Վարդանանց պատերազմ

450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև տեղի ունեցած պատերազմ
(Վերահղված է Վարդանանքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)


Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Վարդանանց պատերազմ
Հայ-պարսկական պատերազմներ

«Ավարայրի ճակատամարտ» կտավը, 1948, հեղինակ` Էդուարդ Իսաբեկյան, գտնվում է Արարատյան Հայրապետական թեմում
Թվական 450-451
Վայր Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Պատճառ Կրոնափոխության միջոցով Հայաստանը, Վիրքը և Աղվանքը Պարսկաստանին ձուլելու քաղաքականություն
Արդյունք Կրոնափոխության պարտադրանքի քաղաքականության ձախողում
Տարածքային
փոփոխություններ
չկան
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան հայեր
վրացիներ
աղվաններ
Սասանյան Պարսկաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական Հայաստան Վարդան Մամիկոնյան Սասանյան Պարսկաստան Մուշկան Նիսալավուրտ
Կողմերի ուժեր
Մարզպանական Հայաստան 66 000 մարտիկ[2] 80-90 000 մարտիկ[1]
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար[1]։ Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային[3]։

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ[1]։ Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]։ Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք[5]։

Նախընթաց դեպքեր

խմբագրել
 
Վարդան Մամիկոնյանի արձանը Գյումրիում (հեղինակ՝ Արտուշ Պապոյան)

428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար[6]։

447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության[1]։

Կուսակցություններ

խմբագրել

Վարդանանց պատերազմի նախօրյակին Հայաստանում ձևավորված էին երկու կուսակցություններ՝ վասակյանք և վարդանանք, որոնց առաջացումն ուներ լուրջ նախապատմական պատճառներ[փա՞ստ]:

Վասակյանք

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Վանի թագավորության շրջանում Սյունիքը հանդես է գալիս մի առանձին ցեղային միության ձևով, որը հայտնի էր «Սիունիա» անունով։ Հետագայում Սյունիքը մտավ Հայաստանի կազմի մեջ, որն իր զբաղեցրած դիրքով մեծ կարևորություն ուներ Հայքի պատմության մեջ, քանի որ նա ավելի մոտիկ էր Այրարատ նահանգին՝ Հայոց միջնաշխարհին։ Սյունիքը մոտ էր նաև Պարսկաստանին և այդպիսով հանդիսանում էր մի կապող օղակ այս երկու պետությունների և մշակույթների միջև։

4-րդ դարում Սյունյաց տոհմը սկսում է լուրջ պայքար մղել քաղաքական և կրոնական ոլորտներում։ Կրոնական ոլորտում Սյունիներն արագորեն կարողանում են ներքին ինքնավարություն ստանալ, երբ առաջնություն է ստանում Սյունյաց եպիսկոպոսությունը, իսկ առաջին՝ քաղաքական ոլորտում թելադրող դառնալու համար երկար պայքար էր պետք ծավալել[7]։

Սյունիների տոհմից առաջին կարկառուն ներկայացուցիչը, որը փորձեց ամրանալ քաղաքական ոլորտում և ազդեցիկ դիրք գրավել, Անդովկ Սյունի (Անդոկ) իշխանն էր, որն իր Փառանձեմ աղջկա միջոցով խնամիացել էր հայ Արշակունիների հետ, սակայն չէր կարողացել ազդեցիկ դիրք ձեռք բերել հայոց արքունիքում, և Արշակ Բ-ից հետո երկրորդ ազդեցիկ պաշտոնյան հայոց արքունիքում Վասակ Մամիկոնյանն էր մնացել։ Անդոկը, հասկանալով, որ Արշակ Բ-ի միջոցով չի կարողանում ազդեցիկ դիրք գրավել արքունիքում, շատ ժամանակ էր անցկացնում պարսից արքունիքում, ապրում էր Շապուհի պալատում և այսպես փորձում էր նրա միջոցով ազդեցիկ դիրք ձեռք բերել։

Սյունիքի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը պատմում է մի դեպք Անդոկի մասնակցությամբ։ Երբ Շապուհն իր ավագանուն մեծ ճաշ էր տալիս, հրավիրում է նաև Անդոկին, սակայն նրան նստեցնել է տալիս մի ստորադաս տեղ։ Անդոկն այնքան է վիրավորվում, որ ամբողջ ճաշի ընթացքում ոչ մի պատառ չի դնում իր բերանը։ Այս ամենը նկատում են Շապուհի սպասավորները և զեկուցում նրան, սակայն արքան ուշադրություն չի դարձնում։ Անդոկը լցվում է թշնամանքով և երբ Շապուհը խազարների հետ պատերազմով էր զբաղված և անպաշտպան էր թողել Տիզբոնը, Անդոկն իր 1700 սյունեցիների հետ միասին հարձակվում է Տիզբոնի վրա և ավերում ու թալանում արքայական գանձերը, ապա հեռանում իր հայրենի Սյունիք։ Այստեղ նա բնակչությանը հրամայում է պատսպարվել լեռներում, իսկ ինքն ամրանում է անառիկ Բաղաբերդում։ Երբ Շապուհը վերադառնում է պատերազմից, հավաքում է իր զորքը և հարձակվում Սյունիքի վրա, պաշարում Բաղաբերդը, սակայն երեք անգամ անընդմեջ պաշարումներից հետո չի կարողանում գրավել ամրոցը։ Անդոկը հարմար առիթով դուրս է գալիս ամրոցից և թիկունքից հարվածում հակառակորդին, ապա, վերցնելով Տիզբոնից թալանած գանձերը, փախչում է Բյուզանդիա, Թեոդորոս կայսեր մոտ[8]։

 
Բաղաբերդ ամրոց, Հայաստան

Նրա որդին՝ Բաբիկը, ցանկանում էր վերականգնել իր օրինական իշխանությունը Սյունիքի վրա։ Այդ պատճառով նա գալիս է պարսից արքունիք, սակայն չի ներկայանում այնտեղ որպես Անդոկի որդի։ Նա սպասում է մի առիթի, որով կկարողանար մեծ ծառայություն մատուցել պարսից արքային և ստանալ նրանից իր հայրական կալվածքները։ Այդպիսի առիթ է հանդիսանում հոների արշավանքը, որի ժամանակ Բաբիկը մենամարտում է հոների առաջնորդի դեմ և նրան սպանելով՝ մեծ վտանգից փրկում Պարսկաստանը։ Այս նվիրվածության համար Շապուհը թույլ է տալիս վերադառնալ և տեր դառնալ Սյունիքի իր հայրական կալվածքներին։ Բաբիկը կառավարում է 21 տարի՝ մինչև իր մահը[9]։

