Հյուսիսային Կովկաս
Հյուսիսային Կովկաս, ընդգրկում է Նախակովկասը և Մեծ Կովկասի հյուսիսային լանջը։ Հյուսիսային Կովկասում են Ռոստովի մարզի հարավային մասը, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերը, Կաբարդինո-Բալկարական, Հյուսիս-Օսեթական, Չեչենա-Ինգուշական, Դաղստանի ինքնավար հանրապետությունները, որոնք կազմում էին նախկին ԽՍՀՄ-ի Հյուսիս-Կովկասյան տնտեսական շրջանը։
Իսլամը Հյուսիսային ԿովկասումԽմբագրել
Մշտապես խիտ բնակեցված Կովկասի լեռնային և մասամբ նախալեռնային շրջանները վաղ միջնադարում իրենցից ներկայացնում էին բազմաթիվ ցեղերի կուտակումներ: Դեռ հնուց Լեռնային Կովկասը շատ ժողովուրդների համար ապաստարան է եղել:[1]
Հյուսիսային Կովկասը, ըստ էթնիկական կազմի, իրենից ներկայացնում է անմիատարր տարածք` բնակեցված բազմաթիվ ազգերով: Դրանց մի մասը բազմաքանակ է, իսկ մյուսներն էլ մի քանի հազար են: Շատ ժողովուրդներ ունեն իրենց լեզուն, որոշներն էլ կամ կորցրել են լեզուն կամ էլ ձուլվել են ավելի մեծ լեզվաընտանիքների: Որոշները համարվում են Կովկասի բնիկ ժողովուրդներ, իսկ մյուսները այս տարածքում վերաբնակվել են բոլորովին վերջերս:
Հյուսիսային Կովկասի տարբեր ազգային խմբերի փոխազդեցությունն արտացոլվել է նրանց լեզվի, մարդաբանական տեսակի, նյութական և հոգևոր մշակույթի առանձնահատկություններում:
Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներն են ադիգները, ավարները, լակցիները, դարգինները, ինգուշները, կաբարդինո-բալկարները, չերկեսները, օսերը և չեչենները:[2]
Հյուսիսային Կովկասը հնուց բնակեցված էր ադիգների նախնիներով, ովքեր հայտնի են նաև որպես ղաշաղներ կամ զիքեր: Ադիգեական ցեղերը վաղ միջնադարում համարվում էին Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդներից մեկը` զիջելով միայն ալաններին: Նրանք միշտ մասնատված էին և թշնամացած էին ոչ միայն իրենց հարևանների, այլև միմյանց հետ: Ադիգները` որպես Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներ, ունեն “ադիգե” էթնոնիմը:
Հնագույն ժամանակներում իրենց “ադիգե” էին կոչում նաև չերկեսները: Չերկեսների էթնիկական ձևավորումը տեղի է ունեցել հին ադիգեական ցեղերի հիման վրա, ովքեր բնակեցված էին ժամանակակից Չերկեսիայի տարածքում: “Չերկես” տերմինի ծագումը կապված է 13-րդ դարի քաղաքական իրադարձությունների հետ:
Ժամանակակից կաբարդինների նախնիները, ովքեր նույնպես հայտնի են ադիգե անունով, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին Թամանի թերակղզում ունեին իրենց պետական միավորումը, որը հետագայում մտավ Բոսպորի թագավորության կազմի մեջ: 4-րդ դարում հոների արշավանքը ստիպեց ադիգեյցիներին վերաբնակվել Կովկասի լեռների մոտ: Մոտավորապես այդ նույն ժամանակ հյուսիսկովկասյան ցեղերի և Պրիազովյայի բուլղարների միախառնման արդյունքում ձևավորվեց բալկարիական ազգը: 13-րդ դարում մոնղոլ-թաթարների ներխուժման հետ կապված բալկարների նախնիները վերաբնակվեցին լեռներում: 14-րդ դարում ադիգների մի մասը ստացավ կաբարդիններ անվանումը և զբաղեցրեց բնակչության ժամանակակից տարածքը:
Ավարները, ագուլները, անդինները, արչինները, բեժտինները, բոտլիհները, հինուհները ձևավորում են Դաղստանի ժողովուրդների ամբողջությունը: Չեչենների և ինգուշների նախնիներն են համարվում վայնախները: Ինգուշների ինքնանվանումը գիտնականների մեծ մասի կողմից թարգմանաբար նշանակում է “աշտարակների բնակիչներ”: Ինգուշական աշտարակները համարվում են Հյուսիսային Կովկասի խորհրդանիշներից մեկը: “Ինգուշը” ժողովրդի ռուսական անվանումն է, որն առաջին անգամ ռուսական աղբյուրներում հայտնվել է 18-րդ դարում և ծագում է 17-րդ դարում ինգուշների կողմից հիմնված Անգուշտ բնակավայրի անվանումից: Չեչենները Հյուսիսային Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդն են: Չեչենների էթնոնիմն է “նոխչո” (հին անվանումը` “նախչա”, որը թարգմանաբար “նախ” վայնախական բառից նշանակում է ժողովուրդ, մարդիկ):[3]
Օսերը համարվում են ալանների սերունդները, ովքեր Կովկասում հիշատակվում են մեր թվարկության 1-ին հազարամյակի սկզբներից, թեև, անկասկած, նրանք այստեղ են եկել ավելի վաղ: Այս ժողովրդի պատմությունը համարվում է բարդ ուսումնասիրության համար: Բազմաթիվ գիտնականների մի քանի սերունդների ուսումնասիրությունները հաստատել են, որ օսերի էթնոգենեզը նախևառաջ Հյուսիսային Կովկասի սկյութա-սարմատա-ալանական ցեղերի երկարատև ներքին զարգացման արդյունք է:
7-րդ դարի կեսերից արաբները Դաղստանի գրաված շրջաններում սկսեցին տարածել իսլամ: Միաժամանակ նրանք դիմում էին ոչ միայն զենքի ուժին, այլև խաղաղ միջոցների, հաճախ` հարկային քաղաքականության: Նրանք, ովքեր ընդունում էին իսլամ, ազատվում էին շնչահարկից, երբեմն էլ հողահարկից: Շատ չանցած արաբները սկսեցին նաև միսիոներական գործունեություն: Դրա արդյունքում որոշ ժամանակ անց իսլամը սկսեց տարածվել Դաղստանի լեռնային շրջաններում: Այս գործընթացը տևեց հարյուրամյակ, ընդ որում բնակչության նշանակալի մասը, հատկապես լեռների բնակիչները մնում էին նախկին հավատալիքների հետևորդները մինչև 15-րդ դարի վերջը:
Հատկանշական է, որ իսլամի երկրպագուներ էին դառնում նախ և առաջ տեղական ֆեոդալները: Ամբողջ մուսուլմանական կրոնը համակված էր հնազանդության գաղափարով, որը համապատասխանում էր իրենց դասակարգային հետաքրքրություններին: Այն օգնում էր աշխատող լեռնականներին պահել հնազանդության մեջ և նրանց շեղել դասակարգային պայքարից ու հեղափոխական գործողություններից: Ֆեոդալները ստիպում էին իրենց գյուղացիներին ընդունել նոր կրոնը: Կարելի է ասել, որ այն ծնվել է ֆեոդալիզմի պայմաններում և ամենից լավ ծառայում էր ֆեոդալական դասակարգին:
Ինչպես մյուս երկրներին ու ժողովուրդներին, չեչենա-ինգուշական ժողովրդին նույնպես իսլամը բռնությամբ էր պարտադրվում: Դա անում էր տեղական ֆեոդալական վերնախավը արաբ և այլ միսիոներների օգնությամբ: Ժողովրդական զանգվածները ջանում էին հավատարիմ մնալ հին հեթանոսական աստվածներին:[4]
Մուսուլմանական միսիոներները սկսեցին ակտիվորեն Դաղստանից Չեչնիա թափանցել 16-րդ դարից: Շատ ժողովրդական լեգենդներում պատմվում է, թե ինչպես ավարական և կումիկական մուլաները չեչենական գյուղերում վարձվում էին որպես հովիվներ և այնտեղ տարածում իսլամը: Քանի որ 15-17-րդ հարյուրամյակներում չեչենական և ինգուշական լեռնական հասարակությունը գտնվում էր զարգացման ավելի վաղ փուլում, քան իրենց հարևանները` դաղստանցիներն ու կաբարդինները, որտեղ տեղի էր ունենում ֆեոդալական հարաբերությունների զարգացում, ապա բնական է, որ նրանք ձգտում էին իրենց ազդեցությունը հաստաատել չեչենների և ինգուշների վրա: Բացի դրանից նրանց հետաքրքրում էր Չեչենա-Ինգուշետիայի դիրքը, որի նկատմամբ հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում որոշ դաղստանցի ֆեոդալներ:
Բնականաբար, ձգտելով քաղաքականորեն հաստատվել այն տարածքում, որտեղ ապրում էին չեչեններն ու ինգուշները, ֆեոդալները ջանում էին ամրապնդել իրենց գաղափարական դիրքերը: Դրա համար էլ նրանք ակտիվորեն տարածում էին իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի այդ հատվածի բնակչության վրա: Քանի որ այդ ժամանակ Դաղստանում իսլամը կրոնի գերիշխող ձևն էր, ապա դաղստանական ֆեոդալները օգտագործում էին այն իրենց քաղաքական նպատակներում Չեչենա-Ինգուշետիա թափանցելու և այն տեղի բնակչության շրջանում տարածելու համար: Դա բավական երկար գործընթաց էր: Չեչենա-Ինգուշետիայի որոշ ցեղերի մոտ իսլամը թափանցեց ավելի վաղ, իսկ մյուսների մոտ` բավական ուշ:[5]
Չեչենական բնակավայրերից իսլամը սկսեց տարածվել Ինգուշետիայի լեռնային աուլները:
Օսմանյան կայսրության պատմության ամբողջ ընթացքում ստամբուլական սուլթանների և պարսկական շահերի միջև մրցակցություն էր տեղի ունենում: Շատ տարիների ընթացքում սուլթանական Թուրքիայի և շահնշահական Իրանի միջև տեղի էին ունենում արյունահեղ և հյուծիչ պատերազմներ: Արդեն 15-րդ դարում Թուրքիայի ձեռքն անցան Վրաստանի սևծովյան ափը, Աբխազիան: 1475 թ. նվաճվեցին Սև ծովի ափերի գենուեզական և վենետիկյան գաղութները: Փաստացի Թուրքիայի ձեռքերում էր Ղրիմը, որի խանը դարձավ սուլթան-հավատակցի վասալը:
Ձգտելով ամրապնդել իրենց ազդեցությունը Ադիգեայում, Կաբարդիայում և Չերկեսիայում` նվաճողները արմատավորում էին իսլամը: Սակայն թուրքական փաշաները և Ղրիմի խաները այդ ռազմական արշավանքները միայն հանուն իրենց կրոնի տարածման չէին կատարում: Իսլամական կրոնը հանդիսանում էր միայն վառ նվաճողական բնութագիր ունեցող այդ արշավանքների նշանը:
Մուսուլմանական պաշտամունքի հետևորդներն այն շրջաններում, որտեղ իսլամը գերիշխող կրոն էր, մոտ էին գտնվում իշխող դասակարգին: Չնայած առանձին լեռնական ժողովուրդների, օրինակ կաբարդինների մոտ, իսլամն արդեն 17-րդ դարում սկսեց նշանակալի դեր խաղալ, սակայն տեղական բնակչության շրջանում մուսուլմանական հոգևորականությունը մեծ հեղինակություն չուներ: Մուլլերը և ղադիները ամենայն հավանականությամբ եկվորներ էին Ղրիմից և Թուրքիայից: Նրանք լեռնականների շրջանում պարտադրում էին օտար սովորույթներ և բարքեր: Տեղական բնակչությունը հատկապես դիմադրեց մուսուլմանական կրոնական-ֆեոդալական օրենքին` շարիաթին, նախընտրելով ադատներով դատավարությունը: Երբեմն այն ստիպում էր հոգևորականությանը իր գործունեությունը հարմարեցնել տեղական ադատներին:[6]
Հետևաբար, ի տարբերություն Արևելյան Կովկասի, որտեղ իսլամի տարածումը այս կամ այն աստիճանով կապված էր արաբների նվաճումների հետ, Հյուսիսային Կովկասում այդ կրոնը պարտադրում էին թուրքական սուլթանները` վարելով նվաճողական քաղաքականություն:
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին թուրքերը ներթափանցեցին Հյուսիսային Կովկասի ծովափնյա շրջաններ: 16-րդ դարի կեսերին սկսվեց Հյուսիս-արևմտյան Կովկասի ժողովուրդների իսլամականացումը (ադիգեական և աբազինական ցեղերի): 16-17-րդ դարերում այստեղ այդ քաղաքականության ակտիվ քարոզիչներն էին Ղրիմի խաները:
Քաղաքական իրավիճակով պայմանավորված` ադիգեական ցեղերից որոշների մոտ իսլամը ավելի վաղ հաստատվեց, մյուսների մոտ` ավելի ուշ: Տարածման կենտրոնը Անապան էր, որը մինչև 1829 թ. գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ: Այդ պատճառով էլ ծովափին մոտ գտնվող ադիգեական հասարակությունները ավելի շուտ ենթարկվեցին իսլամի և թուրքական հոգևորականության ազդեցությանը, քան նրանք, ովքեր ապրում էին լեռների խորքում: Այսպես, ճանապարհորդների վկայությամբ, ովքեր այդ ժամանակ այցելել են Հյուսիս-արևմտյան Կովկաս, 16-րդ դարի կեսերին իսլամն արդեն ամրապնդվել էր միայն