Սմբատ Բ Տիեզերակալ

Հայոց շահնշահ
(Վերահղված է Սմբատ Տիեզերակալից)

Սմբատ Բ Տիեզերակալ (10-րդ դար - 989, Անի), Հայոց թագավոր 978 թվականից, Բագրատունիների արքայատնից[1]։

Սմբատ Բ Տիեզերակալ
Դիմանկար
Ծնվել է10-րդ դար
Մահացել է989(0989)
Մահվան վայրԱնի
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունգերիշխան
ԾնողներԱշոտ Ողորմած, Խոսրովանույշ
Զբաղեցրած պաշտոններՀայոց շահնշահ
 Smbat II of Armenia Վիքիպահեստում

Գահակալություն

խմբագրել

Հայոց Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի գահակալության շրջանը (978-989 թվականներ) բեկումնային էր Բագրատունյաց թագավորության պատմության մեջ։ 978 թվականին Անիում գահ է բարձրացել Սմբատ Բ Տիեզերակալը, որին վիճակված էր բախվել հայոց թագավորության շրջակա երկրներում տեղի ունեցող փոփոխություններից բխող մարտահրավերներին և ավատատիրական մասնատվածության ծանր հետևանքներին։ Շրջանառվում է տեսակետ, ըստ որի Սմբատը 958 թվականից եղել է հոր` Աշոտ Գ-ի գահակիցը։ Իրականում այդ վարկածի հիմնավորման համար ներկայացվող փաստերը թյուրիմացություն են։ Այդ նույն վարկածը հիմնավորելու համար «Հայոց պատմության» նոր հրատարակված բազմահատորյակում հղված է Անանիա Մոկացու «Յաղագս ապստամբութեանն տանն Աղուանից» երկը, որտեղ Աշոտ Գ-ի մոտ 958 թվականին Հայոց արևելից կողմերի իշխաններին ընտերցին «զայր մի հոգեւոր...` Դաւիթ անուն..., եւ առաքեն ի Շիրակ գաւառ, ի նստոցն լեալ տեառն Սմբատայ Հայոց թագաւորի, Շիրակավան կոչեցեալ»։ Այսինքն սրանից փորձում են բխեցնել, թե իբր Աշոտ Գ-ի օրոք Շիրակավանում նստում էր Սմբատ թագավորը, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ Աշոտ Գ-ի որդի Սմբատը, փաստորեն, եթե նա 958 թվականին հիշատակված է որպես թագավոր, ուրեմն եղել է հոր գահակիցը։ Սակայն Անանիա Մոկացու բերված տեղեկությունը միայն նշանակում է, որ Շիրակավանը նախկինո´ւմ է եղել հայոց թագավոր Սմբատի կենտրոնատեղին։ Խոսքը Սմբատ Ա թագավորի մասին։ Շիրակավանը նույն Երազգավորսն էր, որը եղել է Սմբատ Ա-ի կենտրոնատեղին։ Այդ ժամանակ զգալիորեն թուլացած Արաբական խալիֆայության միջինարևելյան տիրույթներում տնօրինում էին իրանական ժողովուրդների առաջնորդները, որոնց հաջողվել էր տիրանալ Բաղդադին, նվաճել Միջագետքի ու Ասորիքի մեծ մասը և հարավից ընդհուպ մոտենալ Հայաստանին։ Միևնույն ժամանակ հզորության գագաթնակետին էր գտնվում Բյուզանդական կայսրությունը։ Սմբատ Բ-ի գահակալության շրջանում Բագրատունյաց Հայաստանում խորացել է ավատատիրական մասնատվածությունը։ 970-ական թվականների վերջին ու 980-ական թվականների սկզբին մեկը մյուսի հետևից հռչակվել են Տաշիրքի, Փառիսոսի և Սյունյաց թագավորությունները։ Սմբատի եղբայրը` Գուրգենը 978 թվականին Տաշիրքում հռչակվել է տեղական թագավոր։ Դա առաջ է բերել Սմբատ Բ-ի գերակայության ճանաչման անհրաժեշտություն Գուրգենի և Գագիկի կողմից, որն էլ արձանագրվել է երկու կրտսեր եղբայրների կողմից Սմբատ Բ-ին «հայրագլուխ առնելով»։ Իսկ Փառիսոսում Սենեքերիմը թագավոր է հռչակվել 982 թվականին, միևնույն ժամանակ Սյունիքում թագավոր է հռաչկվել Սմբատ Սյունին։ Վերջինս հռչակվելով թագավոր չի խզում կապերը Սմբատ Բ-ի հետ։ Նոր թագավորությունների ի հայտ գալն ավարտին է հասցրել Բագրատունյաց թագավորության մասնատման գործընթացը, որի հետևանքով նրա դերակատարությունն տարածաշրջանային հարաբերություններում էապես նվազել է՝ սահմանափակվելով զուտ հարևան տիրակալներին աջակցություն ցուցաբերելով։ Սակայն արդեն 980-ական թվականների ավարտին Սմբատ Բ-ն հետևողական ջանքերի շնորհիվ կարողացավ ամրապնդել գերակա դիրքը երկրում՝ իր շուրջը համախմբելով բոլոր ազդեցիկ ավատատերերին։ Նրան հիմնականում հաջողվել է հաղթահարել թագավորությանը սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները, զբաղվել երկրի շենացման աշխատանքներով, կառուցապատել ու ընդարձակել մայրաքաղաք Անին և արդյունավետորեն մասնակցել քրիստոնյա Հարավային Կովկասի կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին[1]։