Վասակ Սյունու քաղաքական գործունեություն

խմբագրել

Բաբիկի որդին էր Վասակը, որը ծնվել էր 387 թվականին և 10-11 տարեկան հասակում պատանդ էր մնացել պարսից արքունիքում, քանի որ Բաբիկի հանդեպ պարսից արքունիքը լիակատար վստահություն չուներ։ Երբ Բաբիկը մահանում է, պարսից Վռամ արքան Սամ Գնթունուց իմանում է այդ լուրը և որոշում Վասակ Սյունուն ուղարկել իր հայրական կալվածքները ժառանգելու։ Երբ Սամ Գնթունին հայտնում է դրա մասին Վասակին, նա պատասխանում է, որ Սյունիքի իշխանությունն իր հայրական ժառանգությունն է և Վռամը չպետք է լինի այն նրան շնորհողը։ Սամ Գնթունին հայտնում է այս խոսքերի մասին Վռամին, որը որոշում է Սյունիքը հանձնել Սամ Գնթունուն, սակայն նա, մեկ տարի անց թունավորվելով, մահանում է, բայց այս անգամ էլ Սյունիքի իշխան է նշանակվում Վասակի հորեղբայր Վաղինակը։

Այս տարիներին Վասակը պարսից արքունիքում դաստիարակվում է որպես քաղաքական գործիչ։ Ինը տարի անց նա իր հորեղբոր՝ Վաղինակի դեմ դավեր է նյութում և նրան սպանել տալով՝ վերջապես ստանում Սյունիքի իշխանությունը։ Վաղինակը երկու որդի ուներ՝ Բաբկենը և Բակուրը, որոնք վրեժով են լցվում իրենց հոր սպանության պատճառով և դառնում են Վասակի թշնամիներն ու Վարդանի կողմնակիցները։

Մովսես Խորենացին Վասակին անվանել է «Մանուկն Վասակի Սիւնեաց տէր», քանի որ Վասակը շատ երիտասարդ հասակում էր ստացել Սյունիքի կառավարումը։ Նա նաև հիշատակվում է Կորյունի կողմից որպես Մաշտոցի եռանդուն օգնական և աջակից, որը օգնում էր նրան դպրոցներ բացել Սյունիքում և տարածել ազգային լուսավորություն։

Որոշ ժամանակ անց Վասակը նշանակվում է վրաց մարզպան։ Հետագայում, քանի որ Հազկերտը գոհ էր նրա մարզպանությունից, նրան է հանձնվում արդեն հայոց մարզպանի պաշտոնը։ Այստեղ Վասակ Սյունին հեռուն գնացող նպատակներ ուներ։ Քանի որ հայոց թագավորությունը նոր էր կործանվել, շատերն աչք ունեին հայոց թագի վրա և ցանկանում էին վերականգնել հայոց անկախությունը, ապա դառնալ թագավոր։ Ըստ Թովմա Արծրունու՝ այդ ցանկությունը խորթ չէր հայոց հազարապետ Վահան Ամատունուն և նաև Վարդան Մամիկոնյանին։ Այս ամենի պատճառով Վասակ Սյունին դավեր է նյութում Վահան Ամատունու դեմ և նրան զրկում հազարապետի պաշտոնից, որի փոխարեն նշանակվում է մի պարսիկ պաշտոնյա։ Այս ամենի պատճառով այս երկու հզոր քաղաքական ուժերը միմյանց հանդեպ թշնամանում են[10]։

Վասակ Սյունին սկսում է ավելի մտերմանալ պարսից արքունիքի հետ։ Նա մտերմանում է Միհրներսեհի հետ, որը պարսից հազարապետն էր։ Միհրներսեհը հմուտ քաղաքական գործիչ էր, որը չէր կարող բաց թողնել Վասակ Սյունուն՝ որպես Հայաստանում պարսկական քաղաքականության գործիք[11]։

Վասակի կողմնակիցներ

խմբագրել

Վասակ Սյունու կողմնակիցներն ունեին լուրջ քաղաքական պատճառներ պարսկամետ քաղաքականություն վարելու համար։ Օրինակ՝ Բագրատունյաց նախարարական տոհմը թշնամացել էր Մամիկոնյան տոհմի հետ։ Խոսրով թագավորի ժամանակ սպարապետ էր դարձել Սահակ Բագրատունին, բայց երբ նա մահանում է, այս պաշտոնը չի անցնում նրա ժառանգներին, այլ Սահակ Պարթևի միջնորդությամբ վերադարձվում է Մամիկոնյան տոհմին։ Այս դեպքերը հարուցում են թշնամանք Բագրատունյաց և Մամիկոնյաց տոհմի միջև, որի հետևանքով Բագրատունիները հարում են Վասակ Սյունուն[12]։

Ըստ Եղիշեի[13] Վասակյանք էին՝

Վարդանանք

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Հայաստանում քրիստոնեության ընդունումից Լուսավորչի տոհմը մեծ հզորացում ապրեց և դարձավ հսկայական կալվածքների տեր։ Սահակ Պարթևը, որը Լուսավորչի տոհմի արական ճյուղի վերջին ներկայացուցիչն էր, իր աղջկան՝ Սահականույշին, ամուսնացնում է Համազասպ Մամիկոնյանի հետ։ Նրանց ավագ որդին Վարդան Մամիկոնյանն էր։ Մամիկոնյանների տոհմի հզորացումը մեծապես կապված էր Լուսավորչի տոհմի կալվածքների ժառանգման հետ։ Վարդան Մամիկոնյանի կուսակցության գլխավոր ուժը հոգևորականությունն էր[14]։

Վարդան Մամիկոնյանի գործունեություն

խմբագրել
Քրիստոնէութիւնը ոչ թէ հագուստ էր հայոց համար, այլ մաշկի գոյն։

- Եղիշե[15]

Վարդան Մամիկոնյանը ծնվել է 388 թվականին և սովորել Վաղարշապատի նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար)։ 422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որպեսզի Սասանյան Վռամ V Գոռ արքայի կողմից ստանա հայոց սպարապետի կոչում, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ[16]։

Վարդան Մամիկոնյանը որպես նշանավոր զորավար հայտնի էր ոչ միայն հայկական, այլ նաև պարսկական արքունիքում։ Նա պարսիկների կողմից մարտեր է մղել քուշանների դեմ պատերազմում[16]։

Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներ

խմբագրել

Ըստ Եղիշեի[17] «իրենց տեղում ի բնե հաստատ են» և մասնակցել են ճակատամարտին՝

Որոշ տոհմեր, օրինակ՝ Խորխոռունիները, կիսվեցին՝ մի մասը սկսեց հարել Վարդանին, իսկ մյուսը՝ Վասակին։

Հազկերտի հրովարտակ

խմբագրել

Միհրներսեհը վարում էր հայերին, վրացիներին և աղվաններին իրենց ազգին ձուլելու քաղաքականություն։ Նա այս հարցով դիմում է Հազկերտին, որը տալիս է իր համաձայնությունը՝ հրովարտակով հայերին, աղվաններին և վրացիներին կոչ անել ընդունել զրադաշտականություն։ Հազկերտն իր մոգերին հրամայում է զրադաշտական կրոնի նկարագրության նամակ գրել, որն իր հրովարտակի հետ նա ուղարկում է Հայաստան, Վիրք և Աղվանք։

Առանձին հրովարտակում, որը գրվել էր Հազկերտի անունից, հայտարարվում է, որ «արյաց արքան գոհ է իր հպատակներից և ընդունում է, որ նրանք շատ են օգուտներ տվել, բայց ցանկանում է իր հպատակներին տեսնել պարսիկներին կրոնակից»՝ պարզաբանելով, որ «նա շատ է սիրում իր հպատակներին և չի կարող անուշադրության մատնել նրանց հոգիների փրկությունը»[18]։

449 թվականին հայոց, վրաց և աղվանից մեծամեծ իշխաններին և հոգևորականությանն է ուղարկվում հետևյալ հրովարտակը.

Հազկերտի հրովարտակը՝ ուղարկված Միհրներսեհ հազարապետի անունից
 
 
«Միհրներսեհ Վզուրկ» հրամատար Երան և Աներան, Հայոց Մեծաց շատ ողջույն».

«Իմացած եղեք, որ ամեն մարդ, ով բնակվում է երկնքի տակ և չունի դենիմազդեզն կրոնը, նա խուլ է և կույր և Հարամանիի դևերից խաբված։

...

«Եթե Հոռոմների աշխարհը մեծ հիմարության պատճառով տգիտաբար մոլորվել է և զրկվել մեր կատարյալ հավատից, իրենց անձերին են պատճառում իրենց վնասը. էլ դուք ինչո՞ւ եք նրանց մոլորության հետևից գնալով խելացնորվում։ Այլ՝ ինչ կրոն որ ձեր տերն ունի, դուք էլ նույնն ունեցեք, մանավանդ որ աստծու առաջ էլ ձեզ համար հաշիվ պետք է տանք։ «Մի հավատաք ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում, որովհետև սաստիկ խաբեբաներ են, ինչ որ խոսքերով ուսուցանում են, գործով հանձն չեն առնում։ Ասում են՝ «Միս ուտելը մեղք չէ», և իրենք չեն ուզում ուտել. «Կին առնել պետք է», բայց իրենք նրա վրա նայել էլ չեն ուզում. «Հարստություն ժողովելը, ասում են, շատ մեղք է», բայց աղքատությունը չափից ավելի են գովում։ Հարգում են թշվառությունը և պարսավում հաջողությունը. ծաղրում են բախտի անունը և խիստ պախարակում են փառավորությունը. սիրում են անշուք հագուստը և անարգ բաներն ավելի են հարգում, քան պատվականները. մահը գովաբանում են և կյանքը պարսավում, մարդու ծնունդն անարգում են և գովում են անզավակությունը։ Եվ եթե մարդ դրանց լսի և կանանց կմերձենա, շուտով կհասնի աշխարհի վերջը։

«Սակայն ես չկամեցա ամեն բան մանրամասն գրել ձեզ, որովհետև ուրիշ շատ բաներ էլ կան, որ խոսում են դրանք։ Այս բոլոր գրածներիցս ավելի վատթարագույնն այն է, որ քարոզում են, թե աստված մարդկանց ձեռքով խաչ բարձրացվեց, նույնը մեռավ և թաղվեց, և ապա հարություն առավ ու երկինք վերացավ։ Չէ՞ որ դուք ինքներդ պետք է դատաստան անեիք այդպիսի անարժան ուսմունքների համար։ Դևերը, որ չար են, չեն բռնվում ու տանջվում մարդկանց կողմից, ո՛ւր մնաց աստված, բոլոր արարածների արարիչը. այսպիսի բաներ ասելը ձեզ համար ամոթ է, իսկ մեզ համար՝ խիստ անհավատալի։

«Արդ, երկու բան կա ձեր առաջ. կա՛մ կետ առ կետ պատասխան տվեք այս նամակին և կա՛մ վեր կացեք Դուռն եկեք և ներկայացեք Մեծ ատյանին»:
 

Հայ նախարարությունը, հոգևորականությունը որոշում են հավաքվել հայոց մայրաքաղաք Արտաշատում՝ որոշելու հետագա անելիքները[19]։

Արտաշատի ժողով

խմբագրել
 
Արտաշատի ժողով (նկարիչ՝ Էդուարդ Իսաբեկյան)

Հայոց իշխանների համար պարզ էր, որ կրոնափոխությունը միայն առիթ էր․ գլխավոր պատճառը հայերին իրենց ուրույն դիմագծից զրկելն էր։

Հայոց կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորցին ժողով է հրավիրում, որին մասնակցում են հայոց նշանավոր իշխանները։ Ժողովին չէին մասնակցում Բագրատունյաց իշխանները՝ այդպիսով ցույց տալով իրենց գժտությունը Մամիկոնյանների հետ։ Ժողովին մասնակցում էին նաև 18 եպիսկոպոսներ Հայքի տարբեր նահանգներից։

Ժողովը, քննելով Հազկերտի առաջարկը, որոշում է.

  1. հայտարարել, որ հայերը ոչ մի անջատողական նպատակ չունեն և շարունակելու են հավատարիմ մնալ Սասանյան Պարսկաստանին՝ առանց որևէ թերացման կատարելով իրենց հպատակական պարտականությունները։
  2. կրոնական հարցի վերաբերյալ հայտարարել, որ դա ամենևին կապ չունի քաղաքականության հետ և մարդիկ ամբողջովին ազատ են ընտրելու իրենց կրոնը։

Ժողովի մասնակիցները չբացեցին մազդեզական մոգերի կողմից գրված կրոնի նկարագրությունները՝ պատճառաբանելով, որ «դա կարող է վիրավորական լինել արքայի համար, որովհետև եթե կարդան մոգերի գրած նամակը, ապա պետք է ծանր քննադատություն օգտագործեն այն հերքելու համար»[20]։

Պատասխան նամակը գրվում է Հովսեփ կաթողիկոսի անունից և ուղարկվում պարսից արքունիք։ Կտրուկ մերժումը դժգոհություն և բարկություն է առաջացնում Հազկերտի մոտ, որը պահանջում է հայոց 10 նշանավոր իշխաններին ներկայանալ արքունի Դուռը[21]։

Նախարարների մեկնումը Տիզբոն և վերադարձ

խմբագրել
Կրոնափոխություն կատարելու մասին Հազկերտի հրամանը

«Նավասարդից մինչև Նավասարդ, ասում է, մեծ թագավորի իշխանության տակ գտնված բոլոր վայրերում պետք է վերանան եկեղեցու արարողությունները, պետք է փակվեն և կնքվեն սուրբ տաճարների դռները, նվիրական անոթները պետք է գրով ու համարով հարքունիս գրավվեն, լռեն սաղմոսերգության ձայները, և դադարեն անսուտ մարգարեների ընթերցվածները։ Քահանաները չվստահանան իրենց սաներում ուսուցանել ժողովրդին, և Քրիստոսին հավատացող այն տղամարդիկ ու կանայք, որոնք բնակված են մենանոցներում, փոխեն իրենց հագուստը՝ աշխարհական կարգի համաձայն։

