Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)

հայ պատմաբան, հուշարձանագետ, բանահավաք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Կարապետյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Գևորգի Կարապետյան (հուլիսի 30, 1961(1961-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2020(2020-02-27)[1], Երևան, Հայաստան), հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ։ Տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։ Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր[2]։

Սամվել Կարապետյան
Ծնվել էհուլիսի 30, 1961(1961-07-30)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 27, 2020(2020-02-27)[1] (58 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Երեխա(ներ)Տիրան Կարապետյան,
Տրդատ Կարապետյան,
Անի Կարապետյան
 Samvel Karapetyan (historian) Վիքիպահեստում

Հայտնի է նաև որպես Թուրքիաում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։ Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին[3] և 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին[4]։ Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր[2][5]։

Կենսագրություն

խմբագրել

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից է[2]։

1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը[2]։

Հուշարձանների հետազոտություն

խմբագրել

Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Նա բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողն է, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչն է, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը։ Նա հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչն է։ Իր երիտասարդության տարիներին հետազոտության առաջնայնությունը տվել է այն տարածքներին, որտեղ առավել վտանգված են եղել հայկական պատմական հուշարձանները[2]։

Հայաստանի Հանրապետություն

խմբագրել

1978 թվականից սկսած մինչև 2019 թվականը սկզբում Խորհրդային Հայաստանի (1978-1991), հետագայում Հայաստանի Հանրապետության (1991-2019) տարածքում չափագրել է ավելի քան 50 հուշարձան և լուսանկարել մոտ 22000 կադր։ Բացառիկ են Խոսրովի արգելոցում կատարված ուսումնասիրությունները, որտեղ վկայագրել է հարյուրավոր հուշարձաններ[2]։

Հայաստանի Հանրապետության տարածքում իր կատարած հետազոտությունների հիման վրա հանդես է եկել հարյուրավոր հոդվածներով, հրապարակել բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Աղնաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները», «Առինջ գյուղի պատմական հուշարձանները», «Կապուտան գյուղի պատմական հուշարձանները», «Կոտայք գյուղի պատմական հուշարձանները», «Զառ և Սևաբերդ գյուղերի պատմական հուշարձանները», «Նորագյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները», «Ոսկեպարի պատմական հուշարձանները», «Ջիլիզայի պատմական հուշարձանները», «Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձանները»։ Հեղինակել է մի շարք քարտեզներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի պատմական հուշարձաների քարտեզ-ուղեցույցները[2]։

Արցախի Հանրապետություն

խմբագրել

1978 թվականից սկսած մինչև 2018 թվականը սկզբում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ու հարակից շրջանների (1978-1991), հետագայում Արցախի Հանրապետության (1991-2018) տարածքում չափագրել է ավելի քան 200 հուշարձան և և լուսանկարել մոտ 24000 կադր[2]։

1978 թվականից Սամվել Կարապետյանը մեծածավալ աշխատանքներ է կատարել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում։ Նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում ու հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլև դրանցից հեռու սարերում, անտառներում գտնվող և երբևէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը։ Իր հետազոտություններին զուգահեռ նա իրականացրել է նաև բանահավաքչություն և տեղացիներից հավաքագրել է ավելի քան 4000 մանրատեղանուն[2]։

Իր շուրջ երեք տասնամյակ տևած հետազոտությունների հիման վրա հրատարակել է և պատրաստել է հրատարակման բազմաթիվ գրքեր։ Արցախին վերաբերվող հրատարակված գրքերից են «Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ», «Արցախի կամուրջները», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս», «Արցախի հրաշալիքներ», «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» աշխատությունները։ Արցախի վերաբերյալ հրապարակել է հարյուրավոր հոդվածներ[2]։

Խորհրդային Ադրբեջան

խմբագրել

Վրաստան

խմբագրել

1988 թվականից սկսած մինչև 2015 թվականը սկզբում Խորհրդային Վրաստանի (1988-1991), հետագայում անկախացած Վրաստանի (1991-2015) տարածքում չափագրել է ավելի քան 130 հուշարձան և և լուսանկարել մոտ 20000 կադր[2]։

Վրաստանում իր երկարամյա հետազոտությունների հիման վրա հրատարակել է բազմաթիվ գրքեր։ Վրաստանի տարածքում հայկական պատմական հուշարձաններին և հետքերին վերաբերվող հրատարակված գրքերից են «Ջավախք», «Ախալցխա», «Հայերը Կախեթում», «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Թիֆլիսի քաղաքագլուխները», «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները», «Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի», «Շուլավեր» աշխատությունները[2]։

