Շինարարություն, նյութական արտադրության ճյուղ, կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ։ Լայն իմաստով՝ ստեղծագործական գործընթաց։ Շինարարության արտադրանքն ավարտված և շահագործման համար նախապատրաստված արտադրական ձեռնարկություններ, բնակելի տներ, հասարակական շենքեր և այլ կառույցներ են։ Շինարարության հիմնական առանձնահատկություններն են՝ շինմոնտաժային կազմակերպությունների արտադրանքի տարածքային անշարժությունը և արտադրական ֆոնդերի ակտիվ մասի շարժունությունը, արտադրական ցիկլի հարաբերական երկարատևությունը (մի քանի ամսից մինչև մի քանի տարի), կլիմայական տարբեր պայմաններում արտադրության գործընթացի հիմնականում բացօթյա իրականացումը։

Հյուսիսային պողոտայի շինարարությունը, Երևան

Շինարարության նյութատեխնիկական բազա

խմբագրել
 
Մեծ պանելներով բնակարանաշինություն

Շինարարությունը տնտեսության բարձր զարգացած ճյուղ է։ Նյութատեխնիկական բազայի զարգացումը շինարարության ինդուստրացման, նրա անընդհատ տեխնիկական առաջընթացի, տևողության կրճատման, արժեքի իջեցման և որակի բարձրացման որոշիչ պայմանն է։ Նյութական ռեսուրսների գերակշռող մասը (90%֊ից ավելին) շինարարությունն ստանում է արդյունաբերական տարբեր ձեռնարկություններից (շինանյութերի, մետալուրգիական, քիմիական, մեքենաշինական, փայտամշակման և այլն)։ 1979 թվականի վերջին շինարարական կազմակերպություններն ունեին մեքենաների և մեխանիզմների հզոր համակազմ՝ 160,5 հզ․ էքսկավատոր, 43,5 հզ․ սկրեպեր, 160,8 հզ․ բուլդոզեր, 202,6 հզ․ շարժական ամբարձիչ։ Շինարարության մեջ հողային աշխատանքները մեքենայացված էին 98,2, շինարարական կոնստրուկցիաների մոնտաժումը՝ 96,6, բետոնի պատրաստումը (ներառյալ արդյունաբերական ձեռնարկություններինը)՝ 87,7, շաղախի պատրաստումը (ներառյալ արդյունաբերական ձեռնարկություններինը)՝ 73,8, բետոնային և երկաթբետոնային աշխատանքները՝ 92,6, սվաղմանը՝ 75,0, ներկարարականը՝ 77,6%֊ով։ Շինանյութերը մեծ մասամբ ենթարկվում են գործարանային մշակման և բերվում շինհրապարակ որպես խոշոր պատրաստի տարրեր, հավաքովի երկաթբետոնե, փայտե, պողպատե կոնստրուկցիաներ, պանելներ, մոնտաժային հանգույցներ ու նախապատրաստուկներ և գործարանային պատրաստման այլ արտադրանք։

Աճել է ինդուստրիալ արտադրության շինարարական կոնստրուկցիաների կիրառումը։ Այսպես, հավաքովի երկաթբետոնե արտադրանքի արտադրությունը, 1950 թվականի 1,2 միլիոն մ³ դիմաց, 1979 թվականին կազմել է 120,8 միլիոն մ³։ Շինարարության ինդուստրացման պայմաններում կարևոր տնտեսական օրինաչափությունը շինմոնտաժային աշխատանքների ծավալի աճի համեմատությամբ արտադրական բազայի արագ զարգացումն է։ Շինարարական կազմակերպությունները հագեցված են բարձրարտադրողական հողափոր և հողափոր-տրանսպորտային մեքենաներով, ավտոմոբիլայինի նման շասսիի վրա մոնտաժված փոխագուցավոր սլաքներով շարժվող ամբարձիչներով (25, 40, 63 և 100 տ բեռնամբարձությամբ), ավտոմոբիլային ճանապարհների արագ շինարարության մեքենաների կոմպլեկտով, մեքենայացված գործիքներով, հարդարման ու տանիքածածկման մեքենաներով և փոքր մեքենայացման այլ միջոցներով։

Տեխնիկական առաջընթացը շինարարության մեջ

խմբագրել
 
Հյուսիսային պողոտայի կառուցմանը մասնակցող տեխնիկան

Ինդուստրացման մակարդակի բարձրացումը շինարարության մեջ գիտատեխնիկական առաջընթացի գլխավոր ուղղությունն է։ Դրա շնորհիվ շինարարական արտադրությունը փոխարկվում է բարձրորակ հավաքովի խոշոր կոնստրուկցիաների և դետալների օգտագործմամբ շենքերի և կառույցների մոնտաժման մեքենայացված, հոսքային գործընթացի։ Թեթև բետոնների, բարձրամուր ամրանի և պողպատի, ասբոցեմենտի, սոսնձված փայտանյութի, պոլիմերային նյութերի կիրառմամբ մշակվել են մի շարք նոր արդյունավետ կոնստրուկցիաներ։

Արդյունաբերական շինարարությյան բնագավառում շենքերի և կառույցների տեխնիկական զարգացումը հիմնված է միատեսակացված և ճկուն ծավալատարածական ու կոնստրուկտիվ լուծումների, հիմնական և օժանդակ արտադրամասերի մեկուսացման, նոր տիպի՝ տաղավարային շենքերի կիրառման վրա։ Գյուղատնտեսական շենքերի և կառույցների շինարարության մեջ տեխնիկական առաջընթացի հիմնական միտումներն են՝ շենքերի խոշորացումը և մեկուսացումը, գյուղատնտեսական արտադրության համալիր մեքենայացումն ու ավտոմատացումը, արտադրական շենքերում միկրոկլիմայի կարգավորման ապահովումը։

Շինարարական կոնստրուկցիաների և տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման ավանդական մեթոդների կատարելագործման հետ զարգանում են նորերը՝ շենքերի կառուցում հարկերի և ծածկերի բարձրացման եղանակով, կոնստրուկցիաների կոնվեյերային հավաքում և բլոկային մոնտաժում։ Բարելավվում են հողային, քարային, հարդարման և այլ շինմոնտաժային աշխատանքների կատարման եղանակները։

Շինարարության մեջ տեխնիկական առաջընթացի կարևոր ուղղություն է նաև շինարարական արտադրության համալիր մեքենայացման մակարդակի բարձրացումը, կառույցների հագեցումը նոր տիպի բարձրարտադրողական մեքենաներով, մեքենայացված գործիքներով, տրանսպորտային միջոցներով, շինարարության տեխնոլոգիայի, կազմակերպման և կառավարման կատարելագործումը։

Շինարարական գիտությունը

խմբագրել

Շինարարական գիտությունն ուսումնասիրում և ընդհանրացնում է շինարարական պրակտիկայի զանազան երևույթները, բացահայտում շինարարության զարգացման օբյեկտիվ օրինաչափությունները, որոնց հիման վրա մշակվում են գիտատեխնիկական առաջընթացի արագացմանը նպաստող առաջարկներ։ Շինարարական գիտությունն ընդգրկում է տեսական դիսցիպլինների կոմպլեքս (շինարարական մեխանիկա, նյութերի դիմադրություն, գրունտների մեխանիկա, շինարարական ֆիզիկա), շինարարական կոնստրուկցիաների նախագծումը և պատրաստման տեխնոլոգիան, քաղաքների, շենքերի և կառույցների ինժեներական լուծման և սանիտարական տեխնիկայի խնդիրները, շինարարական արտադրության տեխնոլոգիական (կազմակերպում, մեքենայացում և ավտոմատացում), շինարարության հիդրոտեխնիկական, տրանսպորտային և այլ խնդիրները, շինարարության տնտեսությունը։

Շինվածքի հուսալիություն

խմբագրել

Շինվածքի հուսալիութունն իրենից ներկայացնում է պահանջվող ժամանակահատվածում կամ աշխատանքի տևողության ընթացքում շահագործման ցուցանիշները որոշակի սահմաններում պահպանելու հատկությունը։ Հուսալիության տեսության հիմնական հասկացությունը խափանման՝ աշխատունակության անակնկալ կամ աստիճանական կորստի հասկացությունն է։ Շինվածքի աշխատունակությունը որոշող հիմնական պարամետրերն են. արագագործությունը, բեռնվածքային բնութագիրը, կայունությունը, արտադրական գործողությունների կատարման ճշգրտությունը, որոնք կազմում են շինվածքի որակի ցուցանիշների համախումբ։ Հուսալիության հիմնական քանակական ցուցանիշներն են.  միջ-ը՝ անխափան աշխատանքի միջին ժամանակը,  -ն՝ խափանումների ինտենսիվությունը,  -ն՝   ժամանակահատվածում անխափան աշխատանքի հավանականությունը,  պ-ն՝ պատրաստականության գործակիցը։ Վերականգնվող շինվածքների համար է ժամանակահատվածում   թվով խափանումների առաջացման հավանականությունը որոշվում Է Պուասոնի օրենքով.  ։ Այստեղից հետևում Է, որ ժամանակահատվածում է խափանումների բացակայության հավանականությունը՝   (հուսալիության էքսպոնենտային օրենք)։

Հուսալիության ցուցանիշները որոշվում են հաշվարկներով, փորձարկումներով, շինվածքի շահագործման արդյունքների մշակմամբ, ԷՀՄ-ով մոդելավորմամբ, ինչպես նաև շինվածքի հուսալիության պայմանավորող ֆիզիկա-քիմիական պրոցեսների վերլուծությամբ։ Անկախ հանգույցներից բաղկացած տեխնիկական համակարգերը, որոնք առանձին մասերի խափանման դեպքում կարող են փոփոխել իրենց կառուցվածքը՝ աշխատունակությունը պահպանելու համար, կոչվում են բարդ տեխնիկական համակարգեր։ Դրանց հուսալիության ցուցանիշը համակարգի աշխատունակ վիճակների հավանականությունների գումարն է։ Հուսալիության բարձրացման եղանակներն են, բարձր հուսալիության նոր տարրերի օգտագործումը, աշխատանքային ռեժիմի ընտրությունը, արդյունավետ վերահսկողության սահմանումն են։ Գրականության մեջ հուսալիությունը հաճախ օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ որպես անխափանություն։ Հուսալիության տեսության կարևորագույն խնդիրներից է բարդ տեխնիկական համակարգերի հուսալիության ապահովումը և գնահատումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Հուսալիութուն շինվածքի» հոդվածից (հ․ 6, էջ 681 )։  

Շինարարության զարգացումը Հայաստանում

խմբագրել
 
Թեյշեբաինի

Հայկական լեռնաշխարհի բնակիչները մ․ թ․ ա․ V-II հազարամյակների ընթացքում ստեղծել են տարբեր նշանակության կառույցներ։ Քարե և բրոնզե գործիքներով մշակել ու որպես շինանյութ են օգտագործել քարը, կավը, փայտը, եղեգնը, ծղոտը։ Մեծ քարերը տեղափոխել և տեղագրել են լծակների, գլանների, փոկերի, պարանների միջոցով։ Այդ ժամանակաշրջանում կառուցվել են փայտե և քարե միաթռիչք, ելուստավոր հեծանային (կացարանների, դոլմենների, գերեզմանների, դամբարանների, գաղտնուղիների, կամուրջների), եռաթռիչք ելուստավոր (Լճաշեն) և ելուստավոր կեղծ թաղով ու գմբեթարդով (Օշական) ծածկեր, սյունասրահ (Լճաշեն), հացահատիկի կարասաձև հորեր՝ քարե ծածկով (Շենգավիթ)։ Կառուցել են ոռոգման համակարգեր՝ Արագածոտնի արհեստական լճերն ու առուները, Քասախ գետի պատվարները։ Մ․ թ․ ա․ IX-VI դարերում կատարվել են հսկայածավալ շինարարական աշխատանքներ, կառուցվել են բնակատեղիներ, բերդեր, քաղաքներ (Տուշպա, Թեյշեբաինի, էրեբունի և այլն), տաճարներ, պահեստներ, ոռոգման համակարգեր։ Օգտագործվել են նախորդ ժամանակաշրջանի շինանյութերը և երկաթե գործիքներ։ Շենքերի պատերը, պարիսպները ցածի մասերում հիմնականում քարից են, վերին մասում՝ չթրծված աղյուսից, ծածկերը՝ փայտից։ Ստեղծվել են փայտե ծածկերով սյունազարդ դահլիճներ, սյունասրահներ (էրեբունի և Արգիշտիխինիլի), ճակտոնով, սյունասրահով, խոշոր քարի հատվածներից պատերով սյունազարդ տաճար (Մուսասիր), թաղով ծածկեր (Թեյշեբաինի), ժայռափոր տարբեր նշանակություն ունեցող դահլիճներ, սենյակներ (Վան)։ Կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ (Մենուա-Շամիրամի ջրանցքը Վանում), ստորգետնյա ջրատարով ջրանցքներ (Ռուսայի ու Դալմայի ջրանցքները Երևանում), ջրամբար Արգիշտիխինիլիում։ Մ․ թ․ ա․ VI-III դարերում կառուցվել են Արկաթիակերտ, Արշամաշատ, Երվանդաշատ քաղաքները։ Միացյալ հզոր հայկական պետության ստեղծումը մ․ թ․ ա․ II դարում նպաստել է հին քաղաքների վերականգնմանը (Տուշպա-Վան, Արգիշտիխինիլի-Արմավիր) և նորերի ստեղծմանը (Արտաշատ, Տիգրանակերտ և այլն)։ Այս ժամանակաշրջանում կառուցվածքների քարերը միմյանց միացվել են ծիծեռնակապոչ քարե կամ փայտե ներդիրներով (Արմավիր)։

Հայաստանում, հավանաբար առաջին անգամ մ․ թ․ ա․ II դարում կրաշաղախն օգտագործվել է Գառնիի պարիսպներում, որպես քարակրաբետոնե լիցք։ Դրանով են լցված նաև Գառնիի հեթանոսական տաճարի (մ․ թ․ I դար) պատվանդանն ու տանիքի դատարկությունները։ Այդ կառուցվածքների քարերը շարվել են առանց շաղախի և իրար են միացվել մետաղական ո-աձև ներդիրներով ու ցցերով, որոնք քարին ամրացվել են կապարով։ Գառնիի տաճարի դահլիճն ու նախամուտքը ծածկված են եղել քարե թաղով։ Մուտքի դռան ու սյունասրահների բարավորները բեռնաթափվել են կամարային կառուցվածքներով։ Սեպաձև քարերից են հավաքված սյունասրահների արտաքին գոտիները, քիվերը և սյունասրահների ծածկերը։ Տաճարի քարերը, որոնք ունեն մինչև 5 տ զանգված, բարձրացրել են ճախարակներով։

 
Տաթևի վանք

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո կառուցվել են եկեղեցիներ։ Շարվածքում, որպես կապակցող նյութ, կրաշաղախների լայն օգտագործումն ու կամարի սկզբունքով կառուցվածքների (կամար, թաղ, գոց ու խաչվող թաղեր, գմբեթարդ, գմբեթ, տրոմպ, առագաստ) ներդրումն ու կատարելագործումը հնարավորություն են տվել IV-VII դարերում ստեղծել բազմազան հորինվածք ունեցող կառուցվածքներ՝ միանավ և եռանավ բազիլիկներ (Թանահատ (V դար), Քասաղ (IV դար), Երերույք (V դար)), գմբեթավոր դահլիճներ (Զովունի (V-VI դարեր), Պտղնի (VI դար), Արուճ (VII դար)], գմբեթավոր բազիլիկներ (Տեկոր (V դար), Օձուն (VI դար), Թալին (VII դար)], կենտրոնագմբեթ քառախորան և քառամույթ (էջմիածնի Մայր տաճար (V դար)], փոքր խաչաձև (Լմբատավանք (VI դար), Կարմրավոր (VII դար)], բազմախորան (Զորավար (VII դար), Իրինդ VII դ․)) քառախորան (Մաստարա (VI դ․))» քառախորան, չորս անկյունային սենյակներով (Ավան (VI դար)» Հռիփսիմե (VII դար)), եռայարուս (Զվարթնոց (VII դար)] տիպի կաոուցվածքներ։ Վաղ միջնադարից մինչև մեր օրերը պատերը շարվում են «միդիս» եղանակով։ Արաբական արշավանքներից հետո, IX դարում վերակառուցվել են հին քաղաքները, և հիմնվել նորերը, կառուցվել են վանական համալիրներ (Սանահին, Հաղպատ, Տաթև և այլն)։ Նոր տաճարներն ունեն IV-VII դարերի շենքերի կառուցողական ձևերը, բայց ավելի հավաք են, սլացիկ և տարբերվում են հարուստ հարդարանքով։ X-XIII դարերում Հայաստանում մշակվել է ճարտարապետական նոր կոնստրուկցիա՝ հատվող կամարներ, որոնցով ծածկվել են տարբեր նշանակություն ունեցող շենքեր՝ գավիթ, սեղանատուն, գրատուն (Անիի Առաքելոց եկեղեցու գավիթը, Հաղպատի ժամատունը և սեղանատունը, Սաղմոսավանքի գրատունը և այլն)։ Կառուցողական տեխնիկայի առումով հետաքրքիր են Անիի Հովվի եկեղեցու ծածկը՝ վեց շառավղային կամարներով, առանց կենտրոնական հենարանի, և Տաթևի ճոճվող սյունը։ Այդ ժամանակաշրջանում կառուցված քարե կամարներով կամուրջներից ամենամեծը Անիի կամուրջն է (31,5 մ թռիչքով)։ Հայաստանում XVII-XIX դարերում կառուցվել են մի շարք վանքային համալիրներ, եկեղեցիներ, կարավանատներ, կամուրջներ՝ օգտագործելով նախկինում մշակված շինարարական ձևերն ու կոնստրուկցիաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 681