Իռլանդիա

երկիր Եվրոպայի հյուսիս-արևմուտքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իռլանդիա (այլ կիրառումներ)

Իռլանդիա (անգլ.՝ Ireland, իռլանդերեն՝ Éire), պետություն Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Զբաղեցնում է Իռլանդիա կղզու 5/6 մասը։ Մայրաքաղաքը Դուբլինն է։ Իռլանդիան խորհրդարանական հանրապետություն է։

Éire
Ireland
Իռլանդիա
Իռլանդիայի դրոշ
Դրոշ
Իռլանդիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Amhrán na bhFiann
Զինվորի երգը
Իռլանդիայի դիրքը
Իռլանդիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Դուբլին
53°20.65′N, 6°16.05′W
Պետական լեզուներ իռլանդերեն, անգլերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Մայքլ Հիգգինս
 -  Վարչապետ Միխոլ Մարտին
Անկախություն Մեծ Բրիտանիայից 
 -  Հանրապետության հռչակում ապրիլի 24, 1916 
 -  Երկրորդ հռչակում հունվարի 21, 1919 
 -  Դոմինիոնի հաստատում դեկտեմբերի 6, 1922 
 -  Իռլանդիայի Հանրապետության մասին ակտ ապրիլի 18, 1949 
Տարածք
 -  Ընդհանուր 70,273 կմ²  (120-րդ)
 -  Ջրային (%) 2.00
Բնակչություն
 -  2022 նախահաշիվը 5,123,536  (121-րդ)
 -  2016 մարդահամարը 4,761,865 
 -  Խտություն 71.3 /կմ² (113-րդ)
184.7 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $561 միլիարդ (44-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $111,360 (3-րդ)
ՀՆԱ (անվանական) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $516 միլիարդ (29-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $102,394 (3-րդ)
ՄՆԶԻ (2019) 0.955 (բարձր) (2-րդ)
Արժույթ Եվրո (€) (EUR)
Ժամային գոտի WET (ՀԿԺ+0)
 -  Ամռանը (DST) IST (WEST) (ՀԿԺ+1)
Ազգային դոմեն .ie
Հեռախոսային կոդ +353

Անվանում խմբագրել

«Իռլանդիա» անվանումը գալիս է պետության և համանուն կղզու անգլերեն անվանումից (Ireland), որը կազմված է իռլանդերեն «Էիրե» (Éire, Իռլանդիա պետության և կղզու իռլանդական անվանումը) բառից կամ դրանից բխած ցեղանունից և անգլերեն «-լանդ»՝ «երկիր» իմաստով վերջածանցից։ «Էիրե» իռլանդերեն անվանումն առաջացել է հին իռլանդերեն «Էրիու» (Ériu) բառից, որն Իռլանդիա կղզու՝ ինչպես նաև իռլանդական առասպելաբանության աստվածուհիներից մեկի անունն է։ Մեկ վարկածի համաձայն՝ «Էրիու» անունը բխում է կելտական նախալեզվի *Φīweryū բառից, որն էլ գալիս է հնդեվրոպական *piHwerjon- («պտղաբեր երկիր» կամ «լիաբեր երկիր» իմաստով) բառից, որի արմատն է *peyH- («յուղ, ճարպ»)[1][2]։ Մեկ այլ մեկնաբանությամբ «Էրիու» անունը ծագում է հնդեվրոպական *h₂uer («հոսող ջուր») արմատից[1][3]։ Անցյալում Իռլանդիա անվանումը մեկնաբանվել է որպես «արևմտյան կղզի», ինչը գիտականորեն հիմնավորված չէ[4][5]։

Իռլանդիան Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայից տարբերակելու համար երբեմն կոչվում է Իռլանդիայի Հանրապետություն, թեև Իռլանդիայի սահմանադրության համաձայն՝ պետության պաշտոնական անվանումը «Իռլանդիա» է, իսկ «Իռլանդիայի Հանրապետություն» պետության նկարագրությունն է։ Ոչ ֆորմալ համատեքստում պետությունը երբեմն կոչվում է «Հարավային Իռլանդիա», «հարավը», «հանրապետությունը» կամ «26 կոմսությունները»[Ն 1][6][7]։

