Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմպոզիցիա (այլ կիրառումներ)

Կոմպոզիցիա (լատին․՝ compositio՝ կազմում, հորինում), հորինվածք, կառուցվածք։

Գեղարվեստական ստեղծագործությունում խմբագրել

Գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը, որը պայմանավորված է նրա բովանդակությամբ, ինչպես և բնույթով ու նշանակությամբ։ Կոմպոզիցիան գեղարվեստական ձևի կարևորագույն, կազմակերպող բաղադրիչն է, ստեղծագործությանը հաղորդում է միասնություն և ամբողջականություն, նրա տարրերը համաստորադասում միմյանց և ամբողջին։ Գեղարվեստական պրակտիկայի, իրականության գեղագիտական իմացության ընթացքում կազմավորված կոմպոզիցիայի օրենքները այս կամ այն չափով իրական աշխարհի երևույթների օբյեկտիվ օրինաչափությունների ու փոխկապակցությունների գեղարվեստորեն մարմնավորված արտացոլումն ու ընդհանրացումն են՝ կապված արվեստի տեսակի, ստեղծագործության գաղափարի ու նյութի և այլ բաների հետ։

Գրականության մեջ խմբագրել

Գրականության մեջ կոմպոզիցիան գրական ստեղծագործությունների բոլոր բաղադրամասերի կառուցվածքը, խմբավորումը, դասավորությունն ու փոխադարձ կապն է։ Գրական ստեղծագործության կառուցվածքը պայմանավորված է նրա թեմայով և գաղափարով։ Փոքր ծավալի երկերում կոմպոզիցիան ավելի պարզ է, ծավալուն երկերում՝ բարդ։ Կառուցվածքային ձևերից են պատումի շարադրանքը հեղինակի, ականատեսի, գլխավոր հերոսի կողմից, նամականին, օրագրությունը։ Գրական երկի կառուցման միջոցներից են կերպարների ընդհանրացված գնահատականը, նրանց դիմանկարը, ապրումների և հոգեկան վիճակների, կենցաղային միջավայրի և իրերի նկարագրությունը, բնության տեսարանները, հերոսների ուղղակի խոսքը, հեղինակային շեղումները։ Պատմողական և դրամատիկական ստեղծագործություններում կոմպոզիցիայի կարևորագույն բաղադրամասերից է նաև գործողությունների և դեպքերի ընթացքը՝ սյուժեն։

Գրականագիտության մեջ խմբագրել

Յուրաքանչյուր գրական ստեղծագործություն անկախ բովանդակությունից և ծավալից ունի որոշակի կոմպոզիցիա։ Կոմպոզիցիա է կոչվում երկի կառուցվածքը։ Այդ հասկացության շուրջ գրականագիտության մեջ կան տարբեր ըմբռնումներ։ «Գրական ստեղծագործության բազմազան տարրերի խմբավորումը, դասավորությունը, նրանց փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը կոչվում է կոմպոզիցիա»,- սահմանում է գրականության տեսաբան Էդ. Ջրբաշյանը[1]։ Գրականագիության տեսաբան Լ. Ցելկովան կոմպոզիցիան դիտում է որպես բազմակողմանի հասկացություն։ Վերջինիս համոզմամբ սխալ է կոմպոզիցիա համարել միայն իրադարձությունների, երևույթների, գործողությունների հերթագայությունը, դրա մաս է կազմում նաև «գեղարվեստական մասերի, արտահայտությունների, պատկերների ամբողջությունը»[2]։ Մեկ ուրիշ գրականագետ, տեսաբան՝ Լ. Տիմոֆեևը, տալիս է վերը նշված սահմանման առավել ընդհանրացված, խտացված տարբերակը և փաստում. «Գեղարվեստական ստեղծագործության բարդությունը արտացոլում է մարդկային հարաբերությունների բարդությունները, կենսական այն միջավայրի խնդիրները, որ ձգտում է ցույց տալ հեղինակը։ Կենսական իրողությունների արտացոլումը, դրանց զարգացումը զգալիորեն կախված են գրողից և նրա կողմից իրականության ընկալումից, թե ինչն է վերջինս առավել կարևորում և դրանից կախված ինպիսի փաստերի վրա է ուշադրություն դարձնում»[3]։ Գրականագիտության տեսաբան Բ. Ուսպենսկու բնորոշմամբ առկա են բազմաթիվ մոտեցումներ գեղարվեստական ստեղծագործության կոմպոզիցիոն համակարգի ուսումնասիրության համար։ Այդ բոլոր հնարավոր մոտեցումներից, սակայն, նա առավել կարևորում է «հեղինակի դիտանկյունը» (точка зрения) և «այդ դիտանկյունների փոխհարաբերությունը տարբեր ասպեկտներում, որոնցից էլ  սկսվում է գրական երկի պատումը»[4]։ Իսկ Զավեն Ավետիսյանը գեղարվեստական երկի կոմպոզիցիոն գլխավոր հատկանիշներց մեկը համարում է ժամանակատարածական ըմբռնումը։ Ըստ նրա՝ ժամանակային առումով հնարավոր չէ պատկերացնել սյուժե առանց կոմպոզիցիայի։ «Կոմպոզիցիան ժամանակի և տարածության մեջ կատարվող գործողությունների գեղարվեստորեն նպատակահարմար դասավորությունն է»[5]։ Կոմպոզիցիան անհրաժեշտ է արվեստի բոլոր ճյուղերին, սակայն նրա դերը գրականության մեջ առավել նշանակալից է։ Ստեղծագործության կոմպոզիցիան իր մեջ է ներառում տարբեր տարրեր, և հենց այդ տարրերի միասնությամբ էլ կառուցվում է ստեղծագործությունը։ Պարզ է, որ գրական երկի կոմպոզիցիան կախված է կոնկրետ երկի ծավալից և ժանրային առանձնահատկություններից։ Ավելի փոքր ծավալի երկերի (բանաստեղծություն, պատմվածք) կառուցվածքը ավելի պարզ է, հեշտ ընկալելի, քան ավելի մեծ ծավալ և ընդգրկում ունեցող ստեղծագործություններինը (վեպ, պիես)։ Սկզբունքը, սակայն, միշտ նույնն է մնում. հեղինակը պետք է նպատակահարմար ձևով կառուցի իր երկը, որի բոլոր մասերը պետք է բխեն հիմնական խնդրից, ծառայեն նրա իրագործմանը։ Երկի խնդիրները արտահայտում են մարդկային հարաբերությունների, հասարակության, միջավայրի այն բարդ փոխհարաբերությունները, որոնք ցանկացել է ցույց տալ հեղինակը։ Այս հարաբերությունների և խնդիրների արտացոլումը, մեկնաբանությունը կապված է այն հանգամանքին, թե ինչպիսի աշխարհայացք ունի գրողը, ինչպես է նա պատկերացնում կյանքը, որոնք են գլխավոր և երկրորդական խնդիրները, և ինչի վրա է ցանկանում կենտրոնացնել ընթերցողի ուշադրությունը։ Կոմպոզիցիայի անխուսափելի պահանջն է ներկայացնել, արտացոլել կյանքը գեղարվեստական ստեղծագործության մեջ կամ դրա միջոցով։ Ըստ կառուցվածքի ընդունված է կոմպոզիցիան բաժանել երեք խմբի` պարզ, բարդացված, բարդ[6]։ Պարզ կոմպոզիցիան հիմնված է մեկ հերոսի շուրջ տարբեր դրվագների և իրադարձությունների միացման վրա։ Այս մեթոդը կիրառվել է դեռևս ժողովրդական հեքիաթներում։ Իրադարձությունների կենտրոնում մեկ հերոս է, և բոլոր գործողությունները ծավալվում են նրա շուրջ։

Բարդացված կոմպոզիցիայի դեպքում դարձյալ իրադարձությունների կենտրոնում գլխավոր հերոսն է, բայց այս դեպքում տեսնում ենք նրան այլ կերպարների հետ շփման մեջ։ Առաջ են գալիս բազմատեսակ կոնֆլիկտներ և սյուժետային գծեր։  Որպես բարդացված կոմպոզիցիայի օրինակ հայ գրականությունից կարելի է բերել Ռ. Պատկանյանի «Փառասեր» վեպը, որտեղ երկրորդական կերպարների միակ գործառույթը գլխավոր հերոսի բացահայտումն է. վերջիններս ծառայում են սոսկ այդ նպատակին։ Բարդ կոմպոզիցիան բնորոշ է վեպ-էպոպեաներին։ Այդտեղ էական են բազմասյուժետայնությունը, պատկերավորությունը և կյանքի առավել մեծ ընդգրկումը։ Հնարավոր են մի քանի գլխավոր սյուժետային գծեր, որոնք կարող են և՛ զարգանալ իրար զուգահեռ, և՛ հաջորդաբար՝ մեկը մյուսին հյուսվելով։ Օրինակ՝ Լ. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը։ Գեղարվեստական ստեղծագործության կոմպոզիցիոն առանձնահատկությունները կապված են նաև գրական երեք սեռերին։ Բարդ կառուցվածքային համակարգ ունեն էպիկական ստեղծագործությունները, քանի որ այնտեղ հանդես են գալիս մեկից ավելի սյուժետային գծեր։ Կառուցվածքային առումով քնարական սեռի երկերը ձգտում են փոքր ծավալի. պետք է խտանա ապրումը, ստեղծվի հուզական նրբերանգ։ Խոսելով գրական տարբեր սեռերի պատումներին բնորոշ կոմպոզիցիոն առանձնահատկությունների մասին՝ պետք է նշել, որ դրանք անջրպետված չեն և կարող են լինել փոխներթափանցումներ։ Օրինակ, խոսելով մենախոսությունների և երկխոսությունների մասին` պետք է հիշել, որ դրանք միայն դրամատիկական սեռին չեն բնորոշ։ Դրանցով են կառուցվում էպիկական սեռի, երբեմն նաև քնարական սեռի գործերը։

Տարածական արվեստներում խմբագրել

Տարածական արվեստներում կոմպոզիցիան միավորում է գեղարվեստական ձևի կառուցման միջոցները (տարածության և ծավալի իրական կամ պատրանքային ձևակազմում, սիմետրիա և ասիմետրիա, մասշտաբ, ռիթմ և համաչափություն, նրբերանգ և հակադրություն, հեռանկար, խմբավորում, գունային լուծում և այլն)։ Կոմպոզիցիան կազմակերպում է ստեղծագործության ինչպես ներքին կառուցվածքը, այնպես էլ նրա հարաբերակցությունը շրջապատող միջավայրի ու դիտողի հետ։

Ճարտարապետության մեջ խմբագրել

Ճարտարապետության մեջ կոմպոզիցիայի հիմքում ընկած է կառույցի, կոմպլեքսի, քաղաքի գեղարվեստա-գաղափարական ֆունկցիոնալ, կառուցվածքային սկզբունքների, արտահայտչամիջոցների ներդաշնակ համադրումը։ Դարերով մշակված ճարտարապետության գիտական վերլուծումով բացահայտվել են մի շարք օրինաչափություններ, որոնց բնորոշումն ու դասակարգումը կազմում են «ճարտարապետական կոմպոզիցիա» առարկայի հիմունքները։ Ճարտարապետական կոմպոզիցիոն միջոցներից են մասշտաբը, համաչափությունները, սիմետրիան, ասիմետրիան, գույնը, ստվերը, ռիթմը, մետրական կարգը, արվեստների համադրումը և այլն, որոնց ճիշտ ընտրության և համադրման շնորհիվ է նախագծողը հասնում իր առջև դրված գաղափարա-գեղարվեստական խնդիրների յուրօրինակ ստեղծագործական լուծումներին։ Կոմպոզիցիայով է պայմանավորված ճարտարապետական ձևի արխիտեկտոնիկ կերպարը։ Հաճախ կոմպոզիցիա են անվանում նաև ամբողջական ձևերի համադրվածքը կամ առանձին կառույցի տիպը։ Կերպարվեստում կոմպոզիցիան ստեղծագործության գաղափարական և սյուժետա-թեմատիկ հիմքի կոնկրետ մշակումն է՝ տարածության մեջ առարկաների ու մարմինների տեղադրումով, ծավալների, լույսի ու ստվերի, գունաբծերի և այլ հարաբերակցության հաստատումով։ Կոմպոզիցիայի տիպերն են՝ «կայուն» (ուր կոմպոզիցիոն հիմնական առանցքները ուղիղ անկյան տակ փոխհատվում են ստեղծագործության երկրաչափական կենտրոնում) և «դինամիկ» (ուր հիմնական առանցքները փոխհատվում են սուր անկյան տակ, գերիշխում են անկյունագծերը, շրջագծերն ու ձվածիրները), «բաց» (ուր գերակշռում են տարուղղված կենտրոնախույս ուժերը, իսկ պատկերը ըստ ամենայնի բացվում է դիտողին) և «փակ» (ուր գերիշխում են կենտրոնաձիգ ուժերը՝ պատկերը ձգելով ստեղծագործության կենտրոն)։ Կոմպոզիցիայի «կայուն» և «փակ» տիպերը գերակշռում են, օրինակ, Վերածննդի արվեստում, «դինամիկ» և «բաց» կոմպոզիցիաները՝ բարոկկոյի շրջանում։ Արվեստի պատմության մեջ մեծ դեր են խաղացել ինչպես ընդհանուր կոմպոզիցիոն կանոնները (օրինակ, հին արևելյան, վաղ միջնադարյան, Բարձր Վերածննդի, կլասիցիզմի արվեստներում), այնպես էլ ավանդական խիստ կանոնական սխեմաներից անցումը ազատ կոմպոզիցիոն միջոցների, այսպես՝ XIX -XX դարերում արվեստում մեծ դեր է խաղացել արվեստագետների անհատական ձգտումը դեպի ազատ կոմպոզիցիա։

Երաժշտության մեջ խմբագրել

Երաժշտական կոմպոզիցիայի, այսինքն՝ երաժշտական երկի կառուցվածքի մասին։

  1. Երաժշտական, գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական ստեղծագործություն, կոմպոզիտորի կամ նկարչի, քանդակագործի ստեղծագործության վերջնական արդյունքը։
  2. Արվեստների տարբեր տեսակներ միավորող գեղարվեստական բարդ ստեղծագործություն (օրինակ, գրական-երաժշտական կոմպոզիցիա)։
  3. Երաժշտական ուսումնական հատուկ առարկա՝ երաժշտական ստեղծագործություն, որի ուսուցումը սերտորեն կապված է երաժշտատեսական մյուս առարկաների՝ ներդաշնակության, պոլիֆոնիայի, գործիքավորման, երաժշտական երկերի վերլուծության ուսումնասիրմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ջրբաշյան, Էդվարդ (2011). Գրականագիտության ներածություն. Երևան: ԵՊՀ հրատ. էջ 113.
  2. Введение в литературоведение. Москва: “Оникс”. 2005. էջ 210.
  3. Тимофеев, Леонид (1976). Основы теории литературы. Москва: “Просвещение”. էջ 156.
  4. Успенский, Борис (1995). Семиотика искусство. Москва: “Языки русской культуры”. էջ 9.
  5. Ավետիսյան, Զավեն (1998). Գրականության տեսություն. Երևան: «Նաիրի». էջ 223.
  6. Введение в литературоведение. Москва: “Оникс”. 2005. էջ 213.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 547