Վասիլի Վերեշչագին
Վասիլի Վասիլևիչ Վերեշչագին (ռուս.՝ Василий Васильевич Верещагин, հոկտեմբերի 14 (26), 1842[1], Չերեպովեց, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - մարտի 31 (ապրիլի 13), 1904[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ), ռուս գեղանկարիչ և գրող, ամենահայտնի մարտանկարիչներից մեկը։
Վասիլի Վերեշչագին Василий Верещагин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14 (26), 1842[1] |
Ծննդավայր | Չերեպովեց, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանվել է | մարտի 31 (ապրիլի 13), 1904[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Լյույշունկոու, Կվանտունյան մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, ռազմական գործիչ, history painter և genre painter |
Ոճ | օրիենտալիզմ և ռեալիզմ[4] |
Ժանր | Մարտանկարչություն[3], բնանկար[3], ժանրային նկարչություն[3], դիմապատկեր[3], դիցաբանական գեղանկարչություն[3] և կրոնական նկարչություն[3] |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և գրականություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Պատերազմի ապոթեոզ |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Ներշնչվել է | Ժան Լեոն Ժերոմ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
ստորագրություն | |
Vasily Vereshchagin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎասիլի Վերեշչագինը ծնվել է 1842 թվականի հոկտեմբերի 14-ին (հոկտեմբերի 26) Չերեպովեց քաղաքում (ներկայիս Վոլոգդայի մարզում)՝ ազնվականության պարագլխի ընտանիքում։ Ունեցել է երեք եղբայր։ Բոլորն էլ սովորել են ռազմաուսումնական հաստատություններում։ Վասիլի Վերեշչագինի կրտսեր եղբայրները՝ Սերգեյն (1845-1878) ու Ալեքսանդրը (1850-1909), դարձել են զինվորականներ, իսկ ավագ եղբայրը՝ Նիկոլայ Վերեշչագինը (1839-1907), եղել է հասարակական գործիչ։
Տասը տարեկան հասակում Վասիլի Վերեշչագինն ընդունվել է ծովային կադետական դպրոց, որն ավարտելուց հետո մի կարճ ժամանակ ծառայել է, ինչից հետո թողել է ծառայությունն ու ընդունվել Գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է 1860-1863 թվականներին՝ աշակերտելով Ա. Մարկովին, Ֆ. Մոլլերին ու Ա. Բեյդեմանին։ Թողնելով ակադեմիան՝ մեկնել է Կովկաս, որտեղ մնացել է շուրջ մեկ տարի։ Այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ սովորել և աշխատել է Ժան Լեոն Ժերոմի (1864-1865) ղեկավարությամբ։
1865 թվականի մարտին Վասիլի Վերեշչագինը վերադարձել է Կովկաս և շարունակել նկարել բնօրինակից։
1865 թվականի աշնանը Վերեշչագինը եղել է Սանկտ Պետերբուրգում, այնուհետև կրկին մեկնել է Փարիզ՝ շարունակելու ուսումը։ 1865-1866 թվականների ձմեռն անցկացրել է Փարիզի ակադեմիայում սովորելով։ 1866 թվականի գարնանը նկարիչը, պաշտոնապես ավարտելով իր ուսումը, վերադարձել է հայրենիք։
1867 թվականին Վասիլի Վերեշչագինը ընդունել է Թուրքեստանի գեներալ-նահանգապետ Կոնստանտին Կաուֆմանի հրավերը՝ իր մոտ աշխատել որպես նկարիչ։ 1868 թվականի մայիսի 2-ին Սամարղանդի՝ ռուսների կողմից գրավվելուց հետո Վասիլի Վերեշչագինը մեկնել է այնտեղ, և մի խումբ ռուս զինվորների հետ մնում քաղաքում, որ շուտով պաշարվել է ապստամբած բնակիչների կողմից։ Աչքի ընկնելով քաղաքի պաշտպանության ժամանակ՝ Վասիլի Վերեշչագինն արժանացել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի (14 օգոստոսի, 1868)[6], որ նա կրում էր հպարտությամբ, թեև ընդհանրապես մերժում էր բոլոր պարգևները։
1869 թվականի սկզբին Վերեշչագինը Կաուֆմանի հետ համատեղ մայրաքաղաքում կազմակերպում է «թուրքեստանյան ցուցահանդես», որտեղ ցուցադրվում են Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարայում, Կովկաս(չաշխատող հղում) ի տախաստանններում ու Թուրքեստանում նկարված կտավները։ Ցուցահանդեսի ավարտից հետո Վերեշչագինը կրկին մեկնում է Թուրքեստան՝ ճանապարհին լինելով նաև Սիբիրում։ Այս անգամ նկարիչն այցելում է Սեմիրեչյե ու Արևմտյան Չինաստան։ Այդ ժամանակ Արևմտյան Չինաստանում շարունակվում էր դունգանների (մուսուլման չինացիներ) ապստամբությունը, որ սկիզբ էր առել դեռ յոթ տարի առաջ։ Դունգանների օրինակին են հետևում նաև Կուլջիի երկրամասում։ Նոր Կուլջիի (Խուեյ Յուան Չեն) ու Չուգուչակի փողոցներում ամենուր մոխիր էր ու մարդկան ոսկորների կույտեր։ Վերեշչագինը նկարում է տեղի քաղաքների ավերակները։ Նրա «Պատերազմի ապոթեոզ» հայտնի նկարի ստեղծման առիթ է դարձել պատմությունն այն մասին, թե Կաշգարի բռնակալ Վելիխան-տորեն գլխատել է եվրոպացի ճանապարհորդին և հրամայել նրա գլուխը դնել այլ գլխատվածների գանգերից պատրաստված բուրգի գագաթին։
Թուրքիստանի գրավման ընթացքում ծավալված ռազմական գործողություններին մասնակցության, ինչպես նաև 1869 թվականին իր երկրորդ այցելության ժամանակ նա նյութ է նախապատրաստում այնպիսի ստեղծագործությունների համար, ինչպիսիք են՝ «Թող մտնեն» (ռուս.՝ «Пусть войдут»), «Մտան» (ռուս.՝ «Вошли»), «Շրջապատեցին» (ռուս.՝ «Окружили»), «Հետապնդում են» (ռուս.՝ «Преследуют»), «Հարձակվեցին հանկարծակի» (ռուս.՝ «Напали врасплох») և այլն, որ կազմում են «Թուրքեստանյան շարքը». այն ստեղծվել է Մյունխենում 1871-1874 թվականներին և մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում ու Ռուսաստանում։
1871 թվականին Վասիլի Վերեշչագինը գնում է Մյունխեն և սկսում աշխատել արևելյան թեմատիկայով նկարների վրա։ 1873 թվականին Լոնդոնի Բյուրեղապակե պալատում նա կազմակերպում է անհատական ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին Թուրքեստանյան շարքի նկարները։ 1874 թվականի գարնանը ցուցահանդես անցկացվեց Սանկտ Պետերբուրգում, որից հետո Վերեշչագինին մեղադրեցին անհայրենասիրության և թշնամուն ցավակցելու մեջ։ Անձամբ դիտելով Վերեշչագինի կտավները՝ մեծ իշխան Ալեքսանդր III-ը՝ ապագա կայսրը, հետևյալ կարծիքն է հայտնել նկարչի վերաբերյալ.
Նրա մշտական միտումնավորությունները հակառակ են ազգային ինքնասիրությանն, ու դրանից կարելի է եզրակացնել մի բան. Վերեշչագինը կամ սրիկա է, կամ բացարձակապես ցնորված մարդ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Всегдашние его тенденциозности противны национальному самолюбию и можно по ним заключить одно: либо Верещагин скотина, или совершенно помешанный человек.
Սակայն դա բնավ չխանգարեց, որ մեկ ամիս անց Գեղարվեստի ակադեմիան Վերեշչագինին շնորհի պրոֆեսորի կոչում, որից նկարիչը հրաժարվել է։
Տարածվող խոսակցությունների պատճառով նկարիչը ոչնչացնում է ցուցահանդես մի քանի նկարներ։ Վերեշչագինին նվիրված իր գրքում Ֆ. Բուլգակովը գրում է.