Գործունեություն

խմբագրել

Նոր պաշտպանական համակարգ

խմբագրել

989 թվականին Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը։ Ըստ Ասողիկի` Սմբատ Բ-ի առաջին ձեռնարկներից մեկը Անիի նոր` Աշոտ Գ Ողորմածի օրոք կառուցված, այսպես կոչված, Աշոտաշեն պարսպից դուրս տարածվող թաղամասերն ընդգրկող պարսպի (գրականության մեջ՝ Սմբատաշեն) կառուցումն էր[2]։ Հսկայածավալ պարսպի կառուցումը տեղի է ունեցել 5-10 տարվա ընթացքում։ Ըստ Թորոս Թորամանյանի հաշվումների՝ Սմբատաշեն պարսպի երկարությունը կազմել է 2500 մետրից ավելի, բարձրությունը՝ 8-10 մետր, իսկ լայնությունը՝ մեկ մետր։ Հսկայական նախաձեռնություն էր Սմբատաշեն պարսպի կառուցումը։ Պարսպի ողջ երկարությամբ միմյանցից 10-20 մետր հեռավորության վրա կառուցվել էին բուրգեր (աշտարակներ), բացառությամբ Իգաձորի և Գայլաձորի հատվածներում գտնվող բուրգերի, որոնց հատակագիծը քառակուսի էր, մյուսներն ունեին կիսաշրջանաձև կառուցվածք։ 80 բուրգից էին բաղկացած Անիի պարիսպները՝ չհաշված Աղջկաբերդի ու միջնաբերդի 4-ական և Աշոտաշեն պարսպի 6 բուրգերը։ Գլխավոր մուտքերն էին Ավագ, Կարսի և Դվինի դարպասները։ Յուրաքանչյուր դարպաս գտնվում էր երկու կիսաշրջանաձև աշտարակների միջև։ Ավագ դարպասի վերևում հովազի քանդակով՝ Անի քաղաքի զինանշանն էր[1]։

