Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո (դեկտեմբեր 1617[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] - ապրիլի 3, 1682[3][4][2], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի հանրահայտ նկարիչ։
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո իսպ.՝ Bartolomé Esteban Murillo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբեր 1617[1] |
Ծննդավայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] |
Վախճանվել է | ապրիլի 3, 1682[3][4][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո նկարչություն[5] |
Ժանր | կրոնական նկարչություն[1] և ժանրային նկարչություն[1] |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուսուցիչ | Juan del Castillo? |
Աշակերտներ | Pedro Nuñez de Villavicencio? և Fernando Marquez Joya? |
Ամուսին | Beatriz Cabrera y Villalobos? |
![]() |
Սովորել և ստեղծագործել է Սևիլյայում, եղել է տեղի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1660) և առաջին նախագահը։ Մուրիլյոյի սկզբնական շրջանի աշխատանքներում կրոնական տեսարանները պատկերված են որպես ժողովրդի կյանքից վերցված իրադարձություններ և կրում են Կարավաջոյի ազդեցության կնիքը։ Դիմելով ոսկեգույն լուսաստվերների, առավել գեղանկարչական հնարանքների, ստեղծել է կրոնական, այդ թվում՝ Աստվածամոր կյանքի թեմաներով գործեր («Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», 1665-1670 թվականներ, Էրմիտաժ, Լենինգրադ), որոնք սրտահույզ քնարականությամբ ներկայացնում են իսպանացի կնոջ ազգային կերպարը, ոչ սակավ՝ իդեալականացված և սենտիմենտալ։ Մուրիլյոյի ստեղծագործություններում ռեալիստական գծերը ի հայտ են եկել նրա նորարարական-ժանրային կտավներում, ինչպես, օրինակ, Սևիլյայի ցնցոտիավոր երեխաների կյանքը պատկերող նկարաշարում («Մրգերով տղաները», 1645-1654 թվականներ, Հին պինակոտոկ, Մյունխեն)։
Կենսագրություն Խմբագրել
Մուրիլյոն վարսավիր ու բժիշկ Գասպար Էստեբանի և Մարիա Պերեսի մեկ տասնյակից ավելի երեխաներից կրտսերն էր[7]։ Ենթադրվում է, որ ծնվել է Սևիլյայում կամ Պիլասում, որ ոչ մեծ մի քաղաք է Անդալուզիայում[8]։ Մկրտվել է Սևիլյայում, 1618 թվականին։ Ապագա նկարիչը 10-11 տարեկան հասակում զրկվել է ծնողներից և դարձել իր քրոջ ամուսնու՝ Խուան Ագուստին Լագարեսի խնամարկյալը[7]։ Հետագայում հրաժարվել է հայրական ազգանունից և վերցրել մորական տատի՝ Էլվիրա Մուրիլյոյի ազգանունը[7]։
Սկզբում աշակերտել է Խուան դել Կաստիլյոյին, որը նրա մոր բարեկամներից էր (Մուրիլյոյի հորեղբայրը՝ Անտոնիո Պերեսը, նույնպես նկարիչ էր)[7]։ Պատանի նկարչի առաջին աշխատանքներում զգացվում է ռեալիստական (իրապաշտական) կերպարվեստի ներկայացուցիչներ Սուրբարանի, Խուսեպե դե Ռիբերայի և Ալոնսո Կանոյի ազդեցությունը:Այդ տարիներին Սևիլյան բռնել էր առևտրի, արհեստների ու արվեստների կենտրոնի վերածվելու ուղին, դարձել խոշոր ու նշանավոր մի քաղաք, ուր այցելում էին նաև բազմաթիվ արտասահմացիներ, և դրա շնորհիվ Մուրիլյոն ծանոթացել էր նաև ֆլամանդական կերպարվեստին, ինչպես և Իվան վան դեր Մոլանոյի «Տրակտատ սրբապատկերների մասին» աշխատությանը։ Արվեստի մեջ խորանալուն զուգընթաց՝ Մուրիլյոն ուշադրությունը կենտրոնացրել է փայլ ունեցող գործեր ստեղծելու վրա, որոնք հաճո էին իր ժամանակակից բուրժուաների ու արիստոկրատների ճաշակին (այդ փայլը նկատելի է հատկապես կաթոլիկ եկեղեցու պատվերով ստեղծած գործերում)։
1642 թվականին Մուրիլյոն մեկնել է Մադրիդ, որտեղ ծանոթացել է Դիեգո Վելասկեսի աշխատանքներին, վենետիկցի ու ֆլամանդացի վարպետների՝ իսպանական արքունիքի հավաքածուներում տեղ գտած գործերին և օգտակար դասեր է քաղել նաև դրանցից[9]։ 1645 թվականին վերադարձել է Սևիլյա, ամուսնացել Բեատրիս Կաբրերա ի Վիլյալոբոսի հետ (ի դեպ, նրանք ունեցել են տասնմեկ երեխա)[7]։
Այդ տարվա ընթացքում նկարիչը տասնմեկ ստեղծագործություն է արարել Սևիլյայի St. Francisco el Grande վանքի միաբանության համար՝ պատկերելով ֆրանցիսկյան սրբերի հրաշագործություններ։ Արվեստաբանների կարծիքով՝ այդ գործերը կարելի է զետեղել սուրբարանյան «Սուրբ Ֆրանցիսկոսի էքստազը» ստեղծագործությանը բնորոշ տենեբրիզմի և Մուրիլյոյի հասուն շրջանի աշխատանքներին հատուկ, մեղմ լուսավորվածությամբ բնորոշվող ոճի միջև[7]։ Ըստ արվեստի պատմաբան Մանուելա Բ. Մենա Մարկեսի՝ «Հրեշտակներ խոհանոցը» և «Սուրբ Կլերի մահը» կտավներում արդեն իսկ ակնհահայտ երևում են Մուրիլյոյի աշխատանքների բնութագրական տարրերը՝ կանացի ֆիգուրների ու հրեշտակների չքնաղությունը, վայելչագեղությունը, նատյուրմորտային դետալների ռեալիզմը և հոգևոր աշխարհի ու իրականության միախառնումը, միահյուսումը, որ արտակարգ լավ դրսևորվել է նրա մի շարք նկարներում»"[7]:
Ենթադրվում է, որ մոտավորապես 1645 թվականին է Մուրիլյոն ստեղծել մանուկների բազմաթիվ նկարներից առաջինները, այդ թվում՝ Փոքրիկ մուրացկանը (Լուվր), որտեղ ակնհայտ երևում է Վելասկեսի ազդեցությունը[7]։ Սևիլյայի մայր տաճարի համար մի քանի աշխատանք արարելուց հետո նա վարպետացել է Նոր կտակարանի թեմաներով կտավներ նկարելու գործում, որոնք մեծ հաջողություն ու փառք են բերել նրան։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին «Սուրբ Կույսն ու Մանուկը» և «Անարատ հղիացում» նկարներին[10]։
1658-ից 1660 թվականներին Մադրիդում ևս մեկ կարճատև շրջան անցկացնելուց հետո Մուրիլյոն վերստին վերադարձել է Սևիլյա։ Այստեղ նա դարձել է արվեստի ակադեմիայի՝ Academia de Bellas Artes (Seville)|Academia de Bellas Artes-ի հիմնադիրներից մեկը և հենց 1660 թվականից, ճարտարապետ Ֆրանսիսկո Էռերա Կրտսերի հետ համատեղ, ղեկավարել է այն։ Դա եղել է քանքարավոր նկարչի ստեղծագործական կյանքի վերջին, բայց և ամենաեռուն ու ամենաբեղուն շրջանը. նա բազմաթիվ պատվերներ է ստացել ու իրականացրել, այդ թվում՝ ավգուստինյան վանքի խորանի նկարազարդումները, նկարներ Santa María la Blanca-ի համար, որոնք ավարտել է 1665 թվականին), և այլ գործեր։
Մուրիլյոն վախճանվել է Սևիլյայում, 1682 թվականին՝ 64 տարեկան հասակում։ Երկար տարիներ այն կարծիքն էր տիրապետում, որ նրա մահվան պատճառը եղել է Կադիսի Santa María la Blanca վանքի որմնանկարների վրա աշխատելիս բարձր փայտամածից գահավիժելու պատճառով ստացած վերքերն ու ճողվածքը[11], սակայն վերջին հետազոտությունները վկայում են, որ նշված ժամանակամիջոցում նա գտնվել է Սևիլյայում և ոչ թե Կադիսում (այդպիսով՝ վերոհիշյալ կարծիքը կասկածի տակ է դրվել)։
Ժառանգությունը Խմբագրել
Մուրիլյոն բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ է ունեցել. տաղանդավոր արվեստագետի նկարների նմանակումների, ընդօրինակումների առատությունը վկայում է, որ նրա գործերը լայնորեն հայտնի էին ոչ միայն Իսպանիայում, այլև եվրոպական բազմաթիվ երկրներում, և նա ավելի մեծ հեղինակություն ուներ, քան իսպանացի որևէ այլ նկարիչ[9]։ Մուրիլյոյի ազդեցությունը կրած հանրաճանաչ նկարիչներից են Թոմաս Գեյնսբորոն, Ժան-Բատիստ Գրյոզը[7] Գուգլը նշել է Մուրիլյոյի ծննդյան 400-ամյակը 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ հատուկ պատկերանիշով[12]։
Հանրային հավաքածուներ Խմբագրել
Մադրիդի Պրադո թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, լոնդոնյան հայտնի Wallace Collection-ը այն հանրաճանաչ մշակութային օջախներից են, որ իրենց պատերի ներսում պահում ու ցուցադրում են Մուրիլյոյի մեծարժեք ստեղծագործություններից։ Նրա լավագույն գործերից մեկը՝ «Խաչված Քրիստոսը», գտնվում է Սան Դիեգոյի Timken Museum of Art արվեստի թանգարանում[13], Քրիստոսը գանահարումից հետո-ն՝ Իլինոյս նահանգի Krannert Art Museum-ում[14]։ Իսպանացի մեծահամբավ նկարչի գործերից կան նաև Օկլահոմայի նահանգի Mabee-Gerrer Museum of Art-ում, Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Southern Methodist University համալսարանի Meadows Museum թանգարանում[15]
Գրականություն Խմբագրել
- Ваганова Е. О., «Мурильо и его время». М., Изобр. иск., 1988.
- Левина И. М., Картины Мурильо в Эрмитаже. Л., 1969.
- Мурильо и художники Андалусии XVII века в собрании Эрмитажа. Каталог выставки. Автор вступительной статьи и составитель каталога Л. Л. Каганэ. Л., 1984. — 75 с.
- Сомов А. И., (1890–1907)։ «Мурильо, Бартоломе Эстебан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Шмидт Д. А. Мурильо. Л., 1926.
- Lafond P. Murillo. Paris, 1930.
- Palomino Antonio (1988)։ El museo pictórico y escala óptica III. El parnaso español pintoresco laureado։ Madrid : Aguilar S.A. de Ediciones։ ISBN 84-03-88005-7
Ստեղծագործությունների ընտրանի Խմբագրել
-
Հովսեփն ու Պորտիֆարի կինը, մոտ. 1640–45, Սևիլյայի մայր տաճար
-
Երիտասարդը մրգերի զամբյուղով կամ Ամառը՝ անձնավորված, մոտ. 1640–50
-
Աղջիկը՝ մետաղադրամով կամ Գալիցիացի աղջիկը, մոտ. 1645–50
-
Փոքրիկ մուրացիկը, մոտ. 1645, Լուվր, Փարիզ, Ֆրանսիա
-
Խաղող ու սեխ ուտող տղաները, մոտ. 1645–1646, Հին պինակոտեկ, Մյունխեն
-
Փախուստ Եգիպտոս, մոտ. 1645–50
-
Սբ. Հիերոնիմոս, մոտ. 1650–1652
-
Սբ. Պետրոսը արտասվելիս, մոտ. 1650–1655
-
Սբ. Կույսը համրիչով, c. 1650–55, Պրադո
-
Մոգերի երկրպագությունը, մոտ. 1660
-
Սբ. Կույսի տեսիլվելը սբ, Իլդեֆոնսին, c. 1660
-
Երեք տղա, մոտ. 1660
-
St. Justa, մոտ. 1665
-
Սբ. Ռուֆինա, մոտ. 1665
-
Քրիստոսը Բեթսեիդայում բուժում է կաթվածահարին, 1670
-
Սբ. Ռոզա Լիմացի, c. 1670
-
Սուրբ Կույս Մարիամի անարատ հղությունը, 1678
-
Սուրբ Ռաֆայել հրեշտակապետը եպիսկոպոս Դոմոնտեի հետ, մոտ. 1680, Պուշկինի անվան թանգարան, Ռուսաստան
-
Հարսանյաց խնջույք Կանայում, մոտ. 1672, The Barber Institute of Fine Arts
-
Սուրբ ընտանիքի վերադարձը Եգիպտոսից, Nationalmuseum, Ստոկհոլմ
-
Տղան շան հետ, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/collection/artist-info.1744.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://data.bnf.fr/ark:/12148/cb14952935x
- ↑ 3,0 3,1 3,2 BeWeB
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Czech National Authority Database
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Marqués, Manuela B. Mena. "Murillo, Bartolomé Esteban." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press.
- ↑ A. O'Neill (1833)։ A Dictionary of Spanish Painters։ London: C. O'Neill։ էջ 246
- ↑ 9,0 9,1 «Bartolome Esteban Murillo»։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 2007-08-30
- ↑ The center medallion of the badge of the Spanish Order of Charles III is clearly modeled on Murillo's unique manner of representing the Immaculate Conception.
- ↑ Palomino, El museo pictórico, p. 417.
- ↑ Google celebrates Bartolomé Esteban Murillo 400th Birth Anniversary with a doodle
- ↑ «Christ on the Cross»։ Timken Museum of Art։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-27-ին
- ↑ «Christ After the Flagellation»։ Krannert Art Museum։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-03-17
- ↑ «Bartolomé Esteban MURILLO»։ Meadows Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-12-08
Արտաքին հղումներ Խմբագրել
- Նկարներ աշխարհի թանգարաններում և պատկերասրահներում
- Մուրիլյո. կենսագրությունը, ոճը, քննադատների կարծիքներ
- Murillo Gallery at MuseumSyndicate
- «Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913
- Մուրիլոն ArtRenewalCenter-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 98)։ |