Ճապոնիա

պետություն է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք գտնվող կղզիների վրա

Ճապոնիա (ճապ.՝ 日本, «Նիպպոն» կամ «Նիհոն», նախկինում՝ 日本国), կղզի-պետություն Արևելյան Ասիայում՝ տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։ Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացած կղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն են Հոկայդոն, Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն և Օկինավան, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ 90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տոկիոն է․ մյուս խոշոր քաղաքներ են Յոկոհաման, Օսական, Նագոյան, Սապորոն, Ֆուկուոկան, Կոբեն և Կիոտոն։ Ճապոնիան աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո»-ն աշխարհի ամենաբնակեցված մետրոպոլիան է՝ ավելի քան 37,4 միլիոն բնակչությամբ։

Ճապոնիա
日本国
Ճապոնիայի դրոշ
Դրոշ
Ճապոնիայի Կայսերական խորհրդանշան
Զինանշան
Ազգային օրհներգ՝ 君が代
«Նորին կայսերական մեծության թագավորությունը»  (գրադարձություն)
«Կիմի Գա Յոն»

Կառավարության խորհրդանշան՝
Վարչապետի գրասենյակի և Ճապոնիայի կառավարության խորհրդանշանը
Ճապոնիայի դիրքը
Ճապոնիայի դիրքը
Տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Տոկիո
Պետական լեզու ճապոներեն
Կառավարում ունիտար խորհրդարանական սահմանադրական միապետություն
 -  կայսր Նարուհիտո
 -  վարչապետ Ֆումիո Կիսիդա
Ժամանակագրություն
 -  Կայսերական դինաստիայի հիմնադրում փետրվարի 11, մ․թ․ա․ 660 
 -  Մեիջիի կայսերական սահմանադրության ընդունում նոյեմբերի 29, 1890 
 -  Սահմանադրության ընդունում մայիսի 3, 1947 
 -  Ջրային (%) 1.4 (2015)[1]
Բնակչություն
 -  2022 նախահաշիվը 125,440,000[2]  (11-րդ)
 -  2020 մարդահամարը 126,226,568[3] 
ՀՆԱ (ԳՀ) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $5.586 տրիլիոն [4] (4-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,585 (27-րդ)
ՀՆԱ (անվանական) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $5.378 տրիլիոն[4] (3-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $42,928 (23-րդ)
Ջինի (2018) 33.4 (78-րդ)
ՄՆԶԻ (2019) 0.919 (19-րդ)
Արժույթ ճապոնական իեն (¥)
Ժամային գոտի JST (ՀԿԺ+09:00)
Ազգային դոմեն .jp
Հեռախոսային կոդ +81

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որոնք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկարատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիան ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատարր սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, «Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։

Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։

Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ 1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։ 2005-2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ճապոներեն Ճապոնիա բառը «日本» բառը արտասանվում է Նիհոն կամ Նիպպոն, որը նշանակում է «արևածագ»։ «Նիհի» (日) գաղափարագիրը նշանակում է «արև» կամ «օր», իսկ «հոն» (本) նշանակում է «ծագում» կամ «հիմք»[5]։ Արդյուքնում ստացվում է «արևի ծագում», իսկ Ճապոնիան Արևմուտքում հայտնի է որպես «ծագող արևի երկիր»[6]։

 
Հանի Գուանուդի կայսեր ոսկյա կնիքը՝ նվիրված Ճապոնիայի Նա կայսերը, Տոկիոյի ազգային թանգարան

Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։ Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607 թվականին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։

Նիհոնից բացի կիրառվել են Յամատո (大和, կամ «Մեծ Վա») կամ «Վակոկու» (倭国) տարբերակները։ «Վա» հասկացությունը համանման է «Վո»-ին (倭), որը ճապոներեն հնչում է «Վա»։ Վերոնշյալ կերպ են անվանել չինացիները ճապոնացիներին Երեք թագավորությունների շրջանում։ Մեկ այլ տարբերակ՝ «Վայ» (委), կիրառվել է ճապոնական վաղ պետականության շրջանում (Նիկոկու) Հան դինաստիայի շրջանում[7]։ Այնուամենայնիվ, ճապոնացիները խուսափում են 倭՝ «Վա», հասկացության հետ առնչություններից (որը Չինաստանում ասոցացվում է «գաճաճ» կամ «թզուկ» բառերի հետ), հետևաբար այն փոխարինվել է այլ մեկնաբանությամբ՝ «Վա» (和), որը նշանակում է «միասնականություն, ներդաշնակություն»[8][9]։

Անգլերեն “Japan” բառը հավանաբար կապվում է «日本» չինական արտասանության աղավաղման հետ։ Հին մանդարինյան կամ Վու չինարեն արտասանությամբ Ճապոնիա անունը գրանցվել է Մարկո Պոլոյի կողմից՝ որպես «Սիայպենգու» (անգլ.՝ CipanguՇանհայի ժամանակակից Վու բարբառով «日本» գաղափարագրերի արտասանությունն է («անգլ.՝ Zeppen [zəʔpən]»)։ Չինաստանի հարավային ծավափնյա հատվածի բարբառներից փոխառնված անգլ.՝ Japun կամ Japang տարբերակը վերցրել են պորտուգալացի վաճառականները 16-րդ դարում, ովքեր էլ տարածել են այն Եվրոպայում[10][11]։

Անգլերեն աղբյուրներում այս անունն առաջին անգամ հանդիպում է 1577 թվականին հրատարակված «Ջայպան» (անգլ.՝ Giapan) գրքում, որտեղ թարգմանված ներկայացվել է պորտուգալացի միսիոներ Լուիս Ֆրոիսի նամակը։ Այն գրվել է 1565 թվականին[10][12]։

Պատմություն

խմբագրել

Ճապոնիան աշխարհի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։ Առաջին պետություներն այստեղ ձևավորվել են ուշ 4-6-րդ դարերում։ 8-րդ դարի վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150 հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։ Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե` աստվածային քամի. նրանք հավատում էին, որ աստվածները օգնեցին իրենց։ Այդ դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայքար էր ընթանում ուժեղ տոհմերի միջև։ 1603 թվականին Տոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով ժառանգական` Տոկուգավաները երկար ժամանակ պահպանեցին այն։ Նրանք, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների  (քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։ Այդ պատճառով 1612 թվականին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս։ Արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի առևտրականների համար։ Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։ Այսպես մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։

 
1894-95 թթ․ չին-ճապոնական պատերազմ, չինացի զորավարները հանձնվել են ճապոնացիներին

Ժամանակագրություն[13]

 
Մեյձի կայսրը (1868–1912)
  • մ.թ.ա. 660 թվական - ըստ առասպելի՝ Ջիմուի կայսրության հիմնումը
  • մ.թ. 4-րդ դար - Յամատո Տակերուի լեգենդար արկածները
  • 5-6-րդ դարեր - Յամատո ցեղերի պետության հիմնադրումն ու ճգնաժամը
  • 6-րդ դարի կեսեր - Բուդդիզմի ներթափանցումը
  • 604 թվական - Շյոտոկու - Թայշի «17 հոդվածների օրենքը» դնում է բյուրոկրատական պետության հիմքը։
  • 607 թվական - Չինաստանում առաջին ճապոնական դեսպանությունը
  • 7-8-րդ դարեր - միապետության հաստատումը
  • 712-720 թվականներ - Ճապոնիայի լեգենդար անցյալի «Կոջիկի» և «Նիհոն Շյոկի» տարեգրության կազմումը։
  • 752 թվական - Թոդայջի տաճարում իրականացվում է սինտոիզմն ու բուդդիզմը միավորող ծիսակատարություն։
  • 8-րդ դար - Տարբեր դասերի ձևավորումը՝ արքունական ազնվականության, վանական հոգևորականության, գյուղացիության։ Այդ նույն ժամանակ է ձևավորվում նաև ռազմիկների միջին՝ սամուրայների (բուշի) դասը։
  • 784 թվական - Հիմնադրվում է Հեյան մայրաքաղաքը (հետագայում՝ Կիոտո
  • 9-րդ դար - «Հյուսիսի ժողովուրդների» ենթարկումը։
  • 9-10-րդ դարեր - Ֆուջիվարայի տոհմը տիրանում է կայսերական արքունիքի գլխավոր պաշտոններին։
  • 901 թվական - Նրանց դիմակայող Սուգավարա-նո Միչիզանեի վռնդումը։
  • 11-րդ դարի վերջ - Նախկին կայսրերի պայքարը Ֆուջիվարայի խնամակալության դեմ։
  • 12-րդ դար - Իշխանության պայքար Մինամոթոյի, Թայրայի և այլ ռազմական խմբերի միջև։
  • 1189 թվական - Թայրային հաղթած Յոշիցունեի ինքնասպանությունը։
  • 1192 թվական - Մինամոտո-նո Յորիթոմոն հիմնադրում է բակուֆու ռազմական ռեժիմը և դառնում է սյոգուն։
  • 1221 թվական - նախկին կայսրերի անհաջող փորձերը՝ վերստին իշխանության գալու համար։
  • 1274-1281 թվականներ - Պայքար մոնղոլների արշավանքների դեմ։
  • 13-րդ դար - Ձեն բուդդիզմի տարածումը հիմնականում զինվորականության միջավայրում։
  • 1333-1336 թվականներ - Կեմու դարաշրջանի կառավարությունը, կայսերական իշխանության վերականգնումը։
  • 14-րդ դարի երկրորդ կես - Պատերազմներ կայսերական տան հյուսիսային և հարավային թևերի միջև։
  • 15-րդ դար - Տնտեսական վերելք։ Բարերար Աշիկագա Յոշիմասան կառուցում է «Արծաթե տաղավարը»։
  • 1467-1477 թվականներ - Երկրի կենտրոնական մասում ֆեոդալական խմբերի միջև պատերազմները։
  • 15-րդ դարի վերջ - 16-րդ դարի սկիզբ - Գյուղացիական ապստամբություններ, ծովային ասպատակություններ և ծավահենություն օվկիանոսի ընդարձակ տարածքներում։
  • 1543 թվական - Պորտուգալացիների հայտնվելը Ճապոնիայի ափերի մոտ, հրազենի տարածման սկիզբը։
  • 1549 թվական - Միսիոներ Ֆրանսիս Քսավյեի ժամանումը Ճապոնիա, երեսուն տարի անց Ճապոնիայում հաշվվում էր 150 000 քրիստոնյա։
  • 16-րդ դարի 2-րդ կես - Թոյոտոմի Հիդեյոշին նորից ուժով միավորում է երկիրը, միջոցներ է ձեռնարկում գյուղացիներից զենքն առգրավելու համար («թրերի որսի» հրամանագիրը)։
  • 1603 թվական - Երկարատև պատերազմներից հետո իշխանության է գալիս Տոկուգավա Իեյասուն. նա հիմնադրում է Էդո Տոկիո մայրաքաղաքով սյոգունավարությունը։
  • 17-րդ դարի առաջին կես - Երկիրը մեկուսացնելու քաղաքականությունը, մուտքի և ելքի արգելքներ, քրիստոնեության արգելքը։ Հիմնական դոկտրին է դառնում նեոկոնֆուցիոնիզմը։
  • 17-րդ դարի երկրորդ կես - Պատմական միտքը խոսում է կայսերական իշխանությունը վերականգնելու մասին։
  • 1701 թվական - 47 րյոնինների ինքնասպանությունը։
  • 18-րդ դարի կեսեր - Բրնձի գնի բարձրացումը, գյուղացիական ապստամբություններ։
  • 19-րդ դարի առաջին կես - Գյուղացիական ելույթների թվի աճ։
  • 1853 թվական - Մեթյու Ք.Փերիի (ԱՄՆ) ժամանումը։
  • 1858 թվական - Անիրավահավասար պայմանագրերի կնքումը։
  • 1868 թվական - Մեյձի հեղափոխությունը, շյոգունների իշխանության վերացումը։
  • 1877 թվական - Շիմազու տոհմի Սաիգյո Տակամորիի խռովությունը։
  • 1889 թվական - Մեյձիի սահմանադրության հրապարակումը, կայսերական իշխանությունն սկսում է արդիականացման և արևմտյան ուղղվածության քաղաքականությունը։
  • 1894-1895 թվականներ - Ճապոնա-չինական պատերազմը։ Ճապոնիայի հաղթանակը։ Շիմոնոսեկի պայմանագիրը։
  • 1902 թվական - Անգլո-ճապոնական միության կնքումը։
  • 1904-1905 թվականներ - Ռուս-Ճապոնական պատերազմը։ Ճապոնիայի հաղթանակը։
  • 1914 թվական - Ճապոնիայի մուտքը առաջին համաշխարհային պատերազմ։
  • 1923 թվական - Վաշինգտոնի կոնֆերանսը։ Ճապոնական ռազմական նավատորմի սահմանափակումը։
  • 20-րդ դարի 30-ական թվականներ - Ճապոնիայի ռազմականացումը։
  • 1931 թվական - Մանջուրիայի գրավումը Ճապոնիայի կողմից և նրանից անկախ Մանչժոու-գո պետության ստեղծումը։
  • 1937 թվական - Չինաստան ներխուժումը։
  • 1941 թվական - Հարձակումը ամերիկյան Փիրլ-Հարբոր հենակայանի վրա։ Ճապոնիայի մուտքը պատերազմ։
  • 1945 թվական - Կամիկաձեների՝ մահապարտ օդաչուներով ինքնաթիռների օգտագործումը, որոնք վերադարձնում էին ինքնազոհողության բարոյախոսությունը։
  • 1945 թվական - Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները։ Ճապոնիայի կապիտուլյացիան։
  • 1946 թվական - Հիրոհիտո կայսրը մերժում է իր աստվածային ծագման գաղափարը։
  • 1952 թվական - Սան Ֆրանցիսկոյում Ճապոնիան կնքում է հաշտության պայմանագիր երկրորդ համաշխարհային պատերազմի իր հակառակորդների հետ, բացառությամբ Խորհրդային Միության։
  • 1960 թվական և հետո - Գոշիստական և հակաամերիկյան ցույցեր։
  • 1970 թվական - Յուկիո Միսիմայի հարակիրին, ում չէր հաջողվել վերականգնել կայսերական իշխանությունը։
  • 1970-ական թվականներ - Ճապոնական արտահանության սրընթաց աճը։