Թուրքիայի Հանրապետություն

խմբագրել

Իրանի Իսլամական Հանրապետություն

խմբագրել

Հնդկաստան

խմբագրել

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

խմբագրել

Երկար տարիներ՝ մինչև իր մահը, Սամվել Կարապետյանը հանդիսացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը։

Գիտական աշխատություններ և հրապարակումներ

խմբագրել

Սամվել Կարապետյանը հեղինակել է տարբեր երկրներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների, Հայոց պատմության, պատմական կերպարների մասին գիտական գրքեր և այլ աշխատություններ։

Գրքերի ամբողջական ցանկը տեսնելու համար օգտագործել աղյուսակի աջ կողմում գտնվող ուղղահայաց պտուտակը

Գրքի անվանում
Տեղեկություններ
«Ղարաբաղ» Գիրքը հրատարակվել է 1989 թվականին Սամվել Կարապետյանի համահեղինակությամբ։ Հայաստանի ճարտարապետությանը նվիրված իտալական գրքաշարի 19-րդ հատորն է։
«Գետաշեն» Գիքրը հրատարակվել է 1992 թվականին։
«Ջավախքի խաչքարերը» Գիրքը հրատարակվել է 1995 թվականին։
«Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» Գիրքը հրատարակվել է 1997 թվականին, ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջաններում կամ պատմական Բուն Աղվանք երկրամասում պահպանված հայերեն արձանագրությունները, որոնք 1982-1986 թվականներին նշված տարածքից հավաքվել և վերծանվել է՝ թվով 516 վիմագիր։ Ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ, պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև վիմագրերի արտատպումներ[6][7]։
«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 1998 թվականին։ Ժողովածուն ընդգրկում է հատկապես 1988-1998 թվականների ընթացքում փաստագրական նյութեր ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների ավերումների և յուրացումների վերաբերյալ։ Գրքում ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ և լուսանկարներ[8][9][10][11]։
«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» Աշխատությունը հրատարակվել է 1999 թվականին, ներկայացնում է 1979 թվականի ի վեր, բայց հատկապես 1993-1996 թվականներին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Կովսականի (Զանգելան), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Բայլականի, Ակնի (Աղդամ), Աղջաբեդու, Թարթառի (Միրբաշիր) և Պարտավի (Բարդա) շրջաններում իրականացված որոնողական և հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձանները։ Տևական մի շարք ճամփորդությունների շնորհիվ կուտակված դաշտային նյութի, ինչպես նաև գրավոր աղբյուրների (մատենագրություն, արխիվային վավերագրեր, պարբերական մամուլ, հին ու նոր քարտեզներ) համատեղ ուսումնասիրությամբ ներկայացված են շրջանի բազմաթիվ բնակավայրերն ու հնավայրերը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող, գծապատկերներ, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ[12]։
«Շուլավեր» Աշխատությունը հրատարակվել է 2002 թվականին Սամվել Կարապետյանի և Սանդուխտ Ասլանյանի համահեղինակությամբ։ Ներկայացնում է ներկայիս Վրաստանի կազմում գտնվող պատմական հայկական Շուլավեր, ներկայիս Շահումյան անունը կրող բնակավայրի պատմությունը։ Այն առաջին գիրքն է, որը պատմական և ժամանակակից փաստերի հիման վրա ներկայացնում է Շուլավերի հիմնադրման և ձևավորման ընթացքը, բարդ և ճակատագրական ժամանակներ ապրած բնակավայրի քաղաքական, տնտեսական և կրթական առաջընթացն ու անկումները։ Ներկայացնում է փաստարկներ, որոնցով, ըստ գրքի հեղինակների, հաստատում է, որ Շուլավերն իր պատմական հուշարձաններով, ննջեցյալների տապանաքարերով, մտավորականությամբ և բնակչության հավաքական կերպարով իրենից ներկայացնում է Հայաստանի մի մասնիկը։ Հատուկ նշվում է, որ ժամանակակից քաղաքական իրադրության հետևանքով այն անջատված է Հայաստանից։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող ժամանակակից և պատմական արժեքավոր լուսանկարներ, քարտեզներ, ցուցակներ[13]։
«Թիֆլիսի քաղաքագլուխները» Աշխատությունը հրատարակվել է 2003 թվականին, ներկայացնում է Հարավային Կովկասի գլխավոր քաղաքներից մեկի՝ Թիֆլիսի քաղաքագլուխների (քաղաքապետների) պատմությունը, ինչպես նաև այդ համատեքստում Թիֆլիս (Թբիլիսի) քաղաքի պատմության առանցքային դրվագներ։ Գրքում շարադրված է մինչև 1917 թվականը շուրջ 800 տարիների ընթացքում Թբիլիսիում պաշտոնավարած 47 քաղաքագլուխների կենսագրական և նրանց պաշտոնավարության շրջանը լուսաբանող նյութեր։ Ներկայացված են նաև քաղաքի կառավարմանը, քաղաքային խորհրդին առնչվող տեղեկություններ։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[10][14][15]։
«Հյուսիսային Արցախ» Աշխատությունը հրատարակվել 2004 թվականին, ներկայացնում է Պատմական Հայաստանի հյուսիսային հատվածը կազմող Գարդմանքի (հեղինակն այն անվանում է Հյուսիսային Արցախ, իրենից ներկայացնում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության արևելյան մասը) գրեթե բոլոր բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին։ Գիրքը նախատեսված է Պատմական Հայաստանի Արևելից Կողմանց, վերջինի բնիկների և օտարամուտ ցեղերի ու ժողովուրդների պատմությամբ հետաքրքրվող մասնագետների, ինչպես նաև Գարդմանքի մասին ճանաչողական գիտելիքներ ստանալ ցանկացողների համար[16][17]։
«Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» Աշխատությունը հրատարակվել է 2004 թվականին, ներկայացնում է 1852 թվականին Թիֆլիսում հիմնադրված և 1919 թվականից վրացական իշխանությունների կողմից ազգայնացված, ներկայում Վրաստանում գործող Կովկասյան առաջին թանգարանի պատմությունը և այնտեղ պահվող հայկական հավաքածուն, որն, ըստ հեղինակի, բռնազավթվել է և մինչ օրս չի վերադարձվել Հայաստանին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ[18][19]։
«Հայերը Կախեթում» Աշխատությունը հրատարակվել է 2004 թվականին, հիմնված է փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա և ներկայացնում է Կախեթի (Արևելյան Վրաստան) հայկական բնակավայրերի, այդ թվում վրացախոս հայերով բնակեցված 103 բնակավայրի պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ Գրքում առկա են նաև պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ և այլն[20]։
«Ջավախք» Աշխատությունը հրատարակվել է 2006 թվականին, ներկայացնում է Ջավախքի շուրջ 100 բնակավայրերի պատմությունը։ Այս գրքի հրատարակումով փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված է Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ջավախք գավառի բնակավայրերի և պատմական հուշարձանների պատմությանը։ Առանձնահատուկ տեղ է հատկացված երկրամասում պահպանված վիմագրերի վերլուծություններին։ Հասցեագրված է հայ և վրաց ժողովուրդների պատմությամբ և մշակույթով հետաքրքրվողներին և ընթերցող լայն հասարակությանը։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[21]։
«Ախալցխա» Գիրքը հրատարակվել է 2008 թվականին։
«Արցախի կամուրջները» Աշխատությունը հրատարակվել է 2009 թվականին, ներկայացնում է Պատմական Հայաստանի Արցախ նահանգում գտնվող 98 կամուրջների պատմությունն ու ճարտարապետությունը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ, քարտեզներ; Այն հասցեագրված էհայկական ճարտարապետության և պատմության խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն հասարակությանը[22][23]։
«Հայաստան» պատկերազարդ մեծադիր գիրք-ալբոմ Գիրք-ալբոմը հրատարակվել է 2009 թվական, վերահրատարակվել՝ 2014 թվականին։
«Արցախի հրաշալիքները» Գիրքը հրատարակվել է 2010 թվականին։
«Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2010 թվականին։
«Հուշագրական ժառանգություն» Աշխատությունը հրատարակվել է 2011 թվականին, ներկայացնում է հիմնականում Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան հատվածի) տարբեր գավառներում ծնված և 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը վերապրած անհատների հուշագրությունները, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Այն հասցեագրված է հայ ժողովրդի պատմությամբ և հայրենագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն շրջանակներին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ, այդ թվում նաև՝ պատմական[24][25]։
«Անի 1050» Գիրքը հրատարակվել է 2011 թվականին։
«Հուշագրական ժառանգություն» Գիրքը հրատարակվել է 2011 թվականին։
«Նախիջևան» քարտեզագիրք Գիրքը հրատարակվել է 2012 թվականին։
«Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի» Գիրքը հրատարակվել է 2012 թվականին, ներկայացնում է Թբիլիսի քաղաքի հայկական նշանավոր հուշարձաններից մեկի՝ Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը։ Աշխատությունում քննության է ենթարկված մատենագրական և վիմագրական (այդ թվում` նորահայտ) փաստերը, որոնց հիման վրա հեղինակը հաստատում է եկեղեցու հայկական լինելը։ Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ[26][27][28][29]։ Աշխատության հրատարակմանը նպաստել են Արթուր և Լիլի Սերեդյանները[26]։
«Ձեռնարկ հայրենասիրության» Աշխատությունը հրատարակվել է 2013 թվականին։
«Ոսկեպարի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2013 թվականին։
«Ջիլիզայի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2013 թվականին։
«Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2014 թվականին։
«Զառ և Սևաբերդ գյուղերի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2014 թվականին։
«Նորագյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2014 թվականին։
«Կոտայք գյուղի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2014 թվականին։
«Կապուտան գյուղի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2014 թվականին։
«Հայոց ձոր» Գիրքը հրատարակվել է 2015 թվականին, նվիրված է Պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի պատմությանը և նյութական մշակույթի հուշարձաններին։ Բովանդակությունը հարստացված է արժեքավոր լուսանկարներով, փաստաթղթերով, առկա է աղբյուրների հսկայական ցանկ[30][31][32][33]։
«Առինջ գյուղի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2015 թվականին։
«Եղեռն՝ եղեռնից հետո, հ․ Ա» Գիրքը հրատարակվել է 2015 թվականին։
«Եղեռն՝ եղեռնից հետո» (համառոտ) Գիրքը հրատարակվել է 2016 թվականին։
«Արցախ» քարտեզագիրք Գիրքը հրատարակվել է 2016 թվականին։
«Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» Գիրքը հրատարակվել է 2017 թվականին, ներկայացված են մանրամասն տեղեկություններ, թե ինչպես է ժամանակակից Ադրբեջանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կիրառմամբ Ադրբեջանը 1990-ական թվականներից սկսած երկու տասնամյակի ընթացքում ոչնչացրել հայկական հուշարձանները։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ, քարտեզներ[34][35]
«Սալմաստ» Գիրքը հրատարակվել է 2017 թվականին։
«Արծկե» Գիրքը հրատարակվել է 2018 թվականին։
«Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները» Գիրքը հրատարակվել է 2019 թվականին։
«Մռավականք» Գիրքը հրատարակվել է 2019 թվականին։
«Խոջիվանք» Գիրքը հրատարակվել է 2019 թվականին։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել

Իր երկարամյա գիտական գործունեության համար Սամվել Կարապետյանն արժանացել է տասնյակ մրցանակների ու գնահատանքի[2]։

2001 թվականին «ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին նպաստող ակնառու նվաճումների համար» Արցախի Հանրապետության կառավարության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» պետական շքանշանով։ 2003 թվականին արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդ Արամ Ա կաթողիկոսի օրհնության և գնահատանքի գրի։ Նույն թվականին ԱՄՆ-ում գործող Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության վարչության կողմից պարգևատրվել է «հայկական ճարտարապետական կոթողների ուսումնասիրության և պահպանման բնագավառում բազմամյա և բեղուն գործունեության համար»։ 2004 թվականին իր հեղինակած «Հյուսիսային Արցախ» գրքի համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության կառավարության «Եղիշեի անվան գրական մրցանակի»։ Նույն թվականին Բուրջ Համուտի Հայ կաթողիկե Մեսրոպեան Արուեստից վարժարանի կողմից արժանացել է գնահատանքի և երախտագիտության գրի։ 2006 թվականին «Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում» իր հեղինակած «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Հայերը Կախեթում», «Ջավախք» գրքերի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի։ 2008 թվականին «Պատմական Հայաստանի տարածքում կատարած ծավալուն ուսումնասիրությունների և հայ ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով։ «Պատմական հուշարձանների, հնավայրերի ուսումնասիրման և վերականգնման գործում ունեցած զգալի ավանդի համար» նույն թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության պատվոգրի։ 2010 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով։ «Հուշարձանների պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնռագավառում երկարամյա, անբասիր աշխատանքային գործունեության համար» 2012 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»։ «Հայկական հուշարձանների պահպանման ազգանվեր գործի համար» նույն թվականին «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից արժանացել է դիպլոմի։ 2014 թվականին «Վահագն» ռազմահայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության կողմից «ազգային և հայրենանվեր գործունեության համար» արժանացել է պատվոգրի, «Հայերնիքի ձայն» տիտղոսակոչումի և պարգևատրվել «Վահագնի» հուշարձանով։ «Եղեռն եղեռնից հետո» ծրագրի համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել է Հատուկ մրցանակ։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից նույն թվականին արժանացել է շնորհակալագրի Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսը լավագույնս կազմակերպելու ու ներկայացնելու համար։ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ունեցած ակտիվ մասնակցության և այդ գործում դրսևորած պատրաստակամության համար» 2015 թվականին արժանացել է Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրի։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության նախարարության կողմից «հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով, «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա գործունեությանը մեծապես աջակցելու համար» «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կողմից արժանացել է շնորհակալագրի[2]։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[36]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Գևորգ Կարապետյան, որդիները՝ Տիրան և Տրդատ (ռեժիսորներ), Անի, թոռը՝ Կարապետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Վարձք թիվ 13, 2020 թվական, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, ISSN 1829-2003
  3. «US Congressmen presented facts of demolition of ancient Armenian khachkars in Old Jugha by Azeri troops», ARMINFO News Agency, 2007 թ․ նոյեմբերի 28
  4. «European Court for Human Rights notes a claim for recognizing Azerbaijan guilty in desecration of khachkars in Old Jugha», ARMINFO News Agency, 2008 թ․ նոյեմբերի 26
  5. «Վրաց իշխանություններն արգելել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մուտքը Վրաստան» (արխիվացված
  6. «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-12-01 Wayback Machine (արխիվացված)։
  7. «Նաեւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք հպարտությամբ ներկայանալ աշխարհին» (արխիվացված)։
  8. «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-03-05 Wayback Machine (արխիվացված)։
  9. «Օրենք չեմ խախտել». Սամվել Կարապետյանին գործունեության պատճառով արգելել են մտնել Վրաստան» (արխիվացված)։
  10. 10,0 10,1 «Սամվել Կարապետյան. «Կարծում եմ, որ վրացիներն ավելի են գնահատում իմ աշխատանքը, քան հայերը» (արխիվացված
  11. «Երեք հարևան, երեքն էլ մի վարքի։ Հայ հուշարձանագետին արգելել են մտնել Վրաստան» (արխիվացված)։
  12. «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-03-02 Wayback Machine (արխիվացված)։
  13. «Շուլավեր» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-04-19 Wayback Machine (արխիվացված)։
  14. «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-02-04 Wayback Machine (արխիվացված)։
  15. «Թիֆլիսի քաղաքագլուխներ» գրքի մասին համառոտ տեղեկություններ «Գուգլ գրքերում»։
  16. «Հյուսիսային Արցախ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-02-06 Wayback Machine (արխիվացված)։
  17. «Հյուսիսային Արցախ» գիրքը շատ բուռն է ընդունվել վրացիների կողմից (արխիվացված)։
  18. «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում, Արխիվացված 2019-02-04 Wayback Machine (արխիվացված)։
  19. «Բացահայտվում է հայկական և վրացական պատմությունը», (արխիվացված)։
  20. «Հայերը Կախեթում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-02-28 Wayback Machine (արխիվացված)։
  21. «Ջավախք» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-09-29 Wayback Machine (արխիվացված)։
  22. «Արցախի կամուրջներ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2021-04-15 Wayback Machine (արխիվացված)։
  23. «Արցախի կամուրջները» Արխիվացված 2019-03-01 Wayback Machine (արխիվացված
  24. «Հուշագրական ժառանգություն» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2021-05-17 Wayback Machine (արխիվացված)։
  25. «Հուշագրական ժառանգություն» գրքի մասին տեղեկություններ Առավոտ էլեկտրոնային թերթում (արխիվացված)։
  26. 26,0 26,1 «Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (արխիվացված)։
  27. «Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու հայկական լինելու փաստերը ամբողջացել են մեկ գրքում» (արխիվացված)։
  28. «Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հայկականությունն ապացուցող գիրք է հրատարակվել» (արխիվացված)։
  29. «Վրաստանում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիներից միայն 6-ի նկատմամբ է վերադարձման խնդիր ներկայացվել. Սամվել Կարապետյան»(չաշխատող հղում) (արխիվացված)։
  30. «Հայոց ձոր» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2021-05-17 Wayback Machine (արխիվացված
  31. «Հայաստանի պատմություն» գրքաշարի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-02-05 Wayback Machine (արխիվացված
  32. «Հայաստանի պատմությունը ˋ գավառ առ գավառ. Լույս է տեսել «Հայաստանի պատմություն» գրքաշարի առաջին հատորը» Արխիվացված 2019-12-30 Wayback Machine (արխիվացված
  33. «Մինչև տարեվերջ տպագրության կպատրաստվի «Հայաստանի պատմություն» գրքաշարի 2-4-րդ հատորները» (արխիվացված
  34. ««Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս». Գիրք այն մասին, թե ինչպես են պետական ծրագրով ոչնչացնում հայկական հուշարձանները»
  35. «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2021-02-16 Wayback Machine (արխիվացված)։
  36. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր 2020թ. սեպտեմբերի 18 Երևան ՆՀ-216-Ա, (արխիվացված

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)» հոդվածին։