Խաղխաղի ճակատամարտ
Խաղխաղի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 450 թվականին։ Պարսից զորքերը ներխուժել էին Աղվանք և Վիրք, որի հետևանքով աղվանից իշխանները քաշվում են դեպի լեռներ և օգնություն խնդրում հայերից։ Ստեղծված իրավիճակում Վարդան Մամիկոնյանը որոշում է օգնության հասնել աղվանցիներին։ Նա զորքը բաժանում է երեք մասի և, վերցնելով գնդերից մեկը, շարժվում է դրացի Աղվանքին օգնության։ Ճակատամարտը տեղի է ունեցել Խաղխաղի մոտ, որը հայ արքաների հինավուրց ամառանոցն էր։ Պարսից զորքը պարտություն է կրում և նահանջում[1]։
Թվական | 450 թվական |
---|---|
Մասն է | Վարդանանց պատերազմ |
Վայր | Խաղխաղ |
Արդյունք | Հայոց կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
Վարդան Մամիկոնյան | Սեբուխտ Նիխորական |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Նախապատմություն
խմբագրել449 թվականին պարսից արքա Հազկերտ Բ-ն հրովարտակով պահանջում է իր իշխանության տակ գտնվող Հայաստանին, Վիրքին և Աղվանքին ընդունել մազդեզականություն, հայտարարելով, որ «նա շատ է սիրում իր հպատակներին և չի կարող անուշադրության մատնել նրանց հոգիների փրկությունը»։ Հայերը մերժում են Հազկերտի առաջարկը և նրա պահանջով 450 թվականի ապրիլին մեկնում Տիզբոն, որպեսզի բացատրություն տան իրենց պատասխանի համար։ Հազկերտը նրանց արգելափակում է իր արքունիքում և թույլ չի տալիս վերադառնալ Հայաստան։ Որպեսզի կարողանան վերադառնալ և կազմակերպել ապստամբությունը, հայ իշխանները առերես ընդունում են զրադաշտականություն և վերադառնում Հայաստան, որտեղ, սակայն, պարզվում է, որ հայերի կրոնափոխությունը խաբեություն էր։
Հայաստանում ապստամբություն է սկսվում, որը ղեկավարվում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանի և հայոց մարզպան Վասակ Սյունու կողմից։ Նույն ժամանակ հայ-վրաց-աղվանական միություն թույլ չտալու համար Միհրներսեհը՝ պարսից հազարապետը, Աղվանք է ուղարկում Սեբուխտին, որը 450 թվականին ներխուժում և հաջողություններ է ունենում այնտեղի իշխանների նկատմամբ, որոնք օգնություն են խնդրում հայերից։ Վարդան Մամիկոնյանը, վերցնելով զորքի մի մասը, շարժվում է դեպի Աղվանք[1]։
Ճակատամարտ
խմբագրելՍեբուխտը իմացել էր, որ հայոց զորքը շարժվում է Աղվանք՝ տեղացիներին օգնելու համար։ Այդ պատճառով նա ռազմական դիրք է ընդունում Խաղխաղի դաշտում։ Նրա բանակի աջ և կենտրոնական մասերում գտնվում էին պարսկական, իսկ ձախում՝ Լփնաց և Բաղասական զորքերը։ Չնայած պարսկական զորքը ընդունել էր ռազմական դիրք, սակայն վերջապահ զորքերը դեռևս չէին հասցրել գետանցում կատարել, որի հետևանքով էլ պարսից զորքը նախահարձակ չէր լինում։
Վարդան Մամիկոնյանը զորքը բաժանում է երեք մասի՝
- Աջ թևի հրամանատարությունը հանձնվում է Վարդանի փեսա Արշավիր Կամսարականին,
- Կենտրոնական թևի հրամանատարությունը ստանձնում է հենց ինքը` Վարդան Մամիկոնյանը,
- Ձախ թևի հրամանատարությունը հանձնվում է Խորեն Խորխոռունուն։
Ավարտելով գետանցումը՝ պարսիկները հարձակվում են դեռևս նախամարտական դիրքում գտնվող հայերի վրա։ Տեղանքն ավելի բարենպաստ էր պարսիկների համար, քանի որ հայոց կարևորագույն ուժը՝ այրուձին, չէր կարող ճահճային վայրում ազատորեն գործել։ Ճակատամարտի սկզբում նախաձեռնությունը գտնվում էր պարսիկների ձեռքում, սակայն կատարելով մի քանի կտրող գրոհներ, Վարդան Մամիկոնյանը այն վերցնում է իր ձեռքը[1]։
Առաջին փուլ
խմբագրելՃակատամարտի սկզբում Վարդան Մամիկոնյանը ժամանակ չէր ունեցել լուրջ հետախուզական աշխատանքներ տանել, կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը։ Նա, ցանկանալով ապահովել հայոց այրուձիու ազատ բացազատում, նետաձիգների միջոցով զսպող-պաշտպանողական կրակ է բացում հակառակորդի դեմ, որի շնորհիվ կարողանում է իրականացնել իր պլանը։
Ճակատամարտի սկզբին հաջող էր գործում Արշավիր Կամսարականի հրամանատարության տակ գործող թևը, որի հարվածների տակ պարսիկների ձախ թևը սկսում է նահանջել։ Սակայն Արշավիրը, հայտնվելով ճահճուտում, անհաջողություններ է կրում, որի հետևանքով պարսիկները կրկին ուժեղացնում են ճնշումը։
Երկրորդ փուլ
խմբագրելԱրշավիրը կարողանում է վերադասավորել իր՝ ճահիճներում հայտնված գնդերը և, կատարելով մի թևանցում, հայտնվում է Կուրի ափին։ Այս խոր թևանցման հետևանքով իրարանցում է առաջանում պարսիկների զորքում, որն էլ վճռում է ճակատամարտի ելքը։ Պատրաստ չլինելով մարտ վարել և՛ թևերում, և՛ թիկունքում՝ պարսկական բանակը սկսում է նահանջել և լողալով անցնել Կուր գետը, սակայն պարսիկների մեծ մասը հենց այս ժամանակ խեղդվում և մահանում են։
Մարտի վերջին փուլում Վարդան Մամիկոնյանն առաջ է բերում նետաձիգներին, որոնք սկսում են նետահարել հակառակորդին գետանցման ժամանակ։
Հետագա դեպքեր
խմբագրելՀաղթանակ տանելով պարսիների հանդեպ՝ Վարդան Մամիկոնյանը շարժվում է առաջ և ազատագրում Աղվանքը, հասնում է մինչև Ճորա պահակ, որտեղից բանակցութոյւններ է սկսում հոների հետ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ հոները պետք է արշավեն դեպի Պարսկաստան և ասպատակեն հյուսիսային նահանգները, սակայն հայերին ռազմական օգնություն չէին ցուցաբերելու։
Իմանալով, որ Վասակ Սյունին հետ է կանգնել ապստամբական գործից՝ Վարդան Մամիկոնյանը շտապ վերադառնում է Հայաստան, և իր ձեռքը վերցնում երկրի կառավարումը։