Հովսեփ Օրբելի
Հովսեփ Աբգարի Օրբելի (մարտի 8 (20), 1887[1], Քութայիս, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 2, 1961[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը (1943-1947)։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ(1944), Իրանի ԳԱ թղթակից անդամ(1945)։
Հովսեփ Օրբելի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8 (20), 1887[1] Քութայիս, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 2, 1961[2][1] (73 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, պատմաբան և հասարակական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Էրմիտաժ |
Գործունեության ոլորտ | Արևելագիտություն, Կովկասագիտություն, բանասիրություն, պատմություն և հնագիտություն |
Պաշտոն(ներ) | ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսական կայսերական հնագիտական միություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] և հայերեն[1] |
Գիտական ղեկավար | Նիկողայոս Մառ |
Եղել է գիտական ղեկավար | Qanate Kurdo?, Սեդրակ Բարխուդարյան, Vladimir Lukonin?, Կարեն Յուզբաշյան և Արամ Տեր-Ղևոնդյան |
Հայտնի աշակերտներ | Բորիս Պիոտրովսկի |
Պարգևներ | |
Հայր | Աբգար Օրբելի |
Մայր | Վարվառա Արղության-Երկայնաբազուկ |
Joseph Orbeli Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսի քաղաքում, Աբգար Օրբելու ընտանիքում: Եղել է ընտանիքի կրտսեր որդին[3]: 1904 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմ, որտեղ նրան դասավանդել են Ս. Ժեբելյևը, Մ. Ռոստովցևը, Ֆ. Զելինսկին, արևելագետ Յա. Սմիռնովը, բյուզանդագետ Վ. Բենեշևիչը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։
Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի։
1909 թ. ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ., ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ. Նիկողայոս Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը։
1917-1918 թթ. շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավւսնդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ։ 1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թվականի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.՝ Էրմիտաժի տնօրեն։
Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը[4][5]։
1946 թ. Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա[6]։
Զբաղեցրած պաշտոններԽմբագրել
- Ս. Պետերբուրգի (ապա՝ Լենինգրադի) համալսարանի պրիվատ-դոց., դոց. (1914-1918), պրոֆ. (1919-1933, 1955-1961)
- Էրմիտաժի ավանդապահ (1920-1926), բաժնի վարիչ (1926-1933), տնօրեն (1934-1951)
- Հայ-վրացական բանասիրության (1925-1929), նյութական մշակույթի (1929-1931)
- 1928֊ 1929 թթ. և 1936 թ., որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է Դաղստանում, Հայաստանում (ուսումնասիրել է Գառնիի, Պտղնիի, Փարպիի, Աշտարակի, Ամբերդի հուշարձանները)
- ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն (1937-1939)
- 1937-1938 թթ. (համատեղության կարգով)՝ ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն, 1938 թվականին՝ Արմֆանի (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղ) նախագահության նախագահ
- ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ (1938-1943)
- ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ (1943-1947)
- ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն (1943-1947)
- 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտական արշավախմբերի խորհրդատու ղեկավար
- 1955-1956 թթ.՝ Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ., միաժամանակ՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ
- Լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1953-1956)
- Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ (1956-1961)
- 1956 թվականին հիմնադրել է և ցկյանս ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը
ԱնդամակցությունԽմբագրել
- Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1935
- Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1944
- Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1945
- Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ
ԱշխատություններԽմբագրել
Աշխատությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծ մասամբ կորած հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը ևն)։
Հովսեփ Օրբելին ժամանակակից հայ վիմագրագիտության հիմնադիրն է. դեռևս 1914- 1917 թթ., հիմնականում «Քրիստոնյա Արևելք» (ռուսերեն) հանդեսում, տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները («Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966)։
Զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ և քրդական բարբառների բառարաններ։
Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսական թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», ռուսերեն և հայերեն, 1956)։
Հովսեփ Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուս., 1956), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է)։
Ճարտարապետյան բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։
Կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց։
Զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ. Վ. Տրևերի հետ ուսումնասիրել էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», ռուս., 1935)[7]։
ՀիշատակԽմբագրել
- Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982)։
- Երևանի Արաբկիր վարչական շրջանում Օրբելի եղբայրների անունով կոչվել է փողոց[8]։
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բակում տեղադրվել է Հովսեփ Օրբելու կիսանդրին:
ՊարգևներԽմբագրել
- Լենինի (2) շքանշաններ
- Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններ
- Իրանի «Գիտական ծառայությունների համար» I աստիճանի շքանշան
Տես նաևԽմբագրել
Երկեր[9]Խմբագրել
- Избр. труды, Е„ 1963; Избр. труды, т. 1—2, М.-Л., 1968;
- Фольклор и быт Мокса, М., 1982.
ԳրականությունԽմբագրել
- Յուզբաշյան Կ., Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի, Ե., 1987։
- М грелидзе И. В Иосиф Орбели, Тб, 1983;
- Иосиф Абгарович Орбели, Е., 1957 (Материалы к библиогоафии ученых СССР)
- Զարյան Ռ., Հուշապատում, հ.1, 1975, Երևան, «Հայաստան» հրատ.:
- Իսաբեկյան Հ., Հայկական Ռենեսանսի ճարտարապետությունը, Երևան, 1989, «Հայաստան» հրատ.:
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992, «Լույս» հրատ.:
- Շախկյան Գ., Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Երևան, 2001, «Անահիտ» հրատ.:
- Օրբելյան Ստեփանոս, Պատմություն նահանգի Սիսական, Թիֆլիս, 1910:
- Օրբելի Հովսեփ. Անի, Երևան, 2011, «1PRINT» (կազմողներ` Մարինե Բունիաթյան, Գերասիմ Մկրտչյան):
- Օրբելների տոհմը. հեռուստապատում, 10.10.2011, Հ 1, «Հայից հայ»:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Орбели Иосиф Абгарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ»։ Hayern Aysor (ամհարերեն)։ 2013-03-15։ Վերցված է 2019-03-08
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019-03-08
- ↑ «Հովսեփ Օրբելի. Գիտնականն ու մարդը: Գառնիկ Ասատրյան, բ.գ.դ., պրոֆեսոր»
- ↑ «Հովսեփ Աբգարի Օրբելի (1887-1961)»
- ↑ «Օրբելի Հովսեփ Աբգարի (1887-1961): ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Հ. Ա. Օրբելու աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019-03-08
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Օրբելի Հովսեփ Աբգարի (1887-1961): ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Հ. Ա. Օրբելու աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019-03-08