Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին՝ եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին[1]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (ապրիլի 11, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անի (այլ կիրառումներ)
Քաղաք
Անի
Անի
Դրոշ Զինանշան

Անիի պարիսպներ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Առաջին հիշատակում5-րդ դար
Այլ անվանումներԱնիոն
Մակերես250,7 հեկտար, 432,45 հեկտար
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն100-200 հազար մարդ (11-րդ դար)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Անի (Թուրքիա)##
Անի (Թուրքիա)
Անի (Աշխարհ)##
Անի (Աշխարհ)
Անի
Archaeological Site of Ani*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Թուրքիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2016  (40-րդ նստաշրջան)
Համար 1518
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1518
ռուս..անգլ..ֆր.

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 6-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (791-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում[2]։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին[3]։

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը[4]։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա

Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվել է Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնել է Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում[5][6]։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։

Անվանում խմբագրել

Մեծ Հայքի թագավորության արևմուտքում գտնվում էր Բարձր Հայք նահանգ-աշխարհը։ Այն իր անունը վաստակել էր ոչ թե բարձր աշխարհագրական դիրքի, այլ հայկական հեթանոսական դիցարանի բոլոր աստվածների տաճարների սրբավայր լինելու պատճառով։ Նրա ամրոցներից առավել հայտնի էր «Անի-Կամախ» բերդաքաղաքը, որը գտնվում էր Դարանաղի գավառում։ Այստեղ կառուցվել է գլխավոր աստծու՝ Արամազդի տաճարը։ Անի քաղաքի անվանումը գալիս է այս ամրոցից[7]։ Անիի անվանումը կապվում է նաև հայկական դիցարանի գլխավոր՝ մայրության ու պտղաբերության աստվածուհի Անահիտի հետ։

Անի էր կոչվում նաև հայկական հեթանոսական տոմարի ամիսների յուրաքանչյուր 12-րդ օրը, որը նույնպես կապված էր Անի-Կամախ բերդաքաղաքի հետ։

  ...զքաղաքն Անի, որ կոչի Խնամք...
- Վարդան Բարձրբերդցի, Պատմութիւն տիեզերական[8]
 

: Ուսումնասիրողները չեն պարզել, թե ինչու է Անին կոչվել Խնամք, և ինչ է նշանակում այս բառը, որ հաստատապես խնամել բառը չէ, ինչպես հավաստում է հայագետ Հայնրիխ Հյուբշմանը։

Պատմություն խմբագրել

Բերդ-ամրոց խմբագրել

Հնագույն ժամանակներից Անիի տեղում եղել է բնակավայր, մերձակայքում կա դամբարանադաշտ, որը թվագրվում է ուրարտական ժամանակաշրջանին (մ. թ. ա. 8-7-րդ դարեր)։ Հայ մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում՝ իբրև անմատույց ամրոց։ Դրա մասին տեղեկություններ են հաղորդում Ավարայրի ճակատամարտի մասնակից Եղիշեն ու Ղազար Փարպեցին։

 
Մեծ Հայքը Արշակունիների շրջանում

Բերդը պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ Ամրոցը կառուցվել է հրվանդանի հարավային մասում՝ ժայռակող բլրի վրա։ Հյուսիսից պաշտպանվել է հզոր պարսպապատով, որից դուրս տարածված է եղել ավանը (հայտնաբերվել են բնակելի և պաշտամունքային շինությունների հետքեր)։ Հրվանդանի սուր ծայրում՝ ժայռեղեն բլրակի վրա (Աղջկա բերդ), Թորոս Թորամանյանի կարծիքով, դեռևս 4-5-րդ դարերում գոյություն է ունեցել ամրոց։ 9-րդ դարի սկզբին Հայաստանի կառավարիչ, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները Անիի ամրոցի հետ, միացրել իր կալվածքներին։ Բագրատունիների տիրույթների մեջ են մտնում նաև Կումայրին (Գյումրի), Կարուց Բերդը (Կարս) և այլ ամրոցներ։

Կամսարականների շինարարական գործունեության արգասիք է Անիի միջնաբերդի՝ որձաքարով շարված պարիսպը։ Քարերն ունեն ծիծեռնակապոչ գամերի համար արված փորվածքներ։ Այդ շրջանին է վերագրվում նաև միջնաբերդի թաղակապ, միանավ, այսպես կոչված՝ պալատական եկեղեցին (7-րդ դար). որի որմնասյուներին պատկերված են 4 ավետարանիչների (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես) խորհրդանիշ բարձրաքանդակները, ինչպես նաև Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելու տեսարանը։ Եկեղեցու մուտքի բարավորին պատկերված է երկու հեծյալների բարձրաքանդակը։ 8-րդ դարում հյուսիսային պատին կից կառուցվել է զվարթնոցատիպ որմնասյուներով կրկնահարկ տապանատուն-մատուռ, որի ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։

5-րդ դարում Անիի ամրոցի հոգևոր կենտրոնը հանդիսացող Տեկորի տաճարի դպրոցում ուսուցիչ է եղել գիտնական և մանկավարժ Թաթուլ ճգնավորը, որից մեզ են հասել իր խրատներն աշակերտին։ 7-րդ դարում ուսուցիչ է եղել տիեզերագետ ու աշխարհագրագետ Անանիա Շիրակացին (կոչվել է նաև «Անեցի»)։

