Պիեռո դելլա Ֆրանչեսկա
Պիեռո դելլա Ֆրանչեսկա, (իտալ.՝ Piero della Francesca, 1415[1][2][3][…], Սանսեպոլկրո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][6] - հոկտեմբերի 12, 1492[4][7][6][…], Սանսեպոլկրո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][8][6]), իտալացի նկարիչ։
Կենսագրություն
խմբագրել1439 թվականին աշխատել է Դոմենիկո Վենեցիանոյի արվեստանոցում։ Կրել է Մազաչչոյի, Ֆ․ Բրունելեսկիի, ինչպես և նիդերլանդական արվեստի ազդեցությունը։ Աշխատել է Ֆեռարայում (մոտ 1448-1450), Ռիմինիում (1451 և 1482), Հռոմում (1459), Արեցցոյում (մինչև 1466), սակայն հիմնականում՝ Սան Սեպոլկրոյում և Ուրբինոյում։ Արդեն 1450-ական թվականների աշխատանքներում ի հայտ են եկել Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստի հիմնական գծերը՝ կերպարների վեհությունը, ձևերի ծավալայնությունը, գունապատկերի թափանցիկությունը, տարածությունը հեռանկարչորեն կառուցելու հետևողականությունը («Քրիստոսի մկրտությունը», 1450-1455, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, «Մադոննա դելլա Միզերիկորդիա», մոտ 1450—1462, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ 1452-1466-ին Պիեռո դելլա Ֆրանչեսկան Արեցցոյի Սան Ֆրանչեսկո եկեղեցում ստեղծել է «կենարար խաչափայտի» լեգենդի թեմայով որմնանկարների շարք։ Այդ որմնանկարներն ունեն բաց վարդագույնի, մանուշակագույնի, կարմրի և կապույտի նրբագույն երանգներ, ընդհանրացնելով մարմինների ծավալաձևերը, պատի հարթության վրա զուգահեռաբար ծավալելով ռիթմիկ կոմպոզիցիան՝ Պիեռո դելլա Ֆրանչեսկան հասել է գործողության հանդիսավորության։ Այս հատկանիշներն առավել ցայտուն են դարձել «Քրիստոսի հարությունը» որմնանկարում (մոտ 1463, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ Մոտ 1465 թվականին Պիեռո դելլա Ֆրանչեսկան ստեղծել է քանդակային բնութագրումներով աչքի ընկնող Ուրբինոյի դուքս Ֆեդերիգո դա Մոնտեֆելտրոյի և նրա կնոջ՝ Բատիստա Սֆորցայի դիմանկարները (Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), որոնք առանձնանում են լույսով և օդով հագեցած համայնապատկերային ֆոնով։ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի ուշ շրջանի գործերում («Ծնունդ», մոտ 1475, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) լուսաստվերը ավելի մեղմ է դարձել, հորինվածքի կառուցվածքում առավել նշանակություն է ձեռք բերել ցրված արծաթագույն լույսը։ Կյանքի վերջին տարիներին գրել է գիտական երկու տրակտատ՝ «Հեռանկարը գեղանկարչությունում» և «Գրքույկ հինգ կանոնավոր մարմինների մասին»։ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստը Միջին և Հյուսիսային Իտալիայի գեղանկարչությունում արմատավորել է Վերածննդի սկզբունքները, ազդել վենետիկյան և ֆլորենցիական դպրոցների վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
- ↑ 2,0 2,1 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Union List of Artist Names
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.pierodellafrancesca.it/94/ITA/Biografia
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nga.gov/collection/artist-info.1787.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 8,0 8,1 8,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 9,0 9,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://pinacotecabrera.org/en/collezione-online/opere/madonna-of-the-milk/
- ↑ Kanter L. B., Henry T. Luca Signorelli — 2002. — P. 14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռո դելլա Ֆրանչեսկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 291)։ |