Կամիլ Պիսսարո
Կամիլ Ժակոբ Պիսսարո (ֆր.՝ Jacob Camille Pissarro) (հուլիսի 10, 1830[1][2][3][…], Շարլոտե Ամալիե, Սենտ Թոմաս, Danish West Indies[1][4] - նոյեմբերի 13, 1903[1][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա[1][4]), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
խմբագրելԿամիլ Պիսսարոն ծնվել է 1830 թվականի, հուլիսի 10-ին Սենտ Թոմաս կղզում։ ազգությամբ հրեա-սաֆարդ Աբրահամ Պիսսարոյի և Ռաշել Մանսանո-Պոմիեի բուրժուական ընտանիքում։ Մինչև 12 տարեկանը Կամիլ Պիսսարոն ապրել է Վեստ Ինդիայում։ 25 տարեկանում Պիսսարոն ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Փարիզ։ Նա դպրոցն ավատրելուց հետո վերադառնում է Սենտ Թոմաս և Վենեսուելա, որտեղ Կարակասում իր ընկերոջ՝ Մելբուի հետ յուրացնում է գեղանկարչական արվեստի նրբությունները։
1855 թվականին Պիսսարոն վերջնականապես վերադառնում է Փարիզ։ 1855-1861 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում և Սուիսի ակադեմիայում։ Այդ տարիներին նրա ուսուցիչներն են եղել Կամիլ Կորոն, Գյուստավ Կուրբեն և Շառլ-Ֆրանսուա Դոբանին։ Պիսսարոն մասնավոր դասեր է վերցրել Իսադոր Դանիանի մոտ, կրել է Ջոն Կոնստեբլի, Կամիլ Կորոյի, Ժան Ֆրանսուա Միլլեի ազդեցությունը։ Այս ժամանակաշրջանում նրա աշխատանքներում գերակշռում են գյուղական թեմատիկան և փարիզյան տեսարանները։ 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Պիսսարոն տեղափոխվում է Լոնդոն։ Այդ ընթացքում Պիսսարոյի նկարները ոչնչացվում են փարիզյան իր տանը բնակվող գերմանացի զինվորների կողմից։ Այդ հավաքածուից պահպանվել է միան 40 նկար։
Լինելով անարխիստական գաղափարների կողմնակից՝ Պիսսարոն պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի և Բելգիայի անարխիստական հրատարակչատներին։ Սակայն նրա քաղաքական անարխիստական հայացքները չեն արտահայտվում նրա արվեստում, անարխիզմը մեծ ազդեցություն չի թողել նաև նրա գործունեության վրա։ Պիսսարոն իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ժամանակ առ ժամանակ աջակցել է հորը կոմերցիոն գործարքներում։
Իր իսկ կողմից մշակած յուրահատուկ ոճով և մոտեցումներով Պիսսարոն մեծ ազդեցություն է ունեցել իմպրեսիոնիստական գեղանկարչության վրա։ Պիսսարոյի մտերիմ ընկերներն են եղել Դեգան, Սեզանն ու Գոգենը։ Նա միակ իմպրեսիոնիստն է, որ մասնակցել է իմպրեսիոնիստների 8 ցուցահանդեսներին։
Դեռ ակադեմիայում սովորելու տարիներին սկսվում է նկարչի սիրավեպը իր ծնողների սպասուհու՝ Ժյուլի Վալլեյի հետ։ Սակայն երիտասարդները դարձան օրինական ամուսիններ միայն 10 տարի անց։ Պիսսարոյի և Ժուլիի 8 զավակներից Ժորժն ու Լուսիենը դարձան հայտնի գեղանկարիչներ։
Արվեստ
խմբագրելՆկարչության մեջ Պիսսարոն իր առաջին քայլերը կատարել է որպես Կամիլ Կորոյի աշակերտ։ Նկարիչն իր վաղ շրջանի նկարներում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում օդում լուսավորված իրերի պատկերմանը։ Լույսն ու օդը հետագայում դարձան առաջնային թեմա նկարչի արվեստում։
Կորոյի ազդեցությունը Պիսսարոյի արվեստում ժամանակի ընթացքում նվազում է և նկարչի մոտ ձևավորվում է իր անհատական ոճն ու մոտեցումները։ Սկսած 1866 թվականին Պիսսարոյի ներկապնակը դառնում է ավելի եթերային։ Այս շրջանում նկարչի նկարներում գերակշռում է արևային լույսով լուսավորված տարածական թեմատիկան, և այլևս չեն արտահայտվում Պիսսարոյին բնորոշ գունային նեյտրալ երանգները։
Պիսսարոն 1890 թվականին ծանոթանում է Ժորժ-Պիեռ Սեռայի և սկսում է նկարել պուանտիլիզմի տեխնիկայով, սակայն այս աշխատանքները վաճառքում հաջողություն չունեցան և Պիսսարոն վերադարձավ իր առաջվա ոճին։
Չնայած կյանքի վերջին տարիներին տեսողության հետ ունեցած խնդիրներին, Պիսսարոն շարունակում էր աշխատել ստեղծելով փարիզյան տեսարանների շարքը՝ համակված հիասքանչ գեղարվեստական էմոցիաներով։ Շարքի յուրահատկությունն այն է, որ նկարները նկարված են ոչ թե Փարիզի փողոցներում, այլ հյուրանոցային համարների պատուհաններից բացվող տեսարաններն են։ Շարքը դարձավ իմպրեսիոնիզմի գլուխգործոցներից մեկը հատկապես լույսի, մթնոլորտային էֆֆեկտների փոխանցման և իր հանրահայտ այլ սիմվոլներով։
Իր ստեղծագործություններում Պիսսարոն բացահայտել է բնության, մարդու, երևույթների ներքին հմայքն ու բանաստեղծականությունը։ Ի տարբերություն իմպրեսիոնիստների մեծամասնության ձգտել է առավել ավարտուն և պարզ կոմպոզիցիաների։ 1880-ական թվականների երկրորդ կեսին կրել է նեոիմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Ստեղծել է նաև գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ, վիմագրություններ, օֆորտներ։ Մեծ դեր է կատարել իմպրեսիոնիստների միավորում ստեղծելու գործում։
Կամիլ Պիսսարոն մահացել է 1903 թվականի նոյեմբերի 13-ին՝ Փարիզում, 73 տարեկան հասակում։
Պատկերասրահ
խմբագրել-
Մրգերի այգի Պանտուազում, 1877,
Մասնավոր հավաքածու -
Բերք, Պանտուազ, 1880,
Մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Camille Jacob Pissarro (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Adler K. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Fahy E., Rosenberg P. Jacob Camille Pissarro // The Wrightsman Pictures — Metropolitan Museum of Art, 2005. — P. 426. — ISBN 978-1-58839-144-5
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Union List of Artist Names
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=1297&wsektion=uddannelse
- ↑ 10,0 10,1 10,2 Union List of Artist Names — 2021.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 304)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Պիսսարո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Պիսսարո» հոդվածին։ |