Հազկերտի հրամանով հայոց 10 նշանավոր նախարարներ պարտավոր էին ներկայանալ արքունի Դուռը։ Այդ նշանավոր իշխաններն էին մարզպան Վասակ Սյունին, Ներշապուհ Արծրունին, Արտակ Ռշտունին, Գադիշո Խորխոռունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Արտակ Մոկացին, Մանեճ Ապահունի, Վահան Ամատունին, Գյուտ Վահևունին, Շմավոն Անձևացին, իսկ Վիրքից՝ Աշուշա Բդեշխը և այլ ավագ իշխաններ[22]։ Հայոց իշխանները պայմանավորվում են վրաց և աղվանաց իշխանների հետ և որոշում չզիջել Հազկերտին[20]։

Հազկերտը պարսից մեծ ժողով է գումարում և պահանջում ընդունել մազդեզական կրոնը, այլապես կմոռանա իշխանների մատուցած ծառայությունները և իշխաններին, նրանց կանանց, երեխաներին և ամբողջ տոհմը կաքսորի կամ կոչնչացնի։ Իշխանները ժամանակ են խնդրում մտածելու համար և քննարկումներից հետո որոշում են առերես ընդունել զրադաշտականություն, քանի որ մերժման դեպքում հայոց իշխաններն անմիջապես կձերբակալվեին, և ապստամբությունը զսպելը շատ հեշտ կլիներ։ Նրանք ավելի շատ այդ որոշմանը եկան ոչ թե իրենց փրկելու, այլ վերադառնալու և ապստամբական գործը կազմակերպելու համար[22]։

Այս առերես կրոնափոխությունը և խաբեությունը շատ տարածված էր Արևելքում, հենց այդ պատճառով էլ ապահովության համար Հազկերտն իր մոտ պատանդ է պահում վրաց նշանավոր Աշուշա բդեշխին և Վասակ Սյունու երկու որդիներին՝ Բաբիկին և Ատրներսեհին[16][23]։

Հազկերտը հայ նախարարների հետ Հայաստան է ուղարկում 700 մոգեր ու մի զորաբաժին և հրամայում մեկ տարվա ընթացքում իր հպատակ տարածքներում ավարտել կրոնափոխության գործընթացը և ազգային կրոն դարձնել զրադաշտականությունը[23][24]։

Ապստամբություն

խմբագրել

Նախորդող դեպքեր

խմբագրել

Վերադառնալով հայրենիք՝ նախարարները զգում են ուրացության բացասական կողմերը։ Հոգևորականությունը դիմավորում է նախարարներին, սակայն լացով ու տխրությամբ։ Ըստ Փարպեցու՝ ոչ ոք չէր համաձայնում ուրացողների հետ սեղան նստել՝ «ոչ կին, ոչ որդի, ոչ ազատ, ոչ ծառայ ոք և ոչ սպասաւորք»[25]։

 
Վարդան Մամիկոնյանը և Արշավիր Կամսարականը, երբ պատվիրակությունը համոզում էր Վարդանին վերադառնալ Արևելյան Հայաստան։

Վերադառնալուց հետո Մամիկոնյանների ընտանիքը որոշում է հեռանալ դեպի Հայաստանի արևմտյան մաս։ Դա ավելի շատ փախուստ էր, որով Մամիկոնյանները կամովի հրաժարվում էին իրենց դիրքից և պաշտոնից, որը զբաղեցնում էին Մարզպանական Հայաստանում[23]։ Իմանալով Վարդան Մամիկոնյանի հեռանալու մասին՝ Վասակ Սյունին միջոցներ է ձեռք առնում այդ ամենը կանխելու համար։ Վասակ Սյունին պատվիրակություն է ուղարկում նրա մոտ, որի ղեկավարն Արշավիր Կամսարականն էր՝ Վարդանի փեսան։ Պատվիրակության կազմի մեջ էր նաև Ղևոնդ երեցը, երկու այլ իշխաններ և քահանաներ։ Պատվիրակությունը Վարդանին հանդիպում է Բասենի սահմանին՝ Արամանայ գյուղի մեջ[26]։

Պատվիրակությունը վստահեցնում է, որ Վասակ Սյունին կարողացել է համաձայնության հասնել հոների հետ, որոնք պարտավորվել են ասպատակել պարսկական հողերը, իսկ եթե Վարդանը վերադառնա, նրանք բանակցություններ կսկսեն նաև Բյուզանդիայի հետ։ Վարդան Մամիկոնյանը համաձայնվում է վերադառնալ և հանձն առնել զորքերի ղեկավարությունը[27][28]։ Ծրագրվում էր օգնություն ստանալ նաև Արևմտյան Հայաստանի ստրատելատից՝ Վասակ Մամիկոնյանից, որը, սակայն, հետագայում օգնություն չտրամադրեց։

Վարդանի վերադառնալուց հետո սկսվեցին հակասություններ առաջանալ նրա և Վասակի միջև։ Վասակ Սյունին պատրաստվում էր ապստամբել երկար պատրաստությունից և դաշնակից գտնելուց հետո, իսկ Վարդանը՝ եկեղեցու ճնշումների ներքո ցանկանում էր անմիջապես ապստամբության դրոշ պարզել[29]։

Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը և իր կուսակիցները սկսում են մարզպան Վասակ Սյունուց ծածուկ պատրաստվել ապստամբության։ Երբ իշխաններից մեկը՝ Զանդաղան Ոստանիկը, հայտնեց Վասակին, թե ինչ է կատարվում իր շուրջը, նրան լրտես համարեցին և քարկոծելով սպանեցին Բագրևանդ գավառի Բերկունք գյուղում։ Այս դեպքից հետո Վարդանը և իր կուսակիցները չէին կարող ծածուկ պահել ապստամբությունը։ Նրանք ամեն ինչ հայտնում են Վասակին, իսկ նա, ուրիշ ճանապարհ չունենալով, համաձայնվում է միանալ ապստամբությանը[30][31]։

Ռազմական հակամարտության ծավալում

խմբագրել

Ապստամբության սկսվելուց հետո եկեղեցականությունը ռամիկների հետ միասին շարժվում է դեպի Անգղ և հարձակվում ատրուշանների վրա, քանդում զրադաշտական կրոնական կենտրոնները, ապա հանգցնում պարսիկների համար սրբազան համարվող կրակը։ Ապստամբական հզոր ելույթներ տեղի ունեցան նաև Զարեհավան ավանում, որը ղեկավարվում էր հոգևորականության կողմից։

Ամռան շոգերի ժամանակ հայոց զորքը գնում է իր ամառանոցը, որը գտնվում էր Ծաղկավետ լեռներում, սակայն Միհրներսեհն այդ ժամանակ իր զորքերին հրամայում է Փայտակարանով շարժվել դեպի Աղվանք։ Միհրներսեհը կարողանում է իր կողմը քաշել նաև Վասակ Սյունուն և նրա միջոցով պառակտում մտցնել հայերի մեջ։

Աղվանքի իշխանները օգնություն են խնդրում հայերից, և Վարդան Մամիկոնյանն իջեցնում է զորքը Ծաղկանց լեռներից ու շարժվում դեպի Աղվանք։ Վասակ Սյունին միայնակ է մնում Հայաստանում, քանի որ Վարդանի մյուս կողմնակիցներն ուղարկված էին որպես պատվիրակություն՝ տարբեր երկրների հետ բանակցելու համար։