Մայրաքաղաք խմբագրել

9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատիոնիները։

 
Բագրատունիների թագավորություն

Բագրատունիների տնտեսական կենտրոններն էին Տարոնը և Շիրակը, որոնք ձեռք էին բերվել Մամիկոնյաններից ու Կամսարականներից։ Տարոնում առաջացել էր Բագրատունիների ինքնուրույն իշխանություն, իսկ վրաց Բագրատունիների կենտրոնն էր դարձել Տայքը։ Ուստի Բագրատունիներն իրենց 4 մայրաքաղաքները կառուցել են Շիրակում ու նրա շրջակայքում։

885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր՝ մայրաքաղաք լինելու համար։

Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները։

 
Անի քաղաքի հատակագիծը

Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Դվին-Տրապիզոն հատվածի վրա ընկած Անին դառնում է աշխույժ բազմամարդ քաղաք։ Դվինից և այլ վայրերից Անի եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։

Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կրպակներ։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ[9], Աբուղամրենց եկեղեցիները[10] և այլն։

Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Անիի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը, հայկական գորգերը, ոսկե ու արծաթե զարդերը։ 11-րդ դարում Անին մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող քաղաք էր։

 
Անիի կամուրջ

992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։

992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում։ Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն ստանձնել են կաթողիկեի կառուցումը, որն ավարտվել է 1001 թվականին։ Կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է սուրբ Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։

Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի միջև։ Թագավորը, երկյուղելով Տայքի 1022-23 թվականների ապստամբությունը ճնշած բյուգանդական բանակի ներխուժումից, Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042 թվականի վերջին թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի տասնութամյա Գագիկ Բ-ին։

1043-44 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։

Իշխանանիստ կենտրոն խմբագրել

Անիի թագավորության անկումից հետո Շիրակը մայրաքաղաքի հետ կառավարվում էր բյուզանդական կառավարիչների կողմից, ովքեր հայտնի էին որպես «կատեպան»։ Ամրացվեցին Անիի պարիսպները, անցկացվեց ջրմուղ։ 1064 թվականին, երբ սելջուկները երրորդ անգամ արշավեցին Հայաստան, Անին գրավվեց։ 1072 թվականին Անին սելջուկ սուլթան Ալփ-Արսլանից գնեց Դվինի ամիրա Աբուլսուարը և նվիրեց իր որդի Մանուչեին։ Հիմք դրվեց Անիի Շադդադյան ամիրայությանը, որն ընդմիջումներով տեվեց մինչև 1199 թվականը։

 
Մանուչեի մզկիթ

Շադդադյանների օրոք Անին նկատելիորեն կորցրեց արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը։ 12-րդ դարում Անին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ։ Վրաց թագավոր Դավիթ IV Շինարար Բագրատիոնին (1089-1125) 1124 թվականին արշավում է Անի։ Նրա հաջորդ Գեորգի III արքան ևս երկու անգամ՝ 1161 և 1174 թվականին, հայկական ջոկատների հետ արշավում է Շիրակ ու գրավում քաղաքը։ Ամեն անգամ շրջակա սելջուկ ամիրաները, որոնք Սելջուկյան սուլթանության տրոհումից հետո, ըստ երևույթին, ինքնուրույն էին դարձել, միավորում էին իրենց զորքերը ու հետ նվաճում Անին։

1199 թվականին Թամար թագուհու (1184-1213) հրամանով վրացական զորքերը հայկական ջոկատների ուղեկցությամբ ու ուղղափառ քրիստոնյա եղբայրներ Զաքարե ու Իվանե Զաքարյանների գլխավորությամբ վերջնականապես ազատագրում են Անին։ Զաքարեն վրաց զորքերի հրամանատարն էր (ամիրսպասալար), Իվանեն՝ թագաժառանգի խնամակալը (աթաբեկ

Անին դարձավ Զաքարյան իշխանապետության կենտրոնը, կառուցվեցին եկեղեցական և աշխարհիկ շենքեր, նորոգվեցին բերդապարիսպները, կամուրջները։ Պատմիչները այդ շրջանի Անին հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով։ 11-րդ դարում Անիի վերնախավի («գահապետք», «գահերեցք», «սեպուհք») կողքին առևտրա-վաշխառուական գործարքների շնորհիվ առաջացավ մեծամեծերի մի նոր շերտ, որին Արիստակես Լաստիվերցին անվանում է «Գլխավորք քաղաքին»[11]։

Քաղաքի վերնախավերը բնակվում էին միջնաբերդում և հարմարավետ թաղամասերում, ստորին խավերը՝ խուլ թաղերում, ծայրամասերում, անշուք հյուղերի, այրերի («քարտների») մեջ։