Կարսի թագավոր Մուշեղի հետ հարաբերություններ

խմբագրել

Նոր գահակալին մի կողմից զբաղվում էր մայրաքաղաքի կառուցապատմամբ, իսկ մյուս կողմից փորձում էր սանձահարել իր հորեղբայր՝ Կարսի թագավորի Մուշեղի անջատողական նկրտումները։ Խնդիրն այն է, որ Անիի արքունիքի կողմից Շատիկ բերդը մեծապես կարևորվում էր, որովհետև այդտեղով էր անցնում առևտրական հիմնական ճանապարհներից մեկը, որը Հայկական պար լեռնաշղթայի Աղտոձորի լեռնանցքով անցնում էր հենց Շատիկ բերդի մոտակայքում։ Շատիկ բերդը նաև մաքսակետ էր, ուստի կարևորվում էր թե´ Մուշեղի և թե´ Սմբատ Բ-ի կողմից։ Իրականում Սմբատ Բ-ի նպատակը ոչ թե եղել է Կարսի թագավորության վերացումը, որի առկայության դեպքում նա կարշավեր արևմուտք՝ մայրաքաղաք Կարսի ուղղությամբ, այլ ոչ թե հարավ։ Նա ուղղակի կամեցել է վերահսկողություն սահմանել կարևոր ճանապարհի նկատմամբ։ Նման իրավիճակում Մուշեղն օգնության համար դիմում է Տայքի կուրապաղատ Դավթին։ Դավիթը, որը ժամանել էր զորքով Կարսի թագավորին իր հետ վերցրած գնում են Շիրակ` կանգ առնելով Բավաց ձոր գյուղում։ Հետաքրքրական է, որ Շատիկ բերդի կողմը շարժվելու փոխարեն դաշնակիցների զորքը մուտք է գործել Շիրակ։ Բագրատունյաց կենտրոնական գավառում Տայքի ու Կարսի զորքերի հայտնվելը նշան էր այն բանի, որ Սմբատ Բ-ն պարզապես հնարավորություն չուներ մարտնչելու կամ գոնե դիմադրություն կազմակերպելու երկու տիրակալների միացյալ զորքի դեմ, ինչի հետևանքով էլ ստիպված եղավ խաղաղության դիմաց Շատիկ բերդը վերադարձնել Մուշեղին[2]։

Արտաքին քաղաքականություն

խմբագրել

Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ Սմբատ Բ-ն Տայքի Դավիթ կուրապաղատի (961-1000 թթ.) հետ 978 թ. մասնակցել է աբխազական գահին Բագրատ Գ-ին հաստատելու պայքարին՝ դրանով իսկ իր խոշոր ներդրումն ունենալով աբխազավրացական թագավորության ձևավորման գործում։ Այնուհետև, իր հետ վերցնելով հայոց զորքը, Դավիթ կուրապաղատին ու վրաց Բագրատ Խև թագավորին մեկնել է օգնության՝ ընդդեմ Բագրատ Գ թագավորի, որի արդյունքում աջակցության համար ստացել է Սակուրեթ բերդը։ 987 թվականին Սմբատ Բ-ն նաև իր թագավորությանն է միացրել Դվինի ամիրայությունը։ Արտաքին ճակատում Սմբատ Բ-ի հաջողությունները պայմանավորված էին գահակալության վերջին տարիներին Հարավային Կովկասում նրա դերի բարձրացմամբ և Գողթնի ամիրայի հետ դաշինքի նորոգմամբ, որով էլ ամրապնդվել է Բագրատունյաց թագավորության անվտանգությունը[1]։

«Տիեզերակալ» տիտղոս

խմբագրել

«Տիեզերակալ 7 տիտղոսը կրել է Սմբատ Ա Բագրատունին,իսկ նրանից հետո «տիեզերակալ» տիտղոսը, որոշ ընդմիջումից հետո, կապված սեփական գերագահությունը շեշտելու՝ Բագրատունի արքաների ցանկության հետ, տեղ է գտել նրանց տիտղոսաշարում[3]։ Ի դեպ, հարկ է նշել, որ Սմբատ Ա-ի հետնորդները, կրելով «տիեզերակալ» տիտղոսը, միաժամանակ գիտակցում էին, որ իրենք միայն ավանդույթի ուժով է, որ կրում են այն։ Օրինակ՝ Սմբատ Բ-ի 979 թ. հրովարտակում գրված է

  ..ես՝ Սմբատ Բագրատունի թագաւոր Հայոց, թոռն Տիեզերակալ եւ մեծ թագաւորին Սմբատայ[4]...  