ադիգեական ցեղերի շրջանում, իսկ նրանցից արևելք` Կաբարդիայում ապրող չերկեսական և աբազինական ցեղերը հեթանոսներ էին: 1641թ. թուրք ճանապարհորդ Էվլիան, լինելով այդ վայրերում, գրում է, որ իսլամը դանդաղ ներթափանցում է Վերին Կուբանում և Ղում գետի մոտ ապրող աբազինների, չերկեսների և կաբարդինցիների շրջանում: Արտասահմանցի ճանապարհորդներ Ասկոլին, Վիթթսենը և Շարդենը նշում են, որ դեռևս 17-րդ դարում մի քանի աբազինական ցեղեր քրիստոնյա են եղել: Իսկ Գագրում և Պսհու գետի ափերում բնակվող աբազինների շրջանում կային անձեռնամխելի հեթանոսական սրբավայրեր:[7]
Բավական ուշ, քան աբազինական և ադիգեական ժողովուրդների մոտ, իսլամը ներթափանցեց բալկարների և կարաչաևների մոտ: Կարաչայի լեռներում իսլամը սկսել է ներթափանցել միայն 18-րդ դարի վերջին քառորդում: Գերմանացի ճանապարհորդ Յուլիուս Կլապրոտը, ով 1807-1808 թթ. այցելել է Կարաչա, նշում է, որ նոր կրոնն այստեղ առաջին անգամ սկսել է քարոզել էֆենդի Իսհակ Աբուկովը 1782 թ.: Նա ծառայում էր սուլթանական Թուրքիայի կառավարությանը: Կարաչաևցի պատմիչ Հ. Օ. Լայպանովը նշում է.”Իսհակ էֆենդիի քարոզներին ժողովուրդը թշնամաբար էր մոտենում: Իսլամի ներմուծումը նպաստեց կարաչևո-բալկարիական հասարակության ավատական վերնախավի իշխանության ուժեղացմանը, աշխատող զանգվածների հարստահարմանը և նրանց աղքատացմանը”:[8] Բալկարիացիների մոտ իսլամը սկսել է ներթափանցել 18-րդ դարի կեսերից: Բայց միայն 19-րդ դարի սկզբում այն վերջնականապես հաստատվեց Կարաչայի և Բալկարիայի լեռներում, սակայն դեռ շատ տասնամյակների ընթացքում այդ ժողովուրդների շրջանում պահպանվում էին նախկին, մինչմուսուլմանական հավատալիքները:
Օսերի ճնշող մեծամասնությունը նախքան հեղափոխությունը քրիստոնեություն էր դավանում, միայն մի փոքր մասն էր մուսուլման: Իսլամը օսերի մոտ ներթափանցեց Կաբարդիայից 17-18-րդ դարերում և տարածվեց առավելապես Հյուսիսային Օսեթիայի բարձր դասի շրջանում:
ԳրականությունԽմբագրել
1. Абазатов М. А., О вреде пережитков щариата и адатов в Чечено-Ингушетии и путях их преодоления. Грозный, 1963.
2. Авксентьев А., Ислам на Северном Кавказе. Ставрополь, 1984.
3. Бушуев С., Очерки истории Адыгеи. - Майкоп, 1957.
4. Кушева Е. И., Народы Северного Кавказа и их связи с Россией. Вторая половина 16 века 30-е годы 18 века. - Москва, 1963.
5. Лайпанов Х. О., К истории карачаевцев и балкарцев. - Черкесск,1957.
6. Ногмов Ш. Б., История адыгейского народа. Нальчик, 1947.
7. Смирнов Н. А., Политика России на Кавказе 16-19 веках. Москва, 1958.
8. Арсланов Р. А., Народы Северного Кавказа, /http://www.protown.ru/information/hide/hide-1743_html
9. Курахви Р., Блиц-даваат на Северном Кавказе /http://www.islam.ru/pressclub/analitika/blic-dawaa
10. Павлова О. С., Ислам как фактор формирования социотипического поведения представителей Северного Кавказа /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html
ԾանոթագրություններԽմբագրել
[1] Арсланов, /http://www.protown.ru/information/hide/hide-1743_html
[2] Павлова, /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html
[3] Павлова, /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html
[4] Абазатов, 1963, с. 8
[5] Кушева, 1963, с. 84
[6] Смирнов, 1958, с. 19
[7] Бушуев, 1957, с. 281
[8] Лайпанов, 1957, с. 46
Տես նաևԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 447)։ |