Պատմություն խմբագրել

Մարդը Իռլանդիայում բնակություն է հաստատել մ. թ. ա. 6-րդ հազարամյակում։ Մ. թ. ա. 5-րդ կամ 4-րդ դարում Իռլանդիայի տարածք ներխուժեցին կելտական ցեղերը։ 5-րդ դարում քրիստոնեության տարածման հետևանքով ուժեղացավ ֆեոդալիզմի զարգացումը։ 795-ից սկսվել է վիկինգների ներխուժումը։ Երկարատև պայքարն ավարտվել է 1014-ին, երբ գերագույն արքա Բրիան Բորուն, քիչ թե շատ միավորելով Իռլանդիայի տարբեր իշխանությունները, Քլոնտարֆի ճակատամարտում պարտության մատնեց վիկինգներին, թեև ինքը թագավորը զոհվեց մարտում։ 1169-1171 թվականներին անգլո-նորմանական ֆեոդալների ներխուժումով Իռլանդիայի հարավարևելյան ափերին առաջացել են անգլիական գաղութներ, որոնք հետագայում ստացել են Փեյլ (անգլ.՝ Pale) անունը։ 1297-ից գումարվել է պառլամենտը, որը կազմված էր անգլիացի բարոններից և պրելատներից։ 1495-ին այն ենթարկվել է անգլիական պառլամենտին և թագավորին։ Իռլանդիայի գաղութացման ընթացքում ձևավորվել է անգլո-իռլանդական վերնախավը։ 1541-ին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին շնորհվել է Իռլանդիայի թագավորի տիտղոսը։ Իռլանդիայում անգլիական Ռեֆորմացիա տարածելու պատրվակով բռնագրավվել են իռլանդական հողերը, գաղութացվել Փեյլի մեջ չմտնող տարածքները։ Գաղութային քաղաքականության հետևանքով 16-րդ դարում ապստամբություններ բռնկվեցին։ 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի սկիզբը մեծ թվով անգլիացի և շոտլանդացի բողոքականներ են բնակեցվել իռլանդացի կաթոլիկներից բռնագրավված տարածքներում, հատկապես կղզու հյուսիսարևելյան մասում (Օլստեր1641-1652 թվականների ապստամբությունից հետո, որը զուգադիպեց Անգլիական հեղափոխությանը և դաժանորեն ճնշվեց Օլիվեր Քրոմվելի կողմից, Իռլանդիան վերածվեց անգլիական գաղութի։ 17-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսը անգլիական իշխանությունները հրապարակել են մի քանի պատժիչ օրենքներ, որոնց համաձայն իռլանդական կաթոլիկները զրկվում էին քաղաքական և քաղաքացիական իրավունքներից։ 1801-ին վերացվել է Իռլանդիայի պառլամենտական ինքնավարությունը։ 19-րդ դարում Իռլանդիան ամբողջովին վերածվեց Անգլիայի ագրարային կցորդի։ Մասամբ իռլանդացի իրավաբան Դանիել O'Քոնելի գլխավորած շարժման շնորհիվ՝ 1829 թվականին ընդունվել է քաթոլիկների ազատագրության մասին օրենքը, որով վերացվեցին կաթոլիկների դեմ ուղղված պատժիչ օրենքերը և կաթոլիկների՝ Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ լինելու վրա արգելքը։ 1845-1849 թվականների աղետալի սովի հետևանքով Իռլանդիայի բնակչությունն նվազել է 20-25 տոկոսով։ Մոտ մեկ միլիոն մարդ մահացավ և մոտավորապես նույնքան մարդիկ արտագաղթեցին Իռլանդիայից 1845-1849 սովի ընթացքում։