Ճապոնական կղզեխումբը բնակեցված է եղել դեռևս մ․թ․ա․ 30.000 տարի առաջ (պալեոլիթյան մշակույթ)։ Այստեղ հանդիպում են նաև մեզոլիթի և նեոլիթի մշակույթի վերագրվող գտածոներ, որոնք վկայում են, որ այստեղ մարդիկ (ներառյալ ժամանակակից Այնունի և Յամատոյի նախնիները) արդեն անցել էին կիսաքոչվոր կենսակերպի, զբաղվում էին որսորդությամբ և հազվադեպ՝ գյուղատնտեսությամբ[14][15][16]։ Մոտավորապես մ․թ․ա․ 300 թվականից սկսած Յայոյիները սկսել են բնակեցնել Ճապոնական կղզիները և հաղորդակցվել Ջոմոնի հետ[17] Մ․թ․ա․ 500 թ․-ից սկսած Յայոյի շրջանին բնորոշ է բրինձ մշակելը[18], խեցեգործության նոր ոճը և մետաղաձուլությունը, որը ներկայացաված է նաև Չինաստանում և Կորեայում[19]։

250 թվականին Յայոյին փոխարինում է Կոֆուն ժամանակաշրջանը, որի ժամանակ Յամատո տարածքում առաջացավ ճապոնական պետություն։

Հաջորդը Ասուկա ժամանակաշրջանն էր, որն սկսվեց 538 թվականին, տարածվեց կորեական Փեկչե պետությունից եկած բուդդիզմը, զարգացավ չինական տեսակի կենտրոնացված պետությունը, ստեղծվեց առաջին օրենսգիրքը և մայրցամաքի իմաստասիրական և մշակութային գաղափարների ազդեցության տակ ծաղկում ապրեց ճապոնական մշակույթը։ Ութերորդ դարում սկսված Նարա ժամանակաշրջանում ստեղծվեց խիստ կենտրոնացված ճապոնական պետությունը՝ ժամանակակից Նարա քաղաքի մոտ գտնվող Հեյջյո-քյո կայսերական մայրաքաղաքով։ Ճապոնական հանրության արագացված չինականացման հետ միասին այդ ժամանակաշրջանին բնորոշ են նաև առաջին պատմագրությունների ստեղծումն ու մշակույթի ծաղկումը։ 712 թվականին ավարտվում է Կոջիկին, իսկ 720 թվականին՝ Նիհոն Շյոկի սուրբ գրքերը։

784 թվականին Կամու կայսրը մայրաքաղաքը տեղափոխեց Նագաոկա-քյո, սակայն տասը տարի անց այն տեղափոխվեց Հեյան-քյո (այսօրվա Կիոտոն)։ Այդպես սկսվեց Հեյան ժամանակաշրջանը, որի ժամանակ ծաղկում ապրեց ճապոնական ազգային մշակույթը։ Կանա վանկային այբուբենի ստեղծումը թույլ տվեց չինարենի փոխարեն գրել ճապոներեն։

12-րդ դարից Ճապոնիայում սկսեց կառավարել ֆեոդալական ռազմականացված իշխող դասը՝ սամուրայների գերատեսչությունը։ 1192 թվականին Մինամոտո-նո Յորիթոմոն, հաղթելով իր հետ մրցակցող Տայրա գերդաստանին, նշանակվեց սյոգուն, որով սկիզբ դրվեց Կամակուրա ժամանակաշրջանին։ Նրա մահից հետո՝ 1199 թվականին, իրական իշխանությունն անցավ իր թողած Հոջյո գերդաստանին։ Կամակուրա շյոգունավարությունը 1274 և 1281 թվականներին հաջողությամբ ետ է մղում մոնղոլների ներխուժումը։ Այդ ժամանակվա պաշտոնական կրոն է դառնում զենը։ Մոնղոլներին հաղթելուց հետո ճապոնացի ռազմիկների միջև սկսվում են պառակտիչ պատերազմներ, որի արդյունքում Կամակուրայի ռեժիմն արագ անկում է ապրում։ 1318 թվականին գահակալեց Գո Դայգո կայսրը և գլխավոր հրամանատար Աշիկագա Տակաուջիի աջակցությամբ ետ վերադարձրեց իշխանությունը, սակայն 1336 թվականին կայսեր որդու հետ իշխանությունը չկիսած Աշիկագա Տակաուջին Կիոտոյում գահին նստեցրեց կայսր Կյոմիյոյին և 1338 թվականին նրանից ստացավ սյոգունի տիտղոս։ Արդյունքում Ճապոնիայում ստացվեց երկու կայսր և երկու սյոգուն, որոնք կատաղի հակամարտության մեջ էին ընդհուպ մինչև 1392 թվականը։ Աշիկագա սյոգունապետությունը չկարողացավ վերահսկել խոշոր դայմյո ֆեոդալներին, այդ իսկ պատճառով 1467 թվականին բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որով սկիզբ դրվեց խռովություններով հարուստ Սենգոկու ժամանակաշրջանին[20]։

1543 թվականին Ճապոնիայի ափերին հասան պորտուգալացի ծովագնացները, իսկ ավելի ուշ՝ ճիզվիտ միսիոներներն ու հոլանդացի վաճառականները։ Դրվեց Ճապոնիայի և Արևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխազդեցության սկիզբը։ Եվրոպական տեխնալոգիաների և հրազենի օգնությամբ Օդա Նոբունագան հաղթեց մյուս դայմյոներին և համարյա կարողացավ միավորել երկիրը, սակայն սպանվեց 1582 թվականին։ Նրա ժառանգորդը դարձավ Տոյոտոմի Հիդեյոսիին, որը 1590 թվականին ավարտին հասցրեց երկրի միավորման գործը։ Հիդեյոսին երկու անգամ գրավեց Կորեան, սակայն կորեական և չինական զորքերի հասցրած մի քանի պարտություններից հետո ճապոնացիները 1598 թվականին նահանջեցին Կորեայից։ Հիդեյոսիի մահից հետո Տոկուգավա Իեյասուն ստացավ քաղաքական ազդեցություն և ռազմական աջակցություն՝ օգտագործելով Տոյոտոմի Հիդեյոսիի վրա ունեցած խնամակալության իրավունքը և 1603 թվականին նշանակվելով սյոգուն։ Նա հիմնադրեց Տոկուգավայի սյոգունավարությունը և մայրաքաղաքը տեղափոխեց Էդո (այսօրվա Տոկիո)։ 1639 թվականին սյոգունապետությունն սկսեց Ճապոնիայի ինքնամեկուսացման արտաքին քաղաքականությունը, որը տևեց երկուսուկես հարյուրամյակ։ Առաջացավ ազգային մշակութային կոկուգակու շարժումը։

 
1945 թվական, սեպտեմբերի 2, ճապոնացի զորավարները հանձնվում են Դաշնակից ուժերին, Տոկիոյի ծովածոց, երկրորդ աշխարհամարտի ավարտ

ԱՄՆ-ի հետ Մեթյու Ք. Փերիի պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները՝ Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1869 թվականին քաղաքացիական պատերազմի արդյունքում վերացավ սյոգունավարությունը, և ստեղծվեց կենտրոնացված պետություն՝ Մեյձիի վերածնունդ կայսեր ղեկավարությամբ։ Որպես հիմք վերցնելով արևմտյան քաղաքական, դատաիրավական և ռազմական համակարգերը՝ Ճապոնիայի Նախարարների կաբինետը ստեղծեց Գաղտնի խորհուրդ, նախապատրաստեց Մեյձիի սահմանադրությունը և գումարեց խորհրդարան։ Վերափոխված Ճապոնական կայսրութունը դարձավ արդյունաբերական համաշխարհային տերություն։ Հաղթանակներ տանելով Ճապոնա-չինական պատերազմ չին-ճապոնական (1894-1895 թվականներ) և ռուս-ճապոնական պատերազմներում (1904-1905 թվականներ)՝ Ճապոնիան ապահովեց իր գերիշխանությունը Ճապոնական և Դեղին ծովերում և իրեն միացրեց Կորեան, Թայվանը և Սախալինի հարավը։

20-րդ դարի սկզբին Տայսյոյի կարճ ժողովրդավարական ժամանակաշրջանին փոխարինեց ռազմականացման և էքսպանսիոնիզմի աճը։ Անտանտի կողմից մասնակցելով Առաջին աշխարհամարտին՝ Ճապոնիան ընդլայնեց իր քաղաքական ազդեցությունն ու տարածքը։

 
Նագասակիի ատոմային ռմբակոծությունը։

1930-ական թվականներին Ճապոնիան Չինաստանի հյուսիսարևելյան օկուպացված Մանջուրիայում կառուցում է Մանջոու-Գո ծովային պետությունը։ 1936 թվականին Ճապոնիան համաձայնագիր է ստորագրում նացիստական Գերմանիայի հետ, իսկ 1941 թվականին միանում է Առանցքի երկրներին։ 1937 թվականին Ճապոնիան ներխուժում է Չինաստանի մյուս տարածքներ ևս՝ սկսելով երկրորդ չին-ճապոնական պատերազմը (1937-1945 թվականներ), ինչից հետո ԱՄՆ-ը նրան ենթարկում է նավթային էմբարգոյի։ 1947 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվում է խաղաղօվկիանոսյան Փիրլ Հարբոր ռազմաբազայի վրա և պատերազմ է հայտարարում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որի հետևանքով ԱՄՆ-ը նույնպես մտնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Ճապոնական կայսրությունը գրավում է Հոնկոնգը, Ֆիլիպիններն ու Մալակկա թերակղզին, սակայն, 1942 թվականին Կորալյան ծովում կրած պարտությունը զրկեց նրան ծովում ունեցած առավելությունից։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ ավիացիայի իրականացրած Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից[21] հետո Ճապոնիան 1945 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրեց Ճապոնիայի կապիտուլացիայի ակտը, որով ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը։

1947 թվականին Ճապոնիան ընդունում է նոր խաղաղասիրական սահմանադրություն, որում շեշտը դրվում է լիբերալ դեմոկրատիայի վրա։ Դաշնակից երկրների կողմից Ճապոնիայի օկուպացումն ավարտվում է Սան-Ֆրանցիսկոյի պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում 1952 թվականին, իսկ 1956 թվականին Ճապոնիան մտնում է ՄԱԿ։ Ավելի ուշ Ճապոնիան հասնում է աննախադեպ տնտեսական աճի՝ տարեկան միջինը 10 % աճ, որը տևեց չորս տասնամյակ։ Կատարվում է ճապոնական տնտեսական հրաշքը։ 1991 թվականին տնտեսական աճին փոխարինում է ճգնաժամը, որից երկիրը կարողանում է դուրս գալ միայն 2000 թվականին։

