Փանոս Թերլեմեզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերլեմեզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Փանոս Պողոսի Թերլեմեզյան (մարտի 11, 1865[1][2], Վան[1][2] - ապրիլի 30, 1941[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ և հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935)։
Փանոս Թերլեմեզյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1865[1][2] |
Ծննդավայր | Վան[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 30, 1941[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան |
Պարգևներ | |
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում | |
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում | |
Panos Terlemezian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ նկարչության հանդեպ։ 1881-1886 թվականներին սովորել է Վանի՝ Մկրտիչ Փորթուգալյանի անվան կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։
1886-1889 թվականներին գծագրություն, գեղագիտություն ու աշխարհագրություն է դասավանդում Վանի դպրոցներում։
1889 թվականին հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և 1890 թվականին ձերբակալվում։ Վեց ամիս հետո ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով։
1891 թվականին դատապարտվում է մահապատժի, սակայն 1893 թվականին նրան հաջողվում է բանտից փախչել Իրան, ապա մեկնել Թիֆլիս՝ աշխատանք որոնելու։ Մինչև 1895 թվականը Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ 1895 թ. մեկնում է Սանկտ Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է Խրիմյան Հայրիկի նշանակած թոշակով։
1897 թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է Էստոնիա։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում Ռևալի, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երևանի բանտերում։
1898 թ. գաղտնի աքսորվում է Պարսկաստան, որտեղից փախչում է Բաթում և մեկնում Փարիզ։ Ընդունվում է Փարիզի՝ Ժյուլիան ակադեմիա (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։
1900 թ. Ժյուլիանի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսում «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարն արժանանում է առաջին մրցանակի։
1901 թ. Խրիմյան Հայրիկի հրավերով մեկնում է Էջմիածին, նկարում բնանկարներ, ընդօրինակում Մուրիլյոյի «Անարատ հղություն» ստեղծագործությունը։ 1904 թ. ավարտում է Ժյուլիանի ակադեմիան և վերադառնում Հայաստան։ Լինում է Էջմիածնում, Սանահինում, ստեղծում է «Թումանյանը որսի ժամանակ», «Լոռեցի հովիվը», «Սանահին վանքի գավիթը» կտավները և այլ էտյուդներ ու բնանկարներ։
1905-1908 թվականներին Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է Թիֆլիսում, դասավանդում Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ակտիվորեն մասնակցում մշակութային կյանքին։
1908 թ. Ճանապարհորդության է մեկնում Եգիպտոս, լինում Կահիրեում, Ալեքսանդրիայում, մեկնում է Ալժիր, այնտեղից՝ Ֆրանսիա։
1908-1910 թվականներին ապրում և ստեղծագործում է Փարիզում, նկարում Շիրվանզադեի դիմանկարը։
1910-1915 թ. ապրում է Պոլսում։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։ 1907 թ. Պոլսում նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում է նկարչական դպրոց։
1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
1913 թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է Մյունխենի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։
1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։
1915 թ. կազմակերպվում է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր։ Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը։ Նույն թվականին գաղթականների հետ գնում է Էջմիածին, այնտեղից՝ Թիֆլիս։
1916-1917 թվականներին Հայ արվեստագետների միություն (1916) և նրա ռոստովյան մասնաճյուղի (1917) կազմակերպիչներից և հիմնադիր անդամներից մեկը։
1920-1923 թվականներին ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Պոլիս՝ նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Արմենակ Շահմուրադյանի դիմանկարը։
1920 թ. Պոլսի Հայ ակումբում կազմակերպվում է Թերլեմեզյանի ու Լևոն Քյուրքչյանի համատեղ ցուցահանդեսը։
1923-1928 թվականներին բնակվում է Ամերիկայում՝ Նյու Յորք, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո ու Լոս Անջելես քաղաքներում։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի ու Հովհաննես Զարիֆյանի դիմանկարները։
1924 թ. մասնակցում է Վենետիկի XIV բիեննալեին։ Կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքում։ Ամերիկայում գրում է կտակ, որի համաձայն իր ստեղծագործություններն ու ողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի պետական թանգարանին։
1925 թ. անհատական ցուցահանդես Ֆրեզնոյում։
1926 թ. անհատական ցուցահանդես Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում և Լոս Անջելեսում։
1928 թ. Հայաստանի կառավարության հրավերով Թերլեմեզյանը վերադառնում է հայրենիք և մշտական բնակություն հաստատում Երևանում։
1929 թ. անհատական ցուցահանդես Երևան պետական թանգարանում։
1928-1930 թվականներին ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես՝ նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ, բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։
1930 թ. անհատական ցուցահանդես Թիֆլիսում։
1930 թ. Փանոս Թերլեմեզյանին շնորհվում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1932 թ. ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։
Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստի ուսումնարանը։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես[3][4]։
Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին
խմբագրելԹերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։ |
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։ |
Պատկերասրահ
խմբագրել-
Սանահինի վանքի գավիթը (1904)
-
Լոռեցի հովիվ (1905)
-
Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան (1900)
-
Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց (1915)
-
Տաթևի վանքը (1929)
Գրականություն Թերլեմեզյանի մասին
խմբագրել- Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
- Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
- Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
- Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
- Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
- Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
- Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
- Թերլեմեզյան տոհմ։ Զավակներ Վասպուրական երկրի։ Կազմող և խմբ. Կ. Լ. Թերլեմեզյան, Երևան, 2010, 44 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Փանոս Թերլեմեզյան-150 հոբելյանական ցուցահանդես
- ↑ Փանոս Թերլեմեզյան՝ հոբելյանական ցուցահանդես ՀԱՊ-ում
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանոս Թերլեմեզյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանոս Թերլեմեզյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանոս Թերլեմեզյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 178)։ |