Ալեքսանդրապոլի պայմանագիր

Ալեքսանդրապոլի պայմանագիր (թուրքերեն՝ Gümrü Antlaşması), 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ ֆրանսերեն և թուրքերեն։

Ալեքսանդրապոլի պայմանագիր

Տունը, որտեղ տեղի է ունեցել պայմանագրի ստորագրումը (Գորգանյան փող., 97)։ Այսօր այնտեղ է գտնվում Դաշնակցության ներկայացուցչությունը
Պայմանագրի տիպ ապօրինի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
դեկտեմբերի 3, 1920 թվական
Ալեքսանդրապոլ
Ստորագրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Քյազիմ Կարաբեքիր

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության անունից՝ Ալեքսանդր Խատիսյան

Կողմեր Թուրքիայի ազգային մեծ ժողով

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Լեզուներ Ֆրանսերեն, թուրքերեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
hy:Ալեքսանդրապոլի պայմանագիր

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

Ալեքսանդրապոլի պայմանագիրն ապօրինի է[1]։

Նախապատմություն

խմբագրել

1920 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ պատվիրակությունը ժամանում է Ալեքսանդրապոլ։ Հաջորդ օրը պաշտոնապես սկսվում են խաղաղության բանակցությունները քեմալականների և հայոց պատվիրակության միջև։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։ Պատվիրակության լիազոր անդամներն էին նաև ֆինանսների նախկին նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը, Կարսի նախկին մարզպետ Ստեփան Ղորղանյանը։ Պատվիրակությունը բաղկացած էր 16 հոգուց։

Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջև ընթացող ծանրագույն բանակցությունների արդյունքում 1920 թվականի դեկտեմբերի 3-ին (ժ. 02.00-ին) ստորագրվում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը հետևանք էր հատկապես 1920 թվականի Մայիսյան հայրենակործան ապստամբությունից հետո Հայաստանում առաջացած ռազմաքաղաքական իրավիճակի, օրեցօր սերտաճող բոլշևիկ-քեմալական համագործակցության, ինչպես նաև ՀՀ իշխանությունների ու ժողովրդի միջև առաջացած հսկայական վիհի։

Հոդվածներ

խմբագրել

1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։

2-րդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 կմ²), իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։

Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։

Հոդված 4 Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ ։

5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։

Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։

7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարիզի խաղաղության վեհաժողովի տվյալներով այդ գումարը շուրջ 19 միլիարդ ֆրանկ էր։

Պայմանագրի կնքման ճշգրիտ օր

խմբագրել

Առավելաբար և ավանդաբար որպես Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվ նշվում է 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Սա սխալ թվագրում է, քանի որ փաստերն այլ բան են վկայում։ Նշյալ սխալը հավանաբար տարածում է գտել, քանի որ թեև պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, սակայն դրա վրա մնացել է «2 դեկտեմբերի, 1920 թ.» (2 Aralik 1336) թվագրումը։

Ահա թե ինչ են վկայում պայմանագրի ստորագրման անմիջական և ոչ անմիջական մասնակիցները։

Հայկական պատվիրակության ղեկավար Ա.Խատիսյանն իր հուշերում գրում է հետևյալը. «Երեկոյեան ժամը 8-ին կայացաւ խաղաղութեան խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը։ (...) Գիշերւայ ժամը 2-ին (դեկ. 2-էն լոյս 3-ը) դաշնագիրը ստորագրւեցաւ երկու պատւիրակութիւններու կողմէն»[2]։

Թուրք ազգայնականների ղեկավար, հետագայում Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալն իր 1927 թվականի հայտնի ճառում, խոսելով Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, ասում է հետևյալը. «Խաղաղության բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 26-ին և ավարտվեցին դեկտեմբերի 2-ին; այդ գիշերվա ընթացքում պայմանագիրը ստորագրվեց Գյումրիում»։ (Peace negotiations began on the 26th November and ended on the 2nd December; during that night the treaty was signed at Gumru.)[3]