2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում գրանցվում է աղետալի երկրաշարժ, որի պատճառով վնասվում է Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանը։ Այս օրը ատոմի խաղաղ օգտագործման պատմության ցավալի էջերից մեկն է[22]։

Աշխարհագրություն

խմբագրել
Բնակլիմայական պայմաններ
խմբագրել
 
Ճապոնական մակակները Ջիգոկուդանի ջերմ աղբյուրներում։
 
Ճապոնիայի տեսքը արբանյակից։

Ճապոնիան ծովային երկիր է Արևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ափին՝ կազմված 6,852 կղզիներից, երկրի տարածքի 97%-ը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օկինավա և այլ կղզեխմբերի վրա։ Նրանց միասին սովորաբար անվանում են Ճապոնական կղզեխումբ։ Պետությունը գտնվում է հս․լ․24° մինչև հս․լ․ 46°, արլ․երկ․ 122° մինչև արլ․ երկ․146°[23]։ Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիները։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։ Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994 թվականների երկրաշարժերը։

Ճապոնական կղզիների հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածությունն անդրադառնում է երկրի կլիմայական պայմանների վրա։ Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆուններն ու ցունամիները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը։ Ճապոնական կղզիների ամբողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լեռնակազմությունը։ Ամենաբարձր Ֆուձիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ։
Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում։ Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն։ Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն։ Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ։ Գետերը հորդառատ են՝ սահանքներով ու ջրվեժներով հարուստ։ Խոշոր գետերն են՝ Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան։

Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի։ Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են։ Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք՝ Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա։ Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային զբոսայգին, որտեղ գտնվում է սրբազան Ֆուջիյաման։ Կա նույնիսկ մի այսպիսի ասացվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»։

Բնակչություն

խմբագրել

Ճապոնիան զարգացած երկիր է, և այնտեղ շատ բարձր է բնակչության կենսամակարդակը։ Կյանքի տևողությունը Ճապոնիայում աշխարհում ամենաերկարներից է. 2009 թ. կյանքի սպասվող տևողությունը կազմել է 82.12 տարի։ Նորածինների մահացության մակարդակն աշխարհում ամենացածրերից մեկն է։ Բնակչության քանակով աշխարհում տասներորդն է՝ 127 միլիոն մարդ։ Մայրաքաղաք Տոկիոն իր մերձակա պրեֆեկտուրաներով հանդերձ ունի 30 միլիոնից ավել բնակչություն և համարվում է աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիան։ Երկրի բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը։ Ճապոնացիները դավանում են միաժամանակ երկու կրոն՝ սինթոիզմ և բուդդայականություն։ Սինթոիզմին են հետևում հիմնական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը՝ հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ։

Տնտեսություն

խմբագրել

Խոշոր քաղաքներում տասնյակ կիլոմետրերով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը։ Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք։ Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում իր քաոսային կառույցներով։ Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները։ Բազմամիլիոն բնակչություն ունեն Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սաիտամա և այլ քաղաքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց։ Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։ Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես՝ գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները։ Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկաան Sony, Panasonic, մեքենաշինությունը։ Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը։ Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է Տոյոտա, Նիսան, Միցուբիշի, Հոնդա, մենատիրությունների ձեռքերում։

Գյուղատնտեսություն
խմբագրել

Գյուղատնտեսությունը տալիս է երկրի համախառն ներքին արդյունքի 1.7%-ը։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը բուսաբուծությունն է։ Երկրի տարածքի 11.64%-ը վարելահողեր են, 0.9%-ը՝ բազմամյա տնկարկներ։ Ոռոգովի հողատարածքները 2.6 մլ հա են։

Մշակովի հողերի կեսը բրնձի ցանքատարածություններ են։ Քիչ քանակությամբ մշակում են նաև ցորեն, գարի, եգիպտացորեն։ Տեխնիկական մշակաբույսերից են շաքարի ճակնդեղը, ծխախոտը, սոյան։ Մշակում են նաև թեյ։ Զարգացած է ծաղկաբուծությունը։

Անասնապահությունն ունի ընդարձակման միտում՝ կապված եվրոպական սովորույթների ներթափանցման հետ։ Ավելանում է մսի և կաթի օգտագործումը երիտասարդների շրջանում[24]։

Պետական կառուցվածք

խմբագրել
Սահմանադրություն
խմբագրել

Ճապոնիայի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1946 թվականի նոյեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1947 թվականի մայիսի 3-ից։ Որպես այդպիսին այն հանդիսանում է Մեյձիի Սահմանադրության լրացված, բարեփոխված տարբերակը, սակայն ավանդաբար այն համարում են առանձին Սահմանադրություն։ 1947 թվականի մայիսի 3-ից ի վեր Ճապոնիայի Սահմանադրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել։

Սահմադրությունը սահմանում է պետական կառավարման պառլամենտական ձևի սկզբունքները, քաղաքացիների հիմնական երաշխիքներն ու իրավունքները։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը «պետության և ազգի միասնության խորհրդանիշն է» և իրականացնում է զուտ խորհրդանշական գործառույթ, որը չի ենթադրում իրական իշխանություն. նրա կողմից վավերացված բոլոր պետական ակտերը անցնում են Կաբինետի հաստատումը, նույնիսկ տարածված է այն կարծիքը, որը կայսրն ընդհանրապես պետության գլուխ չի հանդիսանում։

Ճապոնիայի սահմանադրությունը անվանում են նաև «Պացիֆիստական սահմանադրություն», քանի որ 9-րդ հոդվածն ամրագրում է պատերազմ չսկսելու և ռազմական բախում չնախաձեռնելու դրույթը։ Այն նաև նշում է, որ Ճապոնիան չի կարող ունենալ անկախ բանակ, նավատորմ և ներքին զինվորական ուժեր։ Չնայած նրան, որ հոդվածը ենթադրում է պետության կողմից պատերազմ հրահրելու և ամբողջական բանակ ունենալու սահմանափակումը, ներկայումս Ճապոնիան պաշտպանական ուժեր անվան տակ ունի լիարժեք բանակ։

2004 թվականի հուլիսին Ճապոնիայի մշակույթի նշանակալի դեմքերը սկսել են «Միավորված Հոդված 9» շարժումը, որպեսզի թույլ չտան 9-րդ հոդվածի վերանայումը և Ճապոնիայի մինչպատերազմական միլիտարիզմին վերադառնալը։

Կառավարման համակարգ
խմբագրել
 
Ակիհիտո կայսրը և Միչիկո կայսրուհին

Ճապոնիայում գործում է կառավարման սահմանադրական միապետություն ձևը, որտեղ կայսեր իշխանությունը խիստ սահմանափակ է։ Որպես արարողակարգային գլխավոր անձ՝ նա, ըստ սահմանադրության, համարվում է «ժողովրդի միասնության և պետության խորհրդանիշ»։ Իշխանությունը գլխավորապես գտնվում է վարչապետի և խորհրդարանի այլ ընտրովի անդամների ձեռքում։ Ներկայիս կայսրն է Ակիհիտոն, թագաժառանգ Նարուհիտոն գահի հաջորդ թեկնածուն է։ Ճապոնիայի օրենսդիր մարմինը երկպալատանի խորհրդարանն է։ Կազմված է չորս տարին մեկ կամ լուծարվելուց հետո ժողովրդի կողմից ընտրվող 480 տեղանոց ներկայացուցիչների և խորհրդի անդամների 242 տեղանոց երկու պալատներից։ Խորհրդարանում իշխում են սոցիալ լիբերալ Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունն ու պահպանողական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ)։ ԼԴԿ-ը վայելում է անընդհատ ընտրական հաջողություններ սկսած 1955 թվականից, բացառությամբ 11 ամիսների կարճ ժամանակամիջոցի՝ 1993-1994 թվականների և 2009-2012 թվականների արանքներում։ Նա գրավում է 294 տեղ ստորին պալատում և 83 տեղ՝ վերին պալատում։ Ճապոնիայի վարչապետը համարվում է կառավարության գլխավորը և հաստատվում է կայսեր կողմից՝ խորհրդարանի անդամների Ներսից նրան նշանակելուց հետո։ Վարչապետը աշխատակազմի գլխավորն է և ինքն է նշանակում և ազատում պետական նախարարներին։ Հետևելով 2012 թվականի ընտրություններում տարած ԼԴԿ հաղթանակին, դեկտեմբերի 26-ին Շինզո Աբեն վարչապետի պաշտոնում փոխարինեց Յոշիհիկո Նոդային։ Չնայած նրան, որ վարչապետին պաշտոնապես հաստատում է կայսրը, Ճապոնիայի սահմանադրությունը պարզապես պատվիրում է կայսրին հաստատել նրան, ում նշանակել է խորհրդարանը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
Մայրաքաղաք
խմբագրել
 
Տոկիոյի երկնաքերները

Տոկիոն Ճապոնիայի ու համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաքն է, աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից։ Հիմնադրվել է 12-րդ դարի կեսին։

Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցի ափին, Կանտո հարթավայրում։ Կլիման մերձարևադարձային, մուսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 °C է, օգոստոսինը՝ 25,6 °C, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ։ Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923 թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ մարդու կյանք։

Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից։ Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ։ Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը։

Տոկիոն հիմնադրվել է 12-րդ դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1457 թ-ին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր։ 1590 թ-ին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867 թթ-ին Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868 թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը)։ 1720 թ-ին Էդոյի բնակչությունը 1 միլիոն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր)։ 1869 թ-ին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896 թ-ին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք։

 
Ճապոնիայի խորհրդանիշները

Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ)։ Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն)։

Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ։

Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը։ Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին։ Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով։

Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ։ Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով։ Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր)։ Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին։

Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ։

XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թ) և այլն։

Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թ)։ Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։

Ճապոնիան այն բացառիկ երկրներից է, որտեղ միաժամանակ գործում են տարբեր կրոններ։ Ճապոնացիների 83.9%-ը դավանում է շինտո, իսկ 71.4%-ը՝ բուդդիզմ[25](գումարայինի 100%-ը գերազանցելը պայմանավորված է բնակչության որոշ մասի կողմից միաժամանակ այդ երկու կրոնները դավանելով)։ Բացի ավանդական բուդդիզմի և սինթոիզմի արարողակարգերից, կատարվում են նաև քրիստոնեական ծիսակատարություններ։ Քրիստոնեությունը Ճապոնիա է ներթափանցել XVI դարում։

Պրեֆեկտուրաներ
խմբագրել

Ճապոնիան պաշտոնապես բաժանված է 47 բարձր աստիճանի վարչական միավորների։ Դրանք միավորված են տոդոֆուկեն (ճապոներեն՝ 都道府県) համակարգի մեջ։ Այդ կարգով պետությունը կազմված է մի մայրաքաղաքից տո (ճապոներեն՝ 都) - Տոկիո, մի շրջանից դո (ճապոներեն՝ 道) - Հոկայդո, երկու քաղաքից ֆու (ճապոներեն՝ 府), որոնք պրեֆեկտուրային կարգավիճակ ունեն, - Կիոտո և Օսակա - և 43 պրեֆեկտուրաներից կէն (ճապոներեն՝ 県)։ Հարմարության համար արևմտյան ճապոնագետները թվարկած միավորները անվանում են պրեֆեկտուրա կամ ոստիկանապետություն։

Պրեֆեկտուրաները բաժանվում են ավելի փոքր միավորների։ Դրանք Հոկայդոյի օկրուգներն են, հատուկ քաղաքներ և գավառներ։ Օկրուգները կան միայն Հոկայդոյում՝ 14 հատ։ Մնացած պրեֆեկտուրաները բաժանվոմ են ոչ թե օկրուգների, այլ գավառների։ Հատուկ քաղաքներին վերաբերվում են նրանք, որոնց բնակչությունը ավել է 500 հազարից։ Այդ քաղաքներն են՝ Կոբե (1956), Կիոտո (1956), Նագոյա (1956), Օսակա (1956), Յոկոհամա (1956), Կիտակյուսյու (1963), Ֆուկուոկա (1972), Կավասակի (1972), Սապպորո (1972), Հիրոսիմա (1980), Սենդայ (1989), Տիբա (1992), Սայտամա (2003), Սիձուոկա (2005) և Սակաի (2006). Նիիգաթա և Համամացու քաղաքները մտցրած են եղել ցանկի մեջ 2007 թվականին։ Իսկ մայրաքաղաք Տոկիոն այդ քաղաքների ցանկ չի մտնում, քանի որ դա քաղաքային կոնգլոմերատ է, ոչ թե քաղաք։

Ճապոնիայի ժամանակակից վարչական բաժանման համակարգ արմատավորված է եղել 1871 թվականում Մեյձի ժամանակաշրջանում, որի արդյունքում վերացման են ենթարկվել հան ավատները և ստեղծվել են պրեֆեկտուրաներ։ Այդ դեպքը կրում է հայհան տիկեն (ճապոներեն՝ 廃藩置県) անվանումը։ Սկզբում պրեֆեկտորաների և հաների թիվը համապատասխանում էր մեկը մեկին - ավելի քան 300 հատ։ Ժամանակի հետ նրանց թիվը կրճատել էին մինչև 72, իսկ 1888 թ - մինչև 47։ Տեղի ինքնավարության օրենքը տվել էր պրեֆեկտորաներին ավելի շատ տիրական լիազորություններ։ Ի վերջո, հաշվի առնելով Ճապոնիայի բուռն ուրբանիզացոմը, կառավարությունը քննարկում է պրեֆեկտուրաների ռեֆորմի նախագիծը 10 մեծ վարչական միավորների։

Բացի պրեֆեկտուրաների և գավառների Ճապոնիայում գոյություն ունեն մունիցիպալ աստիճանի վարչական միավորներ, որոնք ունեն լայն ինքնավարություն։ Դրանք պրեֆեկտուրաների կենտրոնային քաղաքներն են- հատուկ քաղաքները, սովորական քաղաքները, Տոկիոյի 23 հատուկ շրջանները և գյուղեր։

Պրեֆեկտուրաների ցանկ

 
Ճապոնիայի պրեֆեկտուրաների քարտեզ

1. Հոկայդո 2. Աոմորի 3. Իվատե 4. Միյագի 5. Ակիտա 6. Յամագաթա 7. Ֆուկուսիմա 8. Իբարակի 9. Տոտիգի 10. Գումմա 11. Սայթամա 12. Թիբա 13. Տոկիո 14. Կանագավա 15. Նիիգաթա 16. Տոյամա

17. Իսակավա 18. Ֆուկուի 19. Յամանասի 20. Նագանո 21. Գիֆու 22. Սիձուոկա 23. Այչի 24. Միե 25. Սիգա 26. Կիոտո 27. Օսակա 28. Հյոգո 29. Նարա 30. Վակայամա 31. Տոթթորի 32. Սիմանե

33. Օկայամա 34. Հերոսիմա 35. Յամագութի 36. Տոկուսիմա 37. Կագավա 38. Էհիմե 39. Կոտի 40. Ֆուկուոկա 41. Սագա 42. Նագասակի 43. Կումամոտո 44. Օիտա 45. Միյաձակի 46. Կոգոշիմա 47. Օկինավա

Հայերը Ճապոնիա են եկել 19-րդ դարի 2-րդ կեսից։ Այստեղ գործել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունները։ Վերջինս գործել է Անահիտ Աբգարյանի և նրա որդու ղեկավարությամբ։ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայ դատի մասին հոդվածներով պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում, օգնել հայ գաղթականներին։ Ներկայումս Ճապոնիայում բնակվում է 100 հայ՝ հիմնականում Տոկիոյում։ Գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7-8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։ Տոկիոյում գործում է նաև Հայաստանի դեսպանատունը[26]։

Մշակույթ

խմբագրել

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը[27]։

Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։ Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին[28]։

Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ և մինիմալիստական լուծումներով։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու երկնաքերներ, կամուրջներ, թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում[29][30]։

Չափազանց բարդ ու հետաքրքրական են ճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։

Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։ Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։

Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծված գլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված են ճապոնական խաչերիզները, թվային դաշտերով գլուխկոտրուկները։ Հայտնի է թղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։

Ճապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբ երգելու ձևը։

Հարյուրամյակներ առաջ ստեղծված մշակութային արժեքներից շատերն այսօր նույնպես ունեն լայն տարածում ունեն և կազմում են ժամանակակից Ճապոնիայի մշակույթի անբաժան մասը։ Դրանցից է նաև հատուկ ձևով կրթված և դաստիարակված կանանց կողմից մատուցվող ծառայությունները։

Կենցաղ
խմբագրել
 
Գերեզմանն կայսեր Nintoku

Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից։ Օրինակ՝ ճապոնական տներում կահույք գրեթե չկա, հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ, տուն մտնելիս կոշիկները հանում ու թողնում են դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով։ Ի տարբերություն եվրոպացիների՝ ճապոնացիները ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում։

Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիների համար հիմնական սնունդ է հանդիսանում իրենց ավանդական կերակուրը՝ անալի եփած բրինձը, որն ուտում են թասիկներից՝ ձողիկներով։ Հիմնական ուտելիքներից են նաև աղ դրած բանջարեղենն ու ձկնեղենը, ծովամթերքից պատրաստած տարբեր ուտեստները։ Ճապոնական խոհանոցից համաշխարհային ճանաչում է ստացել սուշին։ Ի դեպ՝ ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ճապոնական խոհանոցի հայտնի ավանդույթներից է թեյ խմելու արարողությունը։ Ճապոնական ոգելից խմիչքներից հայտնի է բրնձից թորած օղին՝ սակեն։

Արվեստ
խմբագրել

Համաշխարհային անուն հանած ռեժիսոր է Ակիրա Կուրոսավան։ Ճապոնական կինոյում առանձնանում են մեծ քանակով նկարահանված անիմացիոն ֆիլմերը։

Ճանաչված մարդիկ
խմբագրել

Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբո Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավան, կոմպոզիտոր Ջո Հիշիասին, ռոք խումբ SID, Nightmare, գեղանկարիչ-դիզայներ Եշիտակա Ամանոն, ճարտարապետ Կիշե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոշիքի Անդոն, ֆիզիկոսներ Կաշիբա Մաշատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակյոն, Մորի Մինորին և ուիշներ։ Ժամանակակից գրողներից հայտնի է Հարուկի Մուրակամին։

 
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն

Ճապոնիայում նշվում է 15 պետական տոն։ Դրանք նշելու օրերը ոչ աշխատանքային են և նրանց ցանկը սահմանվում է պետական տոների օրենքով։ Իրար հաջորդող չորս տոներին (Շյովայի օր, Սահմանադրության օր, Կանաչ միջավայրի օր և Երեխաների օր) ասում են ոսկի շաբաթ։ Ճապոնիայի կառավարությունը մտցրել է նաև երջանիկ երկուշաբթիների համակարգը, որի համապատասխան տոներից չորսը՝ Չափահասության օրը, Ծովի օրը, Ավագներին մեծարելու օրը և Ֆիզմշակույթի օրը ամրագրված ամսաթվերից տեղափոխվել են երկուշաբթի, ստեղծելով երեք անընդմեջ հանգստյան օր։ Ճապոնիայում տոնական իրադարձություն է համարվում նաև սակուրայի ծաղկելու օրը։ Նշվում են նաև փոխառնված տոներ, որոնք Ճապոնիայում ավանդույթ են դարձել համեմատաբար վերջերս, օրինակ՝ Սուրբ Վալենտինի օրը։

Ճապոնիայի պետական տոները

Ամսաթիվը Տոնի անունը
Հունվարի 1 Նոր տարվա առաջին օրը
Հունվարի երկրորդ երկուշաբթին Չափահաս դառնալու օրը
Փետրվարի 11 Պետությունը յուրացնելու օրը
Մարտի 21-ին մոտ[31] Գարնանային գիշերահավասարի օրը
Ապրիլի 29[32] Շյովայի օրը
Մայիսի 3[32] Սահմանադրության օրը
Մայիսի 4[33] Կանաչ միջավայրի օրը
Մայիսի 5[33] Երեխաների օրը
Հուլիսի երրորդ երկուշաբթին Ծովի օրը
Սեպտեմբերի երրորդ երկուշաբթին Ավագներին մեծարելու օրը
Սեպտեմբերի 23-ին մոտ[34] Աշնանային գիշերահավասարի օրը
Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին Ֆիզմշակույթի օրը
Նոյեմբերի 3 Մշակույթի օրը
Նոյեմբերի 23 Աշխատանքը գովաբանելու օրը
Դեկտեմբերի 23 Կայսեր ծննդյան օրը

Գրականություն Ճապոնիայի մասին

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մակերևութային և մակերևութային ջրերի փոփոխություն». OECD. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Բնակչության գնահատականների ամսական հաշվետվություն, հունվար 2022)». Ճապոնիայի վիճակագրական բյուրո. 2022 թ․ հունվարի 22.
  3. «2020 Բնակչության մարդահամարի նախնական աղյուսակավորում». Ճապոնիայի վիճակագրական բյուրո. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  4. 4,0 4,1 «Համաշխարհային տնտեսական հեռանկարների տվյալների բազա, ապրիլ, 2021». Արժույթի միջազգային հիմնադրամ. ապրիլ, 2021.
  5. «Where does the name Japan come from?». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. Piggott, Joan R. (1997). The emergence of Japanese kingship. Stanford University Press. էջեր 143–144. ISBN 0-8047-2832-1.
  7. «121 AD: Wakoku, The Land Of The Submissive Dwarf People?». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  8. «Why Japan is Japan? How Japan became Japan?». Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  9. «Wa: The Spirit of Harmony and Japanese Design Today | Concept, Works, and Catalogue». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  10. 10,0 10,1 Mancall, Peter C. (2006). «Of the Ilande of Giapan, 1565». Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press. էջեր 156–157.
  11. Batchelor, Robert K. (2014 թ․ հունվարի 6). London: The Selden Map and the Making of a Global City, 1549–1689. University of Chicago Press. էջեր 76, 79. ISBN 978-0226080796. In Richard Wille's 1577 book "The History of Travalye in the West and East Indies"
  12. Batchelor, Robert K. (2014 թ․ հունվարի 6). London: The Selden Map and the Making of a Global City, 1549–1689. University of Chicago Press. էջեր 76, 79. ISBN 978-0226080796. In Richard Wille's 1577 book "The History of Travalye in the West and East Indies"
  13. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
  14. Travis, John. «Jomon Genes». University of Pittsburgh. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  15. Matsumara, Hirofumi; Dodo, Yukio; Dodo, Yukio (2009). «Dental characteristics of Tohoku residents in Japan: implications for biological affinity with ancient Emishi». Anthropological Science. 117 (2): 95–105. doi:10.1537/ase.080325. ISSN 0918-7960.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Hammer, Michael F.; Karafet, TM; Park, H; Omoto, K; Harihara, S; Stoneking, M; Horai, S; և այլք: (2006). «Dual origins of the Japanese: common ground for hunter-gatherer and farmer Y chromosomes». Journal of Human Genetics. 51 (1): 47–58. doi:10.1007/s10038-005-0322-0. PMID 16328082.
  17. Denoon, Donald; Hudson, Mark (2001). Multicultural Japan: palaeolithic to postmodern. Cambridge University Press. էջեր 22–23. ISBN 0-521-00362-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. «Road of rice plant». National Science Museum of Japan. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  19. «Yayoi Culture». Metropolitan Museum of Art. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  20. Sansom, George (1961). A History of Japan: 1334–1615. Stanford University Press. էջեր 42, 217. ISBN 0-8047-0525-9.
  21. Pape, Robert A. (1993). «Why Japan Surrendered». International Security. 18 (2): 154–201. doi:10.2307/2539100. JSTOR 2539100.
  22. Fackler, Martin; Drew, Kevin (2011 թ․ մարտի 11). «Devastation as Tsunami Crashes Into Japan». The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. McCargo, Duncan (2000). Contemporary Japan. Macmillan. էջեր 8–11. ISBN 0-333-71000-2.
  24. Ավագյան Արամայիս, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարահագրություն, ՄԱՍ II Ասիա, Երևան 2008
  25. «World Factbook: Japan-People» (անգլերեն). ԿՀՎ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  26. http://www.encyclopedia.am Արխիվացված 2010-02-24 Wayback Machine Հայերը Ճապոնիայում
  27. «Սումո։ East and West». PBS. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 10-ին.
  28. «OECD Environmental Performance Review of Japan» (PDF) (անգլերեն). Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
  29. Fred Varcoe. «Japanese Golf Gets Friendly». Metropolis. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  30. Len Clarke. «Japanese Omnibus: Sports». Metropolis. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  31. Ճշգրիտ օրը հայտարարում է նախարարների աշխատակազմը նախորդ տարվա փետրվարի սկզբին
  32. 32,0 32,1 Ոսկի շաբաթի օրերից մեկն է
  33. 33,0 33,1 Ոսկի շաբաթի օրերից մեկն է
  34. Ճշգրիտ օրը հայտարարում է նախարարների աշխատակազմը նախորդ տարվա փետրվարի սկզբին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիա» հոդվածին։