Գագիկ Ա (անհայտ - 1020), հայոց արքա (989-1020)։ Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը։ Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

Գագիկ Ա
Դիմանկար
Ծնվել էԱնհայտ է։
Մահացել է1020(1020)
Մահվան վայրԱնի
ԳերեզմանԱնի
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունգերիշխան
ԳործունեությունԻրեն է ենթարկել երկրի ներսում գոյություն ունեցող փոքրիկ թագավորությունները։
ԱմուսինԿատրամիդե
ԾնողներԱշոտ Գ Ողորմած
Զբաղեցրած պաշտոններՀայոց շահնշահ
Պարգևներ և
մրցանակներ
Արքայից արքա տիտղոս
ԵրեխաներՀովհաննես-Սմբատ, Աշոտ, Խուշուշ Բագրատունի, Աբաս
 Gagik I of Armenia Վիքիպահեստում

Գահակալություն խմբագրել

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը[1]։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Նրա գահակալության տարիներին Բագրատունյաց թագավորությունը թևակոխում է իր հզորության ու բարգավաճման բարձրագույնն շրջափուլ։ Գագիկ Ա-ն փորձում էր թագավորության կազմում միավորել երկրի էթնիկապես մատարր բոլոր պետական կազմավորումները։ Գագիկ Ա-ն մոտ 100 հազարանոց բանակ է ստեղծում, կազմակերպել է արքունի մշտական զորք։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա-ն զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ Գագիկ Ա-ի գահակալման առաջին տարում 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը՝ բանակելով Կոստեանք գյուղում։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)[2]։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ Գագիկ Ա-ի օրոք Բագրատունյաց թագավորության սահմանները ընդարձակվում են՝ ընդգրկելով Շամքորից մինչև Խլաթ ու Մանազկերտ քաղաքները։ Բասեն գավառից Խաչեն տարածվող շրջանները։ 1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա-ն խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Բագրատունյաց թագավորությունը Գագիկ Ա-ի շրջահայաց քաղականության շնորհիվ վայելում էր խաղաղություն, որը շարունակվում է մինչև իր մահ։ Այդ ժամանակ երկրի տնտեսական և մշակութային վերելքի նյութական նախադրյալներ են ստեղծվում։ Գագիկ Ա-ի թագավորության տարիներին լայն թափով շարունակվում է քաղաքամայր Անիի կառուցապատումը։ Երբ ծաղկում ու բարգավաճում էր Հայաստանը, այդ փաստը գրգռում էր հարևան ցեղերի ախորժակը։ Նրանց սանձելու համար Գագիկ Ա-ը հետամուտ է լինում երկրի հզորության մեծացմանը, Հայաստանի պետական մյուս կազմավորումների հետ իր թագավորության ռազմաքաղաքական դաշինքը պահպանելուն ու ամրապնդելուն։ Սակայն 1001 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Կյուրիկյանը՝ Անհողին մականունով ծառանում է Գագիկ Ա-ի դեմ:Նա առանց հապաղելու դիմում է վճռական գործողությունների, նա զորքը մտցնում է Տաշիր գավառ՝ պաշարելով Դավիթ Անհողինի նստավայր Շամշուլդե բերդաքաղաքը։ Դրանից հետո գրավում է Գագ գավառը, զորքը մտցնում է նաև Աղստևի հովիտ։ Այս ամենը տևում է 3 ամիս, որից հետո Դավիթ Անհողինը ողջամիտ վճիռ է կայացնում։ Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի միջնորդությամբ կողմերի միջև հաշտություն է կնքվում Շիրակավանում, Դավիթ Անհողինը պարտավորվում է նախկինի պես հավատարիմ մնալ թագավորին[2]։ Գագիկ Ա-ն Աղստևի հովիտը՝ Կայան և Կայծոն բերդերով նաև Տավուշ գավառը խլում է Դավիթից և տալիս իր որդուն Հովհաննես-Սմբատին։ Հետագա տարիներին մինչև Գագիկ Ա-ի վախճանվելը, Հայաստանը շարունակում է վայելել խաղաղություն։ Բյուզանդական կայսրությունը և ոչ էլ հարևան ամիրաները չեն փորձում խախտել երկրի անդորրը։ Գագիկ Ա-ի ջանքերով ավելի է ամրապնդվում երկրի պետական տարբեր միավորումների միջև ազգային ընդհանրության հիմքի վրա ձևավորված համադաշինքը, որն էականորեն նպաստում է երկրի քաղաքական միավորմանը։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին։ Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները։

Տնտեսություն խմբագրել

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների։ Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը։

Գագիկ Ա-ի արձանը խմբագրել

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին։ Ճարտարապետը Տրդատն էր։

Անձի մասին խմբագրել

Գագիկ Ա-ն ուներ վայելուչ հասակ և գեղեցիկ պատկեր:Նրա մազերը թխակերպ էին, շրթունքները նման են եղել կարմիր լարի, ատամները՝ շատ գեղեցիկ[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Հ. Օրբելի (1966). Դիվան հայ վիմագրության. Երևան. էջ 35.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Ստեփանոս Տարոնեցի(Ասողիկ) (2000). Պատմություն տիեզերական. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 272.
  3. Թովմա Արծրունի և Անանուն (1999). Պատմություն Արծրունյաց տան. Երևան: Հայաստան. էջ 271.