Գաղութային և սոցիալական դաժան հարստահարման հետևանքով ուժեղացել է իռլանդական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Ազգային շարժման մեջ 19-րդ դարի մեծ ազդեցություն էին ձեռք բերել մանրբուրժուական հեղափոխականները՝ ֆենիները (անգլ.՝ Fenians1869-ին Իռլանդիայում ստեղծվեցին Առաջին Ինտերնացիոնալի սեկցիաներ։ 19-րդ դարի 70-80-ական թթ. ուժեղ պայքար էր գնում ինքնավարության (անգլ.՝ Home Rule, հոմրուլ) համար։ Բանվոր դասակարգն սկսում էր ակտիվորեն մասնակցել ազգային շարժմանը։ 1896-ին Ջեյմս Քոնոլին հիմնադրեց մարքսիստական Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը։ 1905-ին ստեղծվեց շինֆեյներների կուսակցությունը, որը հանդես էր գալիս Իռլանդիայի քաղաքական և տնտեսական ինքնուրույնության օգտին։ 1912-ին ձևավորվեց լեյբորիստական կուսակցությունը։ 20-րդ դարի սկզբին Իռլանդիայում մեծ թափ ստացավ գործադուլային պայքարը։ Ամենաուժեղը Դուբլինի գործադուլն էր (1913-1914), որի ընթացքում ստեղծվեց «Իռլանդական քաղաքացիական բանակ» պրոլետարական զինված կազմակերպությունը։ Հեղափոխական իրադրությունն Իռլանդիայում անգլիական կառավարությանն ստիպեց 1914-ին մտցնել հոմրուլը, որի կենսագործումը հետաձգվեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով։ 1916-ի ապստամբությունը, որի նպատակն էր իռլանդական ազգային պահանջներն իրագործել հեղափոխական ճանապարհով, ավարտվեց պարտությամբ։ Իռլանդիայում հեղափոխական պայքարը նոր ուժով ծավալվեց 1919-1921-ին։ Երկրում սկսվեց անկախության պատերազմ, որը կրում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ։ 1921դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Իռլանդիան (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) ստանում էր դոմինիոնի կարգավիճակ՝ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ ունեին Կանադան, Ավստրալիան և այլն։ Հաշտության պայմանագրով վերացվում էր 1919 թվականին հռչակված Իռլանդական Հանրապետությունը և ստեղծվում էր այսպես կոչված Իռլանդական Ազատ Պետությունը։ Երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ (1922-1923) պայմանագրին դեմ և պայմանագրին կողմ հանդես եկող ուժերի միջև։ Մեծ Բրիտանիայի օգնությամբ՝ Իռլանդական Ազատ Պետության կառավարությունը, որը կազմված էր աջ շինֆեյներներից, հաղթանակ տարավ։

1932-ին՝ իշխանության գլուխ անցավ Ֆիանա ֆայլ կուսակցությունն Իմոն դե Վալերայի գլխավորությամբ, որը կազմված էր քաղաքացիական պատերազմում պարտված կողմի ներկայացուցիչներից։ Ֆիանա Ֆայլի կառավարության նպատակն էր աստիճանաբար հրաժարվել 1921 թվականի Անգլո-իռլանդական պայմանագրից։ 1939-1945երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իռլանդիան չեզոքություն պահպանեց։ 1949-ին Իռլանդիան հռչակվեց անկախ հանրապետություն։ Սակայն կախումը անգլիական կապիտալից չթուլացավ։ 1950-ական թվականներին Իռլանդիայի իշխանությունները հրաժարվեցին պրոտեկցիոնիստական քաղաքականությունից և հետամուտ եղան տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ակտիվ ներգրավման։ 1960-ական թվականներին ուժեղացավ ամերիկյան և գերմանական կապիտալի թափանցումը Իռլանդիա։ Իռլանդիայի կառավարությունը պաշտոնապես վարում է չեզոքության և ռազմական խմբավորումներին չմիանալու քաղաքականություն։ Իռլանդիայում 1930-ական թվականներից մինչ օրս երկու գերակշիռ կուսակցություններն են Ֆինե գելը և Ֆիանա ֆայլը, որոնց ակունքները քաղաքացիական պատերազմի հակամարտող երկու կողմերի մեջ են (2020 թվականին նրանք առաջին անգամ կազմեցին կոալիցիոն կառավարություն)։ Իռլանդիան ՄԱԿ-ի անդամ է 1955-ից, Եվրոպական միության անդամ՝ 1973-ից։ 1990-ական թվականներին Իռլանդիայի տնտեսությունն աշխարհի ամենաարագորեն աճողներից էր։ Այս տնտեսական վերելքի կամ «Կելտական վագռի» շրջանը շարունակվեց մինչև 2007 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

1969-ին սկսված Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության կապակցությամբ Իռլանդիայի իշխանությունները հանդես էր գալիս հյուսիսիային-իռլանդական խնդրի քաղաքական կարգավորման օգտին։ 1998 թվականին Իռլանդիայի մասնակցությամբ կնքվել է Ավագ ուրբաթի կամ Բելֆաստի համաձայնագիրը, որն ամրագրել է Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հաստատվել է հանրաքվեով Իռլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում։ Բելֆաստի համաձայնագրի պայմաններով Իռլանդիան պարտավորեցվեց փոփոխել իր սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածները, որոնք Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ էին պարունակում։ Փոփոխված հոդվածներում նշվում է, որ միացյալ Իռլանդիան իռլանդացի ազգի կամքն է և որ այն կարող է հաստատվել միայն խաղաղ ճանապարհով և կղզու երկու մասերի բնակչությունների մեծամասնության կամարտահայտությամբ։

Աշխարհագրություն խմբագրել

Գետեր խմբագրել

Խոշոր գետը Շանոնն է, որից բացի խոշոր են Լի, Բլեկուոտեր, Շուր, Նոր, Էրն, Բանն գետերը, իսկ լճերից՝ Լոխ Նեյը, Լոխ-Դերգը, Լոխ-Մասկը, Կիլլարնինը։ Տարածքի 15%-ը զբաղեցնում են տորֆաբեր ճահիճները։

Կլիման խմբագրել

Կլիման բարեխառն օվկիանոսային է։ Կղզու արևմտյան ափերը ողողում է Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ Իռլանդիայի կլիման մեղմ է։ Տարին բոլոր օվկիանոսից փչում են տաք և խոնավ քամիներ, արևոտ օրերը քիչ են։

Ֆլորա խմբագրել

Իռլանդիայի բուսական աշխարհը համեմատած Մեծ Բրիտանիայի հետ աղքատ է։ Այստեղ աճում է 1300 տեսակի բույս, որոնք հանդիպում են նաև Եվրոպայում։ Իռլանդիայի կենդանական աշխարհը ավելի աղքատ է քան Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում։ Այնտեղ կարելի է հանդիպել սողունների և երկկենցաղների 4, կաթնասունների՝ 22 և ձկների՝ 10 տիպ, թռչունների 380 տեսակ։

Բնակչություն խմբագրել

Ազգային կազմը միատարր է. 98%-ը իռլանդացիներ են, ապրում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հրեաներ և այլք։ Իռլանդիայի բնակչության մոտ կեսը ապրում է քաղաքներում։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը կարևոր փոխադրական հանգույց է և երկրի գլխավոր ծովային նավահանգիստը, միաժամանակ մշակութային խոշոր կենտրոն է։ Պետական լեզուներն են իռլանդերենը և անգլերենը։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքական ինքնուրույնություն նվաճելուց հետո, չնայած տնտեսության կախվածությանը բրիտանական էկոնոմիկայից, Իռլանդիայի տնտեսության կառուցվածքում նկատվել է նշանակալից վերելք։ Իռլանդիան ագրարային երկրից վերածվեց ագրարային-ինդուստրիալ երկրի։ Տնտեսության մեջ կապիտալ ներդրումների գրեթե 1/2-ը բաժին է ընկնում անգլիական ընկերություններին։ Մեծ ներդրում ունեն ամերիկյան և արևմտաեվրոպական մոնոպոլիաները։ 2014-ին Համախառն Ներքին Արդյունքի կառուցվածքում արդյունաբերությանը բաժին էր ընկնում 27%[8], գյուղատնտեսությանը՝ 1,6%[8]:

Արդյունաբերություն խմբագրել

Հիմնական էներգետիկ ռեսուրսը տորֆն է։ 1972-ին ներմուծվող նավթի բազայի վրա կառուցվել է ՋԷԿ։ էլեկտրաէներգիայի 80%-ը տալիս են ԶԷԿ-երը։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ քարածուխ, երկաթի, անագի, ցինկի հանքաքար, պիրիտ, ֆոսֆորիտ։ Արդյունաբերությունը կապված է հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի մշակման հետ։ Ինչպես Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներում(բացի Իսլանդիայից)այնպես էլ Իռլանդիայում արդյունաբերության կառուցվածքում առաջատարը մեքենաշինությունն է:Սննդարդյունաբերությանը բաժին է ընկնում համախառն արտադրանքի ինքնարժեքի ավելի քան 1/2-ը։ Զարգացած են տեքստիլ և կարի ճյուղերը։ Ունի հանքային պարարտանյութերի արտադրություն, նավաշինություն, գյուղատնտեսական մեքենաշինություն, ավտոմոբիլների և տրակտորների հավաքման, էլեկտրատեխնիկայի, քիմիական, նավթավերամշակման, շինանյութերի և պոլիգրաֆ արդյունաբերություն։ Քորկի մոտ է գտնվում երկրի սև մետալուրգիայի միակ գործարանը։