«Տիեզերակալ» տիտղոսից բացի, Սմբատ Բ-ն կրում էր նաև «Անիի շահանշահ» տիտղոսը, որն Անիական շրջանի Բագրատունի այլ արքաների տիտղոսաշարում հիշատակված չէ, թեև վստահաբար գոյություն է ունեցել։

Մահվան հանգամանքներ

խմբագրել

Ըստ Ասողիկի՝ Անիից մի կին երազ է տեսում Սմբատ Բ-ի մահից հետո։ Նա քաղաքացիներին պատմում է, որ արքան չի մահացել, այլ նրան գերեզմանում են դրել դեղերով թմրեցված վիճակում, կենդանի է և երևացել է իրեն։ Արագորեն լուրը տարածվում է քաղաքում և Գագիկ Ա-ն հրամայում է բացել արքայի գերեզմանը և բնակիչներին ու զորքին հավաստիացնել, որ նա իրոք մահացել է։ Այսինքն, Սմբատ Բ-ի դիակը գերեզմանից ստիպված հանել են, քանի որ անեցիների մեջ տարածվել էր, որ նրան թաղել են կենդանի վիճակում։ Սերն ու հավատարմությունը Սմբատ Բ-ի նկատմամբ խիստ մեծ էր, ուստի անհրաժեշտ էր ապացուցել, որ որևէ դավադրություն չկա, և նա իրոք վախճանվել է[2]։

Պատմագիտության մեջ կա տեսակետ, որ Սմբատ Բ-ն զոհ է գնացել եղբոր՝ Գագիկի կազմակերպած դավադրությանը։ Կա տեսակետ, թե Գագիկը Սմբատ Բ-ի օրոք աքսորված էր և վերադարձել է միայն նրա մահից հետո, որով Սմբատ Բ-ի սպանության կասկածները նրանից հեռանում են։ Այդ տեսակետի հիմքում Վարդան վարդապետի տեղեկությունն է, ըստ որի՝ Գագիկը Սմբատ Բ-ի գահ բարձրանալուց հետո կարճ ժամանակ մնացել է նրա հետ, սակայն կասկածվել է դավաճանության մեջ ու աքսորվել արքունիքից։ Եվ միայն Սմբատ Բ-ի մահից հետո, ըստ հեղինակի, «նոյնժամայն կոչեն զհալածեալն Գագիկ, և տան նմա զթագն...»: Սակայն իրականում Գագիկը աքսորից ավելի վաղ էր վերադարձել, քանի որ արդեն 988 թ. Սմբատ Բ-ի կողքին էր՝ Դավիթ Կյուրոպաղատին զորքով օգնության մեկնելիս։ Հ. Հարությունյանը համարում էր, որ Սմբատ Բ-ի սպանության պատճառն այն էր, որ նա թույլ թագավոր էր և չէր համապատասխանում հայ ավագանու պահանջներին, իսկ վերջինս կարիք ուներ ռազմատենչ գործչի։ Ուսումնասիրողը համոզված էր, որ Սմբատ Բ-ի սպանությունը կազմակերպվել էր Գագիկ Բագրատունու և հայ ավագանու կողմից։ Սմբատ Բ-ն մահացել է 989 թվականին և թաղվել Անիում[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Եղիազարյան, Արման (2021). Սմբատ Բ Տիեզերակալ թագավոր Հայոց (PDF). Երևան: ԵՊՀ հրատ. էջեր 7–109.
  2. 2,0 2,1 2,2 Ասողիկ, էջ 760, «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (այսուհետև՝ Վարդան վարդապետ), Վենետիկ, ի Սուրբ Ղազար, 1862, էջ 90 և այլք։
  3. Մարգարյան Հ.,Բագրատունի թագավորների «տիեզերակալ» տիտղոսը, «Հայոց պատմության հարցեր», 2005, № 6 էջ 108-109։
  4. «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահինի քէօթուկը)», աշխատասիրութեամբ՝ Պ. Մուրադեանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., Ս. Էջմիածին, 2007, էջ 67