Կիլիկիայի հայկական թագավորություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)

Կիլիկիայի հայկական թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, ֆր.՝ Le Royaume arménien de Cilicie, հուն․՝ Αρμένικο Βασίλειο της Κιλικίας), հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն[2]։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն
Le Royaume Arménien de Cilicie
Կիլիկիայի հայկական թագավորություն
 Կիլիկիայի հայկական իշխանություն 1198 թ.* - 1375 թ.** Մամլուքյան սուլթանություն 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(13-րդ դար)

Քարտեզ2


(Կիլիկյան Հայաստանը իր հզորության գագաթնակետին 1200 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սիս
Մակերես 50.000 կմ2[1]
Բնակչություն 1.500.000 (ավելի քան 1.000.000[1])
Լեզու Միջին հայերեն, Հունարեն, Ֆրանսերեն
Ազգություն Հայեր, Ասորիներ, Հրեաներ, Հույներ, Ֆրանկներ
Կրոն Հայ Առաքելական
Արժույթ Դրամ (ոսկե մետաղադրամ), Թագվորին (արծաթե մետաղադրամ), Դուկատ, Ֆլորին, Բեսանտ, Դիրհամ, Լիվր
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռուբինյաններ, Հեթումյաններ, Լուսինյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Հեթում Ա թագավորը մեկնում է Կարակորում 1253 թ.
- Լևոն Զ, վերջին տիրակալ 1515 թ.
Կիլիկիայի հայկական իշխանությանը սկիզբ է դրել Ռուբեն Ա1080 թվականին
  • Լեռնային Կիլիկիան նվաճվեց 1515 թվականին

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»[3]։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության[4]։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։

Պատմություն

խմբագրել
Մինչև թագավորություն հռչակման պատմության համար տես Կիլիկիայի հայկական իշխանություն էջը։

Լևոն Բ-ն և Կիլիկյան թագավորության հռչակումը

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
Կիլիկիայի հայկական պետությունը
  Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում
  Հայոց թագավորության վերականգնումը
  Կիլիկիայի հայկական պետության ամրապնդումը

Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թվականի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թվականի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190 թվականների ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թվականի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը (1190 թվականի հունիսի 101193 թվականի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին Լևոնը իմանում է, որ Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն ցանկանում է խաբությամբ իրեն ձերբակալել՝ հրավիրելով Անտիոք։ Լևոնը ինքն է Բոհեմունդին հրավիրում Կլիլիկիա և ձերբակալում՝ պահանջելով հրաժարվել տարածքային հավակնություններից։ Նրանց միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով Բոհեմունդի որդի Ռայմոնդը պիտի ամուսնանար Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի հետ և նրանց որդին պիտի ժառանգեր և Կիլիկիան, և Անտիոքը։ 1196 թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն Բ-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։ Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։ Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ։

Կիլիկիայի հայկական թագավորության ներքին և արտաքին քաղաքականությունը 1187-1226 թվականներ

խմբագրել
 
Մերձավոր Արևելքը 1200 թվական      Կիլիկիայի հայկական թագավորությունը

Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրումն ու ամրապնդումն իրենց չափազանց կարևոր դերն ունեին Արևելքի միջազգային խառը իրադրության մեջ։ Տարածքում իրենց նվաճողական նկրտումները սկսեցին դրսևորել նորանոր մուսուլմանական պետություններ, որոնք թշնամական վերաբերմունք ունեին Կիլիկիայի նկատմամբ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Լևոն Բ-ն սկսեց փորձեր կատարել՝ ստեղծելու տեղի քրիստոնյա պետությունների ամուր դաշինք։ Ամեն ջանք ի գործ էր դնում իր պետության մեջ միավորելու իրենից վասալական կախվածության մեջ գտնվող Անտիոքի դքսությանը։ 1209 թվականին Լևոն Բ-ն հրապարակավ որդեգրեց Անտիոքի գահակալին՝ Ալիսի որդի Ռուբեն-Ռայմոնդին, և նրան հռչակեց Հայոց գահաժառանգ։ Հայոց արքայի ջանքերով 1210 թվականին Ռուբեն-Ռայմոնդի հավակնությունները հայոց և Անտիոքի համատեղ գահի նկատմամբ ճանաչեցին Գերմանիայի կայսր Օտտո IV-ը և Հռոմի Ինոկենտիոս Գ պապը։ 1211 թվականին Օտտո IV-ի ուղարկած թագով Ռուբեն-Ռայմոնդը հանդիսավորությամբ օծվեց Լևոն Բ-ի գահաժառանգ։

Այս դիվանագիտական հզոր քայլն ուներ քրիստոնյա հզոր պետություն ստեղծելու նպատակ։ Բանն այն է, որ, չնայած Կիլիկիայի ու Անտիոքի առանձին հզոր ուժի, այնուամենայնիվ, լուրջ սպառնալիք էր դառնում քրիստոնյաների համար Սելջուկյան սուլթանության հզորացումը։ Այս քայլով Լևոն Բ-ն նաև նպատակ ուներ շահելու Արևմուտքի համագործակցությունը և համատեղ ուժերով պայքարելու մուսուլմանական պետությունների դեմ։ Սակայն մի քանի տարի անց Լևոն Բ-ն խիստ հիասթափվեց Ռուբեն-Ռայմոնդից և զրկեց հայոց գահի ժառանգությունից։ Զրկվելով հայոց արքայի հովանավորությունից՝ Ռուբեն-Ռայմոնդը 1219 թվականին զրկվեց նաև Անտիոքի գահի հավակնություններից։ Նույն թվականին էլ մահացավ Լևոն Բ-ն։ Նա արու զավակ չուներ, և, փաստորեն, գահի ժառանգորդ էր հանդիսանում իր մանկահասակ դուստր Զապելը։ Լևոնը Զապելի համար խնամակալներ (պայլեր) նշանակեց։ Նրանցից էին Կոստանդին Գունդստաբլը, Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսը և Ատանը Պայլը։ Լևոն Բ-ի մահից հետո Ռուբեն-Ռայմոնդը, մի քանի հայ իշխանների օժանդակությամբ, փորձեց գրավել հայոց գահը, սակայն ձերբակալվեց ու բանտ նետվեց։ Այնուհետև՝ 1221 թվականին, պայլերի որոշմամբ Զապելն ամուսնացավ Անտիոքի տիրակալ Բոհեմունդ IV-ի որդու՝ Ֆիլիպի հետ։ Վերջինս էլ խոստացավ հարգել հայկական ավանդություններն ու սովորությունները, երկիրը ղեկավարել հայկական սկզբունքներով։ Քանի դեռ 18-ամյա Ֆիլիպը անչափահաս էր, պետությունը ղեկավարվում էր Կոստանդին Գունդստաբլի կողմից, բայց, երբ լրացավ նրա 20-ամյակը, նա դարձավ երկրի լիիրավ կառավարիչը։ Հենց այդ ժամանակ էլ զգացվեց, որ նա դրժել է իր երդումը։ Հայկական պետականության հարստությունները ծախսվում էին, երբեմն՝ նաև տեղափոխվում Անտիոք։ Այս ամենը հաշվի առնելով՝ հայ իշխանները ձերբակալեցին Ֆիլիպին, նետեցին բանտ, իսկ այնուհետև կախաղան բարձրացրեցին 1225 թվականին։