Նկարների ոչնչացումը, իր հերթին, նոր բամբասանքների տեղիք է տալիս։ Սկսում են խոսել, թե իբր Վերեշչագինն իր նկարները ոչնչացրել է Թագավորի դժգոհության պատճառով։ Չնայած նրան, որ այդ մասին լուրերն մաքուր անհեթեթություն էին, որովհետև թագավորը, 1874 թվականին շրջելով ցուցահանդեսում և կանգ առնելով բոլոր լավ նկարների առաջ, այդ թվում և ոչնչացվածների, Վերեշչագինին հայտնել է իր հիացմունքն ու գոհունակությունը, «Голос» թերթում հրաժարվում են տպագրել Վ. Ստասովի փոքր ակնարկը, որ բացատրում էր այդ փաստը։ Բացի այդ, երբ Մուսորգսկին գրում է «Մոռացվածը» երաժշտությունը (խոսքերի հեղինակ՝ Գոլենիշչև-Կուտուզով) և հրատարակում այն՝ որպես ձոն Վ. Վերեշչագինին, բոլոր հրատարակությունները ոչնչացվել են (ավելի ուշ նոտաները տպագրվել են, բայց առանց ընծայականի)։ Թե որքան չեն ճիշտ այն լուրերը, որ պնդում էին Թագավորի դժգոհ լինելը, Վ. Ստասովին հաջողվեց իմանալ ցուցահանդեսից մեկ տարի անց. 1875 թվականին նա հանդիպեց կոմս Պ. Շուվալևի ու գեներալ-ադյուտանտ Ա. Պոտապովի՝ Նորին Գերազանցության սեփական դիվանատան III բաժնի վարիչի հետ։ Վ. Ստասովը մանրամասն պատմել է նրանց նկարների այրման պատմությունը և նրանցից իմացել, որ թագավորը չէր էլ ցանկացել հայտնել ինչ-որ դժգոհություն։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Уничтожение картин, в свою очередь, вызвало целый ряд новых слухов. Начали говорить, что будто Верещагин уничтожил свои картины вследствие неудовольствия самого Государя. Несмотря на то, что слух этот был чистейшей нелепостью, так как Государь, обходя выставку в 1874 г. и останавливаясь перед всеми лучшими картинами, в том числе и перед уничтоженными, выражал Верещагину свое восхищение и удовольствие, в «Голосе» отказались напечатать небольшую заметку В. В. Стасова, разъяснявшую этот факт. Мало того, когда Мусоргский написал музыку на тему «Забытый» (слова гр. Голенищева-Кутузова) и издал её с посвящением В. В. Верещагину, все издание было уничтожено (позже ноты были напечатаны, но без посвящения). Насколько неправы были слухи, говорившие о неудовольствии Государя, удалось узнать В. В. Стасову год спустя после выставки: в 1875 году он встретился с графом П. А. Шуваловым и генерал-адъютантом А. Л. Потаповым, начальником III-го отделения Собственной Его Величества Канцелярии. В.Стасов рассказал им подробно всю историю сожжения картин и узнал от них, что Государь и не думал высказывать какого бы то ни было неудовольствия[7]
Այնուհետև Վերեշչագինը մոտ երկու տարի բնակվել է Հնդկաստանում։ Այդ ընթացքում եղել է նաև Տիբեթում, իսկ 1876 թվականին մեկնել է Փարիզ։
1877 թվականին գարնանն իմանալով ռուս-թուրքական պատերազմի սկսվելու մասին՝ անմիջապես վերադարձել է գործող բանակ՝ թողնելով իր արվեստանոցը Փարիզում։ Նա նշանակվում է Դանուբի բանակի հրամանատարության ադյուտանտների կազմում. նա ուներ բանակում ազատ տեղաշարժվելու իրավունք, բայց աշխատավարձ չէր ստանում։ Նկարիչը մասնակցում է մի շարք ռազմական գործողությունների։
1877 հունիսին Վերեշչագինը ծանր վիրավորվում է. նա խնդրում է իրեն՝ որպես դիտորդ, վերցնել «Шутка» ականանավ, որ ականներ էր տեղադրում Դանուբի վրա։ Թուրքական շոգենավի վրա հարձակման ժամանակ թուրքերը կրակ են բացել ռուսական նավի վրա, և պատահական մի գնդակ խոցում է Վերեշչագինի ազդրը։ Վնասվածքը լուրջ էր, և սխալ բուժման պատճառով սկսվում է բորբոքում, ի հայտ են գալիս փտախտի առաջին նշանները։ Ստիպված են լինում կատարել վիրահատություն, որից հետո նկարիչն արագ ապաքինվում է[8]։
1882-1883 թվականներին Վերեշչագինը կրկին ճանապարհորդում է Հնդկաստանում։ 1884 թվականին նա գնում է Սիրիա և Պաղեստին, ինչից հետո ստեղծում է մի շարք նկարներ ավետարանական թեմաներով։
1894 թվականի ամռանը Վասիլի Վերեշչագինն ընտանիքի հետ մեկնում է ճանապարհորդության (Պինեգա, Հյուսիսային Դվինա, Սպիտակ ծով, Սոլովկի)։ 1899 թվականի ամռանը մեկուկես ամիս ընտանիքի հետ անցկացրել է Ղրիմում[9]։ 1901 թվականին նկարիչն այցելում է Ֆիլիպիններ, 1902 թվականին՝ ԱՄՆ և Կուբա, 1903 թվականին՝ Ճապոնիա։
Երբ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, Վասիլի Վերեշչագինը մեկնում է ռազմաճակատ։ Նա զոհվել է 1904 թվականի մարտի 31-ին ադմիրալ Ստեպան Մակարովի հետ միասին «Պետրոպավլովսկ» զրահանավի պայթյունից։
Ստեղծագործություն
խմբագրելԻր նկարները Վերեշչագինն ստեղծել է գլխավորապես բնականից կատարած ճեպանկարների և էտյուդների հիման վրա։ Պատմական իրադարձություններն ավելի ամբողջականորեն պատկերելու համար նկարները խմբավորել է թեմատիկ նկարաշարերում՝ «Նապոլեոնի վերադարձը Պետրոսյան պալատից Կրեմլ» (Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան) «Թուրքեստանյան» (1871-74), «Բալկանյան» (1877-78 և 1880-ական թվականներ), 1812 թվականի Հայրենական պատերազմի թեմայով (1887-1904) և այլն։ Ստեղծագործության դեմոկրատական ուղղվածությամբ Վերեշչագինը մոտ էր պերեդվիժնիկներին։ Նրա աշխատանքներում, առաջին անգամ ռուսական մարտանկարչության ժանրում, ռազմական ընդհարման ռոմանտիկ պատկերումն իր տեղը զիջել է պատերազմի մասին խոր փիլիսոփայական մտորումներին, որի հետևանքով մարտանկարչության ժանրը Վերեշչագինի մեկնաբանմամբ դարձել է մարտանկարչական-պատմական։ Հրաժարվելով ակադեմիական մարտանկարչության կեղծ հերոսականությունից, պայմանականությունից՝ Վերեշչագինը խոր դրամատիզմով է ցույց տվել ժողովուրդներին անհամար տառապանքներ բերող պատերազմի արյունալի առօրյան («Գրոհից հետո։ Վիրակապության կայանը Պլենայի մոտ», 1881, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Այնուամենայնիվ նկարիչը չի հասկացել պատերազմի իսկական սոցիալական բնույթը, երբեմն այն մերկացրել է պացիֆիզմի տեսանկյունով։ Սակայն իր լավագույն գործերում Վերեշչագինը նվաճողական պատերազմները սուր քննադատության է ենթարկել դեմոկրատական դիրքերից։ Նկարչի մեծ վաստակն այն է, որ նա, մարտանկարչության պատմության մեջ առաջին անգամ, իր կտավներում ցույց է տվել զինվորներին՝ որպես ռազմական իրադարձությունների հիմնական ուժ, զինվորի արիությունն ու ծանր աշխատանքը («Շիպկայում ամեն ինչ հանգիստ է» եռանկարը, 1878-79, տեղը անհայտ է)։
Հանդես գալով նվաճողական պատերազմների դեմ («Պատերազմի ապոթեոզը», 1871-72, Տրետյակովյան պատկերասրահ), մերկացնելով ֆեոդալական բարբարոսությունը, կրոնական ֆանատիզմը («Տոնում են հաղթանակը», 1872, Տրետյակովյան պատկերասրահ), գաղութատիրությունը («Անգլիացիները ճնշում են հնդկական ապստամբությունը», մոտ 1884)՝ Վերեշչագինը ցույց է տվել նվաճողների դեմ մարտնչող ժողովրդի և՛ արիությունը, և՛ բարոյական ուժը (1812 թվականիի Հայրենական պատերազմի մասին նկարաշարի «Համբերիր, թող մոտենան», 1887-95, Պատմության թանգարան, Մոսկվա)։ Ստեղծել է նաև բազմաթիվ ազգագրական կենցաղային գործեր, բնանկարներ («Հեծյալ զորականը Ջայպուրում», 1874-76 թվականներից հետո, «Ալատաուի լեռներում», 1869-70, «Թաջ Մահալ դամբարանը Ագրայում», 1874-76, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Վերեշչագինի գործերում պատկերման վավերականությունը զուգակցված է մանրազնին մշակված կոմպոզիցիայի, ճշգրիտ գծանկարի, գունեղ երփնագրային լուծումների հետ։ Վերեշչագինը հանդես է եկել նաև որպես գրող-հրապարակախոս։ Ձգտելով պրոպագանդել հակամիլիտարիստական գաղափարներ՝ Եվրոպայի և Ամերիկայի քաղաքներում կազմակերպել է իր գործերի ցուցահանդեսներ։
Վերեշչագինի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Պատերազմի ապոթեոզը»։ Այն «Թուրքեստանյան» նկարաշարը եզրափակող «Բարբարոսներ» ընդհանուր անվանումով՝ 7 պատկերներից վերջինն է։ Ստեղծվել է թուրքացած մոնղոլական ցեղից սերած տխրահռչակ Լենկթեմուրի բարբարոսությունները (համատարած ավերածություններ, զանգվածային կոտորածներ և նույնիսկ՝ գանգերից բուրգեր) նշավակելու համար, բայց ըստ էության ստացել է համընդհանուր իմաստ՝ դատապարտելով պատերազմներն իրենց ծանր հետևանքներով։ Ահա թե ինչու Վերեշչագինը նկարի շրջանակին գրել է՝ «Նվիրվում է անցյալի, ներկայի և ապագայի բոլոր մեծ նվաճողներին»։ Այսպիսով, ինչպես շեշտել է սովետական արվեստաբան Ա․ Կ․ Լեբեդեը, տվյալ նկարը «կրում է ոչ այնքան կոնկրետ պատմական, որքան սիմվոլիկ բնույթ»[10]։
Ընտանիք
խմբագրել- Առաջին կինը - Էլիզաբեթ Մարիա Ֆիշեր (Ռիդ), ամուսնացել են 1871 թվականին
- Դուստրը՝ Կլավդիա
- Երկրորդ կինը - Լիդիա Վասիլևնա Անդրեևսկայա (1865? - 1912?)
- Դուստրը՝ Լիդիա (?-1896)
- Որդին՝ Վասիլի (1892-1981)
- Դուստրը՝ Աննա (1895-1917)
- Դուստրը՝ Լիդիա (1898-1930)[11]
Հիշատակ
խմբագրել- Վասիլի Վերեշչագինի անվամբ փողոցներ են կոչվել Կիևում, Չերեպովեցում, Վորոնեժում, Դնեպրոպետրովսկում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում, Զապորոժիեում։
- Լիպեցկում Վասիլի Վերեշչագինի անունով կոչվել է նրբանցք։
- Պերմի երկրամասում կա Վերեշչագինո քաղաք։
- Չերեպովեց քաղաքում տեղադրվել է Վասիլի Վերեշչագինի կիսանդրին (1957 թվական, քանդակագործներ՝ Բ. Եդունով, Ա. Պորտյանկո, ճարտարապետ՝ Ա. Գուլյաև)։
- Չերեպովեց քաղաքում գործում է Վասիլի Վերեշչագինի տուն-թանգարանը, որ տեղակայված է այն տանը, որտեղ 1843 թվականին ծնվել և մինչև 1850 թվականն ապրել է նկարիչը։
- Վասիլի Վերեշչագինի անունն է կրում Նիկոլաևի կերպարվեստի թանգարանը, որ ի հիշատակ նկարչի հիմնադրվել է 1914 թվականին։
Փաստեր
խմբագրել- Վերեշչագինն իր «Պատերազմի ապոթեոզ» կտավի ժանրի վերաբերյալ ասել է. «Եթե չհաշվենք ագռավները, դա նատյուրմորտ է, ֆրանսերենից թարգմանաբար՝ մեռած բնություն» (ռուս.՝ «если не считать ворон, это натюрморт, в переводе с французского — мёртвая природа…»)։
- Վասիլի Վերեշչագինը մի անգամ բացականչել է. «Այլևս մարտանկարներ չեմ նկարելու, հերիք է։ Ես չափից դուրս սրտիս մոտ եմ ընդունում այն, ինչ նկարում եմ, սգում եմ (բառացիորեն) ամեն մի վիրավորի ու սպանվածի վիշտը» (ռուս.՝ «…Больше батальных картин писать не буду — баста! Я слишком близко к сердцу принимаю то, что пишу, выплакиваю (буквально) горе каждого раненого и убитого»)։
- Վասիլի Վերեշչագինի «Ուելսի արքայազնի մուտքը Ջայպուր 1876 թվականին» (ռուս.՝ «Въезд принца Уэльского в Джайпур в 1876 г.») կտավը, որ պահվում է Կալկաթայի Վիկտորյա Մեմորիալ թանգարանում, Հնդկաստանում գտնվող ամենամեծ կտավն է, որ նկարվել է յուղաներկով։
- 1978 թվականին Բուլղարիայում թողարկվել է Վասիլի Վերեշչագինի պատկերով նամականիշ։
- «Յուլյա Վերևսկայա» ֆիլմում (ռուս.՝ «Юлия Вревская») (1977) Վասիլի Վերեշչագինի դերը կատարում է Ռեգիմանտաս Ադոմայտիսը։
- «Նորին Գերազանցության գաղտնի ծառայությունը» ֆիլմում հիշատակվում է նաև Վասիլի Վերեշչագինի քաղաքական գործունեությունը, որի պատճառով նրա նկատմամբ մահափորձ է կատարվել։
Պատկերասրահ
խմբագրել-
Նապոլեոնը Բորոդինոյի բարձունքին, 1897
-
Գրոհից առաջ։ Պլենայի մոտ, 1881
-
Հինդուական տաճար Ուդայպուրում, 1874—1886
-
Արաբն ուղտի վրա, 1869-1870
-
Աֆղան, 1867-1868
-
Գրավված Մոսկվայում, 1887-1888
-
Զննում են, 1873
-
Հիմալայները երեկոյան, 1875
-
Հիմալայյան պոնի, 1875
-
Հեծյալ զորականը Ջայպուրում, 1881
-
Երկու հրեա, 1883-1884
-
Թեմուրի (Լենկթեմուրի) դռները, 1872
-
Երկու ճուռակ (Բաշիբոզուկներ), 1878-1879
-
Ճապոնուհի, 1903
-
Լեռնային գետակ Կաշմիրում, 1875
-
Բաչայի դիմանկար, 1867-1868
-
Թաջ Մահալ դամբարանը, 1874-1876
-
Մոլլա Ռահիմն ու մոլլա Քերիմը վիճում են շուկայի ճանապարհին, 1873
-
Դերվիշներ տոնական հագուստով, 1869-1870
-
Լրտես
-
Ադյուտանտ
Մատենագրություն
խմբագրելՎասիլի Վերեշչագինը գրել է 12 գիրք, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում։
- Очерки, наброски, воспоминания В. В. Верещагина: с рисунками. — Типография Министерства путей сообщения (А. Бенке), 1883. — 155 с.;
- Souvenirs: enfance: voyages: guerre — Albert Savine, 1888. — 437 с.;
- On progress in art — New York: American art galleries, 1891. — 14 с.;
- На войне в Азии и Европе: Воспоминания худож. В. В. Верещагина. — М.: типо-лит. т-ва И. Н. Кушнерев и К°, 1894. — VI, 370 с.;
- Наполеон I в России в картинах В. В. Верещагина: С портр. В. В. Верещагина, его предисл. и поясн. описанием карт. — СПб.: Ф. И. Булгаков, 1899. — 55 с., 16 л. ил., портр.
- «1812». Napoleon I in Russia — London: William Heinemann, 1899. — 266 с.;
- Переписка В. В. Верещагина и В. В. Стасова. — М., 1950;
- Повести. Очерки. Воспоминания /Сост., вступит.ст. и примеч. В. А. Кошелева и А. В. Чернова. — М.:Сов. Россия, 1990. — 352 с.:ил.;
- Наполеон I в России. Составление, подготовка текста, вступительная статья В. А. Кошелева и А. В. Чернова. — Тверь: Созвездие, 1993;
- Скобелев. Воспоминания о Русско-Турецкой войне 1877—1878 гг. — М.: «ДАРЪ», 2007. — 496с. — ISBN 978-5-485-00152-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Верещагин Василий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.britannica.com/biography/Vasily-Vasilyevich-Vereshchagin
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://rkd.nl/explore/artists/210140
- ↑ https://www.jstor.org/stable/128133
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ежегодник Русской армии на 1869 год. Часть 2. — СПб., 1869. — С. 282.
- ↑ Собрание соч. В.В. Стасова, т. II. отд. 4, стр. 309.
- ↑ В. В. Верещагин. Скобелев. Воспоминания о Русско-Турецкой войне 1877—1878 гг. — М.: Даръ, 2007. — 496 с. — С. 25—65. — ISBN 978-5-485-00152-0
- ↑ Аксентьев С. Т. «Монастырские» каникулы В. В. Верещагина // Московский журнал. — 2013. — № 10. — С. 18—24. — ISSN 0868-7110.
- ↑ А․ К․ Ле6едев, Василий Васильевич Верещагин․ Жизнь и творче- ство․ 1824-1904, М․, 1972, с․ 112
- ↑ Летописец своей эпохи - художник В. В. Верещагин // Верещагины. «России славу умножая…» : [альбом / авт.-сост. О. П. Починюк; редакц. совет: Е. Н. Рачкова (гл. ред.) и др.; вступ. ст.: В. Е. Позгалев]. - СПб.: Северославянское бюро рекламы, 2008. - 143 с.
Գրականություն
խմբագրել- Мак-Гахан В. Верещагин в Америке // Новости и биржевая газета. Изд. 1. — № 324. — 23 ноября. — 1888.
- Верещагин В. Детство и отрочество художника. — Т.1. — М., 1895
- Верещагин В. В. Воспоминания сына художника. — Л.: Художник РСФСР, 1978
- Володарский В. Василий Верещагин. — М.: Белый город, 2000
- Дёмин Л. М. С мольбертом по земному шару. Мир глазами Верещагина. — М.: Мысль, 1991.
- Дорошевич В. М. Верещагины: Биогр. очерк. — СПб.: тип. Манасевича, 1913. — 15 с., 1 л. портр.
- Игнатова Е. Братья // Василиев остров. — Череповец, 1993
- Лебедев А. К. В. В. Верещагин. Жизнь и творчество. — М., 1958.
- Лебедев А. К. В. В. Верещагин. Жизнь и творчество. М., 1972.
- Лебедев А. К., Солодовников А. В. Василий Васильевич Верещагин. — Л.: Художник РСФСР, 1987
- Брюханова Е. В. В. В. Верещагин и Ростов // Сообщения Ростовского музея. Выпуск 5. — Ростов, 1993. — С. 140-152.
- Ким Е. В. В. В. Верещагин в Ростове (факты, гипотезы, домыслы) // Сообщения Ростовского музея. Выпуск 16. — Ростов, 2006. — С. 414-463.
- Булгаков Ф. И. В. В. Верещагин и его произведения: иллюстрированное издание. — СПб., 1905
- Верещагин, Василий Васильевич // Верещагин, Василий Васильевич — Воинская повинность. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1912. — С. 321—322. — (Военная энциклопедия : [в 18 т.] / Под ред. К. И. Величко [и др.] ; т. 6).
Արտաքին հղումներ
խմբագրել- Վասիլի Վերեշչագին - staratel.com
- Полное собрание произведений, аудиобиография, интерактивная карта жизни и работ Василия Верещагина Արխիվացված 2017-02-01 Wayback Machine сайт о художнике
- Жизнь и смерть Василия Верещагина сайт о художнике
- Реакция властей на антимилитаристические картины В. В. Верещагина
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Վերեշչագին» հոդվածին։ |