Բազմաթիվ են այն աղբյուրներն ու ուսումնասիրությունները, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվն իրավացիորեն նշված է 1920 թվականի դեկտեմբերի 3-ը[4]։ Ժամանակի թերևս ամենաիրազեկ մարդը՝ Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Հորես Ռամբոլդը արտգործնախարար Ջորջ Քերզոնին հղված (16 դեկտեմբերի, 1920 թվական) հետախուզական ամփոփագրում նշում է. «Թուրքերի և հայերի միջև խաղաղությունն իրականում Ալեքսանդրապոլում ստորագրվել է դեկտեմբերի 3-ին» (Peace between the Turks and Armenians had actually signed at Alexandropol on the 3rd December.)[5]

Պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից

խմբագրել

Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից։

Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. հայկական պատվիրակությունն արդեն չէր ներկայացնում երկրի իշխանությունը, իսկ թուրքական (քեմալական) պատվիրակությունը դեռևս չէր ներկայացնում երկրի իշխանությունը (տե՛ս «Կնքող կողմերի լիազորությունները»)։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով[6]։
  • պայմանագիրն այդպես էլ չի վավերացվել և ուժի մեջ չի մտել։

Կնքող կողմերի լիազորությունները

խմբագրել

Հայկական պատվիրակություն

խմբագրել

Հայաստանում 1920 թվականին իշխանափոխությունը փաստագրված իրողություն է, հետևաբար նրա օրն ու ժամը՝ անվիճելի փաստ։ Իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների և ՌՍՖՍՀ ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումով, որն ստորագրվել է 1920 թ. դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ և ուժի մեջ է մտել նույն օրը երեկոյան ժամը 6-ին[7]։ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին (3 դեկտեմբերի, 1920) հայկական պատվիրակությունը լիազորություններ չուներ, այսինքն՝ լիազորված չէր հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից։

Թուրքական (քեմալական) պատվիրակություն

խմբագրել

Մինչ, այսպես կոչված, թուրքական պատվիրակությանն անդրադառնալն անհրաժեշտ է ընդգծել, որ «թուրքական» բառն այստեղ գործածվել է զուտ էթնիկ և ոչ՝ քաղաքական իմաստով, քանի որ մինչևիսկ այդ պատվիրակության անդամներն իրենք իրավացիորեն իրենց չէին համարում Թուրքիայի պետության ներկայացուցիչներ։ Պայմանագրի նախաբանում այս պատվիրակությունն անվանված է ոչ թե Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի կամ դրանց կառավարության պատվիրակություն, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն (Türkiye Büyük Millet Meclisi Hükümeti՝ պայմանագրի թուրքերեն օրինակում)։ Դա մի կազմակերպություն էր, որ ստեղծվել էր Թուրքիայի ռազմական հետախուզության (ղեկավարը 1912-1914 թվականներին Քյազիմ Կարաբեքիրն էր) Կարակոլ (Karakol) կազմակերպության հրահրումով և աջակցությամբ ստեղծված Ազգային պաշտպանության (Mudafaa-i Milliye) [The National Defense Group][8] զանազան խմբերի միավորումով՝ 1920 թվական ապրիլի 23-ին, Անկարայում։ Կարակոլի և նշյալ խմբերի գործունեությունն օրինական չէր (legitimate), քանի որ, ըստ միջազգային օրենքի՝

  Զինադադարի կնքումից հետո որևէ գործողություն, որն ուղղված է զինադադարի նպատակը՝ այն է խաղաղությունը, խաթարելուն անօրինական է և դատապարտելի։  

:

Քեմալականների գործունեությունը նաև Թուրքիայի սահմանադրության խախտում էր, ուստի Թուրքիայի օրինական իշխանությունները դեռևս 1920 թվականի ապրիլ-մայիսին քեմալականների նկատմամբ մի շարք մահավճիռներ էին կայացրել (օրինակ, դեռևս 1920 թվականի ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի ֆեթվայով (կոնդակով) խռովարարները հայտարարվել էին օրենքից դուրս և նրանց սպանելը՝ աստվածահաճո գործ[9])։ Խռովարարների պարագլուխը՝ Մուստաֆա Քեմալը, դեռևս 1919 թվականի հուլիսի 11-ին զրկվել էր իր բոլոր կոչումներից և պաշտոններից, իսկ 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական ռազմական դատարանը նրա նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել։ Այդ դատավճիռը 1920 թվականի մայիսի 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ուստի 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Ալեքսանդրապոլ բանակցությունների եկած պատվիրակությունը ոչ թե Թուրքիա պետությունն էր ներկայացնում, այլ փախուստի մեջ գտնվող, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունների համար մահվան դատապարտված, քրեական հանցագործների մի կազմակերպություն՝ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» հորջորջվող ՀԿ։

Այդ կազմակերպությունը, չնայած լայնորեն տարածում գտած թյուր կարծիքի, 1920-1923 թվականներին Թուրքիայի խորհրդարանը չէր։ Նա միջազգային իրավունքի և երկրի գործող սահմանադրության տեսանկյունից չէր կարող լինել խորհրդարան։ Կապիտուլյացիայի ենթարկված երկրում, ռազմակալման ողջ ժամանակահատվածում, դադարում են գործել տվյալ երկրի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները։ Գերակա իշխանությունն անցնում է հաղթող երկրներին և այդ իրավական կարգավիճակը մնում է մինչև խաղաղության պայմանագրի կնքումը և ուժի մեջ մտնելը։ Այդ կարգավիճակն ու իրավիճակը միանշանակորեն ամրագրված են միջազգային իրավունքի մեջ և ամրապնդված բազում օրինակներով[10]։ Թուրքիայի պարագայում 1918 թվականի հոկտեմբերի 30-ից (Մուդրոսի զինադադարի ստորագրումից) գոնե մինչև 1923 թվականի հուլիսի 24-ը (Լոզանի պայմանագրի ստորագրումը) Թուրքիայում, միջազգային իրավունքի համաձայն, իշխանությունը պատկանում էր հաղթած Դաշնակից երկրների Գերագույն խորհրդին (Supreme Council of the Allied Powers

Այդ խորհուրդը, որի կազմում էին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ բարձրագույն պաշտոնյաները, իր իշխանությունը Թուրքիայում իրականացնում էր նախ պարզ ներկայացուցիչների (1918 թվականի նոյեմբեր – 1919 թվականի մարտ), ապա և Գերագույն հանձնակատարների (High Commissioners) միջոցով (1919 թվականի մարտ – 1923 թվականի սեպտեմբեր)[11]։ Վերջիններիս միավորող կառույցը, որն իրականացնում էր բարձրագույն իշխանությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում, կոչվում էր Վերահսկման և կազմակերպման միջդաշնակցային հանձնախմբեր (Inter-Allied Commissions of Control and Organization) և ուներ զանազան ենթահանձնախմբեր[12]։

«Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կազմակերպության առաջին նիստը գումարվել է 1920 թվականի ապրիլի 23-ին։ Այդ ժողովն ունեցել է 327 մասնակից, որոնցից առավելագույնը միայն 92 էին (1/3-ից էլ պակաս) նախկին օսմանյան խորհրդարանի նախկին անդամներ։ Նրանք համարվում են նախկին, քանի որ խարհրդարանի վերջին օրինական ընտրությունները տեղի էին ունեցել 1912 թվականին և այդ տարի ընտրվածների լիազորությունների ժամկետը, համաձայն գործող սահմանադրության 70-րդ հոդվածի, ավարտվել էր 1916 թ.-ին։ Պատմագիտական գրականության մեջ հիշատակվող 1919 թ. վերջին ամիսների «ընտրությունները» և դրա հետևանքով 1920 թ. հունվար-ապրիլին կայացած ժողովները չեն կարող համարվել ընտրություններ և դիտարկվել որպես խորհրդարանական նիստեր, քանզի դրանք տեղի են ունեցել թուրքական ինքնիշխանության բացակայության պայմաններում և չեն իրականացվել երկրի սահմանադրության և օրենսդրության պահանջներին համապատասխան։

Մասնավորապես, խախտվել են սահմանադրության №№ 7, 17, 41, 42, 43, 45, 46, 60, 72, 77, 120 հոդվածները, քվեարկելու իրավունքից ապօրինաբար զրկված են եղել բոլոր ոչ թուրքերը[13]։ Հետևաբար, այդ ժամանակ Թուրքիայի միակ ճանաչված իշխանավորը՝ սուլթանը, համաձայն սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի (հ-ծ 7), 1920 թվականի ապրիլի 12-ին դադարեցրել էր այդ ոչ օրինական ժողովահավաքների գործունեությունը[14]։ 1920 թվականի ապրիլի 23-ին 92 մասնակիցների լիազորությունների օրինական համարվելու դեպքում նույնիսկ, միևնույն է այդ թիվը խորհրդարան գումարելու համար քվորում չէր կարող ապահովել։ Մնացած 232-ը ներկայացնում էին երկրում ապօրինի գործող, «Իրավունքների պաշտպանության շարժման» տարբեր մասնաճյուղերը[15]։

Այսպիսով, կազմակերպության անվանումը չէ, որ որոշում է տվյալ կառույցի լիազորությունները, այլ այն իրավական և օրենսդրական հիմքը, որի վրա ձևավորվել և որի շրջանակներում կայացել է նշյալ կառույցը։ Ինքնին կազմակերպության անվանումը չի սահմանում տվյալ կազմակերպության իրավասությունների շրջանակը, առավել ևս դառնում հիմք՝ միջպետական իրավական փաստաթուղթ ստորագրելու լիազորություն տալու համար։

Ուստի, քեմալական պատվիրակությունը Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքման պահին լիազորված չէր և չէր ներկայացնում Թուրքիայի օրինական իշխանությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://hairenikweekly.com/2011/03/17/6411 Ապօրինի պայմանագրեր և փաստաթղթեր
  2. Խատիսեան Ա. Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը. Աթէնք, 1930, էջ 271։
  3. Mustafa Kemal Ataturk. A Speech delivered by Musrafa Kemal Ataturk 1927. Istanbul, 1963, p. 418.
  4. McCarthy J. The Ottoman Turks: An Introductory History to 1923. London, 1997, p. 381.; Lenczowski G. Middle East in World Affairs. N.Y., 1952, p. 105.; Jaschke v. G., Pritsch E. Die Tiirkei seit dem Weltkriege, Geschichtskalender 1918-1928, Die Welt des Islams. Bd. 10, p. 42.; Modern Turkey, (by Eliot G. Mears), N.Y., 1924, p. 600.; The New York Times, December 10, 1920, p. 1.
  5. Summary of Intelligence Reports issued by S.I.S. (Constantinople Branch) for week ending December 16, 1920. British Documents on Ataturk (1919-1938). v. 2, April-December 1920, Ankara, 1975, p. 515.
  6. Vienna Convention on the Law of Treaties, 1969. UNO, NY, Article 52.
  7. Hovannisian R. The Republic of Armenia. v. IV, Berkeley, 1996, p. 387.
  8. Criss N.B. Istanbul under Allied Occupation, 1918-1923. Leiden, 1999, p. 5.
  9. Zurcher E.J. Turkey, The Modern History. London-New York, 1998, p. 158.
  10. Paenson I. Manual of the Terminology of the Law of Armed Conflicts and International Humanitarian Law. Brussels, 1989, p. 46.
  11. Criss N.B. Ibid, p. 61:
  12. Criss N.B. Ibid, p. 158
  13. «Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման 90-ամյա տարելից».
  14. Mears E.G. Modern Turkey. NY, 1924, p. 598.
  15. Zurcher E.J. Ibid, p. 158.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրապոլի պայմանագիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 156  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու)