Որմնանկարչություն

նկարչական ոճ

Որմնանկարչություն, գեղանկարչության տեսակ, ներկերով անմիջականորեն սվաղված պատերի, առաստաղների կամ էլ ճարտարապետական շինության տարբեր մակերեսներին փակցված պաստառի, թղթի և այլ նյութերի վրա պատկերներ, զարդապատկերներ ստեղծելու արվեստը։ Որմնանկարչությունը, որը մեծ մասամբ կատարվում է ֆրեսկոյի, սոսնձաներկերի, մոմանկարչության, տեմպերայի, յուղաներկերի ընձեռած հնարավորություններով, պատկանում է մոնումենտալ արվեստի բնագավառին (երբեմն խճանկարչությունը ևս պայմանականորեն դասվում է որմնանկարչությունյան շարքը)։

Հին հունական որմնանկար

Պատմություն

խմբագրել

Որմնանկարչության հնագույն օրինակներից են քարանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել դեռևս ուշ քարի դարի շրջանում և ժայռապատկերները։ Հին Եգիպտոսում (հատկապես մ․ թ․ ա․ III—I հզ․) տարածված է եղել հարթապատկերային (պաշտամունքային, մարտի, կենցաղային տեսարաններով) որմնանկարչություն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին է վերաբերում Չինաստանի և դինամիկ կոմպոզիցիոն լուծումներով առանձնացող Եգեյան մշակույթի Որմնանկարչություն։ Հին Հունաստանում ստեղծվել են տարածականության պատրանք ստեղծող որմնանկարներ, որ հետագայում զարգացել է Հին Հռոմի որմնանկարչությունում։ Եթե VII-VIII դդ․ միջինասիական շինությունները զարդարվում էին ֆիգուրատիվ պատկերներով, ապա Միջին Ասիայի, Իրանի և Առաջավոր Ասիայի միջին դարերի իսլամական արվեստում տարածվել է անխառն զարդապատկերային որմնանկարչությունը։

Միջին դարերի Չինաստանում (Դունխուան) և Հնդկաստանում (Աջանաա) վիմափոր շինությունները արտակարգ հարուստ Էին որմնանկարներով։ Միջին դարերի Եվրոպայի բարձր ոգեշնչվածությամբ տոգորված և նվիրապետական խիստ որոշակի ստորակարգմամբ տեղադրված որմնանկարչությունը Բյուզանդիայում, Վրաստանում, Բալկաններում, Հին Ռուսիայում դարձել է գեղանկարչության կարևոր տարատեսակներից։ Հին ռուսական որմնանկարչության վաղ շրջանի օրինակները գտնվում են Կիևի, Նովգորոդի, Վլադիմիրի (X—XI դդ․) եկեղեցիներում, այն նոր վերելք է ապրել XIV— XV դդ․՝ Ֆեոֆան Գրեկի, Անդրեյ Ռուբլյովի և Դիոնիսիի ստեղծագործություններում։ Արևմտյան Եվրոպայի ռոմանական ոճի շինությունների որմնանկարչություն աչքի է ընկնում սուր արտահայտչականությամբ, իսկ գոթական կառույցներում, ուր հոծ պատերը գրեթե բացակայում են, որմնանկարները փոխարինվել են վիտրաժներով։ Որմնանկարչությունը մեծ վերելք է ապրել Իտալիայում, Վերածննդի շրջանում, ուր նկարիչները (Զոտտո, Մազաչչո, Պիեռո դելլա Ֆրանչեսկա, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ) իրենց որմնանկարներում հասել են քաղաքացիական պաթոսով ներթափանցված ռեալիստական խոր արտահայտչականության։ Վերածնության որմնանկարչությանը բնորոշ է իրական տարածության պատրանքային ընդարձակումը, որին արվեստագետները հասել են ճարտարապետական և քանդակագործական մոտիվների նմանակման միջոցով։ Այս երևույթը ուժեղացել է բարոկկոյի որմնանկարչությունում, որը ձեռք է բերել դեկորատիվ բնույթ։

XVII—XVIII դդ․ որմնանկարները հաճախ իրենց տեղը զիջել են գոբելեններին, հայելիներին, պաստառներին, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները։ XVIII —XIX դդ․ սկզբի կլասիցիզմի որմնանկարներում գերակշռել են քանդակային (գրիզայչի տեխնիկայով), ճարտարապետական ձևերի, բնանկարային պատկերումները։ XIX դ․ վարպետները, վերականգնելով թեմատիկ որմնանկարչությունը, երբեմն դիմել են վաղ իտալական վերածննդի ավանդույթներին (օր․՝ գերմ․ նազովրեցիները), հաճախակի ընկնելով էկլեկտիզմի գիրկը։ Որմնանկարչության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել մոդեռն ոճի և ազգային ռոմանտիկական ուղղություններին հարող գեղանկարիչները (Պ․ Պյու- վի դը Շավանը, Մ․ Դենին՝ Ֆրանսիայում, Ֆ․ Հոդլերը՝ Շվեյցարիայում, Է․ Մունկը՝ Նորվեգիայում, Վ․ Մ․ Վասնեցովը, Մ․ Ա․ Վռուբելը, Մ․ Վ․ Նեստերովը՝ Ռուսաստանում)։ Ժամանակակից կապիտալիստական երկրների արվեստում որմնանկարչություն են ներթափանցել աբստրակտ արվեստին և սյուրոեալիզմին հոգեհարազատ ձևապաշտական միտումներ (Մ․ Շագալը՝ Ֆրանսիայում, Ս․ Սպենսերը՝ Մեծ Բրիտանիայում, Ռ․ Տամայոն՝ Մեքսիկայում)։ Միաժամանակ առաջադիմական-դեմոկրատական գաղափարներով և գեղարվեստական սուր արտահայտչամիջոցներով օժտված որմնանկարչություն են ստեղծել մեքսիկացիներ Դ․ Ռիվերան, Կ․ Օրոսկոն, Դ․ Ա․ Միկեյրոսը, շվեյցարացի Հ․ Էռնին, ամեր․ նկարիչ Ա․ Ռեֆռեժիեն։

Որմնանկարչությունը Հայաստանում

խմբագրել
 
Հայկական որմնանկարչություն

Հայաստանում որմնանկարչության՝ մեզ հայտնի ամենահին օրինակները պատկանում են ուրարտական դարաշրջանին։ Դրանք մասնավորապես Էրեբունիի պալատի (մ․ թ․ ա․ VII դ․) որմնանկարներն են, որոնք հայտնաբերվել են 1950 թվականին, ուր պատկերված են աստվածների երթը, որսի տեսարաններ և այլն։ Լայնորեն օգտագործված են եզրազարդեր։ Իրենց մոտիվներով, ոճով և կատարման տեխնիկայով դրանք առնչություններ ունեն Հին Արևելքի նույն ժամանակաշրջանի որմնանկարչության հետ։ Որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել հելլենիստական շրջանի Արտաշատում։ Սակայն որմնանկարչություն առավել զարգացում է ապրել միջին դարերի Հայաստանում։ Չնայած որմնանկարչությունը մանրանկարչության նման մեծ տարածում չի ունեցել, այնուամենայնիվ պահպանված օրինակների (սովորաբար՝ հատվածաբար) անկրկնելիությունն ու գեղարվեստական կատարելությունը փաստում են միջնադարյան Հայաստանում որմնանկարների արվեստի զարգացման բարձր մակարդակը։ Այդ է վկայում Վրթանես Քերթողը (VI դ․ վերջ և VII դ․ սկիզբ) իր «Ընդդեմ պատկերամարտության» տրակտատում, ուր խոսում է եկեղեցիների՝ ավետարանական թեմաներով որմնանկարների մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սկսած IV դարից հայկական եկեղեցիները զարդարվել են որմնանկարներով։ Հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են VII դարում։ Նույն ժամանակաշրջանում էլ մշակվել է հայկական որմնանկարչության ինքնատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ։ Հայկական որմնանկարչության զարգացումը սերտորեն կապված է եղել պատմաքաղաքական ընդհանուր իրադրության հետ․ վերելքի շրջանները համընկել են երկրի համեմատաբար բարեկեցիկ ժամանակներին (VII դ․՝ Արուճ, Թալին, Լմբատ, Կոշ, X դ․՝ Տաթև, Աղթամար, Հաղպատի աբսիդի նախնական շերտը, XIII դ․՝ Քոբայր, Տիգրան Հոնենց, Բախտաղեկի, Դադիվանք, Ախթալայի աբսիդը և այլն)։ Եկեղեցիները զարդարող մեզ հայտնի հայկական որմնանկարչության բոլոր օրինակները կրոնական բովանդակություն ունեն, իսկ աշխարհիկ բնույթինը, որոնցով, ըստ գրավոր աղբյուրների, ծածկվել են պալատների պատերը, մեզ չեն հասել։ Որմնանկարչությունը Հայաստանում շարունակվել է կիրառվել նաև ուշ շրջանում (XYII— XIX դդ․)։ Նշանակալից է եղել Հուքնաթանյան ընտանիքի դերը, որի նշանավոր վարպետները նկարազարդել են էջմիածնի տաճարը և մի շարք այլ եկեղեցիներ։ Որմնանկարչությունը (հիմնականում աեմպերա և յուղաներկ) լայն տարածում է ունեցել Նոր Ջուղայում, զարդարվել են ինչպես եկեղեցիները, այնպես էլ մասնավոր տները։ Չնայած ուշ շրջանի որմնանկարչություն նշանակալի ավանդ ունի հայկական մոնումենտալ գեղանկարչության պատմության մեջ, այն իր գեղարվեստական հատկանիշներով զգալիորեն զիջում է միջին դարերի որմնանկարներին։ Կանոն համակարգերի համեմատաբար ազատ մեկնաբանումը, գեղարվեստական լեզվի ինքնատիպությունը, որ կազմավորվել է տեղական, ժողովրդական արվեստի և հելլենիստական գեղանկարչության ավանդույթների օրգանական զուգորդմամբ, և, վերջապես, տեխնիկայի յուրօրինակությունը միջնադարյան հայկական որմնանկարչությունը դասում են արևելա-քրիստոնեական մոնումենտալ գեղանկարչության պատմության նվաճումների շարքը։ Սովետական Հայաստանում որմնանկարչությունը՝ որպես մոնումենտալ արվեստի կարևոր մարզերից մեկը, վերելք է ապրել։ Նրա զարգացման միտումները հիմնականում կապված են Մ․ Սարյանի և Հ․ Կոջոյանի ստեղծագործության հետ։ 1950—70-ական թթ․ որմնանկարչության ասպարեզում աշխատել են Հ․ Զարդարյանը, Հ․ Մինասյանը, Մ․ Ավետիսյանը, Ն․ Քոթանջյանը, Ս․ Մուրադյանը, Վ․ Խաչատուրյանը, Ռ․ Աթոյանը, Հ․ Սիրավյանը, Զ․ Գրիգորյանը, Մ․ Հովհաննիսյանը, Ա․ Գրիգորյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 646