Մոմանկարչություն, գեղանկարչական տեխնիկայի տեսակ, որտեղ իբրև ներկերը կապակցող նյութ ծառայում է մոմը։ Շնորհիվ նրա քիմիական փոքր ակտիվությանը մոմով կատարված ստեղծագործությունները դարերով պահպանում են լոկալ գույնի նախնական թարմությունը և գունաշերտի ամրությունը։ Մ․թ․ա․ XIV դարից մոմանկարչությունը օգտագործվել է Եգիպտոսում, տաճարների ճակատները երանգավորելու համար։ Հին Հունաստանում մ․թ․ա․ V դ․ մշակվել է տաք եղանակով մոմանկարչության ավելի կայուն տեխնոլոգիա (էնկաուստիկա, հուն.՝ έγχανότιχή, < έγχαίω - այրել)․ ուժեղ տաքացված մոմաներկերը բրոնզե շիկացված բահիկներով լցնում էին հիմնաշերտի վրա։ Ըստ Տղամարդու դիմանկար, Ֆայյում (մ․ թ․ I դ․) Պլինիոս Ավագի, այդ եղանակով նկարել են Զևքսիսը և Պարասիոսը (աշխատանքները չեն պահպանվել)։ Ֆայյումյան դիմանկարները (մ․թ․ա․ I դ․- մ․թ․ IV դ․, տես Ֆայյում) և բյուզանդական սրբապատկերները (մինչև XII դ․) կատարվել են մոմանկարչության տեխնիկայով, որտեղ էնկաուստիկան հետզհետե փոխարկվել է բևեկնայուղային մոմաներկերով (այսպես կոչված՝ սառը եղանակ) և մոմե տեմպերայով (ցնդող յուղերի խառնուրդով էմուլսիաներ)։ Մեր ժամանակներում մոմանկարչությունը կիրառվում է հիմնականում ստեղծագործությունները վերականգնելու և գունաշերտերը ամրացնելու համար։

6-րդ դարի մոմանկարչություն (Սուրբ Կատարինեի վանք, Եգիպտոս)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 697