը գլխավորել է Գեորգ V թագավորը։ Սկզբում Ելենայի մարմինը թաղվել է Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի կապելայում, ապա, 1928 թվականի հոկտեմբերի 23-ին, վերաթաղվել է Ֆրոգմորի համալիրի թագավորական դամբարանում[62]։

Բարեգործական գործունեություն խմբագրել

Քույրական գործ խմբագրել

 
Նայթինգեյլ, որը հանդես է եկել Ելենայի կողմից ողջունվող բուժքույրերի հավաքագրման դեմ

1880-ական թվականներին Ելենան սկսեց հետաքրքրվել բուժքույրերական գործունեությամբ։ 1887 թվականին ստեղծվեց «Բուժքույրերի բրիտանական ասոցիացիան» (ԲԲԱ), որը գլխավորում էր Ելենան։ Արքայադստեր շնորհիվ 1891 թվականին կազմակերպության անվանմանն ավելացավ «թագավորական» մասնիկը, 1892 թվականին կոչվեց «Թագավորական խարտիա» (անգլ.՝ Royal charter)։ Ելենան ակտիվորեն աջակցում էր բժիշկների հավաքագրմանը (անգլ.՝ Nurse registry), ինչին դեմ էին Նայթինգեյլը եւ առաջատար հասարակական գործիչները[63]։ 1893 թվականի ելույթում Ելենան հայտարարել է, որ ԲԲԱ-ն աշխատում է «նվիրյալ եւ անձնուրաց կանանց կրթության մակարդակի և կարգավիճակի բարձրացման» ուղղությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հիվանդների, տառապողների եւ մահամերձների խնամքին[64]։ Նույն ելույթում արքայադուստրն զգուշացրել է ընդդիմության եւ սխալ տեղեկատվության մասին, որոնց բախվել էր Ասոցիացիան։ Թեեւ ԲԲԱ-ն հանդես էր գալիս հօգուտ բուժքույրերի հավաքագրման` որպես նրանց մասնագիտական կարգավիճակն ամրապնդելու եւ ապահովելու միջոց, Գաղտնի խորհրդի հետ կոոպերացման ժամանակ ասոցիացիան, ի վերջո, համաձայնվեց պարզ ցուցակ և ոչ թե պաշտոնական գրանցամատյան կազմելու հետ[64]։

Թագուհի Վիկտորյայի մահից հետո` 1901 թվականին նոր թագուհին` Ալեքսանդրան պնդեց, որ Ելենային հեռացնեն մեկ այլ կազմակերպության` «Քույրական բանակային ծառայության» տնօրենի պաշտոնից[65]։ Սա արքայադստեր և թագուհու առճակատման հետագա փուլի խթան հանդիսացավ, ինչը ստիպեց, որ թագավոր Էդուարդ VII-ը միջնորդ դառնա կնոջ եւ քրոջ միջեւ[66]։ Պալատական տիկին լեդի Ռոբերտսը գրել է ընկերոջը. «հարցերը [Ելենայի և Ալեքսանդրայի միջև ծագած] երբեմն շատ բարդ էին եւ ոչ միշտ հաճելի»։ Իր կարգավիճակով Ելենան հայտնվել էր թագուհուց ցածր դրության մեջ և ստիպված էր պաշտոնից հրաժարվելու հետ համաձայնել ի օգտին Ալեքսանդրայի, սակայն նրան հաջողվեց պահպանել Բանակի պահուստային բուժքույրերի նախագահի պաշտոնը[65]։ Իր բոլոր ղեկավարած կազմակերպություններում Ելենան իրականացնում էր ավտոկրատային, բայց միևնույն ժամանակ արդյունավետ կառավարում։ Եթե ինչ-որ մեկը նրա հետ համաձայն չէր, արքայադուստրը պարզապես ասում էր «դա իմ ցանկությունն է, և դա բավական է»[67]։

ԲԲԱ-ն աստիճանաբար անկում ապրեց 1919 թվականին Բուժքույրերի հավաքագրման ակտի ընդունումից հետո (1904 և 1918 թվականներին վեց անհաջող փորձերից հետո բրիտանական խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը թույլ էր տալիս բուժքույրերի ֆորմալ գրանցում)։ Այդ ակտի ընդունման արդյունքում ստեղծվեց «Բուժքույրական թագավորական քոլեջ» (անգլ.՝ Royal College of Nursing, ԲԹԳ), իսկ ԲԲԱ-ն կորցրեց իր հեղինակությունը։ Ելենան համաձայնվեց Ասոցիացիան և Քոլեջը միացնելու առաջարկությանը, սակայն բանակցությունները փակուղի մտան եւ ԲԲԱ-ն հրաժարվեց համագործակցությունը շարունակել[68]։ Այնուամենայնիվ, Ելենան շարունակում էր ակտիվորեն մասնակցել այլ քույրական կազմակերպությունների աշխատանքներին, ինչպես նախագահում էր Ուայթ կղզու, Վինձորի և Great Western Railway-ի Սուրբ Հովհաննեսի շքանշան կազմակերպությունները։ Այդ պաշտոնում նա անձամբ ստորագրել է բազմահազարանոց բուժքույրության որակավորման վկայականներ[69]։

Ձեռագործություն խմբագրել

Ելենան նաեւ ակտիվորեն մասնակցում էր ձեռագործի առաջխաղացմանը եւ եղել է 1872 թվականին կրկին ստեղծված «Ձեռագործության արվեստի դպրոցի» առաջին նախագահը, որը 1876 թվականին ստացել է «թագավորական» որոշիչ մասնիկ, անվանափոխվելով «Ձեռագործության թագավորական դպրոց» (անգլ.՝ Royal School of Needlework)։ Ըստ Ելենայի խոսքերի, դպրոցի խնդիրներն էին. «առաջին հերթին, վերակենդանացնել հիասքանչ արվեստը, որը գրեթե վերացել էր, իսկ երկրորդը, այդ վերածննդի միջոցով աշխատատեղեր ստեղծել այն կանանց համար, ովքեր մնացել էին առանց գոյության միջոցների»[69]։ Ինչպես եւ իր այլ կազմակերպություններում, Ելենան ակտիվորեն աշխատում էր դպրոցը պատշաճ մակարդակի վրա պահելու համար։ Նա անձամբ էր միջոցների հատկացման մասին խնդրանքներով գրում Թագավորական հանձնաժողովին (անգլ.՝ Royal Commission)։ Օրինակ, 1895 թվականին Հարավային Կենսինգթոնում դպրոցի շենք կառուցելու համար Ելենան կարողացել է հասնել երեսուն հազար ֆունտի չափով միջոցներ հատկացնելուն[70]։ Նրա թագավորական կարգավիճակը օգնում էր բարեգործական աշխատանքներին։ Նա հինգշաբթի օրերին դպրոցում կազմակերպում էր նաև հետճաշյա թեյախմություն սոցիալապես ակտիվ այն կանանց համար, որոնք ցանկանում էին նկատված լինել թագավորական ընտանիքի անդամի ընկերակցությամբ։ Սուրբ ծննդյան բազառի ժամանակ Ելենան դառնում էր գլխավոր վաճառող, և նրա մոտ հսկայական հերթեր էին գոյանում[71]։

Օգնություն աղքատներին խմբագրել

Ելենան ձգտել է օգնել երեխաներին և գործազուրկներին եւ նրանց համար սկսել է անվճար ճաշկերույթներ կազմակերպել Վինձորի ռատուշայում (անգլ.՝ Windsor Guildhall)։ Նա երկու բարեգործական ճաշկերույթներ է նախագահել 1886 թվականի փետրվարին եւ մարտին, եւ 3000-ից ավելի անվճար ընթրիքներ է կազմակերպել այդ տարվա դաժան ձմեռվա ժամանակ։ Ժամանակի ընթացքում, իր գործունեության շնորհիվ Ելենան հանրաճանաչություն է ձեռք բերել հասարակ մարդկանց շրջանում, իսկ վինձորյան աղքատները բառացիորեն երկրպագում էին նրան[71]։

Գրական գործունեություն խմբագրել

Ելենայի այլ հետաքրքրությունների թվին էր դասվում գրական գործունեությունը, մասնավորապես նա սիրում էր թարգմանություններ անել։ 1867 թվականին, երբ լույս էր տեսել նրա հոր` արքայազն Ալբերտի առաջին կենսագրությունը, կենսագրության հեղինակ սըր Չարլզ Գրեյը նշել է, որ արքայադուստր Ելենան արքայազնի նամակները գերմաներենից անգլերեն է թարգմանել «զարմանալի ճշգրտությամբ»[72]։ Հոր նամակների թարգմանություններին հաջորդել են այլ աշխատանքներ նույնպես. 1887 թվականին արքայադուստրը հրապարակել է Բայրեութի մարկկոմսուհի «Վիլհելմինա Պրուսիացու հուշագրությունների» թարգմանությունը։ Սատրդեյ ռեվյուն (անգլ.՝ Saturday Review (London)) նշել է, որ Ելենան գիրքը անգլերեն է թարգմանել, պահպանելով կենդանի լեզուն, բառարանային թարգմանության տոնը եւ բարձր ճշգրտության ոգին[73]։ Ելենայի վերջին աշխատանքը թվագրվում է 1882 թվականին. դա գերմաներեն գրքույկի թարգմանություն է, որը կոչվում է «Առաջին օգնություն տուժածներին», ի սկզբանե հրատարակված Քրիստիանի փեսայի կողմից։ Ելենայի թարգմանությունը վերահրատարակվել է մի քանի անգամ, մինչև 1906 թվականը[74]։

1883 թվականին Դարմշտադտում հրապարակվել են Ելենայի քրոջ` Ալիսայի նամակները. որպես գրքի կազմող հանդես է եկել տեղական քահանա Կառլ Զելլը, որին նամակների ընտրանին տրամադրել է թագուհի Վիկտորյան։ Երբ գիրքը լույս է տեսել, Ելենան գրել է Զելլին եւ անգլերեն տարբերակը հրատարակելու թույլտվություն է խնդրել։ Կազմողի թույլտվությունը ստացվել է, սակայն դա արվել է առանց հրատարակչի` դոկտոր Բերգշտրեսսերի իմացության։ 1883 թվականի դեկտեմբերին Ելենան գրել է սըր Թեոդոր Մարտինին (անգլ.՝ Theodore Martin), արտոնյալ արքայական կենսագրին, տեղեկացնելով նրան, որ Բերգշտրեսսերն Ալիսայի նամակների հեղինակային իրավունքի հավակնություն ունի եւ դրա հիման վրա պահանջում է անգլերեն հրատարակության հրապարակումը դադարեցնել։ Մարտինը Ելենայի և Բերգշտրեսսերի միջեւ հանդես է եկել որպես միջնորդ, որը պնդում էր, որ անգլիական հրատարակիչներից բազմաթիվ առաջարկներ է ստացել, ու կընտրի նրան, ով ավելի մեծ հոնորար կառաջարկի[75]։

Մարտինին հաջողվել էր Բերգշտրեսսերին համոզել փոխել հրապարակումը դադարեցնելու պահանջը, նաեւ մեծ գումարի դիմաց հեղինակային իրավունքի վերաբերյալ պահանջները փոխել։ Սակայն թագուհին եւ Ելենան հրաժարվեցին, պնդելով, որ հեղինակային իրավունքները պատկանում են թագուհուն, եւ արքունիքը կբանակցի միայն գիրքը կազմողի հետ։ Երկու արքայական տիկնայք հրատարակչի պահանջները համարեցին «չհիմնավորված, եթե ոչ անպատշաճ», եւ հրաժարվեցին անմիջականորեն շփվել նրա հետ։ Ի վերջո, 1884 թվականի հունվարին Բերգշտրեսսերը ժամանեց Մեծ Բրիտանիա և համաձայնեց հարյուր ֆունտ ստանալ առաջին երեք հազար օրինակի դիմաց, ինչպես նաեւ քառասուն ֆունտ` հետագա յուրաքանչյուր հազար կրկնօրինակի դիմաց[76]։ Մարտինն ընտրեց Ջոն Մյուրեյի (անգլ.՝ John Murray (publisher)) հրատարակչությունը, որը գերմանական հրատարակիչների հետ հետագա բանակցություններից հետո` 1884 թվականի կեսերին տպագրեց առաջին օրինակները։ Առաջին հրատարակումը գրեթե անմիջապես սպառվեց, բայց երկրորդ հրատարակության համար Մյուրեյը Զելլի կենսագրական ակնարկը փոխեց արքայադուստր Ելենայի 53-թերթանի հուշագրությունով։ Այսպիսով հաջողվեց խուսափել Զելլի հետ խնդիրներից, իսկ Ելենայի անունը, որը հայտնի էր ժողովրդի շրջանում, ավելի մեծ թվով ընթերցողների ներգրավեց[77]։

Արտաքին տեսք եւ բնավորություն խմբագրել

Գրեթե ամբողջ կյանքի ընթացքում Ելենային նկարագրել են որպես արտաքնապես հաստլիկ և թափթված կնոջ[78][24][11], ընդ որում, նա հանգիստ գործնական բնավորություն եւ ավտորիտար ոգի ուներ։ Մի անգամ ազգային գործադուլի վայրում Քենթերբերիի արքեպիսկոպոսը աղոթք հորինեց, հուսալով, որ գործադուլն արագ կավարտվի։ Ելենան ժամանեց եկեղեցի, աչքի տակով անցկացնելով իր ծառայողական թերթիկը և իր ձայնով, որը նրա դուստրը նկարագրել է որպես «թափանցող թագավորական շշուկ, որը ավելի հեռու էր տարածվում, քան ցանկացած մեգաֆոնով ուժեղացվածը [ձայնը]», նկատել է. «այս աղոթքը չի կանգնեցնի ոչ մի գործադուլ»[11]։ Արքայադստեր արտաքին տեսքը եւ անձը քննադատության է ենթարկվել նրա մոր նամակներում և օրագրերում, և Ելենայի կենսագիրները թագուհու օրինակին են հետևել[78]։ Սակայն Ելենայի դուստրը` Մարիա Լուիզան նրան նկարագրել է որպես «շատ գեղեցիկ, գանգուր շագանակագույն մազերով, գեղեցիկ, փոքրիկ ուղիղ քթով ու գեղեցիկ սադաֆե աչքերով կին... Նա շատ տաղանդավոր էր. հիանալի նվագում էր դաշնամուր և նկարչության եւ ջրաներկ անելու շնորհով էր օժտված... Նրա նշանավոր տաղանդներից էր ընկերների նկատմամբ նվիրվածությունը... Նա շատ խելացի էր, գործերը գլխավորելու հրաշալի հատկություն ուներ...»[79]

Երաժշտությունը Ելենայի նախասիրություններից մեկն էր. երիտասարդ տարիներին նա նվագել է Հալեյի հետ, իսկ նրա մտերիմ ընկերներն էին Ջեննի Լինդը և Կլարա Բաթը[11]։ Նրա հայտնի դառնալուն նպաստել է հասարակական պարտականությունների լայն շրջանակ կատարելու վճռականությունը նրան[80]։ Նա հյուրերի առաջ երկու անգամ ներկայացրել է մոր փոխարեն, որտեղ հյուրերին հրահանգել էին Ելենային ներկայանալ, ինչպես եթե նրանք ներկայանային հենց թագուհուն[81]։

Ելենան մտերիմ էր եղբոր` Ալֆրեդի հետ, որը նրան համարում էր իր սիրելի քույրը[82]։ Թեեւ ժամանակակիցները արքայադստերը նկարագրել են որպես իր մորը խիստ հավատարիմ, սակայն նա, օրինակ, ակտիվորեն հանդես է եկել կանանց իրավունքների օգտին, ինչից գարշում էր թագուհին[83]։ Այնուամենայնիվ, Ելենան եւ նրա քույր Բերատրիսան ավելի մտերիմ էին թագուհու հետ, քան Վիկտորյայի մյուս երեխաները, իսկ Ելենան մոր հետ մտերիմ էր ընդհուպ մինչեւ նրա մահը։ Ելենայի անունը վերջին բառն էր, որն արձանագրված է եղել թագուհի Վիկտորյայի օրագրում[84]։

Տիտղոսներ, մրցանակներ, ծագումնաբանություն և զինանշան խմբագրել

Տիտղոսներ խմբագրել

  • 1846 թվականի մայիսի 25 - 1866 թվականի հուլիսի 5. Նորին թագավորական մեծություն արքայադուստր Ելենա Ավգուստա Վիկտորյա Բրիտանացի
  • 1866 թվականի հուլիսի 5 - 1917 թվականի հուլիսի 17. Նորին թագավորական մեծություն արքայադուստր Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն[81]
  • 1917 թվականի հուլիսի 17 - 1923 թվականի հունիսի 9. Նորին թագավորական մեծություն արքայադուստր Քրիստիան

Մրցանակներ խմբագրել

  • 1878 թվականի հունվարի 1-ին Ելենան ընտանիքի մյուս անդամների հետ միասին դարձել է Հնդկական թագի շքանշանի ասպետ[81]
  • 1883 թվականի ապրիլի 29-ին Ելենան դարձել է Թագավորական կարմիր խաչի (անգլ.՝ Royal Red Cross)[11] անդամ
  • 1896 թվականի մարտի 23-ին արքայադուստրը դարձել է Սուրբ Հովհաննեսի շքանշանի Արդարության տիկին[81]
  • 1904 թվականի փետրվարի 10-ին Ելենան դարձել է Էդուարդ VII թագավորական ընտանեկան շքանշանի երկրորդ կարգի անդամ (անգլ.՝ Royal Family Order of King Edward VII)
  • 1911 թվականի հունիսի 3-ին արքայադուստրը դարձել է Ջորջ V թագավորական ընտանեկան շքանշանի (անգլ.՝ Royal Family Order of King George V) երկրորդ կարգի անդամ
  • 1918 թվականի հունիսի 3-ին Ելենան դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի Մեծ խաչի տիկին[81]։

Ծագումնաբանություն խմբագրել

Զինանշան խմբագրել

 

1858 թվականին Ելենան, նրա ավագ քույր Ալիսան եւ նրա կրտսեր քույրերն իրավունք են ստացել օգտագործել բրիտանական թագավորական զինանշանը ավելացնելով Սաքսոնիայի զինանշանը (վահան, իննակի հատված ոսկեգույնով եւ սևով, վրայից ռուտայից թագի տեսքով ժապավեն), որը ներկայացնում էր արքայադստեր հորը` արքայազն Ալբերտին։ Վահանի վերևում արծաթե եռատամ տիտլո է, որը խորհրդանշում է այն, որ նա միապետի դուստր է։ Տիտլոյի մեջտեղի ատամը ուղիղ կարմիր խաչ է, եզրային ատամների վրա արծաթե կենտրոնով կարմիր վարդ է կանաչ տերեւներով` թագավորական ընտանիքի մյուս անդամներից տարբերելու համար[81][85]։

Վահանը պահողները պատված են տիտլոյով (մրցաշարային օձիք), ինչպես վահանի վրա է. կանաչ խոտի վրա կարմիր մագիլներով զինված եւ ոսկե թագով պսակված ոսկեգույն ընձառյուծ է [ըմբոստացող առյուծը զգոն] եւ ոսկե մագիլներով զինված արծաթագույն միաեղջյուր է, վզակապի ձևով ոսկե թագը վզին, որին շղթա է ամրակցված[86]։

Կանացի (շեղանկյունանման) վահանը, որը միապետի երեխաների արժանապատվությանը համապատասխան թագով է պսակված, ծածկված է արծաթե եռատամ տիտլոյով։ Վահան չորս մասնից է։ Առաջին եւ չորրորդ մասերում` կարմիր դաշտի վրա  լազուրով զինված երեք ոսկե ընձառյուծ կա [գնացող առյուծը զգոն է], մեկը մյուսի վրա [Անգլիայի խորհրդանիշ]։ Երկրորդ մասը ոսկեզօծ դաշտում լազուրով զինված կարմիր առյուծ կա, որը շրջապատված է երկկողմանի` ներսից եւ դրսից ծաղկած կայմայով [Շոտլանդիայի խորհրդանիշ]։ Երրորդ մասը լազուրե դաշտում արծաթե լարերով ոսկե տավիղ կա [Իռլանդիա խորհրդանիշ])[81]։

1917 թվականին Գեորգ V-ի հրամանագրով Ելենան ի թիվս այլոց զրկվեց սեփական զինանշանն ունենալու իրավունքից[87]։

Ժառանգներ խմբագրել

Քրիստոնեականի հետ համատեղ կյանքում Ելենան ծննդաբերել է վեց երեխա, որոնցից չորսը հասուն տարիքի են հասել։ Զույգերը միայն մեկ ապօրինի անզավակ թոռնուհի են ունեցել, որի մահվամբ 1953 թվականին ընդհատվել է թագուհի Վիկտորյայի Ելենայի կողմից եկող սերունդների գիծը։

  • Քրիատիան Վիկտոր Ալբերտ Լյուդվիգ Էռնստ Անտոն (անգլ.՝ Prince Christian Victor of Schleswig-Holstein, 1867 ապրիլի 14 - 1900 հոկտեմբերի 29),  Ելենայի սիրելի որդին, ամուսնացել է, երեխա չի ունեցել, մահացել է մալարիայից Անգլո-բուրական պատերազմի ժամանակ[53]
  • Ալբերտ Յոհան Կառլ Ֆրիդրիխ Ալֆրեդ Ջորջ (անգլ.՝ Albert, Duke of Schleswig-Holstein, 1869 փետրվարի 26 - 1931 ապրիլի 27), Շլեզվիգ Հոլշտայնի տիտղոսավոր դուքս, ամուսնացած չի եղել, սակայն ունեցել է ապօրինի դուստր` Վալերի Մարիա
  • Ելենա Վիկտորյա Շլեզվիգ Հոլշտայն (Վիկտորյա Լուիզա Սոֆյա Ավգուստա Ամելյա Ելենա) (1870 մայիսի 3 - 1948 13 մարտ), ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել. արքայադստեր վերջին հրապարակային ներկայությունը տեղի է ունեցել արքայադուստր Եղիսաբեթթ (ապագա թագուհու) եւ արքայազն Ֆիլիպի ամուսնության հանդիսությունների առիթի ժամանակ
  • Մարիյա Լուիզա Շլեզվիգ Հոլշտայն (Ֆրանցիսկա Յոզեֆա Լուիզա Ավգուստա Մարիյա Քրիստինա Ելենա) (1872 օգոստոսի 12 - 1956 դեկտեմբերի 8), ամուսնացել է Արիբերտ Անհալթցու հետ, որը Անհալթի դուքս Ֆրիդրիխ I -ի և Սաքսեն Ալտենբուրգի արքայադուստր Անտուանետայի չորրորդ որդին էր. անժառանգ ամուսնությունը լուծարվել է 1900 թվականին[88]
  • Ֆրիդրիխ Քրիստիան Ավգուստ Լեոպոլդ Էդուարդ Հարալդ (1876 մայիսի 12-20)[88]
  • Մեռելածին որդի (1877 մայիսի 7)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Princess Christian. / T. GallagherLondon: Times Newspapers, 1923. — Iss. 43364. — P. 17. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Chomet, 1999, էջ 9
  6. Bennett, 1980, էջ 89
  7. 7,0 7,1 Chomet, 1999, էջ 10
  8. Lord Chamberlain’s Office, July 27, 1846(անգլ.) // The London Gazette : газета. — 1846. — № 20626. — С. 2754.
  9. Lord Chamberlain’s Office, July 27, 1846(անգլ.) // The London Gazette : газета. — 1846. — № 20627. — С. 2789.
  10. 10,0 10,1 Chomet, 1999, էջ 11
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Van der Kiste, 2004
  12. Hubbard, 2012, էջ 132
  13. Van der Kiste, 2003, էջ 22
  14. Van der Kiste, 2003, էջ 23
  15. Chomet, 1999, էջ 12
  16. Packard, 1999, էջ 101
  17. Packard, 1999, էջ 102
  18. Packard, 1999, էջ 103
  19. Packard, 1999, էջ 104
  20. Dennison, 2007, էջ 204
  21. Chomet, 1999, էջ 17
  22. Chomet, 1999, էջ 19
  23. Chomet, 1999, էջ 37
  24. 24,0 24,1 Packard, 1999, էջ 99
  25. Van der Kiste, 2003, էջ 61
  26. Packard, 1999, էջ 121
  27. 27,0 27,1 Packard, 1999, էջ 113
  28. Battiscombe, 1969, էջ 77
  29. Van der Kiste, 2003, էջ 65
  30. Packard, 1999, էջ 114
  31. Van der Kiste, 2003, էջ 64
  32. Battiscombe, 1969, էջ 76
  33. Van der Kiste, 2003, էջ 181
  34. Packard, 1999, էջ 115
  35. Packard, 1999, էջ 116
  36. Windsor Castle, July 19, 1866(անգլ.) // The London Gazette : газета. — 1866. — № 23140. — С. 4089—4092.
  37. Sweeter & Sweeter, 1866, էջ 477
  38. Van der Kiste, 2003, էջ 72
  39. Packard, 1999, էջ 117
  40. Chomet, 1999, էջ 55
  41. Chomet, 1999, էջ 133
  42. Packard, 1999, էջ 192
  43. Chomet, 1999, էջ 52
  44. Chomet, 1999, էջ 54
  45. Chomet, 1999, էջ 59
  46. Packard, 1999, էջ 194
  47. Benson, 1939, էջ 300
  48. Packard, 1999, էջեր 269—270
  49. Packard, 1999, էջ 193
  50. Chomet, 1999, էջ 128
  51. Chomet, 1999, էջ 129
  52. Chomet, 1999, էջ 130
  53. 53,0 53,1 Eilers, 1987, էջ 205
  54. Van der Kiste, 2003, էջ 180
  55. Battiscombe, 1969, էջեր 75—78
  56. Van der Kiste, 2003, էջ 182
  57. Marie Luise von Schleswig-Holstein, 1960, էջեր 195—196
  58. Marie Luise von Schleswig-Holstein, 1960, էջեր 141—142
  59. Marie Luise von Schleswig-Holstein, 1960, էջ 43
  60. Chomet, 1999, էջեր 143—144
  61. Chomet, 1999, էջ 149
  62. «Royal Burials in the Chapel since 1805» (անգլերեն). Dean & Canons of Windsor. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  63. Chomet, 1999, էջ 119
  64. 64,0 64,1 Chomet, 1999, էջ 120
  65. 65,0 65,1 Chomet, 1999, էջ 122
  66. Battiscombe, 1969, էջ 234
  67. Battiscombe, 1969, էջ 233
  68. Chomet, 1999, էջ 123
  69. 69,0 69,1 Chomet, 1999, էջ 124
  70. Chomet, 1999, էջ 125
  71. 71,0 71,1 Chomet, 1999, էջ 126
  72. Chomet, 1999, էջ 70
  73. Chomet, 1999, էջ 71
  74. Chomet, 1999, էջ 80
  75. Chomet, 1999, էջ 83
  76. Chomet, 1999, էջ 84
  77. Chomet, 1999, էջ 86
  78. 78,0 78,1 Chomet, 1999, էջ 30
  79. Chomet, 1999, էջ 87
  80. Chomet, 1999, էջ 40
  81. 81,0 81,1 81,2 81,3 81,4 81,5 81,6 {{{վերնագիր}}}.
  82. Van der Kiste, 2003, էջ 36
  83. Longford, 1964, էջ 395
  84. Chomet, 1999, էջ 4
  85. Neubecker, 1997, էջեր 96—97
  86. Boutell, 2010, էջեր 245—246
  87. François Velde. «Marks of Cadency in the British Royal Family». Heraldica.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  88. 88,0 88,1 Eilers, 1987, էջ 206

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բրիտանացի» հոդվածին։