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսության հողատարածության ավելի քան 40%-ը և խոշոր եղջերավոր անասունների 30%-ից ավելին կենտրոնացած է խոշոր անասնապահական ֆերմերների ձեռքին, որոնք տնտեսությունը վարում են կապիտալիստական հիմունքով։ Գյուղատնտեսական մեքենաները գլխավորապես ֆերմերների սեփականությունն են։ Գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի ավելի քան 3/4-ը տալիս է անասնապահությունը։ Մեկ շնչին ընկնող անասունների գլխաքանակով և կենդանի անասունների արտահանությամբ Իռլանդիան Եվրոպայում գրավում է առաջին տեղը, տավարի և հորթի մսի արտահանությամբ՝ առաջին տեղերից մեկը կապիտալիստական աշխարհում։ Բուսաբուծությունը հիմնականում բավարարում է անասնապահության կարիքները։ Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ, շաքարի և կերի ճակնդեղ, վարսակ։

Արտաքին առևտուր խմբագրել

Արտահանում է միս, խոշոր եղջերավոր անասուն, կաթնամթերք, գունավոր մետաղների հանքաքար, քիմիական, տեքստիլ արտադրանք և հագուստ, արդյունաբերական սարքավորումներ։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորումներ, նավթ և նավթամթերքներ, քիմիկատներ, տեքստիլ գործվածքեղեն։ Առևտրական հիմնական գործընկերը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Չինաստանը[9]։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային ճանապարհների երկարությունը 3,237 կմ[10] է, ավտոճանապարհներինը՝ 96,036 կմ[10]։ Ծովային նավատորմի ընդհանուր տոննաժը 202 հզ. բրուտտո ռեգիստրային տ է։ Գլխավոր ծովային նավահանգիստներն են Դուբլինը և Քորկը։ Դուբլինն ունի միշազգային օդանավակայան։

Կրթություն խմբագրել

1922-ին Իռլանդիայի կառավարությունը հսկողության տակ է վերցրել մասնավոր դպրոցները, որոնք ստեղծվել էին ըստ դավանանքի։ Տարրական դպրոցները պետականացվել են, բոլոր միջնակարգ դպրոցները մնացել են մասնավոր։ Ուսուցումը պարտադիր է 6—14 տարեկանների համար։ Նախադպրոցական ինքնուրույն հիմնարկներ չկան, երեխաները (4—6 տարեկան) հաճախում են տարրական դպրոցների կից նախադպրոցական բաժիններ։ Չնայած տարրական դպրոցները 90%-ով ֆինանսավորում է պետությունը, դրանք գտնվում են եկեղեցական կազմակերպությունների խիստ հսկողության տակ։ Գյուղական վայրերում գործում են միակոմպլեկտ և երկկոմպլեկտ տարրական դպրոցներ։ Միջնակարգ դպրոցներն (5—6 տարի) ունեն 2 ցիկլ, հիմնական (3—4 տարի), իրավունք է տալիս բարձր տիպի մասնագիտացված ուսումնական հաստատություն ընդունվելու, բարձր կուրս և Իռլանդիայի Ազգային համալսարանները։ Խոշորագույն գրադարաններն են. Ազգային գրադարանը (Դուբլին, հիմնադրվել է 1877-ին), Դուբլինի հանրային գրադարանը։ Մայրաքաղաքում են գանվում Իռլանդիայի Ազգային թանգարանը. (հիմնադրվել է 1731-ին), Իռլանդիայի ազգային պատկերասրահը (հիմնադրվել է 1864-ին), ժամանակակից արվեստի պատկերասրահը, Քաղաքացիական թանգարանը (հիմնադրվել է 1953-ին)։

Գիտական հիմնարկներ խմբագրել

Իռլանդիայի հնագույն գիտական կազմակերպություններն են

  • Դուբլինի արքայական ընկերությունը (1731)
  • Իռլանդական արքայական ակադեմիան (1786)
  • Արքայական կենսաբանական ընկերությունը (1830)
  • Դուբլինի համալսարանի կենսաբանական ընկերությունը (1874)
  • Բժշկագիտության արքայական ակադեմիան (1882)
  • Իռլանդական աստղագիտական ընկերությունը (1937)
  • Իռլանդիայի քիմիական ինստիտուտը (1950)

Մշակույթ խմբագրել

Գրականություն խմբագրել

Զարգանում է իռլանդերեն և անգլերեն։ Հնագույն գրական հուշարձանը հերոսական էպոսն է՝ գրառված VIII—IX դդ.: Միջին դարերում բարձր մակարդակի է հասել բարդերի պոեզիան։ Իռլանդիայի պատմությունը և գրականությունն արմատական փոփոխություն են կրել XVI —XVIII դդ.: Աշխարհիկ ու կրոնական գրականությունում գերիշխել է հայրենասիրության թեման։ XVII դ. հավաքվել և արտագրվել են ոչնչացման վտանգի տակ եղած հին ձեռագրերը, որի հիման վրա ստեղծվել է բազմահատոր «Չորս մագիստրոսների տարեգրությունները» (1632—1636)։ XVIII դ. վերջերից ավելի մեծ տեսակարար կշիռ է ստացել անգլերենով իռլանդական գրականությունը։ XIX դ. 40-ական թթ. ծաղկել է հեղափոխական բնույթի ռոմանտիզմը՝ կապված ազգային-ազատագրական շարժման հետ (Թ. Դևիս, Ջ. Մանգան, Զ. Գրիֆին, Զ.Բեյնիմ, Մ. էջուորտ, Ու.Կառլտոն)։ 50—60-ական թթ. 2-րդ կեսի գրականությանը բնորոշ էր ազգայնական գաղափարների մերժումը և ուշադրությունը սոցիալական խնդիրների նկատմամբ է. Միլն (ծն. 1903), Պ. Կևանախ (1905—1967), Մ. Լևին (ծն. 1912), Պ. Հելվին (ծն. 1925), Ռ. Մերֆի (ծն. 1927), Ջ. Մոնտեգյու (ծն. 1929), Ս. Ւփնի (ծն. 1930), Զ. Մակ-Հախերն (ծն. 1935) և ուրիշներ։

Ճարտարապետություն և Կերպարվեստ խմբագրել

Իռլանդիայի տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի դոլմեններ, կրոմլեխներ, դամբարանաբլուրներ։ Քրիստոնեության տարածումից հետո V—XII դդ. կառուցվել են վանքային համալիրներ, բարձր (մինչև 40 մ) պահակային աշտարակ-զանգակատներ, XI—XII դդ.՝ ռոմանական կապելլաներ, եկեղեցիներ, XII—XIV դդ.՝ գոթական ոճի տաճարներ։ Քարե խաչերին, բրոնզյա գավազաններին և, հատկապես, մանրանկարչությանը բնորոշ է զարդաքանդակի ճոխությունը։ Անգլիական գաղութատիրության պատճառով Իռլանդիայի արվեստի զարգացումը արգելակվել է։ XVII—XIX դդ. սկզբին Դուբլինում անգլիական կլասիցիզմի ոճով կառուցվել են վարչական շենքեր, պալատներ, մենատներ, իսկ 1829-ից՝ նեոգոթիկայի ոգով եկեղեցիներ։ XIX—XX դդ. նավահանգստային քաղաքներում ստեղծվել են էկլեկտհն բնույթի շենքերով կանոնավոր կառուցապատված շրջաննևր։ ժամանակակից ոճով կառուցվել են մի շարք ճարտարապետական համալիրներ, արդյունաբերական կառույցներ, ավաններ։ XVIII դ. իռլանդական նկարիչներ Ձ. Ջերվասը, Ն. Հոուն Ավագը, Հ. Դ. Համիլտոնը, Ջ. Բառետը և Ռ. Բարկերը ստեղծագործել են հիմնականում Անգլիայում։ 1840-ական թվականներից ազգային ինքնորոշման պայքարը նպաստել է ռեալիզմի զարգացմանը։ XX դ. սկզբին ձևավորվել է ազգային ռեալիստական դպրոցը (Զոն Բ. Ցիտս, Պ. Տյուոհի, Ջ. Կիսփնգ, Ձ. Լեմբ)։

Երաժշտություն խմբագրել

Իռլանդական ժողովրդական երաժշտության պահպանված նմուշները հիմնականում միաձայն են՝ հիմնված 7-աստիճանոց դիատոնիկ լադերի վրա։ ժողովրդական պարերից են՝ ժիգան, ռիլը։ Հիմնական երաժշտական գործիքը բազմալար տավիղն է։ Երաժշտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից են՝ կատարող-կոմպոզիտորներ Դ. Մյորֆին, Մ. Կելլին, դաշնամուրային նոկտյուրնի ժանր ստեղծող Զ. Ֆիլդը, կոմպոզիտորներ Մ. Բալֆը, Չ. Ստանֆորդը, Ա. Բաքսը։ Իռլանդիայում գործում են՝ իռլանդական երաժշտական ակադեմիան, սիմֆոնիկ նվագախմբեր, երգչախմբեր և այլն։ 1963-ին Դուբլինում կազմակերպվել է Իռլանդիայի ազգային օպերային թատերախումբը։

Թատրոն խմբագրել

XVI դ. Դուբլինում անգլիական համքարական գիլդիաները կազմակերպել են միստերիաների ներկայացումներ։ XVII դ. անգլիացի վերնախավի համար ստեղծվել են թատրոններ։ 1899-ին բանաստեղծ Ու. Բ. Ցիտսը և Ա. Գրեգորին Դուբլինում ստեղծել են Իռլանդական գրական թատրոն (1899—1901, այժմ՝ Աբբայության թատրոն)։ 1922-ին հիմնվել է Դրամատիկական միություն։ 1929-ին է. Հիլտոնը և Մ. Մակ- Լիամոիրը Դուբլինում կազմակերպել են ժամանակակից խաղաոճի թատրոն։

Նշումներ խմբագրել

  1. Իռլադիան պատմականորեն բաղկացած է եղել 32 կոմսություններից։ Հյուսիսային Իռլանդիան մոտավորապես համապատասխանում է դրանցից վեցին, հետևաբար երբեմն կոչվում է «վեց կոմսությունները», իսկ Իռլանդիա պետությունը՝ «քսանվեց կոմսությունները»։ Վերջինս առավելապես գործածում են իռլանդական հանրապետականները, որոնք չեն ընդունում Իռլանդիայի բաժանումը և չեն ճանաչում ներկայիս Իռլանդիա պետության լեգիտիմությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Isaac, G. R. (2009). «A Note on the Name of Ireland in Irish and Welsh». Ériu. 59: 49–55. ISSN 0332-0758.
  2. Koch John T. (2005)։ Celtic Culture: A Historical Encyclopedia, ABC-CLIO։ pp. 709-710
  3. Ní Mhurchú, Síle (2017). «Ériu». In Echard, Sian; Rouse, Robert (eds.). The Encyclopedia of Medieval Literature in Britain, 4 Volume Set (անգլերեն). Chichester: John Wiley & Sons. էջ 750. ISBN 978-1-118-39698-8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Pictet, Adolphe (1857). «Inquiry into the Origin of the Name of Ireland». Ulster Journal of Archaeology. 5: 52–60. ISSN 0082-7355.
  5. Forbes John (1848)։ The Principles of Gaelic Grammar (2nd ed.)։ Edinburgh: Oliver and Boyd, p. 160
  6. Acciano, Reuben (2005). Western Europe. Lonely Planet. էջ 616. ISBN 1740599276. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  7. Daly Mary (2007)։ "The Irish Free State/Éire/Republic of Ireland/Ireland: A Country by Any Other Name?"։ Journal of British Studies, Volume 46, Issue 1, pp.72-90։ doi:10.1086/508399
  8. 8,0 8,1 «Իռլանդիայի ՀՆԱ-ի Կառուցվածք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Իռլանդիայի Առևտրաշջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  10. 10,0 10,1 «Իռլանդիայի Տրանսպորտային համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 385