Արծրունիներ
Արծրունիներ, հայ նախարարական տոհմ։
Արծրունիներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | |
Տիրույթներ | Վասպուրական, հետագայում Սեբաստիա |
Ծագում | Տորք Անգեղ |
Տիտղոսներ | Թագաւոր Վասպուրականի, իշխան Մեծ Աղբակի, Մահկանաբերդի, տէր Հադամակերտի |
Հիմնադիր | Վաչե Արծրունի |
Մեծագույն ներկայացուցիչ | Գագիկ Բ Արծրունի |
Հիմնում | 338 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | ![]() |
Ծագում Խմբագրել
Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։
Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մ. Խորենացու այն պնդմանը, թե իբր Բագրատունիները հրեա են, ինչը բազմիցս հերքվել է ապացույցներով։
Մեծ Հայք Խմբագրել
Արտաշեսյան և Արշակունի Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմաքաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան IV դարում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Մեծ Հայքում։ Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Արծրունիները հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից։
Մարզպանական Հայաստան Խմբագրել
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին և թե՛ նրանց մրցակից Մարդպետունիներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց։ 449-ի Արտաշատի ժողովին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Արծրունիների ներկայացուցիչները։
Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր։ Ըստ Եղիշեի, Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում կային նաև Արծրունիներ։
Արաբական շրջան Խմբագրել
Արծրունիների ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբական տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը Արաբական խալիֆայության դեմ։ Թեև VIII դարի սկզբին Արծրունիները ծանր հարված ստացան արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվեց Բագրատունիներին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արծրունիները մասնակցել են 774-775-ին Աբբասյանների խալիֆայության դեմ Հայաստանում ծավալած ժողովրդական ապստամբությունը։ Ապստամբությունից հետո Արծրունիները տիրեցին Ռշտունյաց նախարարության տիրույթները։ Արծրունիները Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղղված 851-ի [ժողովրդական ապստամբությունը։
Թագավորության շրջան Խմբագրել
Հայաստանում գերիշխանության հասնելու համար IX դարի 2-րդ կեսին ուժեղ մրցակցություն սկսվեց Արծրունիների և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր սրել այն։ Բագրատունյաց թագավորության սկզբնաշրջանում Արծրունիների և Բագրատունիների միջև տեղի ունեցավ քաղաքական մերձեցում, բայց Գագիկ Արծրունու գահերեցության ժամանակ Արծրունիները դրսևորեցին անջատողական սուր հակումներ և 908-ին ստեղծեցին Վասպուրականի թագավորությունը։ Մինչդեռ Վասպուրականն ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր դրսեկ ցեղերի ասպատակումներին։ 1021 թ-ին Արծրունիներից ոմանք տեղափոխվեցին Կիլիկիա։ Նրանց վերջին բեկորները սելջուկ-թուրքական և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակեցին իրենց գոյությունը՝ ամփոփվելով Վանում և նրա շրջակայքում։
Գահացանկ Խմբագրել
Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Վահան Արծրունի | ||
Սահակ Բ | ? - 762 | Վահան Արծրունու որդին, Վասպուրականի իշխան |
Գագիկ Ա | 762 - 772 | Սահակ Բ-ի եղբայրը, Վասպուրականի իշխան |
Համազասպ Ա | 772 - 785 | Գագիկ Ա-ի որդին, Վասպուրականի իշխան |
Մերուժան Բ | Համազասպ Ա-ի եղբայրը, Վասպուրականի իշխան | |
Գագիկ Բ | 785 - 800 | Վասպուրականի իշխան |
Համազասպ Բ | 800 - 836 | Գագիկ Ա-ի որդին, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու դստեր՝ Հռիփսիմեի ամուսինը, գահերեց իշխան |
Աշոտ Ա | 836 - 852, 868 - 874 | Համազասպ Բ-ի ավագ որդին, գահերեց իշխան |
Գուրգեն Ա | 852 - 855 | Ապուպելճ Արծրունու որդի |
Գրիգոր Ա | 857 - 868, 874 - 887 | Աշոտ Ա Արծրունու որդին, հայոց թագավոր Աշոտ Բագրատունու դստեր՝ Սոֆիայի ամուսինը, գահերեց իշխան |
Աշոտ Բ | 887 - 904 | Գրիգոր-Դերենիկի որդին, գահերեց իշխան |
Գագիկ Գ | 904 - 943 | Աշոտ-Սարգսի որդին, 908-ից - Վասպուրականի թագավոր |
Գուրգեն Բ | 904 - 925 | Պարսկահայքի իշխան, Աշոտ-Սարգսի որդին |
Դերենիկ-Աշոտ | 943 - 959 | Գագիկ Ա-ի որդին |
Աբուսահլ-Համազասպ | 959 - 972 | Գագիկ Ա-ի որդին |
Աշոտ-Սահակ | 972 - 991 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Գուրգեն-Խաչիկ | 991 - 1003 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Սենեքերիմ | 1003 - 1021 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 75)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |