Կլոդ Մոնե

ֆրանսիացի նկարիչ

Օսկար Կլոդ Մոնե (ֆր.՝ Oscar Claude Monet, նոյեմբերի 14, 1840(1840-11-14)[1][2][3][…], Փարիզ[4][5][6] - դեկտեմբերի 5, 1926(1926-12-05)[2][3][7][…], Ժիվերնի[8][9][6]), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա այս ուղղության ռահվիրան է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։

Կլոդ Մոնե
ֆր.՝ Claude Monet
Ի ծնեֆր.՝ Oscar-Claude Monet
Ծնվել էնոյեմբերի 14, 1840(1840-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][5][6]
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1926(1926-12-05)[2][3][7][…] (86 տարեկան)
Մահվան վայրԺիվերնի[8][9][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[10][11]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ[12]
Ժանրբնանկար[9], նատյուրմորտ[9] և դիմապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՏպավորություն, Արևածագ, Այգի Սենտ Անդրեսում, Խորհրդարանի շենքը, Լա Կոնիշ Մոնակոյի մոտ, Ջրաշուշաններ և Ռուանի տաճար
ՈւսուցիչՇարլ Գլեյր
ԱշակերտներEspérance Léon Broquet?, Պոլ-Էմիլ Պիսսարո, Robert Antoine Pinchon? և Louis Cario?
Ներշնչվել էԳյուստավ Կուրբե[13], Ժան Ֆրանսուա Միլլե[13], Էդուարդ Մանե[13], Ուիլյամ Թըրներ[13] և Կացուշիքա Հոքուսայ[14]
ԱմուսինԿամիլա Դոնսիե[15] և Ալիս Օշեդե
ԶավակներԺան Մոնե և Միշել Մոնե
ստորագրություն
Изображение автографа
Կլոդ Մոնե Վիքիքաղվածքում
 Claude Monet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օսկար Կլոդ Մոնեն ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում[16]։ Եղել է գավաթագործ Կլոդ Օգյուստ Մոնեի և Լուիզա Ժյուստինի երկրորդ երեխան։ Երբ Մոնեն դարձել է հինգ տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Նորմանդիա` Հավր։ Հայրն ուզում էր, որ որդին շարունակի ընտանեկան գործը և դառնա գավաթագործ։ Մոնեի երիտասարդությունը, ինչպես հետագայում ինքն է նշել, անցել է թափառականի կյանքով[17]։ Նա ավելի շատ ժամանակ է անցկացրել ջրում, ժայռերի վրա, քան դասարանում։ Դպրոցը նրան բանտ էր թվում։ Նա նկարում էր տետրերի երկնագույն կազմերի վրա` հաճախ ծաղրանկարային ոճով պատկերելով իր ուսուցիչներին։ 15 տարեկան հասակում Մոնեն ամբողջ Հավրին հայտնի էր որպես ծաղրանկարիչ[18]։ Նա այնքան էր ամրապնդել իր հեղինակությունը, որ բոլոր կողմերից խնդրում էին ծաղրանկարային դիմանկարներ։ Նման պատվերների առատությունը և ծնողների ոչ բավարար շռայլությունը նրան մղում են վճռական որոշում կայացնելու, որը ցնում է իր ընտանիքին. իր դիմանկարների համար Մոնեն վերցնում էր քսանական ֆրանկ` այդպիսով հավաքելով մոտ 2.000 ֆրանկ։

Այս ճանապարհով ճանաչում ձեռք բերելով` Մոնեն շուտով քաղաքում «կարևոր անձի» համբավ է ստանում։ Նկարչական իրերի միակ խանութի ցուցափեղկում 5-6 շարքով հանդիսավոր տեղ էին գտել նկարչի ծաղրանկարները, և երբ նկարիչը տեսնում էր, թե ինչպես են դրանց շուրջ հավաքվում պարապ մարդիկ, պատրաստ էր «հպարտությունից պայթել»։ Հաճախ այդ նույն ցուցափեղկում Մոնեն տեսնում էր ծովային բնապատկերներ, որոնք նա իր համաքաղաքացիների մեծամասնության պես համարում էր նվաստացուցիչ։ Բնապատկերների հեղինակը Էժեն Բուդենն էր, որին Մոնեն նույնիսկ չճանաչելով ատում էր։ Նա հրաժարվեց ծանոթանալ նկարչի հետ խանութպանի առաջարկով, սակայն մի անգամ, խանութ մտնելով, նա նկատում է, որ հետին մասում Բուդենն է։ Խանութպանը, օգտվելով առիթից, ծանոթացնում է նրանց` Մոնեին ներկայացնելով որպես երիտասարդ, որ ծաղրանկարի բնագավառում մեծ տաղանդ ունի։ Մոնեն հետագայում հիշել է.

  Բուդենն իսկույն մոտեցավ ինձ, իր փափուկ ձայնով գովեց ինձ և ասաց. «Ես միշտ մեծ հաճույքով եմ նայում Ձեր նկարներին. դրանք ծիծաղելի են, թեթև, խելացի։ Դուք տաղանդավոր եք. դա երևում է առաջին իսկ հայացքից, սակայն ես հույս ունեմ, որ Դուք չեք բավարարվի դրանով։ Այս ամենը լավ է սկզբի համար, սակայն ծաղրանկարը շուտով կհոգնեցնի Ձեզ։ Զբաղվե'ք, սովորե'ք տեսնել, նկարել, նկարե'ք բնապատկերներ։ Ծովն ու երկինքը, կենդանիները, մարդիկ և ծառերը գեղեցիկ են հենց այն վիճակով, ինչպիսին ստեղծել է դրանք բնությունը իր բոլոր որակներով` շրջապատված օդով ու լույսով[19]։»  

Սակայն, ինչպես Մոնեն է խոստովանել, Բուդենի հորդորները չեն ազդել իր վրա։ Վերջնական արդյունքում այս մարդը դուր է եկել Մոնեին։ Նա եղել է անկեղծ, հաստատակամ, սակայն Մոնեին դուր չէր գալիս նրա գեղանկարչությունը։ Եվ երբ Բուդենը նրան իր հետ հրավիրում էր բացօդյա աշխատանքի, Մոնեն միշտ քաղաքավարի մերժման առիթ էր գտնում։ Վրա է հասնում ամառը, և Մոնեն, հոգնելով դիմադրելուց, վերջապես համաձայնում է Բուդենի մոտ սովորելու։ «Իմ աչքերը վերջապես բացվեցին,— հիշում է Մոնեն,— ես իսկապես հասկացա բնությունը և նույն ժամին էլ սկսեցի սիրել այն»։

1858-1859 թվականներին Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։ Երբ Մոնեն հորը հայտնում է, որ որոշել է նկարիչ դառնալ և մեկնել Փարիզ` ուսանելու, հայրը վճռականորեն հակառակվում է, մանավանդ որ Մոնեի հորաքույրը` տիկին Լեկարդը, փոքր-ինչ զբաղվում էր նկարչությամբ և թույլատրել էր, որ զարմիկը Հավրի իր արվեստանոցում նկարչության դասեր տա։ Իմիջիայլոց, այս արվեստանոցում է Մոնեն տեսել Դոբինյիի փոքր նկարը և այնպես հիացել նրանով, որ հորաքույրն այն նվիրել է նկարչին։ Չնայած Մոնեի ծնողները տեսնում էին իրենց որդու տաղանդը, սակայն նրանք նյութական հնարավորություն չունեին իրենց որդուն օգնելու։

Մոնեի հայրը համաձայնում է որդու կարճատև ուղևորությանը Փարիզ, որպեսզի տղան հնարավորություն ունենա շփվելու այլ նկարիչների հետ, լինի Սալոնում, որը պետք է հունիսին փակվեր։ Մինչ ուղևորությունը Մոնեն Բուդենին այցելող արվեստասեր տարբեր մարդկանցից երաշխավորական նամակներ է ստանում` ուղղված շատ թե քիչ հայտնի նկարիչներին։

 
Անձրևանոցով կինը` ձախ շրջված

Մոնեն նկարիչներ Տրոյոնին ու Մոժինոյին հարցրել է, թե նրանք ինչ խորհուրդ կտային. որտե՞ղ սովորել։ Երկուսն էլ մատանշել են Տոմա Կուտուրին, սակայն Մոնեն որոշել է չհետևել նրանց խորհրդին, քանի որ նրան դուր չեն եկել Կուտուրի աշխատանքները։ Դրա փոխարեն նա այցելում է «Տառապյալների պանդոկ», որտեղ գտնում է այն, ինչ պակասում էր Հավրում. կենդանի միջավայր և թեժ բանավեճեր։

Երկու ամսվա մեջ Մոնեն որոշում է անորոշ ժամանակով մնալ Փարիզում։ Ծնողներև թերևս համաձայն կլինեին այս մտքին, եթե նա որոշեր ընդունվել գեղարվեստի դպրոց։ Հայրը դադարում է գումար ուղարկել որդուն, և Մոնեն ստիպված է լինում ապրել խնայողությունների հաշվին, որ նրան ուղարկում էր հորաքույրը։

1860 թվականին Մոնեն զորակոչվում է բանակ և հայտնվում Ալժիրում։ Սակայն այնտեղ նա հիվանդանում է որովայնային տիֆով։ Հորաքրոջ դրամական միջամտության շնորհիվ նա զորացրվում է և 1861 թվականին[20]։ Հավր վերադառնալուց հետո նկարիչը ծանոթանում է նկարիչ Յան Բարթոլդ Յոնգկինդի հետ։

Մոնեն ընդունվել է համալսարանի արվեստի բաժանմունք, սակայն շուտով հիասթափվել է նկարչության հանդեպ այնտեղ իշխող մոտեցումներից։ Լքելով ուսումնական հաստատությունը` նա ընդունվել է Շառլ Գլեյրի գեղանկարչական ստուդիան, որտեղ ծանոթացել է նկարիչներ Օգյուստ Ռենուարի, Ալֆրեդ Սիսլեյի և Ֆրեդերիկ Բազիլի հետ։ Նրանք գրեթե հասակակիցներ էին, արվեստի նկատմամբ ունեին նմանատիպ հայացքներ։ Հենց նրանք էլ շուտով կազմում են իմպրեսիոնիստ նկարիչների խմբակի հիմքը։

Մոնեին ճանաչում է բերել Կամիլա Դոնսիեի դիմանակարը («Կամիլա կամ կանաչ զգեստով կնոջ դիմանկար», 1866)։ Կամիլան 1870 թվականի հունիսի 28-ին դարձել է նկարչի կինը։ Նրանք ունեցել են երկու զավակ` Ժան (1867) և Միշել (1878)։

 
Կլոդ Մոնե, «Կամիլան ճապոնական կիմոնոյով»

Ֆրանս-պրուսական պատերազմի սկսվելուց հետո Մոնեն մեկնել է Անգլիա, որտեղ ծանոթացել է Ջոն Կոնստեբլի և Ուիլյամ Թըրների աշխատանքներին։ 1871 թվականի գարնանը Մոնենին մերժել են Թագավորական ակադեմիայի կազմակերպած ցուցահանդեսին մասնակցել։ 1871 թվականի մայիսին նա լքել է Լոնդոնը, որպեսզի տեղափոխվի Նիդերլանդների Զանդամ քաղաք։ Այստեղ նա ստեղծել է 25 նկար (այստեղ է նաև ոստիկանությունը նրան կասկածել հեղափոխությանը մասնակցության համար)։ Առաջին անգամ նկարիչը մեկնել է հարևան Ամստերդամ։ Ֆրանսիա վերադառնալուց հետո 1872 թվականի վերջերին Մոնեն նկարել է իր հանրահայտ «Տպավորություն. Ծագող արև» («Impression, soleil levant») նկարը։ Հենց այս նկարից էլ առաջացել է իմպրեսիոնիստների խմբակի և ընդհանրապես գեղարվեստական ուղղության անվանումը։ Նկարը ցուցադրվել է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսում (1874)։ Նշանավոր քննադատ Լուի Լերուան այսպես է նկարագրել այդ ցուցադրությունը. «Դրանում ոչինչ չկար` բացի տպավորությունից»։

1871 թվականի դեկտեմբերից 1878 թվականը Մոնեն ապրել է Փարիզի մերձակայքում գտնվող Արժանտյոյում` Սենա գետի աջ ափին։ Բնակավայրը փարիզցիների կիրակնօրյա սիրելի զբոսավայրն է եղել։ Այստեղ նկարիչը ստեղծել է հայտնի մի շարք գործեր։ 1874 թվականին կարճ ժամանակով վերադարձել է Նիդերլանդներ։

1880-1881 թվականներին Մոնեին դիմել է Դյուրան Ռյուելը` առաջարկելով մշտապես զբաղվել նրա ստեղծագործությունների առքուվաճառքով, ինչից հետո Մոնեի գործերը հաջող են ընթացել։

1883 թվականին Մոնեն տուն է գնել Ժիվերնիում։ 1892 թվականին Մոնեն ամուսնացել է երկրորդ անգամ Ալիսա Օշեդեի հետ (ֆր.՝ Hoschedé, 1844-1911), որն այդ ժամանակ 48 տարեկան էր։ Դեռևս մինչ այդ Ալիսան օգնում էր նկարչին տնային տնտեսական և առաջին ամուսնությունից մնացած երեխաների դաստիարակության գործերում։ 1893 թվականին Մոնեն Ալիսայի հետ տեղափոխվել է Ժիվերնի` Փարիզից 80 կմ հյուսիս-արևմուտք։ Նրանք ամուսնության մեջ ապրել են 18 տարի։

Մահ խմբագրել

1912 թվականին բժիշկները Կլոդ Մոնեի մոտ ախտորոշել են կրկնակի կատարակտ, որի պատճառով երկու վիրահատություն է տարել։ Սակայն նկարիչը չի թողել ստեղծագործելը։ Զրկվելով ձախ աչքի ոսպնյակից` Մոնեն կրկին ձեռք է բերել տեսողություն, սակայն ուլտրամանուշակագույնը սկսել է տեսնել իբրև երկնագույն կամ շուշանագույն, ինչի հետևանքով էլ նկարները նոր երանգներ են ձեռք բերել։ Այսպես, նկարելով հայտնի «Ջրաշուշանները»` Մոնեն դրանք պատկերել է երկնագույն` ի տարբերություն սովորական մարդկանց, որոնք դրանք ուղղակի սպիտակ են տեսնում։

Կլոդ Մոնեն մահացել է թոքի քաղցկեղից 1926 թվականի դեկտեմբերի 5-ին Ժիվերնիում, 86 տարեկան հասակում և թաղվել տեղի եկեղեցական գերեզմանոցում։ Վերջին նկարը նա նկարել է 84 տարեկանում։ Նկարիչը մահվանից առաջ պնդել է, որ իր հոգեհանգիստը հասարակ լինի. դրա պատճառով էլ նրան հրաժեշտ տալու է եկել մոտ 50 մարդ։

Ստեղծագործություն խմբագրել

Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։

1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։

Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ։ Նկարների սյուժենրը պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում», «Բել-Իլի ժայռերը» և այլն)։

Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Նա ստեղծում է Վենետիկը, Թեմզան, Ռուանի տաճարը պատկերող նկարներ։ Այս գործերում պարզ երևում է, որ ակնթարթային տպավորությունների պատկերումով տարված Մոնեի նկարները կորցնում են իրենց ամբողջական, ավարտուն տեսքը՝ նմանվելով պատահական թռուցիկ էտյուդների։ Էսքիզային, հաճախ նաև դեկորատիվ, պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները։

Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց, այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00124536
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Tucker P. H. Claude Monet: Life and ArtYale University Press. — P. 5. — ISBN 978-0-300-06298-4
  5. 5,0 5,1 5,2 http://vocab.getty.edu/page/ulan/500019484
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
  7. 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  8. 8,0 8,1 8,2 http://www.bbc.co.uk/history/historic_figures/monet_claude.shtml
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Seitz W. C. Encyclopædia Britannica
  10. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  11. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  12. Union List of Artist Names
  13. 13,0 13,1 13,2 13,3 https://www.theartstory.org/artist/monet-claude/
  14. https://www.theartstory.org/artist/hokusai-katsushika/
  15. Claude Monet (1840-1926) // BBC Online — 1997.
  16. Claude MONET biography
  17. Thiebault Sisson. Claude Monet, интервью, опубликованное в 27 novembre 1900.
  18. H. Edwards. The caricaturies of Claude Monet. // Bulletin of the Art Institute of Chicago, September — October 1943.
  19. Ревалд, Дж. История импрессионизма. / Пер. П. В. Мелковой — : Искусство, 1959. — 455 с. — С. 47.
  20. И.Л.Комарова и Н.Л.Железнова "Художники". — Библиографический словарь "Художники". — Ульяновск.: Издательство "Рипор классик", 2000. — С. 396. — 639 с. — 5000 экз.

Գրականություն խմբագրել

  • Богемская К. Г. К. Моне. — М., 1984.
  • Георгиевская Е. Б. К. Моне // Альбом — 2-е изд. — М., 1974.
  • Кулаков В. А. Клод Моне [Альбом]. — М., 1989.
  • Ревалд, Дж. История импрессионизма. / Пер. П. В. Мелковой — М.; Л.: Искусство, 1959. — 455 с.
  • Рейтерсверд О. Клод Моне, [пер. со швед.] — М., 1965.
  • Тайландье И. Клод Моне [Альбом]. — М., 1995.
  • Сапего И. К. Моне // Альбом. — Л., 1969.
  • Соч.: Письма, пер. с франц. // предисл. и прим. Н. В. Яворской, в кн.: Мастера искусства об искусстве, т. 5, кн. 1. — М., 1969.
  • Christoph, Heinrich. Claude Monet. — Koeln: Tashen GmbH, 2007. — 96 p. — ISBN 978-3-8228-6368-8(անգլ.)
  • Fels M. de La vie de Claude Monet. Paris, 1929.
  • Forge A. Monet. Chicago, 1995.(անգլ.)
  • Geffroy G. Claude Monet, sa vie, son oeuvre. Paris, 1924, v. I, ch. IV.
  • Hoschedé J.P. Claude Monet, се mal connu, v. 1—2, Gen., 1960.(ֆր.)
  • Wildenstein D. Claude Monet.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Մոնե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Մոնե» հոդվածին։