Արտազ
Արտազ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։
Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի Մակու գավառին։ Ըստ Մովսես Խորենացու՝ նախապես կոչվել է Շավարշավան (Շավարշական) և մ.թ.ա. II դարի 1-ին կեսին Արտազ է անվանել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։
Արտազով է անցել Արտաշատ-Եկբատան ճանապարհը։ Արտազում տեղի են ունեցել հայ-պարսկական զինաբախումներ՝ Ավարայրի ճակատամարտը 451 թվական, Ներսեհապատի ճակատամարտը 483 թվական։ 8-րդ դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885 թվականից մտել է Բագրատունիների, 908 թվականից՝ Վասպուրականի թագավորության մեջ։
8-րդ դարում ստեղծվել է Մակուի իշխանությունը։ 14-րդ դարի սկզբից Արտազը զավթել է Սեֆյան Պարսկաստանը, Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ՝ Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, Եդինդ (Երինդ) գյուղը (ուր ընթացել են 484 թ Նվարսակի պայմանագրի նախնական բանակցությունները), դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 132)։ |