Բացել գլխավոր ցանկը

Սամուել Անեցի (նաև՝ Սամվել Անեցի, Սամուել Երեց, 1105 - 1185), հայ պատմիչ, ժամանակագիր։

Սամուել Անեցի
Սամուել Անեցի, Ժամանակագրութիւն, 1176թ, 76.jpg
Սամուել Անեցի, Ժամանակագրութիւն, 1176 թ․
Ծնվել է1105
Մահացել է1185
Մասնագիտությունպատմաբան

ԿենսագրությունԽմբագրել

Ենթադրվում է, որ ծնվել է Անիում կամ մոտակա բնակավայրերից մեկում։ Աշակերտել է Հովհաննես Սարկավագին։ Եղել է քահանա։

ԱշխատություններԽմբագրել

Պահպանված, միակ ժամանակագրական բնույթի պատմական երկը՝ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ը գրել է Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի պատվերով, որը հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն» և միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։ Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թվականների պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև 1180 թվականը։ Այլ հեղինակներ Սամուել Անեցու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև 1665 թվականը։ Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ շարադրանքին զուգահեռ տալիս է ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով, նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Փավստոս Բուզանդի, Սեբեոսի, Շապուհ Բագրատունու, Հովհաննես Ե Դրասխանակերտցու, Ստեփանոս Տարոնեցու, Հովհաննես Սարկավագի և այլոց գործերը՝ Սամուել Անեցին հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները ներկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ 13-րդ դարի իրադարձությունները, որոնք Սամուել Անեցին շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր- Միքայելյանը, 1893 թվականին[1] և 2011 թ.[2]։ Սամուել Անեցու երկը թարգմանվել է լատիներեն և 1818 թվականին հրատարակվել Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» հետ։ Տարբեր ժողովածուներում ֆրանսերեն հատվածներ են հրատարակվել Մ․ Բրոսսեի և է․ Դյուլորիեի թարգմանությամբ։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս
  2. Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, Երեւան, 2011։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։