1223 թվականի Կոստանդինը, հայ իշխանների որոշմամբ, երկրորդ անգամ ընտրվեց պայլ և ստանձնեց երկրի կառավարումը։ 1226 թվականին, իշխանական խորհուրդ հրավիրվեց, որը որոշեց 11-ամյա Զապելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի 13-ամյա որդի Հեթումի հետ, և վերջինս դարձավ հայոց թագավոր։ Հեթում Ա-ն (1226-1269 թվականներ) դարձավ, փաստորեն, նոր դինաստիայի հիմնադիր։ Նրա կառավարումը համեմատաբար խաղաղ ժամանակների հետ համընկավ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ մոնղոլ-թաթարները կատարում էին իրենց նվաճումներն արդեն Մերձավոր Արևելքում, երբ մեկը մյուսի հետևից խաչակրաց բոլոր պետությունները կորցնում էին իրենց անկախությունը, իսկ եգիպտական մամլուքները ավելի ու ավելի էին ուժեղանում՝ սկսելով վտանգավոր դառնալ Կիլիկիայի համար։ Հայերը դեմ-հանդիման կանգնած էին Եգիպտոսի մամլուքների դեմ։ Վերջիններս էլ ժամանակ առ ժամանակ սպառնում էին Կիլիկյան Հայաստանի անկախությանը։ Հեթում Ա-ն կարողացավ ճիշտ ընտրություն կատարել։

Հայ-մոնղոլական դաշինք

խմբագրել

Դեռևս Զապելի և Հեթում Ա-ի իշխանության օրոք մոնղոլները ստեղծեցին մի պետություն, որ ձգվում էր Միջին Ասիայից Մերձավոր Արևելք՝ նվաճելով Միջագետքն ու Սիրիան։ 1243 թվականի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում[5]։ Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին Մեծ Հայքի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ Հեթում Ա թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ։ Նա ուղարկեց իր եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին Կարակորում 1247 թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ Նա ետ վերադարձավ 1250 թվականին խաղաղության պայմանագրով, որով մոնղոլները չէին հարձակվելու Կիլիկիայի հայկական թագավորության վրա, և խոստանում էին ռազմական օգնություն՝ վերագրավելու սելջուկների կողմից գրավված բերդերն ու ամրոցները։ Սակայն վերջնական համաձայնության համար Հեթումն անձամբ պետք է մեկներ Կարակորում, բայց Զապելի մահն ու երկրի ներքին վիճակը ստիպեցին մի քանի տարով հետաձգել ուղևորությունը։ 1253 թվականին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ։ Հեթումին դիմավորեցին արքայավայել։ Ըստ նրանց միջև կնքված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և Սիրիա կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայի հայերին։ Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և մոնղոլները չէին գանձելու հարկեր Մեծ Հայքի հայկական եկեղեցիներից և վանքերից։ Մինչ վերադարձը Կիլիկիա 1256 թվականին, Հեթումը որոշ ժամանակ մնաց Մեծ Հայքում՝ հանդիպելով տեղի հայ ազնվականությանն ու հոգևորականությանը։

Հեթումն ու իր զորքերն օժանդակում էին մոնղոլներին Հալեպ և Դամասկոս քաղաքների գրավման ժամանակ՝ 1259-1260 թվականներին[6]։

Նույն ժամանակ Եգիպտոսի մամլուքները, ովքեր ստրուկներ էին և գիտեին միայն պատերազմել, ապստամբեցին իրենց տերերի դեմ Եգիպտոսում և սկսեցին նվաճումները[7]։ Նրանք գրավեցին Եգիպտոսն ու Պաղեստինը համապատասխանաբար 1250 և 1253 թվականներին[5]։ Կիլիկիայի հայկական թագավորությունն էլ իր հերթին վերահսկողության տակ վերցրեց Կապադովկիայի և Փոքր Ասիայի կարևոր առևտրային ուղիները և հատկապես Մարաշ և Բեհեզնի քաղաքները, որ ավելի էր մեծացնում մամլուքներից եկող սպառնալիքը։ Բացի դրանից Կիլիկիայի Այաս նավահանգիստը մրցակցում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի հետ և մամլուքները մտադրվել էին ոչնչացնել Այասը[5][8]։ 1266 թվականին մամլուքները Հեթում Ա թագավորին առաջարկեցին միանալ իրենց ընդդեմ մոնղոլների և իրենց հանձնել այն բերդերն ու ամրոցները, որ Կիլիկիան նվաճել էր մոնղոլների օգնությամբ։ Հեթումը հասկացավ, որ այն ծուղակ է, և մամլուքները չեն ցանկանում դաշնակցել հայերի հետ։ Այդ իսկ պատճառով նա մեկնեց Իլ-Խանատի արքունիք՝ Պարսկաստան, ռազմական օգնության խնդրանքով։ Սակայն նրա բացակայության ընթացքում մամլուքները ներխուժեցին Կիլիկիա. զորքը գլխավորում էին Հեթումի որդիները՝ Թորոսն ու ապագա արքա Լևոն Գ-ն։ Մառի ճակատամարտում հայերը պարտվեցին, Թորոսը սպանվեց, իսկ Լևոնը տասնյակ հազարավոր հայ ասպետների հետ միասին գերի ընկավ։ Հեթումը, զիջելով մի քանի սահմանամերձ բերդեր և վճարելով մեծ քանակությամբ փրկագին, կարողացավ ազատել գերությունից Լևոնին։ Իսկ 1268 թվականի Կիլիկիայի երկրաշարժն ավելի վատթարացրեց Կիլիկայի դրությունը։

1269 թվականին Հեթումը հրաժարվեց գահից հօգուտ իր որդու՝ Լևոն Գ-ի, ով տարեկան մեծ քանակությամբ հարկ էր վճարում մամլուքներին։ Սակայն նույնիսկ ստանալով հարկերը, մամլուքները չէին դադարեցնում հարձակումները։ 1275 թվականին, առանց պատերազմ հայտարարելու սուլթանի գլխավորությամբ մամլուքների բանակը ներխուժեց Կիլիկիա։ Անսպասելիորեն հարձակված մամլուքներին հայերը չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ։ Տարսոն քաղաքը գրավվեց, արքայական պալատն ու Սուրբ Սոֆիա տաճարն այրվեցին, գանձարանը թալանվեց, 15.000 բնակիչ սպանվեց, ևս 10.000 տարվեցին որպես ստրուկ Եգիպտոս։ Այասի ողջ հայկական և ֆրանկական բնակչությունը սրի քաշվեց։ Լևոն Գ-ն որոշեց հաշտության եզրեր գտնել մամլուքների հետ և 1285 թվականին ծանր պայմաններով կնքվեց հաշտութան պայմանագիր։ Սակայն մյուս տարի Սարվանդիքարի Երկրորդ ճակատամարտում հայերը լիակատար հաղթանակ տարան մամլուքների նկատմամբ, որը հնարավորություն տվեց ազատ շունչ քաշել հաջորդող 4 տարիների ընթացքում[7]։

Կիլիկյան Հայաստանն ու Մամլուքները (1281-1295 թթ.)

խմբագրել

Լևոն Գ-ին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն, ով կանգնած էր լուրջ խնդիրների առաջ։ 1281 թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում հայ-մոնղոլական զորքի՝ մամլուքներից կրած պարտությունից հետո, հայերը ստիպված ծանր պայմաններով հաշտություն կնքեցին մամլուքների հետ։ 1285 թ. կրած պարտությունից հետո հայերը ևս մեկ անգամ ծանր պայմաններով տասնամյա հաշտության պայմանագիր կնքեցին մամլուքների հետ, որի արդյունքում բազմաթիվ ամրոցներ և բերդեր անցան մամլուքներին և հայերին արգելվում էր վերանորոգել ավերվածները։ Կիլիկյան Հայաստանը ստիպված խախտեց Հռոմի Պապի արգելքը՝ առևտուր անել Եգիպտոսի հետ։ Բացի այդ ամենից մամլուքները տարեկան մեկ միլիոն դիրհամ պետք է ստանային Կիլիկյան Հայաստանից[9]։ Սակայն դրանից հետո էլ մամլուքներն անսպասելի հարձակումներ էին գործում։ 1292 թ Եգիպտոսի սուլթանը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում՝ Ակրա քաղաքը, հարձակվեց և հունիսի 28-ին գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։ Հեթումը ստիպված հաշտության պայմանագիր առաջարկեց մամլուքներին, որով Բեհեսնի, Մարաշ և Թիլ Համտուն բերդերը տրվում էին մամլուքներին։

Արշավանքները մոնղոլների հետ (1299-1303 թթ.)

խմբագրել
 
Ղազան խանը խնդրում է Հեթում Բ արքային օգնել իրեն 1303 թվականի Դամասկոսյան արշավանքին:[10]

1299 թվականի ամռանը Հեթում Ա-ի թոռը՝ Հեթում Բ արքան, մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով օգնություն խնդրեց Պարսկաստանի մոնղոլ խանից։ Վերջինս էլ մեծ զորքով արշավեց Սիրիա և հրավիրեց Կիպրոսի խաչակիրներին (Կիպրոսի արքա, Տաճարականները, Հիվանդախնամներն ու Տևտոնները) կռվելու ընդդեմ մամլուքների։ Մոնղոլները գրավեցին Հալեպ քաղաքը, որտեղ նրան միացավ Հեթում Բ արքան, որի զորքում բացի հայերից կռվում էին նաև Կիլիկիայից ժամանած Տաճարականներն ու Հիվանդախնամները[11]։ Դաշնակիցների զորքը 1299 թվականի դեկտեմբերի 23-ին Վադի ալ-Ղազանդարի ճակատամարտում ջախջախեցին մամլուքներին[11]։

1303 թվականի մարտին հայ-մոնղոլական զորքը (ընդհանուր 80.000) ջախջախեց մամլուքներին Հոմսի ճակատամարտում և 1303 թվականի Դամասկոսի ճակատամարտում[12]։ Այն մոնղոլների վերջին ներխուժումն էր Սիրիա[13]։ 1304 թվականին Ղազան խանի մահից հետո ֆրանկների և հայերի հույսը Սուրբ Երկիրը վերագրավելու հույսերը հօդս ցնդեցին։

 
Կիլիկյան Հայաստանը շրջապատված մուսուլմանական պետություններով 1300 թ:

Կիլիկիան 14-րդ դարի առաջին կեսում

խմբագրել

Հեթումը հրաժարվեց գահից հօգուտ իր տասնվեցամյա զարմիկի՝ Լևոն Դ-ի և մտնելով Դրազարկի վանք դարձավ Ֆրանցիսկյան վանական, չնայած նա շուտով ետ վերադարձավ, որպեսզի օգնի Լևոնին մարտնչել ընդդեմ մամլուքների, որոնք ջախջախվեցին Բաղրասի մոտ տեղի ունեցած ճակատամարտում[14]։ 1307 թվականին ներկա և նախկին Կիլիկյան արքաները, հանդիպեցին մոնղոլ ներակայացուցչի՝ Փիլարղուի հետ, Անարզաբա քաղաքի մոտ։ Սակայն վերջերս իսլամ ընդունած Փիլարղուն սպանեց հայ ներկայացուցիչներին[15]։ Օշին Ա-ն՝ Լևոն Դ-ի հորեղբայրը ջախջախեց Փիլարղուին և դուրս քշեց նրան Կիլիկիայից։ Հայերի խնդրանքով խանը մահապատժի ենթարկեց Փիլարղուին[16]։ Վերադառանալով Տարսոն, Օշինը դարձավ թագավոր[14]։ 1307 թվականի Սսի ժողովում որոշում ընդունվեց միանալ կաթոլիկ եկեղեցուն, սակայն Արևմուտքը չէր շտապում օգնել Կիլիկիային։ Իսկ կաթոլիկ եկեղեցու հետ միավորման որոշման դեմ սկսած շարժումը ղեկավարվում էր Մեծ Հայքից, վերջիններս կոչվեցին հակաունիթորականներ, իսկ միավորման կողմնակիցները ունիթորականներ։

1319 թվականին հայկական զորքը Կոռիկոսի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած մամլուքներին, սակայն նրանց հարձակումները չէին դադարում։ Օշինի որդու՝ Լևոն Ե-ի օրոք մամլուքներն ու թուրք-թաթարները ասպատակեցին երկիրը։ Լևոն թագավորը ստիպված եղավ պատվիրակություն ուղարկել Եգիպտոս՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ըստ որի մամլուքներին էին անցնում Ջահան գետից դեպի արևելք ընկած տարածքները։ Միևնույն ժամանակ Կիլիկիան պետք է դադարեցներ հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Սակայն Լևոնը 1341 թվականին ունիթորականների զոհ դարձավ[17][18]։

Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը

խմբագրել
 
Կիլիկիայի հայկական թագավորությունը 1355 թվականին:

Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցին Կիպրոսում։ Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը[19]։ 1342 թվականին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին[20]։

1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա[21]։ Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին Կոստանդին Բ-ն սպանվեց[22]։ Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը։ Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թվականին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում[20]։ 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին[23]։ Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

Կիլիկիայի հայ բնակչությունը

խմբագրել
 
Հայ բնակչությունը Օսմանյան կայսրությունում:
 
Ադանայի վիլայեթ

Չնայած մամլուքները կարողացան նվաճել Կիլիկիայի մեծ մասը, նրանք չկարողացան պահել այն և այն շուտով գրավվեց Լենկթեմուրի կողմից։ Դրա արդյունքում 30, 000 հարուստ հայեր լքեցին Կիլիկիան և հաստատվեցին Կիպրոսում, որտեղ մինչ 1489 թ. կառավարում էին Լուսինյանները[20]։ Շատ կիլիկյան հայեր հաստատվեցին Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում[24]։ Չնայած հայ բնակչությունը քչացավ, սակայն օսմանյան իշխանության ընթացքում այն մնում էր հայկական տարածք։

Օսմանյան կայսրությունը Կիլիկիայից ստեղծեց Ադանայի վիլայեթը։ Կիլիկիայի հայերը կարողացան պահպանել իրենց ազգային պատկանելիությունը դարերի ընթացքում[24][25]։ Սակայն թուրքերն ամեն ինչ անում էին քշելու այնտեղից հայերին։ Օրինակ Զեյթունը գտնվում էր կիսանկախ վիճակում և թուրքերն անընդմեջ հարձակումներ էին գործում նրանց վրա։ 1909 թվականին Կիլիկիայի հայերը և հատկապես Ադանա քաղաքի հայերը ենթարկվեցին ջարդերի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձան ցեղասպանության զոհ[25]։ Եվ չնայած Սևրի պայմանագրով Կիլիկիան չէր անցնում Հայաստանին, այն անցնելու էր Ֆրանսիայի խնամակալության տակ. մեծ քանակությամբ հայեր ետ վերադարձան Կիլիկիա, սակայն Ֆրանսիան գաղտնի պայմանագրով մտադրվել էր զիջել այն Թուրքիային։ Շուտով ցրվեց պատերազմի ընթացքում Ֆրանսիայի դրոշի տակ կռվող Հայկական լեգեոնը և թողեց Կիլիկիայի հայերին անպաշտպան։ 1920 թվականի օգոստոսին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիան հռչակվեց Ինքնավար հանրապետություն։ Սակայն մյուս օրը ֆրանսիական զորքն արդեն լքել էր Կիլիկիան։ Թուրքերը հարձակվեցին և սկսվեց հայերի մի նոր ջարդ, որի ընթացքում միայն Մարաշում զոհվեց 12.000, իսկ Հաճնում՝ 7.000 հայ։ Կիլիկիայի հայերը ներկայումս ցրված են աշխարհով մեկ, իսկ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսարանը ներկայումս գտնվում է Անթիլիասում, Լիբանան։ Կիլիկյան Հայաստանի խորհրդանիշը՝ առյուծը, ներկայումս պատկերված է Հայաստանի զինանշանի վրա[26]։

Կիլիկյան Հայաստանի հասարակությունը

խմբագրել

Բանակը

խմբագրել

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի[1]։

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր[27]։ Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում[27]։ Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Հայոց զինված ուժերում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը[28]։

Մշակույթ

խմբագրել
 
Հովհաննես Մկրտիչը, մանրանկար Թորոս Ռոսլինի կողմից, 1268 թ.:

Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները[29]։ Բնակչության խայտաբղետությունն ունեցավ իր ազդեցությունը Կիլիկիայի մշակույթի վրա[29]։ Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարական համակարգին[24]։ Օրինակ Կիլիկիայում ֆրանսերեն պարոն կամ բարոն և գունդստաբլ բառերը փոխարինեցին հայկական նախարար և սպարապետ անվանումներին[24][29]։ Ազնվականության մեջ տարածվեց ասպետությունը և անցկացվում էին բազմաթիվ ասպետական մրցություններ։ Արևմուտքի ազդեցության ներքո հայերեն ներմուծվեցին երկու նոր տառեր (Ֆ ֆ = "f" և Օ օ = "o") և բազմաթիվ ֆրանսերեն բառեր[29]։

Որոշ հայեր ընդունեցին ուղղափառություն և կաթոլիկություն, սակայն այդ ամենը չունեցավ միակողմանի ազդեցություն, քանի որ հայկական մշակույթի որոշ տարրեր ներմուծվեցին նաև Եվրոպա։ Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, ով գործել է Հռոմկլա քաղաքում 13-րդ դարում[24]։

Հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովը իր աշխատությունների մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը, որպես «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»[30].

  «Հայաստանը՝ միջնադարի երկրորդ կեսին կարողացավ Արևելքում ստեղծել իրական մշակույթի բնօրրան, որը կարողանում էր միայնակ մարտնչել ողջ Ասիայի հետ։ »  

Ճարտարապետություն

խմբագրել
 
Կոռիկոսի ծովային բերդը կառուցված 13-րդ դարում

Կիլիկայի ճարտարապետությունը ունեցել է մի շարք առանձնահատկություններ, որոնք դրևսևորվել են շինությունների կառուցման ժամանակ։ Զարգացման յուրահատուկ պայմանները էականորեն նպաստել են քաղաքների, ամրոցների, եկեղեցիների, աշտարակների ու այլ կառույցների շինարարությանը։ Պաշտպանական և հուշարձանային համալիրների կառույցների համար որպես հիմնական շինանյութ ծառայել է բնակաքան քարերը՝ ավազաքար, կրաքար, գրանիտ և այլն։ Երեսպատման համար օգտագործվել է մարմար, փայտատեսակներից օգտագործվել են մայրին, կաղնին, ձիթենին։

Ամրոցներն ու բերդերը կառուցվում էին խոշոր կոպտատաշ քարերից, սոսնձում կրաշաղախով։ Եկեղեցիների և հուշահամալիրների պատերը սրբատաշ էին արվում, իսկ լիցքը մանր քարերով։ Բացվածքներն ավարտվում էին կիսաշրջան, սլաքային և աղեղնային կամարներով։ Գմբեթային ծածկերում կիրառվում էին առագաստաթաղային կառուցվածքներ, զարդարվում էին մարմարով և խճանկարներով։ Կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցները պաշտպանված էին օժանդակ փոքր ամրոցներով, կառուցվածշ դժվարամատչելի դիրք ունեցող վայրերում։ Մասնավորապես նման ձևով էին կառուցված Սիս, Անարզաբա, Լամբրոն ամրոցները։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ամրոցների ջրամատակարարմանը, և յուրաքանչյուր ամրոց ուներ մեկ կամ երկու ջրամբար։

Գրեթե յուրաքանչյուր ամրոցում կամ դղյակում կար մի եկեղեցի, իսկ քաղաքներում մի քանիսը (մասնավորապես Սիս քաղաքում դրանք 20-ից ավելի էին)։ Եկեղեցիները և մատուռները կառուցում էին ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև աբսիդով որպես միանավ բազիլիկներ։ Նշանավոր վանքերից են Կոռիկոսի մեծ եկեղեցին, Սիսի Սուրբ Սոֆայի տաճարը, Հռոմկլայի, Ադանայի, Պապեռոնի եկեղեցիները։

Կիլիկիայի հայերը, հատկապես ճարտարապետության ոլորտում, մեծ քանակով ներմուծություններ կատարեցին եվրոպական մշակույթ, օրինակ եկեղեցաշինության և ամրոցաշինության որոշ տարրեր[32]։ Հայկական աշտարակները կլոր հատակագծեր ունեին, որը հետագայում վերցրին Հիվանդախնամները և օգտագործեցին իրենց աշտարակների կառուցման մեջ[33]։

Հատկանշական է պատմաբան Վիլհելմ Տյուրոսացու տեղեկությունը այն մասին, որ 1124 թվականին Տյուրոս քաղաքի պաշարման ժամանակ, պարիսպների կործանման աշխատանքներին մասնակցել է անտիոքցի հայ ինժեներ Ավետիքը[34]։

Նկարչություն

խմբագրել

Կերպարվեստը բարձր զարգացման է հասել Կիլիկյան Հայաստանում, մասնավորապես մանրանկարչությունը։ Հատկապես մեծ համբավ ուներ այսպես կոչված «Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը»։ Այդ դպրոցի սաներից էր աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, նշանավոր նկարիչներից են Կոստանդինը, Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը։

 
Լևոն Ե-ի մանրանկարը, հեղինակ Սարգիս Պիծակ (1331 թ.):

Հատկանշական գործերից են 1113 թվականի ծաղկված Ավետարանը Դրազարկում, 1166 թվականի Ավետարանը՝ ծաղկված Հռոմկլայում (Մատենադարան, N 6763 և N 7374 ձեռագրեր), Գրիգոր Մլիճեցու Ներսես Լամբրոնացու պատվերով 1173 թ. ծաղկած «Նարեկը» (Մատենադարան, N 1568 ձեռագիր) և «Սկևռայի Ավետարանը»՝ Ստեփանոս քահանայի պատվերով 1197 թ., Կոստանդինի 1193 թվականին ծաղկած Ավետարանը (Վենետիկի Մխիթարյան միաբանություն, ձեռագիր N 1635), Թորոս Ռոսլինի 1262 թվականի Ավետարանը (Բալթիմոր, Ուոլստերի պատկերասրահ, ձեռագիր N 539), 1272 թ. «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք, ձեռագիր N 2563), «Վասակ իշխանի Ավետարան» (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք, ձեռագիր N 2568), «Հեթում Բ թագավորի ճաշոց» ձեռագիրը և այլն։

Գրականություն

խմբագրել

12-14 դարերում Կիլիկյան Հայաստանում մեծ վերելք ապրեց հայ գրականությունը, մասնավորապես գրական ավանդույթները, զարգացավ ժողովրդական բանահյուսության ժանրը, ստեղծվեցին փոքրիկ զրույցներ, նաև առակներ ու հանելուկներ։ Արմատավորվեցին ու զարգացան գրական նոր տեսակներ, գրականության մեջ որպես նոր լեզու մտավ ժողովրդի խոսակցական լեզուն՝ մոտ գրաբարին։

Կիլիկիայի գրականության մեծագույն ներկայացուցիչներն են Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի կաթողիկոս) և Վարդան Այգեկցին, ովքեր հսկայական ավանդ ունեն հայ ընդհանուր գրականության զարգացման գործում։ Գրական մեծ արժեք են ներկայացնում Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը և Այգեկցու հավաքագրած առակները։

Լևոն Գ-ի մասին ժողովրդական «Աւա՛ղ զԼէոնն ասեմ» երգը համարվում է հայրեն տաղաչափությամբ պահպանված հնագույն ստեղծագործություններից մեկը[35]։ Ժողովրդական բանահյուսության վառ օրինակ են Ներսես Շնորհալու հանելուկները, Վարդան Բարձրբերդեցու հայրենները, Լևոն Գ-ի բանաստեղծությունը, Լիպարիտ զորավարի մասին զրույցները, որտեղ ժողովուդը նրան համեմատում է Տրդատ Մեծի և Մուշեղ Մամիկոնյանի հետ, հատկապես արժեքավոր են Լիպարիտի քրոջ հերոսական կերպարի մասին մասերը։ Նշանավոր են նաև Սևակն կոչվող աղբյուրի հետ կապված ժողովրդական ավանդազրույցները, Վարդան Հայկազնի «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին Հայց Գրիգոր Վկայասերի» չափածո ստեղծագործությունը, Անանուն բանաստեղծի (11-12 դդ.) տաղերը։ Հայտնի աշխատանքներից է նաև Բարսեղ Քեսունցի (12-րդ դար) Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին գրված երկը, որը աղոթքի, քրիստոնեական քարոզության, վարքի և վկայաբանության ինքնատիպ գործ է։

Մեզ հասած ձեռագրերից են Գրիգոր Մարաշեցու (12-րդ դար) արձակ բանաստեղծությունները, որոնք ներշնչված են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանի» ոգով, մատենագետ Գրիգոր Սկևռացու շարականները ու ներբողները, նրա քեռորդի և աշակերոտ Գեորգ Սկռևացու տաղերը, Կոստանդ Սրիկի «Հրճուիմք այսօր» տաղը, Վահրամ Րաբունու պատմավիպասանական պոեմը և այլն։

Բացառիկ են Կիլիկիայում ստեղծված «Մանրուսմունք» և «Խազգիրք» կոչվող ժողովածուները, կապված հայ երաժշտական գրականության հետ։ Քաղաքական մտքի ու գեղարվեստական մեծարժեք գործ է «Թուղթ ընդհանրական ժողովածուն»։

Թագավորական ընտանիքները նույնպես շատ մոտ են կանգնած եղել մշակութային կյանքին։ Օրինակ Հեթում Ա-ի պատվերով է Վարդան Արևելցին գրել «Ժղլանք» զրուցարանը, իսկ նրա եղբայր Հովհաննես Արքաեղբայրը եղել է և նշանավոր պատվիրող և գրիչ, Լևոն Գ-ն գրել է հայրենների նմանությամբ մի տաղ՝ նվիրված Տաթևի վանքին, իսկ նրա դուստր Ալիծ Տարսոնացին եղել է իր ժամանակի հռչակավոր գեղագրուհի։ Նա գրել է բանաստեղծություններ, մշակել է տառատեսակներ, նամակաևձեր, գավաթների վրա փորագրվող չափածո մաղթանքների հեղինակ և այլն։

Երաժշտություն

խմբագրել

Կիլիկյան Հայաստանի երաժշտության հիմքը X-XI դարերից այստեղ գաղթած հայերի բանավոր ու գրավոր երաժշտական ավանդույթներն են, որոնցից սակայն շատ քիչ տվյալներ են պահպանվել։ Պահպանվել են գուսանական երաժշտության նմուշներ, որոնցից է Հեթում Ա-ի որդի Լևոն Գ թագավորի գերության առթիվ հորինված գուսանական քնարական-վիպական բնույթ ունեցող «Աւա՛ղ զԼէոնն ասեմ» հայրենասիարական երգը, «Մսրա թալանի» երգը և այլն։

Կիլիկայի հայ գուսանների ստեղծագործությունները խաչակիրների շնորհիվ հաղորդվել են նաև Պրովնասի տրուբադուրների ստեղծագործությանը։ Կիլիկիյում նշանակլի զարգացում է ապրել թվերգի երաժշտական բաղադրիչը, ներառելով բուն երգեցողության խազագրեր։ 13-րդ դարում Սիսում հրապարակվել է խազավոր Շարակնոցի ամբողջական խմբագրությունը՝ «Խըլկցի» անվանումով, ըստ Գրիգոր Խուլ նշանավոր վարժապետի անվան։

Կիլիկյան վանքերից Հռոմկլան, Սսի դպրոցը, Ակները, Արքակաղինը, Դրազարկը, Մլիճը, Սկևռան, եղել են ոչ միայն Կիլիկյան, այլ ընդհանրապես հայ երաժշտարվեստի մեծ կենտրոններ։

Տնտեսություն

խմբագրել
 
Մարկո Պոլոյի և իր եղբոր ժամանումն Այաս 1271 թվականին, ստեղծվել է 1410-1412 թթ.

Կիլիկյան Հայաստանը գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը[24]։

Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։

Այաս, Տարսոն, Ադանա և Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին[24][36]։ Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը[24]։ Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում[24][36]։ Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

  Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում։ Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք։ Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ։ Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ։  

Արդեն Թորոս իշխանի օրոք Կիլիկիան հատում էր դրամ։ Ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք կոչվում էին դրամ և թագվորին, հատվում էին Սիս և Տարսոն քաղաքում՝ թագավորի կողմից։ Շատ արտասահմանյան դրամներ նույնպես գտնվում էին շրջանառության մեջ, օրինակ իտալական դուկատ, ֆլորին, և զեչինո, բյուզանդական բեսանտ, արաբական դիրհամ, և ֆրանսիական լիվր դրամները[24]։

Կիլիկիայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դաշտային Կիլիկիայում աճեցվում էին նարինջ, նուռ, խնձոր, խաղող և այլն։

Կիլիկյան Հայաստանի քաղաքները

խմբագրել
 
Կիլիկիո հին մայրաքաղաք Սսի պատկերը
 
Տարսոն․ Կլեոպատրայի դարպասը
 
Ռուբինյանների մայրաքաղաքներից մեկի՝ Անարզաբա կամ Անավարզա քաղաքի ավերակները

Կիլիկիայում քաղաքային կյանքի նոր վերելքը կապված էր հայկական պետականության հաստատման հետ, քանզի Մեծ Հայքի քաղաքային բնակչության մաս կազմող արհեստավորների և առևտրականների մի ստված զանգված տեղափոխվեց միջերկրածովյան այս երկրամաս։ Քաղաքային կյանքի զարգացման վրա որոշակի ազդեցություն ունեցան նաև խաչակրաց արշավանքները, որոնք Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման խթան հանդիսացան[38]։ Սկզբնական շրջանում Կիլիկյան Հայաստանի կարևորագույն քաղաքները հետևյալներն էին[1].

Սկզբնական շրջանում դրանք ամրոցներ և բերդաքաղաքներ էին և ավելի շատ ռազմական դեր էին խաղում, քան տնտեսական։ Դրանք անգերագնահատելի դեր էին խաղում երկրի տնտեսական և քաղաքական կյանքում[1]։

Հետագայում վերոհիշյալ կարևորագույն քաղաքներին ավելացան նաև հետևյալները՝

Նոր քաղաքների հիմնումը վերապահված էր թագավորին[42][43]։ Կիլիկյան Հայաստանի քաղաքների շարքում որպես վարչաքաղաքական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը։ Հայկական թագավորության շրջանում այն դիտվում էր որպես համահայկական կենտրոն[42][44]։

Արտաքին և ներքին առևտրի, արհեստագործության զարգացման տեսակետից Կիլիկիայի ամենանշանավոր քաղաքն Այասն էր[45], որը եվրոպացիներն անվանում էին նավահանգիստ թագավորին հայոց[42]։ Տարանցիկ առևտրից հայկական թագավորությունը մեծ եկամուտներ էր ստանում[46]։ Կիլիկյան Հայաստանի քաղաքային բնակչությունը բազմազգ էր։ Հայերից բացի, այդտեղ ապրում էին նաև հույներ, ասորիներ, հրեաներ և այլք[47]։

Ինչպես միջնադարի մյուս հասարակություններում, Կիլիկյան Հայաստանում ևս արհեստավորներն առավել արտոնյալ կարգավիճակում էին, քան գյուղացիները[48]։

Կիլիկյան Հայաստանում քաղաքը ոչ միայն վարչատնտեսական, այլև ռազմական միավոր էր, քանզի քաղաքային բնակչության մի մասը զինվորական ծառայություն էր կատարում[49]։

Քանի որ բուն Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղից տեղ էր տեղափոխվում։ Սկզբից այն Փոքր Ասիայի Սեբաստիա քաղաքում էր, 1058 թվականին տեղափոխվեց Կապադովկիա, որտեղ բնակվում էին շատ հայեր։ Հետագայում այն գտնվում էր Կիլիկիայում; Թավբլուրում 1062 թվականից; Ծամնդավում 1066 թվականից; Ծովքում 1116 թվականից; և Հռոմկլայում 1149 թվականից։ Բացի կաթողիկոսից Կիլիկիայի տարածքում գործում էին 14 եպիսկոպոսներ։ Արքեպիսկոպոսի նստավայրերն էին Տարսոն, Սիս, Անարզաբա, Լամբրոն և Մամիստրա քաղաքները։ Կիլիկիայում գործում էին 60 մենաստաններ[24]։

1198 թվականին կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը հայտարարեց կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցու միավորման մասին; սակայն այս որոշումը չունեցավ լուրջ ազդեցություն։ Սակայն Հռոմի Պապն ամեն ինչ անում էր միավորումը կատարելու։ Օրինակ Ֆրանցիսկյան միաբանությունն ուղարկվեց Կիլիկիա, տարածելու կաթոլիկություն[50]։ Հեթում Բ արքան գահից հրաժարվելուց հետո դարձավ ֆրանցիսկյան միաբանության վանական։ 1293 թվականին, երբ մամլուքները գրավեցին Հռոմկլան, կաթողիկոսարանը տեղափոխվեց Սիս։ Արդեն թագավորության կործանումից հետո՝ 1441 թվականին կաթողիկոսարանը տեղափոխվեց Էջմիածին, սակայն Կիլիկիայում շարունակեց գործել տեղի կաթողիկոսը[51]։

Խաչակրաց արշավանքներն ու Կիլիկյան Հայաստանը

խմբագրել
 
Բալդուինի մուտքը Եդեսիա: Նրան դիմավորում է հայ հոգևորականությունը:

Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդինի գահակալման շրջանում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, և Կոստանդինը տեսավ հնարավորություն խաչակիրների միջոցով պաշտպանել երկիրը սելջուկ-թուրքերի և Բյուզանդիայի հարձակումներից։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկությունը և շատ ամիրայություններ, որն էլ հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։ Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ-ն կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։ Բացի դրանից, Կիլիկյան Հայաստանը Արևմտաեվրոպական պետությունների և հատկապես Ֆրանսիայի կառավարման շատ գծեր վերցրեց և կիրառեց հենց Կիլիկիայում։ Շատ ֆրանսերեն տերմիններ մուտք գործեցին մեր բառապաշար, օրինակ մերսի շնորհակալության կամ գուդստանբլ սպարապետի փոխարեն։ Խաչակիրների միջոցով մեծացավ առևտուրը հայերի և քաղաք-պետություններ Վենետիկի, Պիզայի և Ջենովայի միջև։ Սակայն մեր համագործակցությունը օգուտ էր բերում երկու կողմերին էլ, այդ թվում խաչակիրներին։ Հայազգի զինվորի շնորհիվ երկարատև պաշարումից հետո խաչակիրները կարողացան գրավել Անտիոքը։ Հայերը նաև ռազմական օգնություն էին ցուցաբերում խաչակիրներին. օրինակ բոլոր խաչակրաց պետություններում ծառայող հայազգի զինվորների թիվը հասնում էր 10.000-ի, որից 4.000-ը հեծալներ։ Խաչակիրները շատ տարրեր վերցրեցին նաև մեր ամրոցաշինությունից, օրինակ կլոր հատակագծով աշտարակները։ Հայերը սերտ կապեր ունեին նաև հարևան Եդեսիայի կոմսության հետ, քանի որ այն գտնվում էր պատմական Հայկական Միջագետքի տարածքում, իսկ երբեմն էլ ներառում բուն Մեծ Հայքից որոշ տարածքներ, բնակչության մեծ մասն էլ հայեր էին։ Եդեսիայի կոմսության իշխանների մեծ մասը ամուսնանում էին Կիլիկիայի Հայոց պետության իշխանների դստրերի հետ։ Օրինակ Եդեսիայի կոմսության իշխան Յոսկելին Ա ամուսնացավ իշխան Կոստանդին Ա-ի աղջկա հետ, իսկ Երուսաղեմի թագավորության առաջին թագուհին դարձյալ հայ էր։ Նույնիսկ ծրագիր էր մշակվել հայկական զորք բերել Երուսաղեմի թագավորություն, զինուժի պակասի պատճառով։ Կիլիկիայի հայկական թագավորությունը վերջին քրիստոնյա պետությունն էր ողջ մուսուլմանական Մերձավոր Արևելքում, նրան երբեմն անվանում էին քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում։ Եվ իզուր չէ նկատել հայերի օգնությունը խաչակիրներին, Հռոմի Պապ Գրիգոր XIII-ը իր ճառում.

  Բոլոր ժողովուրդների մեջ պետք է նշել հատկապես հայերի ցույց տված օգնությունը քրիստոնյա եկեղեցուն, թե ինչպես այն ժամանակներում, երբ քրիստոնյա իշխանները գնում էին ետ գրավելու Սուրբ Երկիրը, ոչ մի ժողովուրդ ինչպես հայերը չէին օգնում քրիստոնյաներին. նրանք ապահովում էին խաչակիրներին ձիերով, ուտելիքով և ուղեկցում անծանոթ վայրերով։ Հայերը աջակցում էին այդ զինվորներին մեծագույն քաջությամբ և հավատարմությամբ Սուրբ Պատերազմների ընթացքում։  

Տես նաև

խմբագրել
  • Կիլիկիա՝ պատմա-աշխարհագրական մարզ՝ Միջերկրական ծովի արևելքում
  • Ռուբինյաններ՝ Կիլիկյան Հայաստանի իշխանապետության, իսկ ապա Կիլիկյան Հայաստանի թագավորության իշխող գահատոհմը
  • Հեթումյաններ՝ Կիլիկյան Հայաստանի թագավորության երկրորդ արքայական տոհմը
  • Լուսինյաններ՝ Կիլիկյան Հայաստանի թագավորության երրորդ արքայատոհմը
  • Նղրյաններ՝ Կիլիկյան Հայաստանի թագավորության չորրորդ արքայատոհմը

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 326
  2. Sirarpie Der Nersessian]."The Kingdom of Cilician Armenia." in A History of the Crusades, vol. II. Kenneth M. Setton (ed.) Philadelphia: University of Pennsylvania Press, 1962, pp. 630-631.
  3. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 406
  4. Kurdoghlian, Mihran (1996). Պատմութիւն Հայոց (History of Armenia), Volume II. Աթենք: Հրատարակութիւն ազգային ուսումնակաան խորհուրդի. էջեր 43–44.
  5. 5,0 5,1 5,2 Donal Stewart, Angus (2001). The Armenian Kingdom and the Mamluks: War and Diplomacy During the Reigns of Het'um II (1289-1307). Netherlands: Brill Academic Publishers. էջեր 43–46. ISBN 0928-5520. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  6. "The king of Armenia and the Prince of Antioch went to the military camp of the Tatars, and they all went off to take Damascus". Le Templier de Tyr. Quoted in Rene Grousset, Histoire des Croisade, III, p. 586.
  7. 7,0 7,1 Kurkdjian, Vahan (1958). «Chapter XXX: The Kingdom of Cilician Armenia - Mongol Invasion». History of Armenia. United States of America: Armenian General Benevolent Union of America. էջեր 246–248.
  8. Luscombe, David; W. Hazard, Harry (2004). The New Cambridge Medieval History, Volume IV: c. 1024-c. 1198. Cambridge: Cambridge University Press. էջ 634. ISBN 0521414113.
  9. Luisetto, Frédéric (2007). Arméniens et autres Chrétiens d'Orient sous la domination mongole. Geuthner. էջեր 128–129. ISBN 9782705337919.
  10. Mutafian, Claude (2002). Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle. UCLA Armenian History and Culture Series. France: CNRS Editions. էջեր 74–75. ISBN 2271051053.
  11. 11,0 11,1 Demurger, Alain (2005). The Last Templar: The Tragedy of Jacques de Molay, Last Grand Master of the Temple. London: Profile Books. էջ 93. ISBN 1-8619-7529-5.
  12. Demurger, Alain (2005). The Last Templar: The Tragedy of Jacques de Molay, Last Grand Master of the Temple. London: Profile Books. էջ 109. ISBN 1-8619-7529-5.
  13. Nicolle, David (2001). The Crusades. Oxford: Osprey Publishing. էջ 80. ISBN 1-8417-6179-6.
  14. 14,0 14,1 Kurkdjian, Vahan (1958). «Chapter XXX: The Kingdom of Cilician Armenia - Mongol Invasion». History of Armenia. United States of America: Armenian General Benevolent Union of America. էջեր 253–254.
  15. Angus, Stewart, "The assassination of King Het'um II". Journal of the Royal Asiatic Society, 2005 pp. 45-61.
  16. Recueil des Historiens des Croisades, Documents Armeniens I, p.664
  17. Հայոց Պատմություն, հեղինակներ՝ Դանիելյան, Մելքոնյան, էջեր՝ 174-175
  18. Mahé, Annie; Mahé, Jean-Pierre (2005). L'Arménie à l'épreuve des Siècles. France: Découvertes Gallimard. էջ 77. ISBN 207031409X.
  19. Ghazarian, Jacob G. (2000). The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080-1393). Routledge. էջ 150. ISBN 0700714189.
  20. 20,0 20,1 20,2 Kurdoghlian, Mihran (1996). Պատմութիւն Հայոց (History of Armenia), Volume II. Athens: Հրատարակութիւն ազգային ուսումնակաան խորհուրդի (Council of National Education Publishing). էջեր 53–56.
  21. Ղազարյան, Հակոբ (2000 թ.). Կիլիկյան Հայաստանը խաչակրաց արշավանքների ընթացքում (1080-1393) ։. Ռուտլեջ. էջեր 159–161. ISBN 0700714189.
  22. Housley, Norman (1992). The later Crusades, 1 274-1580: from Lyons to Alcazar. New York: Oxford University Press. էջ 21. ISBN 0-19-822136-3.
  23. Hadjilyra, Alexander-Michael (2009). The Armenians of Cyprus. New York: Kalaydjian Foundation. էջ 12.
  24. 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 Bournoutian, Ani Atamian. "Cilician Armenia" in The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century. Ed. Richard G. Hovannisian. New York: St. Martin's Press, 1997, pp. 283-290. ISBN 1-4039-6421-1.
  25. 25,0 25,1 Bryce, Viscount (2008). The Treatment of Armenians in the Ottoman Empire. Germany: Textor Verlag. էջեր 465–467. ISBN 3-938402-15-6.
  26. Հայոց Պատմություն, հեղինակներ՝ Դանիելյան, Մելքոնյան, էջեր՝ 284-285
  27. 27,0 27,1 Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 416
  28. Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 417
  29. 29,0 29,1 29,2 29,3 Panossian, Razmik (2006). The Armenians: from kings and priests to merchants and commissars. London: Columbia University Press. էջեր 63–66. ISBN 978-0-231-13926-7.
  30. «..մենք պետք է պատկերացնենք Կիլիկյան Հայաստանը, որպես ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկը»:
  31. Վալերի Բրյուսով //Летопись исторических судеб армянского народа // էջ 102. ISBN 5-540-00193-1
  32. «Cilician Kingdom». Globe Weekly News. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
  33. Kennedy, Hugh N. (2006). Muslim military architecture in greater Syria: from the coming of Islam to the Ottoman Period. Netherlands: Brill Academic Publishers. էջ 293. ISBN 1385-7827. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  34. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 425
  35. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 426
  36. 36,0 36,1 Abulafia, David (1999). The New Cambridge Medieval History. Cambridge University Press. էջ 440. ISBN 052136289X.
  37. [1]
  38. Բոռնազյան Ս., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան հայկական պետությունում XII-XIV դարերում, Երևան, 1973, էջ 261-264
  39. 39,0 39,1 39,2 39,3 Յովհաննիսեան Մ., Հայկական Կիլիկիոյ բերդերն ու բերդաքաղաքները, Վենետիկ, 1988
  40. 40,0 40,1 40,2 40,3 Edwards R., The fortifications of the Armenian Cilicia, Dumbarton Oaks Library and Collection, Washington D.C., 1987
  41. «Հ. Միքայէլ Յովհաննիսեան, Հայկական Կիլիկիոյ բերդերն ու բերդաքաղաքները, Վենետիկ-Ս. Ղազար, 1989։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմութան ինստիտուտ, Երևան, 2014, էջ 428
  43. Սմբատ Սպարապետ, Դատաստանագիրք, հավաքական տեքստը, ռուսերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա.Գ.Գալստյանի, Երևան, 1958, էջ 9
  44. Բոռնազյան Ս., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան հայկական պետությունում XII-XIV դարերում, Երևան, 1973, էջ 83
  45. Ճեվահիրճյան Մ., Այաս նավահանգիստ-քաղաքը Կիլիկիայում, Պատմաբանասիրական հանդես, 1973, թիվ 1, էջ 97-110
  46. Եղիայան Բ., Կիլիկիոյ Հայոց թագաւորութեան երեէք դարերը (1070-1375), Երևան, 1994, էջ 97
  47. Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմութան ինստիտուտ, Երևան, 2014, էջ 429
  48. Սմբատ Սպարապետ, Դատաստանագիրք, հավաքական տեքստը, ռուսերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա.Գ.Գալստյանի, Երևան, 1958, էջ 14
  49. Recuil des historiens des croisades. Documents arméniens, t. I, Paris, 1869, էջ 661
  50. Luisetto. Arméniens et autres Chrétiens, p. 98.
  51. Mahé, Annie; Mahé, Jean-Pierre (2005). L'Arménie à l'épreuve des Siècles. France: Découvertes Gallimard. էջեր 71–72. ISBN 207031409X.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 406