Վասակն ընտրեց և իր հետ Հայաստանում թողեց մի քանի նախարարական զորքեր, որոնք հավատարիմ էին իրեն` Բագրատունյաց, Խորխոռունյաց, Ապահունյաց, Վահևունյաց, Պալունյաց, Գաբեղենից, Ուրծա իշխանների զորքերը[32][33]։

Արշավանք դեպի Աղվանք և Խաղխաղի ճակատամարտ

խմբագրել
 
Ճորա պահակի մնացորդներ (ներկայումս՝ Դերբենդ)

Հայկական զորքն արշավում է նախ Վիրք, որպեսզի այնտեղից Աղվանքում գտնվող պարսկական զորքին հարվածի թիկունքից, սակայն պարսիկները տեղյակ էին հայկական զորքի տեղաշարժից և մարտական դիրք են բռնում Լոպնաս գետի (Զակամ) ափին՝ Խաղխաղի դաշտում։ Վարդան Մամիկոնյանի զորքը Գուգարքով մտավ Աղվանք և մարտական դիրք բռնեց Խաղխաղ քաղաքի մոտ, որը հայոց հինավուրց ձմեռանոցն էր։ Նա իր զորքը բաժանում է 3 թևի՝

  • Աջ թևի հրամանատարությունը հանձնվում է Վարդանի փեսա Արշավիր Կամսարականին
  • Կենտրոնական թևի հրամանատարությունը ստանձնում է հենց ինքը` Վարդան Մամիկոնյանը
  • Ձախ թևի հրամանատարությունը հանձնվում է Խորեն Խորխոռունուն

Պարսկական զորքը ղեկավարում էր Սեբուխտ զորավարը։ Զորքի աջ և կենտրոնական մասը կազմված էր պարսկական, իսկ ձախ թևը՝ Բաղասկանի և Լփնաց զորքերից[34]։

Ի տարբերություն պարսից զորքի` հայոց զորքը սակավաթիվ էր։ Սակայն Վարդան Մամիկոնյանն իր զորքով հարձակվում է պարսից զորքի վրա։ Սկզբից Արշավիր Կամսարականի և Մուշ Դիմաքսյանի ղեկավարած թևն անհաջողություններ են կրում, քանի որ ձիարշավի ընթացքում խրվում են ճահիճների մեջ։ Մուշ իշխանն այդտեղ էլ սպանվում է, սակայն Արշավիրը կարողանում է սողալով դուրս գալ ճահճից և նորից իր վրա վերցնել այդ թևի ղեկավարությունը։ Նույն միջոցին Վարդան Մամիկոնյանը նույնպես հերոսական մարտեր էր տալիս աջ թևում։ Հայերը հաղթանակ են տանում[16]։

Անցնելով Կուր գետը՝ ազատագրում է Աղվանքի ամրոցները և հասնում մինչև Ճորա պահակ, որտեղից բանակցություններ են սկսվում հոների հետ։ Արդյունքում կնքվում է հայ-հոնական դաշինքը։

Վասակ Սյունու ապստամբությունից հեռացում

խմբագրել

Երբ Վարդան Մամիկոնյանը շարունակում էր իր հաղթարշավը, պարզ է դառնում, որ Վասակ Սյունին հեռացել է ապստամբական գործից և մեկնել իր հայրենի Սյունիք։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանն անմիջապես վերադառնում է Հայաստան, որտեղ սակայն ձմեռ էր և չէր կարելի սկսել ռազմական գործողություններ։

 
Վարդանը և Ղևոնդ Երեցն Ավարայրի ճակատամարտից առաջ

Վասակ Սյունին նախարարների և ժողովրդի մեջ երկպառակություն մտցնելու համար նամակներ էր ուղարկում նրանց, որտեղ ասվում էր, որ պարսից արքայից արքան կրոնի ազատություն է շնորհել բոլորին, այսինքն՝ նրանք կարող են քրիստոնյա մնալ։ Ասվում էր նաև, որ եթե ապստամբած նախարարները հեռանան Վարդանից, ապա պատժի չեն ենթարկվի։ Այս ամենը, իհարկե, թուլություն և լքում մտցրեց ապստամբած ուժերի շարքերում, բայց ապստամբությունը կանգնեցնել անհնարին եղավ[34]։

Ավարայրի ճակատամարտ

խմբագրել

451 թվականի վաղ գարնանը պարսիկները սկսում են իրենց ուժերը կենտրոնացնել Հեր և Զարևանդ գավառներում։ Այդ ժամանակ հայոց իշխաններից շատերը հեռացել էին զորքից և վերադարձել իրենց տները, որպեսզի նշեն Սուրբ Զատիկը։ Վարդան Մամիկոնյանն անմիջապես հետ է կանչում նախարարներին և ստանձնելով զորքի հրամանատարությունը՝ իր 66 հազարանոց զորքով շարժվում պարսից զորքին ընդառաջ, որի հրամանատարը Մուշկան Նիսալավուրտն էր, և կազմված էր 80-90 հազար զինվորից և 13 մարտական փղերից[35]։

 
Վարդան Մամիկոնյանը ռազմի դաշտում

Հայոց մի շարք պատվիրակություններ, որոնք փորձում էին Բյուզանդիայից աջակցություն ստանալ, անհաջողություն են կրում բանակցություններում։ Բյուզանդիան չէր կարող օգնության հասնել հայերին, քանի որ իր կայսրությունը ենթարկվում էր ասպատակությունների հոն Աթթիլայի կողմից։ Բյուզանդիայի կայսր Մարկիանոսը ոչ միայն օգնության չի հասնում, այլ հայերի օգնություն խնդրելու մասին տեղյակ է պահում պարսից Հազկերտ արքային[16]։ Հայերը օգնություն չեն ստանում նաև Բյուզանդիայի ենթակայության տակ գտնվող հայ իշխաններից, քանի որ, ըստ Եղիշեի, Վասակ Սյունին կարողացել էր անջատողական գործողություններով այդ իշխաններին համոզել, որ Վարդանի պարտությունն անխուսափելի է։ Միայն հոներն էին, որ հավատարիմ մնացին իրենց ուխտին, սակայն նրանք ոչ թե միավորեցին իրենց ուժերը հայոց զորքի հետ, այլ, անցնելով Ճորա պահակը, սկսեցին ասպատակել պարսից տարածքները[16][36]։

Վարդանի հետ ճակատամարտին մասնակցում էին 23 նախարարներ[37]։

 
Վարդան Մամիկոնյանն ավարայրի ճակատամարտից առաջ իր որդու հետ միասին աղոթում է։ Նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկի

Նա զորքը բաժանում է 3 մասի[34].

  • Աջ թևի ղեկավարությունը ստանձնում է Խորեն Խորխոռունին, ում օգնականներ են նշանակվում Թաթուլ Վանանդեցին և Ներսեհ Քաջբերունին։
  • Կենտրոնական թևի ղեկավարությունը ստանձնում է Ներշապուհ Արծրունին, ում օգնականներ են նշանակվում Արշավիր Կամսարականը և Արտակ Մոկացին։
  • Ձախ թևի ղեկավարությունը ստանձնում է հենց ինքը՝ Վարդան Մամիկոնյանը, ում օգնական է նշանակվում Փափագ Առավեղյանը։
    • Վերջապահ գնդի հրամանատար է նշանակվում Վարդանի եղբայրը՝ Համազասպյանը։

Վարդան Մամիկոնյանը զորքի առաջին շարքում կանգնեցնում է ծանր հետևակը, որին հաջորդում էր թեթև հետևակը։ Երկրորդ շարքում հայ աշխարհազորն էր, իսկ երրորդում՝ ծանր հեծելազորը։ Չորրորդ շարքը պահեստազորն էր։ Զորքի թևերում կային հեծյալ ջոկատներ, որոնցով Վարդանը պատրաստվում էր վճռական հարվածներ հասցնել հակառակորդին[38]։

Պարսից զորքն ուներ և՛ թվային, և՛ որակական առավելություն։ Ճակատամարտին, որպես պահեստազոր, մասնակցում էր նաև Մատյան գունդը, որն անպարտելի գունդ էր համարվում։ Հակառակորդի կողմից կռվելու էր նաև Սյունյաց զորքը։ Պարսիկներն իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել էին աջ թևում։ Մուշկան Նիսալավուրտը ճակատամարտը ղեկավարում էր մի բարձր դիրքից։

Մինչև ճակատամարտի սկսվելը, Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ երեցը և Հովսեփ Վայոցձորցին քաջալերում են զորքին։

 
  Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք
- Վարդան Մամիկոնյան
 

Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայր կոչվող դաշտում, օրը՝ շաբաթ։ Այն սկսվում է նետաձգությամբ։ Պարսիկները հասնելով Տղմուտ գետին՝ կանգնում են, իսկ հայկական զորքն անցնում է գետը և մարտի բռնվում։ Հայերը կարողանում են հակառակորդի ձախ և կենտրոնական թևերը փախուստի մատնել։ Հայոց պահեստազորի մի մասը հարձակվում է պարսիկների կենտրոնական թևին, իսկ մյուս մասը օգնում է Վարդան Մամիկոնյանին աջ թևում, սակայն հակառակորդը օժանդակ ուժեր է բերում և շրջապատում Վարդանի գունդը, այդ ժամանակ էլ նա հերոսաբար զոհվում է[38]։

Հայոց զորքից շատերը նահանջում են դեպի լեռներ։ Ըստ Փարպեցու՝ հայոց զորքում կային այնպիսի ուժեր, որոնք ստիպմամբ էին կռվում, այլ ոչ հոժարակամ, նաև այնպիսի ուժեր, որոնք դիտմամբ էին մտել հայկական զորքի կազմ՝ այնտեղ կազմալուծություն մտցնելու համար։ Հայկական կողմից դաշտում սպանվել է ընդամենը 286 մարդ, իսկ անկանոն փախուստի ժամանակ 750 զինվոր, բայց պարսկական կողմը ռազմադաշտում ուներ 3544 զոհ։ Վարդան Մամիկոնյանի հետ միասին ճակատամարտում զոհվեցին նաև 8 նախարարներ[1][39]։

Պայքարի շարունակումն Ավարայրի ճակատամարտից հետո

խմբագրել
 
Ավարայրի ճակատամարտ (հեղինակ՝ Էդուարդ Իսաբեկյան)

Հայերի ապստամբական պայքարն Ավարայրի դաշտում չի ավարտվում։ Հայկական ուժերն ապաստանում են լեռներում և անցնում մանր ճակատամարտների ռազմավարությանը։ Վարդանի զորքերի մնացորդներն անցնում են Տայք, Արցախ ու Տմորիք և շարունակում պաշտպանվել կամ հարձակումներ գործել։ Քանի որ պարսից զորքը մեծ կորուստներ էր կրել, Մուշկան Նիսալավուրտը հետ է կանչվում Պարսկաստան։ Միհրներսեհը զիջումների է գնում և հայոց մարզպանի պաշտոնից հանում է Վասակ Սյունուն, քանի որ նա այլևս հարկավոր չէր պարսից քաղաքականությանը։ Հայաստանի մարզպան է նշանակվում Ատրորմիզդ Արշակունին[1]։ Նոր մարզպանին հրամայվում է շարունակել հալածանքներն ապստամբների հանդեպ, իսկ ազգաբնակչությանը՝ սիրաշահել։ Հմայակ Մամիկոնյանի ղեկավարությամբ Վարդանի կողմնակիցներն ամրանում են Տայոց աշխարհի Պարխար լեռներում։ Նրանք ամրանում են Որջնհաղ գյուղի մոտակայքում։ Պարսից և Սյունյաց զորքերը նույնպես շարժվում են դեպի Որջնհաղ։ Այդ զորքերը ղեկավարում էին Արտեն Գաբեղյանը և Վարազշապուհ Պալունին։ Երբ հայկական ուժերը մի օր լեռներից իջնում են Որջնհաղում գիշերելու, պարսկա-սյունական զորքերը գիշերը հանկարծակի հարձակվում են։ Հանկարծակիի եկած իշխաններից ոմանք առանց զենքի հազիվ հասնում են իրենց ձիերին և փախուստի դիմում։ Կռիվ է բռնվում գյուղամեջում և այգեստաններում։ Շատերը փախչում են ռազմի դաշտից և փրկվում, սակայն նաև զոհվողներ են լինում, որոնց թվում էր նաև Հմայակ Մամիկոնյանը[40]։

Այս ամենից հետո դեռևս շարունակվում էր ապստամբությունը։ Հայաստանի հարավային շրջանների գնդերն իջնում էին միչև Միջագետք և ավերում պարսկական տարածքները՝ անհանգստություններ պատճառելով Սասանյան Պարսկաստանին։

Հազկերտի հրամանով ձերբակալվեցին և Սյունիքի բերդերում բանտարկվեցին հոգևորականության կարևորագույն ներկայացուցիչներ Հովսեփ Վայոցձորցին, Ղևոնդ երեցը, Սամվել և Աբրահամ քահանաները, Ռշտունյաց եպիսկոպոս Սահակը ու նրա աշակերտ Քաջաջ Ռշտունին և հոգևորականության այլ կարկառուն ներկայացուցիչներ։

Ապստամբության դատ

խմբագրել

Որջնհաղ գյուղում տեղի ունեցած բախումից հետո հիմնական գործողությունները տեղափոխվում են Տիզբոն, որտեղ տեղի էր ունենում ապստամբության դատը։ Դատավորը Հազկերտն էր, իսկ մեղադրյալները 8 քահանա և 31 նախարար։ Մեղադրվում էին Բաբկեն և Բակուր Սյունիները, որոնք Վասակի հորեղբոր որդիներն էին և նրա թշնամիները, Ներշապուհ, Շավասպ, Շնգին, Պարգև և Տաճատ Արծրունիները, Վարդանի եղբայր Համազասպյան, Համազասպ, Արտավազդ և Մուշեղ Մամիկոնյանները, Արշավիր, Թաթ և Վարձա Կամսարականները, Վահան, Առանձար և Առնակ Ամատունիները, Ատոմ Գնունին, Թաթուլ և Սատո Դիմաքսյանները, Շմավոն և Առավան Անձևացիները, Փափակ, Վարազդեն և Դաղ Առավեղյանները, Ապրսամ Արծրունին, Սահակ և Փարսման Մանդակունիները, Վրեն Տաշրացին և Բաբիկ ու Հոհան Ռոփսենցիները։ Ըստ Եղիշեի՝ այս նախարարներին ավելանում է նաև Մեհրուժան Արծրունին, Ներսեհ ու Աշոտ Կամսարականները և Զուարեն Անձացին[41]։

