Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

Բալկանյան թերակղզին 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան հարց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 35  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։