ՀՀ պաշտպանության կոմիտե

ՀՀ պաշտպանության կոմիտե, Կառավարությանն առընթեր ռազմական ղեկավար մարմին՝ 1991 թվականի մայիսի 4-ից 1992 թվականի փետրվարի 16-ը։

ՊատմությունԽմբագրել

Կազմավորվել է ԼՂԻՄ-ում և ՀՀ սահմանամերձ շրջաններում պայթյունավտանգ իրավիճակի, «Օղակ» գործողության ծավալման պայմաններում (նախագահ՝ Վահան Շիրխանյան, շտաբի պետ և առաջին տեղակալ Գուրգեն ԴալիբալթայանՄայիսի 7-ին կայացել է Պաշտպանության Կոմիտեի անդրանիկ նիստը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ռ. Բախշյանի, Լ. Մարտիրոսով, Ռ. Առաքելյանի, Ի. Ղուկասուի, Հ. Հայրարդետյանի, Ղ. Պետրոսյանի, Ա. Տարինցյանի, Ա. Միքայելյանի, Մ. Վարդանյանի, Վ. Մկրտչյանի և ուրիշների մասնակցությամբ։ Իր գործունեության ընթացքում կազմակերպել է շուրջօրյա հերթապահություն, ինքնապաշտպանության շտաբների պատասխանատուները կոմիտեին ներկայացրել են սահմաններում օպերատիվ իրավիճակի ամփոփագրեր, որոնց հիման վրա կատարվել են հանրապետության ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություններ։

Մայիս-հունիս ամիսներին ՊԿ անդամները հանրապետության բոլոր սահմանամերձ շրջաններում ճշտել են իրավիճակն ու առաջնահերթ խնդիրները։ Հունիս-օզոստոսին զինկոմիսարիատների միջոցով ուսումնասիրվել են պահեստի սպաների տվյալները և կազմվել զինվորական մասնագետների (կապավոր, սակրավոր, հրետանավոր և ուրիշներ) ցուցակները, լավագույնները գործուղվել են սահմանամերձ շրջաններ։

ՊԿ-ի ուշադրության կենտրոնում է եղել ԼՂ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրը։ Նշանակալի աշխատանք է կատարվել նաև սահմանամերձ շրջանների բնականոն կյանքն ապահովելու գործում։ «Կոմանդրա» խմբի (ղեկավար՝ Արկադի Տեր-Թադևոսյան) կազմում մի խումբ կադրային սպաներ կամավոր մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ կամավորական ջոկատները համախմբելու և ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ ՊԿ Հայաստանի համար անբարենպաստ իրադարձությունների ընթացքում իրականացրել է կազմակերպական միջոցառումներ, ինչպես նաև համախմբել տարբեր ուժերի կողմից ղեկավարվող ջոկատները և ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատման շնորհիվ նպաստել ՀՀ ներքին կայունության պահպանմանը։

ՊԿ հիմնադխ-անդամներից զոհվել են Հ. Մինասյանը (հետախույզ-սակարվոր), Մ. Գրիգորյանը (կապավոր), Ա. Տատինցյանը (հրետանավոր)։ Շատերը պարգևատրվել են կառավարական շքանշաններով ու մեդալներով, մյուսները՝ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ՀՀ բանակի բարձր հրամանատարական կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։