Երբ Հազկերտը սկսում է դատավարությունը և հարցնում, թե ինչ համարձակությամբ են հայ նախարարները դիմել այդ ահավոր գործին, հայ նախարարները խնդրում են, որ իրենց բոլորի անունից խոսի Արշավիր Կամսարականը։ Արշավիրը ցույց է տալիս Հազկերտին Վասակի գրած նամակը Վարդանին, որով նա հետ էր կանչում Վարդանին Արևմտյան Հայաստանի սահմանից։ Այս նամակները որպես ապացույց ներկայացնելով՝ Արշավիրը մեղադրում է Վասակին, ասելով, որ հենց նա է մեղավոր Վարդանի վերադարձի ու ապստամբության ծավալման մեջ և եթե նա հետ չկանչեր Վարդանին, ապա այս ամենը տեղի չէր ունենա։ Նրան մեղադրանք ներկայացվեց նաև արքունի հարկերը յուրացնելու համար։

Այլ էր քահանաների դիրքը։ Նրանք ոչ մեկի չէին մեղադրում և ընդունում էին ըմբոստ կերպարանք՝ բացահայտ ասելով իրենց պայքարի բուն նպատակը։ Այս ամենից հստակ երևում էր, որ ապստամբությունը ղեկավարվել էր ոչ թե նախարարների, այլ հենց հոգևորականության կողմից։

Հազկերտը մահվան դատապարտեց ապստամբներին, իսկ Վասակից խլեցին բոլոր պատվանշանները, զարդարանքները։ Արքունի հարկերը յուրացնելու համար նա պարտավորվում էր նաև վճարել ահռելի տուգանք, որը վճարելու համար նա ստիպված էր վաճառել իր ամբողջ անձնական և տոհմային ունեցվածքը[42]։

Մնացած նախարարներին և հոգևորականներին Հազկերտը մահվան դատապարտեց, բայց, քանի որ նա քուշանների դեմ պատերազմի մեջ էր, նա հրամայեց բոլոր մահապարտներին տանել Ապար աշխարհի Վրկան կոչված վայրը, որտեղ էլ ինքը հենց գնալու էր։ Հազկերտը պարտություն է կրում քուշաններից և, մտածելով, որ անհավատ քահանաներին իր մոտ պահելու պատճառով են իրենց աստվածները բարկացել, նա սպանել է տալիս բոլորին և կենդանի թողնում միայն Խորեն և Աբրահամ երեցներին, որոնք էլ աքսորվում են Միջագետք՝ պարսկական հողերը մշակելու։ Իսկ նախարարներին Հազկերտը Նյուշապուհից աքսորում է Հրև քաղաք, որտեղ 5 տարի շարունակ իշխանները սպասում են իրենց մահապատժին, սակայն երբ Պերոզը դառնում է Սասանյան Պարսկաստանի արքա, ազատ է արձակում նախարարներին, որոնք 463-464 թվականներին վերադառնում են հայրենիք։ Նրանց հետ վերադառնում է նաև Աբրահամ երեցը, իսկ Խորենն աքսորի տարիներին մահացել էր[2]։

Հետևանքներ

խմբագրել
 
Եղիշե, «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին», 1569 թվական (Մատենադարան)

Վարդանաց ապստամբության հետևանքով Հայաստանը կարողացավ պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի մեջ` դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը։ Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց ապստամբությունը։ Ապստամբության շնորհիվ թեթևացավ նաև հարկահանությունը[16]։

Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը։

Վասակ Սյունու գործունեությունն այլ տեսակետից

խմբագրել

Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Եղիշեն դիտմամբ Վասակին է վերագրել նրա փեսա Վարազվաղանի արարքները, որպեսզի վարկաբեկի նրան։ Իսկ Կորյունը նշում է, որ Վասակ Սյունին այդ ժամանակաշրջանի ուսյալ այրերից էր և նա՝ որպես ազգի նվիրյալ, առաջիններից էր, որն աջակցեց Մեսրոպ Մաշտոցին՝ Սյունիքում գրագիտություն տարածելու գործում։ Նա իր մոտ է հրավիրում Մաշտոցին և ամեն պայմաններ ստեղծում նրա գործունեության համար։ Պատմիչը նշում է․ «Աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ…»։

Վիրքի, ապա Հայաստանի մարզպան նշանակվելը պատմիչները բացատրում էին այն հանգամանքով, որ պարսից արքունիքում գտնվելու ժամանակ պարսիկները նրան ընդունում էին որպես դաշնակից և վստահում են նրան այդ կարևոր պաշտոնները։ Նույնիսկ Եղիշեն իր «Վարդանի և հայոց պատերազմի մասին» գրքում նշում է, որ Վասակը հայրենասեր, քաջ, խոհեմ ու հմուտ դիվանագետ իշխան էր։ Վասակյանք ոչ թե փորձում էին կրոնափոխություն պարտադրել Հայաստանում, այլ առանց արյունահեղության վերականգնել Հայաստանի անկախությունը։ Վասակին արդարացնող փաստ է նաև այն, որ պարսիկները պատանդ պահեցին Վասակի որդիներին, այլ ոչ թե Վարդանի։ Սրանից կարելի է ենթադրել, որ պարսիկները վախենում էին Վասակից, ոչ թե Վարդանից[43]։

Վարդանի փախուստից հետո Վասակը համոզում է նրան վերադառնալ և հավաստիացնում է, որ հոների հետ բազմիցս երդումներով դաշնակցային կապերի մեջ է։ Սակայն Վարդանի վերադառնալուց հետո սկսվում է հայ նախարարների պառակտումը, որը հանգեցնում է նաև ներքին տարաձայնությունների։ Վարդանը դիմում է անկազմակերպ ապստամբության, որի վերջը նահատակումն էր լինելու[44], իսկ Վասակ Սյունին փորձում էր պատրաստվել լուրջ ապստամբության, սակայն Վարդան Մամիկոնյանի պառակտիչ գործողությունների պատճառով դա չստացվեց։ Այն, որ Հայաստանում Վարդանի և Վասակի միջև սկսվել էր քաղաքացիական պատերազմ, ապացուցում է այն փաստը, որ Եղիշեն նշում է ուրացողների կողմից ճակատամարտում ընկած 3455 զինվորի մասին, իսկ նրա գրքում ուրացողները պարսիկները չէին, այլ Վասակյանք։ Իսկ պարսիկները պարզապես եկել էին օգնական զորքով և փղերով՝ օգնելու իրենց դաշնակից Վասակ Սյունուն[43]։ Չնայած Վարդանանց կուսակցության պարտությանը, Վարդանի կողմնակիցները կարողանում են ամբողջ ապստամբության մեղքը բարդել Վասակի վրա և նրան զրկել ամեն ինչից։

