Հայկական մարզպանություն, Սասանյան Իրանի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր (428-646)։ Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները՝ Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան պետություններին, իսկ Ծոփք, Աղձնիք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը: Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թվականը։
Հայկական Մարզպանությունն իրենից ներկայացնում էր ինքնավար մի երկիր, որի փաստական տերն ու տնօրենը դարձան հայ նախարարները, պահպանվեցին նրանց գործակալական իշխանության բոլոր իրավունքները, հայկական զորաբանակը մնաց Հայոց սպարապետի տնօրինության ներքո: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Սասանյանները Հայկական Մարզպանությունում իրենց քաղաքական տիրապետությունը հաստատեցին հայ նախարարների ու եկեղեցու հնավանդ իրավունքներն ու արտոնությունները ճանաչելու գնով: Պետական կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների: Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները: Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկական մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, Արարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև: Մարդպետական նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան Արծրունիներին: Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ Բագրատունիների ժառանգական սեփականությունը: Արշակունի կրտսեր զարմերի գավառներում (Հաշտեանք, Աղիովիտ, Առբերանի) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի և այլն): Գրիգոր Լուսավորիչի տան միակ ժառանգի՝ Մամիկոնյանների հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները (Բագրևանդ գավառը և այլն) անցան Մամիկոնյաններին: Աղբիանոսյան տոհմի կալվածքները (Տարոն և Հարք գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը: Գողթան գավառի Եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ:
Մինչև 5-րդ դարի կեսը Հայոց մարզպանը նստում էր Արտաշատում, այնուհետև՝ Դվինում: Սասանյան պետության մյուս մարզպանների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում: Երկրի կառավարման պաշտոնները՝ մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Սպարապետության գործակալությունը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները, հազարապետությունը՝ Ամատունիները, մաղխազությունը՝ Խոռխոռունիները (նոր պայմաններում Խոռխոռունի նահապետը հանդիսանում էր մարզպանի թիկնապահների գնդի պետը): Պահպանվում էր Մեծ դատավարության գործակալությունը, որը գլխավորում էր Հայոց Կաթողիկոսը: