Սմբատ Բ Տիեզերակալ

Հայոց շահնշահ

Սմբատ Բ Տիեզերակալ (10-րդ դար - 989, Անի, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա), Հայոց թագավոր 977 թվականից, Բագրատունիների արքայատնից[1]։

Սմբատ Բ Տիեզերակալ
Haghpat Surb Nshan.jpg
Սմբատ Բ Բագրատունի
Ծնվել է՝940ակ.
Մահացել է՝989
Վախճանի վայրԱնի, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
ՀաջորդողԳագիկ Ա
ՈւղեկիցԿատրանիդե
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ողորմած
ՄայրԽոսրովանույշ
Եղբայր(ներ)Գագիկ Ա, Գուրգեն Ա
Քույր(եր)Սոֆի
ՀավատքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի

ԳահակալությունԽմբագրել

Հայոց Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի գահակալության շրջանը (978-990 թվականներ) բեկումնային էր Բագրատունյաց թագավորության պատմության մեջ։ 978 թվականին Անիում գահ է բարձրացել Սմբատ Բ Տիեզերակալը, որին վիճակված էր բախվել հայոց թագավորության շրջակա երկրներում տեղի ունեցող փոփոխություններից բխող մարտահրավերներին և ավատատիրական մասնատվածության ծանր հետևանքներին։ Այդ ժամանակ զգալիորեն թուլացած Արաբական խալիֆայության միջինարևելյան տիրույթներում տնօրինում էին իրանական ժողովուրդների առաջնորդները, որոնց հաջողվել էր տիրանալ Բաղդադին, նվաճել Միջագետքի ու Ասորիքի մեծ մասը և հարավից ընդհուպ մոտենալ Հայաստանին։ Միևնույն ժամանակ հզորության գագաթնակետին էր գտնվում Բյուզանդական կայսրությունը։ Սմբատ Բ-ի գահակալության շրջանում Բագրատունյաց Հայաստանում խորացել է ավատատիրական մասնատվածությունը։ 970-ական թվականների վերջին ու 980-ական թվականների սկզբին մեկը մյուսի հետևից հռչակվել են Տաշիրքի, Փառիսոսի և Սյունյաց թագավորությունները։ Նոր թագավորությունների ի հայտ գալն ավարտին է հասցրել Բագրատունյաց թագավորության մասնատման գործընթացը, որի հետևանքով նրա դերակատարությունն տարածաշրջանային հարաբերություններում էապես նվազել է՝ սահմանափակվելով զուտ հարևան տիրակալներին աջակցություն ցուցաբերելով։ Սակայն արդեն 980-ական թվականների ավարտին Սմբատ Բ-ն հետևողական ջանքերի շնորհիվ կարողացավ ամրապնդել գերակա դիրքը երկրում՝ իր շուրջը համախմբելով բոլոր ազդեցիկ ավատատերերին։ Նրան հիմնականում հաջողվել է հաղթահարել թագավորությանը սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները, զբաղվել երկրի շենացման աշխատանքներով, կառուցապատել ու ընդարձակել մայրաքաղաք Անին և արդյունավետորեն մասնակցել քրիստոնյա Այսրկովկասի կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։

«Տիեզերակալ» տիտղոսԽմբագրել

«Տիեզերակալ 7 տիտղոսը կրել է Սմբատ Ա Բագրատունին,իսկ նրանից հետո «տիեզերակալ» տիտղոսը, որոշ ընդմիջումից հետո, կապված սեփական գերագահությունը շեշտելու՝ Բագրատունի արքաների ցանկության հետ, տեղ է գտել նրանց տիտղոսաշարում[2]։ Ի դեպ, հարկ է նշել, որ Սմբատ Ա-ի հետնորդները, կրելով «տիեզերակալ» տիտղոսը, միաժամանակ գիտակցում էին, որ իրենք միայն ավանդույթի ուժով է, որ կրում են այն։ Օրինակ՝ Սմբատ Բ-ի 979 թ. հրովարտակում գրված է

  ..ես՝ Սմբատ Բագրատունի թագաւոր Հայոց, թոռն Տիեզերակալ եւ մեծ թագաւորին Սմբատայ[3]...  

Սմբատ Բ-ն, «տիեզերակալ» տիտղոսից բացի, կրում էր նաև «Անիի շահանշահ» տիտղոսը, որն Անիական շրջանի Բագրատունի այլ արքաների տիտղոսաշարում հիշատակված չէ, թեև վստահաբար գոյություն է ունեցել։

ԳործունեությունԽմբագրել

989 թվականին Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը։Ըստ Ասողիկի` Սմբատ Բ-ի առաջին ձեռնարկներից մեկը Անիի նոր` Աշոտ Գ Ողորմածի օրոք կառուցված, այսպես կոչված, Աշոտաշեն պարսպից դուրս տարածվող թաղամասերն ընդգրկող պարսպի (գրականության մեջ՝ Սմբատաշեն) կառուցումն էր[4]։ Հսկայածավալ պարսպի կառուցումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում՝ 979 թվականին[5]։ Ըստ Թ. Թորամանյանի հաշվումների՝ Սմբատաշեն պարսպի երկարությունը կազմել է 2500 մետրից ավելի, բարձրությունը՝ 8-10 մետր, իսկ լայնությունը՝ մեկ մետր։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982 թվականին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությունը։ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987 թվականին Սմբատ Բ-ն նաև իր թագավորությանն է միացրել Դվինի ամիրայությունը։ Արտաքին ճակատում Սմբատ Բ-ի հաջողությունները պայմանավորված էին գահակալության վերջին տարիներին Այսրկովկասում նրա դերի բարձրացմամբ և Գողթնի ամիրայի հետ դաշինքի նորոգմամբ, որով էլ ամրապնդվել է Բագրատունյաց թագավորության անվտանգությունը։

ՄահԽմբագրել

Պատմագիտության մեջ կա տեսակետ, որ Սմբատ Բ-ն զոհ է գնացել եղբոր՝ Գագիկի կազմակերպած դավադրությանը։ Կա տեսակետ, թե Գագիկը Սմբատ Բ-ի օրոք աքսորված էր և վերադարձել է միայն նրա մահից հետո, որով Սմբատ Բ-ի սպանության կասկածները նրանից հեռանում են։ Այդ տեսակետի հիմքում Վարդան վարդապետի տեղեկությունն է, ըստ որի՝ Գագիկը Սմբատ Բ-ի գահ բարձրանալուց հետո կարճ ժամանակ մնացել է նրա հետ, սակայն կասկածվել է դավաճանության մեջ ու աքսորվել արքունիքից։ Եվ միայն Սմբատ Բ-ի մահից հետո, ըստ հեղինակի, «նոյնժամայն կոչեն զհալածեալն Գագիկ, և տան նմա զթագն...»[6]: Սակայն իրականում Գագիկը աքսորից ավելի վաղ էր վերադարձել, քանի որ արդեն 988 թ. Սմբատ Բ-ի կողքին էր՝ Դավիթ Կյուրոպաղատին զորքով օգնության մեկնելիս։ Հ. Հարությունյանը համարում էր, որ Սմբատ Բ-ի սպանության պատճառն այն էր, որ նա թույլ թագավոր էր և չէր համապատասխանում հայ ավագանու պահանջներին, իսկ վերջինս կարիք ուներ ռազմատենչ գործչի։ Ուսումնասիրողը համոզված էր, որ Սմբատ Բ-ի սպանությունը կազմակերպվել էր Գագիկ Բագրատունու և հայ ավագանու կողմից։ Սմբատ Բ-ն մահացել է 990 թվականին և թաղվել Անիում։

Տես նաևԽմբագրել

Սմբատաշեն պարիսպներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Եղիազարյան Արման։ «ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՅՈՑ» 
  2. Մարգարյան Հ.,Բագրատունի թագավորների «տիեզերակալ» տիտղոսը, «Հայոց պատմության հարցեր», 2005, № 6 էջ 108-109։
  3. «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահինի քէօթուկը)», աշխատասիրութեամբ՝ Պ. Մուրադեանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., Ս. Էջմիածին, 2007, էջ 67
  4. Ասողիկ, էջ 760, «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (այսուհետև՝ Վարդան վարդապետ), Վենետիկ, ի Սուրբ Ղազար, 1862, էջ 90 և այլք։
  5. Չամչեանց Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ 1784, Վենետիկ, ի Ս. Ղազար, հատ. Բ, 1785, էջ 851։
  6. Վարդան վարդապետ, էջ 90։