 
Անի քաղաքի զինանշանը

Անիում էին կենտրոնացած զորքի մատակարարման, հարկերի ու տուրքերի գանձման, հանքերի շահագործման, շինարարական, դրամա-վաշխառուական գործարքները, իջևանատների, կրպակների, ջրաղացների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործումը։ Քաղաքը կառավարում էր ավագների խորհուրդը (ավագանին), որը իրականացնում էր նաև օրենսդրական իշխանությունը։ Անին ուներ քաղաքապետ, որ կոչվում էր ամիրայից ամիրա կամ ամիրապետ։ Քաղաքի «մեծատունները» գրավում էին վարչական, տնտեսական և զինվորական պաշտոններ, զբաղվում առևտրով ու վաշխառությամբ։

Անին արհեստագործության, արտադրանքի վերամշակման խոշոր կենտրոն էր։ Զարգացած էին մետաղագործությունը, շինարարական արհեստները, կավագործությունը, անկվածագործությունը, գրչության արվեստը։ Քաղաքում կային մեծ թվով ջրաղացներ, ձիթհաններ։ Զաքարյանների ծաղկուն շրջանն ընդհատվեց մոնղոլների արշավանքով։ 1236 թվականին մոնղոլները պաշարեցին և տիրացան քաղաքին։ Անեցիների 1249 և 1260 թվականների ապստամբություններն ավարտվեցին անհաջողությամբ։ Մինչև 14-րդ դարի կեսերը Անին որպես քաղաք դեռ պահպանում էր իր գոյությունը։

Մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի քաղաքականությունը, բնակչության իրավազրկությունը, ծանր հարկերը անեցիներին Հայաստանի այլ քաղաքների բնակիչների պես ստիպեցին տարբեր ժամանակներում մեծ խմբերով գաղթել օտար երկրներ՝ Վրաստան, Հարավային Ռուսաստան (Հաշտարխան, Ղրիմ), Գարդմանի որոշ գյուղեր (Բարսում և այլն)[12]։

Քաղաք խմբագրել

Պարիսպներ խմբագրել

963-64 թվականներին Կամսարականների ամրոցի շուրջ մեծացող քաղաքը Աշոտ Գ Ողորմածը (953-977) կառուցապատում է «Աշոտաշեն» պարիսպներով։ Դրա աշտարակներում եղել են փոքրիկ եկեղեցիներ։ Թորոս Թորամանյանը երկու կողմնային աշտարակներում հայտնաբերել է մատուռներ։ Այդ պարիսպը շրջափակում էր «Շահաստանը»։ Անիի արագորեն ընդարձակվող թաղամասերը պարսպապատելու նպատակով՝ Սմբատ Տիեզերակալի (977-990) կառուցած «Սմբատաշեն» պարիսպները (2500 մ) Գայլաձոր-Իգաձոր հատվածում կրկնակի էին, 8-10 մ բարձրությամբ, արտաքին կողմից պաշտպանված խորը, ավելի քան 500 մ երկարությամբ ջրով լի խրամով։ Ջրի ավելցուկն օգտագործվում էր ջրաղացների, ձիթահանքերի քարերը պտտեցնելու և բանջարանոցները ջրելու համար։

 
Անիի պարիսպների ավերակներ

11-13-րդ դարերում «Սմբատաշեն» պարիսպները անընդհատ նորոգվել են Շադդադյանների, Զաքարյանների և առանձին անհատների կողմից։ Պահպանված արձանագրություններից հայտնի է, որ աշտարակներ են կանգնեցրել Մամախաթունը (92-րդ աշտարակ), Շանուշեն (46-րդ աշտարակ) և ուրիշներ։ Բոլոր աշտարակները, բացի Ծաղկոցաձորի և Գայլաձորի աշտարակներից, կլոր են։ Դրանց մի մասը ներքուստ երկու-երեք հարկանի է եղել, դրանցում տեղավորվել է պահակազորը։

Աշտարակներն ունեցել են հրակնատներ և ատամնավոր վերջավորություններ։ Անիի 40 դռներից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Ելումուտը կարգավորելու և փողոցները մաքուր պահելու նպատակով ծանր բեռներով սայլերն ու կառքերը քաղաք էին մտնում առանձին դռներով։ Արտաքին պարիսպների երեք մեծ մուտքերը՝ Կարուց, Դվնո, Ավագ, որոնց դռները երկաթագամ արտաքին երես են ունեցել, համարվել են անխորտակելի։ Եղել են նաև դռնակներ։

Սրբատաշ պատերի միապաղաղությունը վերացնելու համար դեղնավունից բացի օգտագործել են կարմիր և սև քար։ Մուտքերից մեկի վերին մասն ունի շախմատաձև շարվածք։ Պարիսպները արտաքուստ զարդարված են (խաչեր, արծիվ, վիշապ, ցլի գլուխ պատկերող զարդաքանդակներ, արձանագրություններ և այլն)։ Գլխավոր մուտքի վրայի վազող հովազի բարձրաքանդակը, հավանաբար, 13-րդ դարի Անիի զինանշանն է։

Անիի պարիսպները, չնայած մեծ չափերին, ճնշող տպավորություն չեն գործել, եղել են տեղի ռելիեֆին համահունչ, կազմել քաղաքի համայնապատկերի անքակտելի մասը, դարձել քաղաքի զարդը, անեցիները աշխատում էին ամեն ինչ ներկայացնել գեղեցիկ և հմայիչ տեսքով։ Անին ուներ արվարձաններ, մատույցները պաշտպանող ամրություններ, պահակատեղիներ (Մաղասաբերդ, Տիգնիս), կային մենաստաններ, ուր կուսակրոն հոգևորականները զբաղվում էին ուսուցմամբ, ձեռագրեր ընդօրինակելով (Հոռոմոս, Բագնայր, Երերույք, Տեկոր

 
Անիի պարիսպների ժամանակակից տեսքը

Կային 30 մ ավելի թռիչքով քարե կամուրջներ։ Միջնադարում նման կամուրջները բացառիկ էին։ Դրանցից մեկն ունեցել է երկու կողմում աշտարակավոր երկաթագամ դռներ և տախտակյա բացվող մասեր։ Նրա կամարակիր երկու կենտրոնական հենարանների հեռավորությունը 31,5 մ է։ Անիի հատակագծային նախնական կորիզը կազմել են ամրացված միջնաբերդը և սրա ստորոտում փռված Շահաստանը։

Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված է եղել արքունի ընդարձակ պալատը, որը կրում էր շուրջ չորսդարյա շինարարական գործունեության հետքերը։ Պատմիչների նկարագրած ոսկեզօծ որմնանկարներով ձևավորված 3500-4000 քառակուսի մետրանոց պալատի դահլիճներից մեզ են հասել չնչին մնացորդներ, երկար միջանցքը (50 մ), որի արևմտյան ծայրին, Ծաղկոցաձորի կողմից բացվել է գլխավոր մուտքը, պալատը բաժանելով երկու թևի՝ հյուսիսային և հարավային։ Հարավային թևում էր Կամսարականների բազիլիկ եկեղեցին, որը դարձել էր պալատական համալիրի բաղկացուցիչ մասը։ Հյուսիսային թևի որոշ հատվածներ երկհարկանի էին. երկրորդ հարկում տեղադրված էին հանդիսասրահները։ Հյուսիսարևելյան սրահում եղել են գիպսե հարդարանքի մասեր՝ որսի տեսարանով։

Պալատական դահլիճներից միայն հյուսիսարևմտյանն է շարված մաքուր տաշած տուֆով, առանց հարդարանքի։ Մնացած դահլիճներում սենյակների պատերը եղել են ճեղքված քարից՝ ծածկված սվաղով, որմնանկարներով, թանկարժեք դիպակներով։ Հյուսիսային թևում է եղել բաղնիքն իր բաժանմունքներով (7 սենյակ), սառը և տաք ջրերի ավազաններով, ջրամատակարարման, ջրահեռացման և տաքացման համակարգով։ Պալատի դահլիճները և սենյակները դասավորված էին այնպես, որ հաճելի տեսարան է բացվել դեպի Գագկաշեն եկեղեցին, Ծաղկոցաձորը, հեռավոր Ալաջայի (Արջոառիճ) լեռները (հյուսիսարևմտյան դահլիճ), Մայր տաճարը, Ախուրյանի կիրճը, Արագածը (արևմտյան դահլիճ), դեպի միջնաբերդի ստորոտը փռված քաղաքը (հյուսիսարևմտյան դահլիճ)։

Հասարակական շինություններ խմբագրել

Սելջուկյան ավերածություններից հետո՝ Զաքարյան իշխանապետության տարիներին, Անիի ճարտարապետությունը ապրեց իր զարգացման հաջորդ շրջանը, երբ առաջատարն ու հիմնականը արդեն աշխարհիկ շենքերն էին՝ նրանցում մշակված ձևերը։ Կառուցվեցին պալատներ, որոնց մեջ ժողովրդականտան ձևերը գլխավոր դեր սկսեցին խաղալ։

 
Սելջուկ Շադդադյանների պալատը Անիում

Անիի աշխարհիկ ճարտարապետության վրա ակտիվ ներգործել են մի շարք հանգամանքներ՝ սոցիալ-տնտեսական միջավայրը և նրա հետ կապված աշխարհիկ մտածելակերպը, բնակչության բազմազգ կազմը և այլն։ Անիի ճարտարապետության ծաղկումը 12-13-րդ դարերում կապված է եղել քաղաքային կյանքի զարգացման հետ։ Անիի աճն աչքի է ընկել մի շարք բնորոշ գծերով, աշխարհիկ ճարտարապետության մշտական ազդեցությունը եկեղեցականի վրա, ճարտարապետական-գեղարվեստական հնարների ընդհանրությունը (օրինակ՝ հարուստ շքամուտքի մոտիվը) և այլն։ Քաղաքային դասի ուժեղացման հետ մեկտեղ մեծատունների կողմից հոյակապ շենքեր են կառուցվել Անիում։ Այս կարգի շինություններից է Անիի Պարոնի պալատը։ 1905 թվականին Գագկաշենից հյուսիս պեղված մի այլ պալատի շքամուտքի՝ Թորոս Թորամանյանի վերակագմությունը ցույց է տալիս, որ այն լրիվ նմանվել է Պարոնի պալատի շքամուտքին։ Աստղաձև քարերից մեկի վրա կարդացվել է«Սարգիս» անունը (այստեղից՝ «Սարգսի պալատ»)։

Անիի իջևանատների (խանապար) մասին պահպանվել են վկայություններ վիմագրական արձանագրություններում։ Պեղված շենքերից մեկը երկարավուն, սրբատաշ քարերով սալահատակված բաց սրահ է։ Պատերի երկայնքով տեղավորված են թաղածածկ սենյակները։ Անիի իջևանները նույնպես ունեցել են հիանալի մշակված շքամուտքեր։ Բնակարանային ճարտարապետության մեջ ցայտուն կերպով դրսևորվել է բնակչության շերտավորումը։ Պեղումները բացել են բազմաթիվ բնակելի շենքեր՝ ճոխ հարդարանքով առանձնատներ և հասարակ տներ։ Բնակելի տները գերազանցապես բաղկացած էին 3-5 հիմնական և օժանդակ սենյակներից։ Բնակարանների բաղկացուցիչ մասերն էին՝ թոնիրները, բուխարիները, պատուհանները, ամբարները և այլն։ Կառուցվել են գերազանցապես ճեղքված քարերով և սալահատակվել (հիմնականում տեղադրվել են գլխավոր փողոցի վրա, պեղվել են 1912 թվականին)։ Բնակելի յուրահատուկ թաղամաս է կազմել ժայռափոր Անին։ Ներքին պարիսպն ուներ հայտնի դարպասներ՝ Գաղտ և ուրիշ[13]։

 
Անիի Աշոտաշեն պարիսպներ

Անդնդախոր կիրճերի եզրով ձգվում են հարյուրավոր արհեստական քարանձավներ։ Լայն տարածում էին գտել դեռևս Բագրատունյաց ժամանակ առաջ եկած եկեղեցական գավիթներն ու ժամատները, որոնք թեև եկեղեցիներին կից, բայց աշխարհիկ շենքեր էին՝ ժողովրդական տան ձևերով և, երբեմն, իրենց կառուցվածքով ավելի արժեքավոր, քան բուն եկեղեցիները։ Տաճարների արտաքին հարթությունների նախկին զուսպ հարդարանքին փոխարինել են գեղատեսիլ, հաճախ աշխարհիկ թեմաներ բովանդակող ճոխ զարդաքանդակները, որ ամբողջական պար են կազմում տաճարների չորս կողմը։ Մուտքերի շրջանակները մեծացել և լցվել են քանդակներով։ Բուսական քանդակները ընդմիջվում են թռչունների և չորքոտանի կենդանիների պատկերներով։

Վերելք է ապրել նկարչությունը, որ գերազանցապես արտահայտվել է որմնանկարչության և մանրանկարչության մեջ։ Տաճարների պատերի ներսի երեսները ծածկվել են որմնանկարներով, որոնց մեջ Աստվածաշնչի տեսարանները, սրբոց պատկերները և քրիստոնեություն ընդունելու առասպելները կարևոր տեղ են բռնել։ Այս շրջանի շենքերից ամենակարևորը մեծահարուստ Տիգրան Հոնենցի կառուցած՝ Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր ժամատնով, որը նկարներով ու քանդակներով շատ զարդարված լինելու պատճառով հետագայում կոչվել է «Նախշլի»[14]։ Հոնենցը եկեղեցու գոյությունն ապահովելու համար բազմաթիվ նվերներ է տվել նրան, որոնք մանրամասն թվարկված են շինության արձանագրության մեջ։ Նա իր կառուցած վանքին է տվել գյուղեր, կալվածքներ, այգիներ, ջրաղացներ, հյուրատներ, խանութներ, բաղնիք։ Հոնենցի եկեղեցուն չի զիջում նույն ճոխությամբ կառուցված Անիի Բախտաղեկի եկեղեցին։ Անիում կան տոհմական մի քանի այլ եկեղեցիներ ևս։

 
Անիի միջնաբերդից մի հատված

Զարգացած միջնադարում շրջանում նշանակալի բարձրության հասավ քարային կոնստրուկցիաների մշակման գործը (հատվող և խաչվող կամարներ ու թաղեր)։ Անիում մեծ թափ ստացավ ճանապարհաշինությունը, կամուրջների, քարավանատների, իջևանների, շքեղ մենատների, գավիթների, ժամատների, տոհմային՝ դամբարանների և վիմափոր կառուցվածքների շինարարությունը, որոնք անկրկնելի, յուրատեսակ կոթողներ են և զարմանք են պատճառում յուրօրինակ ճարտարապետական լուծումներով։ Հայկական ճարտարապետության զարգացման հիմնական կենտրոնի իր նշանակությունը Անին պահպանեց մինչև 14-րդ դարը։ Զաքարյանների իշխանությունը վերջացավ թուրքական ցեղերի ներխուժումով։

Անին բացի սովորական դպրոցներից, ուներ իր համալսարանը (Անիի վարդապետարան), որտեղ դասախոսում էին ժամանակի խոշոր գիտնականներն ու մանկավարժները։ Երկար տարիներ Անիի բարձրագույն դպրոցը ղեկավարել են բազմաթիվ աշխատությունների հեղինակ և հույն փիլիսոփաների թարգմանիչ ու մեկնաբան Պահլավունի Գրիգոր Մագիստրոսը, ինչպես նաև Հաղպատից հրավիրված Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր)։ Այդ դպրոցի սաներից էին ժամանակագիր Սամվել Անեցին և ուրիշներ։

Դպրոցում, բացի կրոնական առարկաներից և լեզուներից, դասավանդել են նաև երաժշտություն, նկարչություն, համարողական արվեստ, ճարտարապետություն և այլն։ Անիում գրվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր։ Բագրատունյաց արքունիքը և կաթողիկոսարանը ունեցել են իրենց թանգարանները, ուր մեծ տեղ են գրավել ձեռագրերը։ Անիի հարյուրավոր վիմական արձանագրությունները գրագետ և զեղեցին հայերենով են գրված և, բացի իրենց բովանդակությունն արտահայտելուց, շենքերի պատերին ծառայել են իբրև զարդարանք։ Նիկողայոս Մառի քսանամյա պեղումները երևան բերեցին Անիի նյութական մշակույթի, մասնավորապես՝ արհեստագործական բազմաթիվ նյութեր, որոնք մեծ դեր խաղացին միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրության գործում, վեր հանեցին հայ արհեստավորի փորձն ու հմտությունը։

Անին հայտնի էր նաև իր մանրանկարչության դպրոցով։

Եկեղեցիներ խմբագրել

 
Անիի մայր տաճար

Հայկական ճարտարապետության պատմության մեջ Անին հայտնի է որպես պաշտամունքային կառույցների նշանավոր կենտրոն։ 8-րդ դարից Հայաստանում ճարտարապետական հորինվածքների զարգացումը կանգ էր առել արաբների տիրապետության հետևանքով։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անիի շինարվեստի զարգացումն ընթացավ մինչարաբական շրջանի (վաղ միջնադարի) հայկական ճարտարապետության ամբողջ ժառանգության, անցյալի հուշարձանների հատակագծային և ծավալային հորինվածքների վերստեղծման ու վերամշակման ուղիով, փաստորեն սկսվելով այն տեղից, որտեղ արհեստականորեն ընդհատվել էր դրանց աստիճանական զարգացումը։

Անիի բոլոր կառույցներն էլ վերարտադրում են 7-րդ դարի հանրահայտ կոմպոզիցիաները. Անիի Մայր տաճարը, գմբեթավոր բազիլիկից խաչակենտրոնագմբեթի անցնելու տարբերակ է, Առաքելոց եկեղեցին՝ քառաբսիդ կենտրոնագմբեթ, Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն)՝ զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցին, Փրկչի եկեղեցին[15], Հովվի եկեղեցին՝ բազմաբսիդ և այլն։ Սակայն դրանք կրկնողություն չեն, այլ դրսևորվում են իբրև տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակ։

Քաղաքային կյանքի և աշխարհիկ մտածողության աշխուժացումը իր կնիքը դրեց Անիի ճարտարապետության վրա։ Նույնիսկ եկեղեցական կառույցներում որոշակիորեն նկատվում է քաղաքացիական ճարտարապետության ազդեցությունը, որն առավել ցայտուն արտահայտված է դեկորատիվ հարդարանքների մեջ։ Առաջնակարգ նշանակություն է ստացել մակերևույթների պլաստիկ մշակումը։ Լայն տարածում գտած եռանկյունաձև ուղղաձիգ խորշերից բացի, որոնք երբեմն կատարում են զուտ դեկորատիվ դեր, գրեթե ամենուր օգտագործվել է նաև դեկորատիվ որմնակամարաշարը, որն ստեղծում է լուսաստվերային գեղեցիկ խաղեր, ընդգծում կառուցվածքների համաչափությունների ուղղաձիգությունը։

 
Կուսանաց վանք (Անի)

Տրոմպայինին վերջնականապես փոխարինած առագաստային անցումները հնարավորություն են ստեղծել կառուցել արտաքուստ կամարաշարերով և սյունափնջերով հարդարված, բազմանիստ կամ լրիվ բոլորշի թմբուկներ, որոնք շատ հաճախ ավարտվել են ամպհովհարաձև վեղարով։ Լուսամուտները ներառվել են քանդակազարդ կամ բարդ տրամատավորված շրջանակների մեջ, իսկ պսակները հաճախ նստել են կիսասյուների վրա։ Եկեղեցիներից շատերն ունեցել են մեկից ավելի շքամուտք։ Դռների բացվածքների երկու կողմերից ուժեղ շեշտված որմնասյուների վրա բարձրացել են կամարակիր սյունափնջեր, իսկ վերնասյամերը ծածկված են եղել արձանագրություններով։ Մուտքերը եղել են ներքուստ հաճախ կամարակապ, իսկ արտաքուստ ունեցել են լայն երեսակալներ, որոնք ավարտվել են անտիկ ճարտարապետության մոտիվներով (ականթներ, ուլունքներ և այլն) քանդակազարդված արխիտրավներով։ Զարդաքանդակների հորինվածքներին ավելի բնորոշ է եղել երկրաչափական կազմությունը։

7-րդ դարի տաճարների ընդարձակ լուսամուտները փոխարինվել են դեպի վեր ձգված նեղ բացվածքներով։ Տաճարների ներքին տարածությունները ձգվել են դեպի գմբեթի կիսագունդը, որը խորհրդանշել է երկնակամարը։

Տնտեսություն խմբագրել

Արհեստներ և առևտուր խմբագրել

 
Անիի սուրբ Փրկիչ եկեղեցին

Անիի, որպես միջնադարյան քաղաքի, արտադրության ինքնատիպ կողմերը երևան բերեցին նրա տեղը և դերը միջազգային առևտրի համակարգում[16]։ Գտնված նյութերը ցույց տվեցին, որ Անիում արդեն արհեստային արտադրանքը նեղ, անհատական շրջանակներից դուրս է եկել և ստացել շուկայական, մասսայական արտադրանքի բնույթ։ Անին միջնադարյան Հայաստանի արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այդ են վկայում մատենագրական և վիմական արձանագրությունները։ 1222 թվականին, Անիից ոչ հեռու գտնվող Մաղասաբերդում տնեցիների կողմից արաբերենից հայերեն թարգմանված երազահանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) հիշատակված է մոտ քառասուն արհեստ, այդ թվում՝ դարբնություն, զինագործություն, դերձակություն, ջուլհակություն, բրուտագործություն, ջահբարություն, պղնձագործություն և այլն։ Անիում կային հատուկ փողոցներ, շարքեր, թաղեր, որտեղ ըստ համքարությունների կենտրոնացված են եղել որոշակի արհեստանոց-կուղպակներ՝ բազզնոց «(ջուլհակների փողոց), սառաճփողոց (թամբագործների փողոց), կոշկակարոց, նալբնդնոց, գտակկարոց և այլն։ Պահպանվել են նաև արհեստավորների անուններ (Կոնդեր դարբին, 1213, Սարգիս լարարար, 13-րդ դար)։ Անիի արհեստներում կարևոր տեղ է գրավել մետաղագործությունը։ Գտնվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ, կողպեքներ, դանակներ, զենքեր, զարդեր։ Անիում պատրաստված մոմակալները, աշտանակները և ջահերը հայտնի են եղել ողջ երկրում։

Անիի միջնաբերդում գտնվել են 10-11-րդ դարերի զոդման եղանակով պատրաստված խողովակներ։ Խեցեգործները կավից պատրաստել են տարբեր կիրառության անոթներ, որոնք սպառվել են ներքին և արտաքին շուկաներում։ Գտնված իրերի մեջ մեծ թիվ են կազմում շինարարական խեցեղենը (փողրակ, աղյուս և այլն), դրոշմազարդ կարասները, սնդկամանները, ջնարակապատ անոթները։ Անիի հախճապակե թասերը իրենց զարդարման եղանակով (ցանցկեն, մասկարոններ և այլն) և պատրաստման հմտությամբ չէին զիջում մերձավորարևելյան կենտրոնների արտադրանքին։ Անին միջնադարյան Հայաստանի ապակեգործական խոշոր կենտրոն էր։ Ապակե սրվակների, անոթների ե ապարանջանների արտադրությունը, հատկապես 12-13-րդ դարերում, ընդունեց մասսայական բնույթ։ Ապակու ներկայումս պահվող հավաքածուի մեջ մտնում են տարբեր եղանակով պատրաստված անոթներ, հասարակից մինչև բարձրարժեք գեղարվեստական նկարուն նմուշներ։ Նյութական մշակույթի տվյալներով և աղբյուրների վկայությամբ Անիում մեծ զարգացում են ապրել գործվածքների, գորգերի ու կաշվեղենի արտադրության հետ կապված արհեստները՝ մանածագործությունը, անկվածագործությունը, կտավագործությունը, մետաքսագործությունը, ներկարարությունը և այլն։

 
Տիգրան Հոնենցի (սուրբ Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցի

Անկվածազործության զարգացման բարձր աստիճանն է ցույց տալիս 1908 թվականին Ծաղկոցաձորի քարայրային մեծ դամբարանում գտնված աղջկա զգեստը՝ մետաքսե և բեհեզե յոթ տեսակի գործվածքներով և ոսկեթել վարդյակներով։ Մետաքսե նուրբ շղարշե փոքրիկ կտորի վրա պատկերված են կենդանիներ։ Մետաքսե գործվածքների մնացորդներ են գտնվել Անիի տարբեր վայրերում։ Բարձր մակարդակի են եղել փայտի գեղարվեստական փորագրությունը և քարի մշակումն ու շինարարական արհեստները (որմնադրություն, քարակոփություն), քանդակագործությունն ու նկարչությունը։

Վիմագրություններ խմբագրել

Անիի տարածքում գտնված արձանագրությունները կարևոր աղբյուր են միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմության ուսումնասիրության համար։ Արձանագրությունները գիտական մեթոդով հավաքելու և հրատարակելու գործը կապված է Նիկողայոս Մառի և նրա արշավախմբերի կատարած աշխատանքի հետ։ 1906 թվականից դա հանձնարարվեց Հովսեփ Օրբելուն։ Նրա հավաքած արձանագրությունները հրատարակվեցին 1966 թվականին, «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի պրակով, որի մեջ ընդգրկված են շուրջ 250 արձանագրություն։ Անիի արձանագրությունների մի մասը կառուցողական են և նվիրատվական։ Արձանագրություններում տեղեկություններ կան երկրի ներքին կյանքի, հասարակական կառուցվածքի, Անիի քաղաքային վարչության՝ քաղաքային խորհրդի, ավագների խորհրդի մասին։

 
Հայկական Աստվածամայր. Անիի գլխավոր սրբապատկերը, որը անեցիները տեղափոխել են Ղրիմ՝ մոնղոլ-թաթարների նվաճումներից հետո։ Ավելի ուշ հայերն այն տեղափոխում են Կամենեց-Պոդոլսկ։ Այժմ պահվում է Կիևի մշակույթի ազգային թանգարանում

Անիի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, վրացական, բյուգանդական, արաբական աղբյուրներում։ Ընդարձակ վկայություններ են թողել միջնադարյան հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Արիստակես Լաստիվերցին, Սամուել Անեցին, Մատթեոս Ուռհայեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Բարձրբերդցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։ Ն. Մառի պեղումները հնարավորություն տվեցին պարզել քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների համակարգը, ջրմուղի հիմնական ուղղությունները, բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներն ու մատուռները, մեծատունների շքեղ ապարանքների մնացորդները, արհեստավորների գործատները, հասարակ ժողովրդի հյուղակները և այլն։

Պեղումների ժամանակ բացվեցին 1892 թվականին՝ Բախտաղեկի, 1893 թվականին՝ Հոռոմ իշխանուհու տոհմական եկեղեցին, 1904 թվականին՝ քաղաքի չքավորական թաղամասերը և Անիի գլխավոր փողոցի մի մասը, 1905-06 թվականին՝ զվարթնոցատիպ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) տաճարը, 1907-08 թվականին՝ միջնաբերդի պալատական շինությունները, 1909 թվականին՝ Առաքելոց եկեղեցու շրջապատը, 1909-11 թվականներին՝ քաղաքի փողոցները։ 1910 թվականին ուսումնասիրվեցին «Սմբատաշեն» պարիսպները, 1913 թվականին պատճենահանվեցին որմնանկարները, 1914-17 թվականներին հետազոտվեցին քարայրերը, բնակելի տներ ե ուրիշ հուշարձաններ։

Հայտնաբերվեցին հնագիտական հազարավոր առարկաներ՝ աշխատանքային գործիքներ, մետաղե, ապակե և խեցեղեն իրեր, զենք, զրահ, դրամներ, բազմաթիվ քանդակազարդ բեկորներ։ Քաղաքի մի քանի միջնադարյան շենքեր վերածվեցին հնադարանի, թանգարանի (Մանուչեի մզկիթ, Փրկչի եկեղեցի), կառուցվեց թանգարանի նոր շենք։ Ն. Մառը Ա. դարձրեց Հայաստանի հնագիտական ուսումնասիրության կենտրոն։ Պեղումների տարեկան հաշվետվություններից բացի առանձին հրատարակվեցին «Անվո շարք» և «Անվո հնություններ» մատենաշարերը։ Անիի պեղումների վերաբերյալ Նիկողայոս Մառի ամբողջական աշխատությունը լույս տեսավ 1934 թվականին։

1910 թվականին Նիկողայոս Մառը հարց բարձրացրեց Անիում գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին, որը երկար պայքարից հետո հաջողությամբ լուծվեց 1917 թվականի ամռանը։ Ինստիտուտի նյութագիտական հիմք ստեղծելու նպատակով նա Պետրոգրադից Թիֆլիս ուղարկեց Անիի արխիվը՝ հնագիտական հաշվետվություններ, օրագրեր, լուսանկարներ, որոնք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճանապարհին անհետացան։ 1918 թվականին Անին դարձավ ռազմաբեմ, թուրքերը գրավեցին այն, հուշարձանների մի մասը վերածվեց ավերակների։ Թուրք զորքերի քաղաք մտնելու միջոցին հնագետ Ա. Քալանթարը, մի քանի լոռեցի զինվորների հետ, Անիի թանգարանային առարկաների մի մասը կարողացավ փրկել (ներկայումս դրանք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում

 
Անիի ավերակները


Քաղաքի համայնապատկեր


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dubin, Marc; Gawthrop, John; Richardson, Terry. The Rough Guide to Turkey. — 5th.. — New York: Rough Guides, 2003. — P. 831. — ISBN 9781843530718.
  2. Norwich, John Julius (1991). Byzantium։ The Apogee. New York: Viking. էջեր 342–343. ISBN 978-0-394-53779-5.
  3. Lordkipanidze, Mariam (1987). Georgia in the XI-XII Centuries. Tbilisi: Genatleba. էջ 150.
  4. The Citadel of Ani
  5. «Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  6. Centre, UNESCO World Heritage. «Archaeological Site of Ani - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  7. Հայկական սովետական հանրագիտարան, առաջին հատոր, էջ 407-412
  8. Պատմութիւն տիեզերական, Մ., 1861, էջ 117-18
  9. King Gagik's church of Saint Gregory
  10. The Church of Saint Gregory of the Abughamir family
  11. Вардапет Аристакэс. повествование Вардапета Аристакэса Ластиверци, о бедствиях, принесенных нам инородными племенами
  12. RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  13. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 776 — 992 էջ։
  14. The church of Saint Gregory of Tigran Honents
  15. The church of the Redeemer
  16. Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները. Անի, 41-49 էջեր

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 407