Խորխոռունիներ, Խոռխորունիներ, Խոռխորունիք, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Տոհմական «հայրենիքը» (կալվածքը) եղել է Տուրուբերան նահանգի Խորխոռունիք գավառը։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428

Խորխոռունիներ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներԽորխոռունիք, Ծոբոփոր, Խաղտիք
ԾագումՀայկազունիներ
ՏիտղոսներՀայոց Մաղխազ
ՀիմնադիրԽոռ Հայկազունի
Ազգային
պատկանելիություն
Հայ
Կրտսեր
ճյուղեր
Խերխեուլիձեներ, Մալախովսկիներ

Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Ըստ «Ներսեսի վարք»-ում պահպանված Գահնամակի, Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող Խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449 թվականի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։

Պարսից դեմ Խաղխաղի ճակատամարտում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VI դ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VII դ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ X դ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։

Գրականություն խմբագրել

  • Ոսկյան Հ., Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին, Վեն., 1955։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 89