Աստղաշեն, գյուղ Արցախի Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից 15 կմ արևմուտք` 800 մետր բարձրության վրա, իսկ Ստեփանակերտից` 20 կմ հեռավորության վրա։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է։ 2014 թվականից ի վեր ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։ Աստղաշենն ունի գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ և միջնակարգ դպրոց (Ժան Անդրյանի անվան), որտեղ սովորում են 73 աշակերտ (2017 թվականի դրությամբ)։ 2010 թվականին Վիլհելմ Կարապետյանի օժանդակությամբ գյուղում բացվել է արվեստի դպրոց[2][3]։

Գյուղ
Աստղաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի շրջան
ԳյուղապետԶորիկ Ղազարյան
Այլ անվանումներԴաշբուլաղ, Քարաղբյուր
Մակերես1595.7 հա կմ²
ԲԾՄ772 մետր
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն507 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աստղաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աստղաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անվան ծագում խմբագրել

Մինչև թուրք-սելջուկների հարձակումը գյուղը կոչվում էր Քարաղբյուր։ Հետագայում կոչվել է Դաշբուլաղ, իսկ 1988 թվականին վերանվանվել է Արցախաշեն։ Արցախի տարածքում հայտնաբերվել են բրածո կենդանիներ, ինչպես նաև փայտի քարացած մնացորդներ։ Աստղակերպ քարացած մնացորդների առկայությունը, վայրի բացառիկությունը հակտորոշ երևույթ է գնահատվել և Արցախաշեն վերանվանված գյուղը 1996 թվականի հունվարի 31-ին վերանվանվել է Աստղաշեն։ Իսկ գյուղի պատմական անունը Քարաղբյուր է[4]։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչության քանակը տարբեր տարիներին․

Ըստ Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղը» 1990 թվականին Լույս ընծայված գրքի` գյուղում կար 450 տուն, 1600 բնակիչ, 1987 թվականին՝ 208 տուն` 708 բնակիչ, 1988 թվականի Արցախյան շարժման նախօրյակին` հայ-136 ծուխ` 342 բնակիչ և ադրբեջանցի` 59 ծուխ` 345 բնակիչ։ 2000 թվականին՝ 140 ծուխ միայն հայկական` 500 բնակիչ, 2002 թվականին՝ 144 ծուխ` բնակիչ` 506։

2015 թվականի դրությամբ Աստղաշենի բնակչության թիվը կազմում է 507 մարդ[5]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 505 502 505

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1595.7 հա տարածք, որից 1263.08 հա գյուղատնտեսական նշանակության, 177.69 հա` անտառային հողեր։ Աստղաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը։

Աստղաքարեր խմբագրել

Աստղաշեն գյուղում հայտնաբերված աստղաքարերը 165 –145 մլն «տարեկան» են[7]։ Ենթադրում են, որ այնտեղ ժամանակին օվկիանոս է եղել։ Օվկիանոսի հատակին մանր կենդանիների մնացորդներ կային, որոնք աստիճանաբար կպել են իրար և այդպես քարացել[8]։ Աստղաշենի բրածո տեղանքը մինչ օրս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, թերևս առաջին փորձը 2013 թվականի աշնանն Ազոխի քարանձավի հնագիտական արշավախմբի կողմից կատարված ուսումնասիրությունն է։ Ուսումնասիրության նախնական տվյալների մասին տեղեկություններ է հայտնել Ազոխի քարանձավի հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը։ Աստղաշենի հաջորդականության բրածո պարունակող տեղամասը գտնվում է անմիջապես ճամփեզրի տակ, բացի Հյուսիսից, Հյուսիս–արևմուտքից դեպի Հարավ–արևմուտք ուղղությամբ մոտ 75 մ փոքր արահետից։ Շերտադարսման անկումը հարավ-արևմտյան ուղղությամբ մոտ 16° է։ Բրածոներով հարուստ տեղամասը գլխավորապես հանդիպում է Աստղաշենի հաջորդականության հիմնահարթակում և միջնամասում։ Այս հորիզոնները բավական խոշոր հատիկավորված են՝ կլորավուն հատիկներ պարունակող բեկորային քարաշերտերով և կենսաշերտային նյութով։ Որոշ քարաշերտեր մուգ են և, ըստ երևույթին, կազմված բազալտից։ Աչքի են ընկնում նաև հանքայնացման կանաչ օջախներ, որոնք կարող են լինել հանքային քլորիտի կամ գլաուկոնիտի առկայության նշաններ։

«Տարածքը հարուստ է ծովային բրածո մնացորդներով, որոնք լավ են պահպանվել ժայռապարների շերտադարս մակերեսներին։ Դրանք, որպես կանոն, ընկղմված չեն նստվածքաշերտի հաստության մեջ, որը բավական փխրուն է։ Բրածո նյութը մասնատված է և վատ տեսակավորված։ Կենսաշերտը հիմնականում պարունակում է ծովաշուշանների մնացորդներ, իսկ աստղաձև բրածոներն իրականում այս բուսատեսակներին պատկանող աստղաձև ոսկրիկներ են (ցողունային հատվածներ)։ Հնարավոր է, դրանք ծովաշուշանների Pentacrinites ցեղատեսակի ներկայացուցիչներ են (կամ, ամենայն հավանականությամբ, ցեղակից որևէ տաքսոնի, ինչպես օրինակ՝ benthic isocrinids): Pentacrinites ցեղատեսակը գոյություն է ունեցել տրիասից մինչև էոցեն ժամանակաշրջանը, այնուամենայնիվ, հայտնի է, որ այն առավել տարածված է եղել յուրայի շրջանում։ Ծովաշուշանները ծովաստղի և ծովոզնու ցեղակիցներ են և պատկանում են փշամորթների տիպին»,—տեղեկացնում է Լևոն Եպիսկոպոսյանը։ Աստղաշենի այս հատվածից վերցվել են աստղաձև ոսկրիկների նմուշներ, որոնք ուղարկվել են հետազոտման Հյուսիսային Եվրոպա ծովաշուշանների մասնագետի, ով այժմ փորձում է պարզել՝ արդյոք դրանք նոր տեսակներ են, թե՝ ոչ։ Աստղաշենում հայտնաբերված այլ բրածո մնացորդների թվում էին ծովաոզնու շուրջբերանային հատվածը և նիզակակիր ծովաոզնու բավականին խոշոր փշերը։ Գտնվել են նաև ուսոտանիների տեսակներ խիստ կողավորված խեցիներով։ Աստղաշենի ժայռահարթակը, ըստ էության, հանդիսանում է կոշտից մինչև շատ կոշտ կենսաշերտ՝ ներառված յուրայի ժամանակաշրջանի «ստանդարտ» կրաքարային 34 հաջորդականության մեջ, ինչը, ընդհանուր առմամբ, բնորոշ է այս տարածաշրջանին[9]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ[10]։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։  Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից։ Գյուղում գործում են առևտրի 4 օբյեկտներ։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` Քարե (հենց Քարե աղբյուրի անունից էլ առաջացել է Քարաղբյուր անվանումը), Ալեքսանի, Պլպլան, Վերին, Նապաստակի, Վանուն, Ալիսանի, Քրամի, Վետանց, Ղշլաղեն և Մոսունց ծորին։

Տրանսպորտ խմբագրել

Համայնքային ենթակայության ճանապարհներն պատված է խճով ու կոպճով, չմշակված կապակցող նյութերով։ Տրանսպորտային կապը կարգավորված է։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Պատարա-Ստեփանակերտ-Պատարա թիվ 112 և Խանցք-Ստեփանակերտ-Խանցք թիվ 123 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։

Պատմամշակույթային հուշարձաններ խմբագրել

 
Աստղաշենի Ս. Գևորգ եկեղեցի

Համայնքի տարածքում են Սուրբ Գևորգ եկեղեցին (19-րդ դարի կես), Ֆռանգյուլաց, Կապենխաչ, Չմանենխաչ, Երե նահատակ սրբատեղիները, ինչպես նաև դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ), աղբյուր` 1930 թվական։ Աստղաշենում հաշվառված է 53 հուշարձան։ Ս. Գևորգ եկեղեցին կառուցված է երեք կամարների վրա, ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 17.3 x 8.4մ)[9]։ Միանավ բազիլիկա է՝ կառուցված 19-րդ դարում։ Ներկայումս այն վերանորոգված է։ Ծածկը թիթեղապատ է, տանիքը՝ թաղակապ։ Միակ մուտքը բացվում է հարավային կողմից[11]։ Ունի 5 պատուհան, որոնք բացվում են հարավային, արևելյան և արևմտյան կողմերից։ Մուտքից աջ, ագուցված մի քարի վրա արձանագրված է.

  1898 ամի 24 օքոստոսին եկաւ Հայրիգն կացաւ այս տեղենց  

Եկեղեցու բակում կան երկու ուշագրավ խաչքարեր՝ բնորոշ 16-17-րդ դարերին։ 2007 թվականին «Սուրբ Գևորգ» եկեղեցին վերակառուցվեց ամերիկահայ բարերարներ բժիշկ Յակոբ և տիկին Լուդովիկա Այնթապլյանների հովանավորությամբ, Արմեն Էդվարդի Ղահրամանյանի և Բորիս Պետրոսյանի նախաձեռնությամբ։

Գյուղի կենտրոնում կառուցված է հուշարձան՝ երկարությունը 7 մետր, լայնությունը 3.5 մետր, բարձրությունը 3.5 մետր, որը նվիրված է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցիների հիշատակին, կառուցված է կարմիր տուֆից, կամարակապ է, կենտրոնում հրեշտակ է՝ ձեռքին սուր, կամարների վրա զարդանախշեր են, վերին և ստորին մասերում կան արձանագրություններ։

Գյուղի սրբավայրերն էին` Փռունգյուլաց Սուրբը, Խաչին տակը կամ Կապեն Խաչը, Չիմանեն Խաչը, Յերե նահատակը` Խաչին դոշը։

Գյուղի վերևի մասում կա մի քարանձավ, որը տեղացիներն անվանում էին «Սանգար»։ Ժամանակին այնտեղ կատարում էին պեղումներ։ Քարանձավի մեջ կային նախնադարյան մարդկանց ոսկորներ, որոնք ուսումնասիրել են և ասել են, որ հազարավոր տարիների պատմություն ունեն այդ ոսկորները։

Աստղաշենը Հայրենական մեծ պատերազմում խմբագրել

 
Հայրենական Մեծ պատերազմում գյուղի զոհվածներին նվիրված հուշարձան

Գյուղում կա նաև Հայրենական մեծ պատերազմում նահատակված 124 մարտիկներին նվիրված հուշարձան (1970-ական թվականներ.), որը կերտել է համագյուղացի Աբել Իսահակի Պետրոսյանը։

Աստղաշենցիներն Արցախյան պատերազմում խմբագրել

Աստղաշենում 1991 թվականին կազմավորվել է կամավորական ջոկատ, որն առանձին, ապա Բադարայի վաշտի կազմում մասնակցել է Ասկերանի (Նախիջևանիկ, Խրամորթ), Մարտակերտի, Աղդամի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աստղաշենի հրամանատարներն են եղել Վ. Ղազարյանը, Կ. Գասպարյանը, Ա. Եգորյանը, Յ. Անտոնյանը։ Գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[3]։ Նրանց հիշատակի անկյունը բացել են Աստղաշենի դպրոցում 1994 թվականի դեկտեմբերի 21-ին։ Գյուղի զոհված ազատամարտիկների պատվին գյուղում բացվել է հուշարձան, որը կառուցվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատար, գեներալ-մայոր, աստղաշենցի  Արմեն Ղահրամանյանի նախաձեռնությամբ` 2009 թվականին։

Հայտնի աստղաշենցիներ խմբագրել

Գյուղի պատմության մեջ կարելի է նշել բազմաթիվ հայտնի անուններ. խմբագրել
  • Ռոբերտ Քոչարյան- ՀՀ նախկին նախագահ,
  • Կարեն Կարապետյան - ՀՀ վարչապետ,
  • Լևոն Մնացականյան - Արցախի հանրապետության պաշտպանության նախարար,
  • Նարինե Աղաբալյան - Արցախի հանրապետության կրթության և գիտության նախարար,
  • Արմեն Ղահրամանյան - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ,
  • Ռիտա Մնացականյան – Արցախի հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր,
  • Մովսես Կարապետյան - գնդապետ,
  • Անդրանիկ Ճաղարյան - դոկտոր-պրոֆեսոր,
  • Ռոլանդ Գրիգորյան - ակադեմիկոս,
  • Պավել Անդրյան - վաստակավոր ուսուցիչ,
  • Սեդրակ Քոչարյան - գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Էդիկ Ղահրամանյան - Ստեփանակերտի Շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։
Հանրաճանաչ գիտնականներ են․ խմբագրել
  • Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան - բճշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, սրտաբան (Երևան), «Գրանդ պրի» և Ն.Ն.Բուրդենկոյի անվան մրցանակակիր։
  • Ռոլանդ Անաստասի Գրիգորյան - Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր (Երևան), բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։
  • Բենիկ Մկրտիչի Մնացականյան -  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (Ուզբեկստան՝ Սամարղանդ)։
  • Երվանդ Համբարձումի Անդրյան - անասնաբուծական գիտությունների թեկնածու (դոցենտ, Վորոշիլոգրադում)։
  • Միքայել Ներսեսի Առաքելյան - բանահավաք, գիտաշխատող, «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից» գրքի և այլ աշխատությունների հեղինակ։
  • Ժան Սերգեյի Անդրյան- գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ (20.06.1996 թվական. Հետմահու, Ստեփանակերտում նշվեց Ժանի ծննդյան 70-ամյանկը և որոշվեց իր ծննդավայրի՝ Աստղաշենի դպրոցը անվանել Ժան Անդրյանի անունով)։
  • Ռոբերտ Միքայելի Ղահրամանյան - ԽՍՀՄ, Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, բանահավաք, բազմաթիվ գրքերի հեղինակ, Արցախի արվեստի վաստակավոր գործիչ։
  • Սլավա Զավենի Պետրոսյան - դասախոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու։
  • Յուրի Ավանեսի Ասրյան - դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ։
  • Յուրի Հովսեփի Ջհանգիրյան - գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։ Գյուղին իր մեծ օգնությունն է ցուցաբերում համագյուղացի Վիլեն Կարապետյանը։ Նրա ջանքերով 2010 թվականին կառուցվեց գյուղի արվեստի դպրոցը։

Պատկերասրահ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1898 թվականի օգոստոսի 24-ին Դաշբուլաղ ժամանեց Խրիմյան Հայրիկը։ Գյուղում նրա գտնվելու մասին վկայում է քարի վրա գրությունը, որը պահվում է դպրիան թանգարանում[12]։
  • Աստղաշենի ամենատարեց մարդը 2017 թվականի դրությամբ Նունուֆար Իշխանի Պետրոսյանն է` ծնված 1923 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «ԼՂՀ Աստղաշեն գյուղում բացվել է արվեստի դպրոց». armenpress.am. Արմենպրես.
  3. 3,0 3,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 79-80։
  4. Բազմավեպ, (1989 թ). նախախորհրդային քարտեզներ. էջ 204.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». www.stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. «Աստղաշենի աստղային առեղծվածը». artsakhtimes.am.(չաշխատող հղում)
  8. «Աստղաշենի գաղտնիքները». medium.com.
  9. 9,0 9,1 «Աստղաշեն. թե ինչ են հուշում ուսումնասիրությունները». www.karabakh-open.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին.
  10. «Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի առօրյան». www.artsakhtv.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Աստղաշենի տեսարժան վայրեր». ecovillage.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին.
  12. Ջհանգիրյան, Անյա (2015). Աստղաշենը և աստղաշենցիք. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն. էջեր 10–11.

Աղբյուրներ խմբագրել

  • Հ. Ղահրամյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015 էջ 33-34