  Ո՛չ ուրացության և ո՛չ դավաճանության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Երկու կողմն էլ հավասարապես հասարակական շահն ի նկատի ունեին։ Տարբեր էին նրանց տեսակետները, երկուսն էլ կասկածելի իրենց առավելությամբ։
- Նիկողայոս Ադոնց
 

Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Վասակը օժտված էր քաղաքական խոհեմությամբ, ինչի շնորհիվ էլ հասկանում էր, որ առանց արատաքին օգնության անհնար կլինի լուծել հակամարտությունը։ Արտաշատի ժողովի ժամանակ ապստամբելու որոշումն ընդունվել է արտաքին օգնությանը դիմելու որշման հիմնա վրա, ինչից հետո հիմնվելով այդ որոշման վրա՝ Վասակը դիմումներ է ուղարկել Բյուզանդիա, Արևմտյան Հայաստան, Անտիոք, նույնիսկ հոների մոտ։ Այդ ընթացքում հոգևորականությունը հասարակ ժողովրդի մոտ պայքարի կոչեր է արել և բորբեքել նրանց, ինչն էլ հանգեցրել է, որ զայրացած ամբոխը Զարեհավանում հանգցնի մազդեզական սրբազան կրակը, հարձակվի մոգերի վրա։ Այդ ժամանակ ամբոխը Վասակին առաջարկում է դառնալ համընդհանուր ապստամբության առաջնորդ, սակայն նույն պահին լուր է ստացվում, որ մահացել է Բյուզանդիայի Թեոդոսիոս կայսրը, իսկ նոր կայսրը՝ Մակրիանոսը, մերժել է օգնության խնդրանքը։ Մերժումներ ստացվեցին նաև Արևմտյան Հայաստանից ու Ասորիքից, որոնք նույնպես ենթարկվում էին կայսերական Բյուզանդիային։ Կշռադատելով ստեղծված քաղաքական իրավիճակը և հասկանալով, որ հակառակորդն անհամեմատ ավելի ուժեղ է և պատերազմը տանում է անխուսափելի կործանման՝ Վասակը պառակտվում է Վարդանից և խորհուրդ տալիս կոծկել ապստամբության գործը և հույս չդնել սեփական սակավաթիվ ուժերի վրա։ Ավարայրի ճակատամարտում պարտություն կրելուց հետո էլ Վասակը շարունակում էր կոչեր հղել ժողովրդին՝ կոչ անելով վայր դնել զենքը և խաղաղվել[45]։

Վարդանանց պատերազմը սերունդների հիշողություններում

խմբագրել

Ավարայրի ճակատամարտում ընկած մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին[16]։

Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի Սուրբ Նահատակների» շարքին։ Նրա հիշատակին 1920 թվականին ստեղծվել են «Սուրբ Վարդան զորավար», իսկ 2002 թվականին՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանները[46]։ Նրա հիշատակին է նվիրված Երվանդ Քոչարի քանդակը, որը տեղադրված է Երևանի կենտրոնում։

Գրական ասպարեզում Վարդանանց պատերազմին են նվիրված Ղևոնդ Ալիշանի «Պլպուլն Ավարայրի», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» ստեղծագործությունները, ինչպես նաև «Նորահրաշ» շարականը։ Վարդան Մամիկոնյանին և ապստամբությանն է նվիրված նաև Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» ստեղծագործությունը։

Գեղանկարչության ասպարեզում իրենց կտավներով Վարդանանց պատերազմին են անդրադարձել Էդուարդ Իսաբեկյանը, Գրիգոր Խանջյանը, Վահան Խորենյանը[16]։

2002 թվականին սկսվեց և 2014 թվականին ավարտվեց հոլիվուդյան մի նախագիծ, որը պատմում է Վարդանանց պատերազմի մասին և կոչվում է «Բյուզանդիայի արևելք. պատերազմ, աստվածներ ու սուրբ նահատակներ» (անգլ.՝ «East of Byzantium։ War Gods and Warrior Saints»):

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Վարդանանց պատերազմը». historyofarmenia.am. Վերցված է 2019-28-06-ին.
  2. 2,0 2,1 «Ռուզաննա Հարությունյան «Մարզպանական Հայաստանի ռազմական ուժը և Սասանյան Պարսկաստանի քաղաքականությունը»» (PDF). historyofarmenia.am. Վերցված է 2019-28-06-ին.
  3. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 66.
  4. «15. Վարդանանց պատերազմը 450-451թթ». akunq.net. Վերցված է 2019-19-08-ին.
  5. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 87.
  6. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 61.
  7. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 53.
  8. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 54.
  9. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 55.
  10. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 56.
  11. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 57.
  12. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 58.
  13. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջ 84. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  14. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 51.
  15. Ռաֆայէլ Համբարձումեան, ed. (2010). Հանգանակ հայ ինքնութեան. Ամարաս Հրատարակչություն. էջ 56.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 «Վարդան Մամիկոնյան». encyclopedia.am. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II. Վերցված է 2019-28-06-ին.
  17. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջ 91. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  18. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 63.
  19. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջեր 28–30. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  20. 20,0 20,1 Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 64.
  21. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջեր 31–41. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  22. 22,0 22,1 «Բաբկեն Հարությունյան «Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Հայոց թագավոր»» (PDF). historyofarmenia.am. էջ 35. Վերցված է 2019-28-06-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Բաբկեն Հարությունյան «Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Հայոց թագավոր»» (PDF). historyofarmenia.am. էջ 36. Վերցված է 2019-28-06-ին.
  24. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 67.
  25. «Փարպեցու «Պատմութիւն Հայոց»». Վերցված է 2019-28-06-ին.
  26. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 69.
  27. «Բաբկեն Հարությունյան «Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Հայոց թագավոր»» (PDF). historyofarmenia.am. էջ 37. Վերցված է 2019-28-06-ին.
  28. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 70.
  29. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջեր 69–70. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  30. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջ 72. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  31. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 72.
  32. Վարդանանց պատմությունը. Երևան: «Հայպետհրատ». 1958. էջ 69. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  33. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 74.
  34. 34,0 34,1 34,2 Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 75.
  35. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 76.
  36. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 77.
  37. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 79.
  38. 38,0 38,1 «Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին». sputniknews.ru.
  39. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 80.
  40. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 83.
  41. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 84.
  42. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 85.
  43. 43,0 43,1 Նիկողայոս Ադոնց «Պատմագիտական ուսումնասիրություններ» Ա հատոր. Երևան: «Երևանի համալսարանի» հրատարակչություն. 2006. էջեր 180–188.
  44. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 78.
  45. Նիկողայոս Ադոնց, «Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ»
  46. ««Վարդան Մամիկոնյան» շքանշան». armeniasputnik.am. Վերցված է 2019-28-06-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել