Նիկողայոս Մառ
Նիկողայոս Մառ (վրաց.՝ ნიკოლოზ მარი, ռուս.՝ Николай Яковлевич Марр) (դեկտեմբերի 25 1864 (հունվարի 6 1865)[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 20, 1934[2][1][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ։

Կենսագրություն խմբագրել
Նիկողայոս Մառը ծնվել է Ռուսական Կայսրության Քութայիս քաղաքում, (Վրաստան) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի՝ 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ Նիկողայոս Մառը առաջին անգամ Հայաստան եկավ 1890 թվականին։ 1904 թ Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները[4], ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։ 1910-1911 թվականներին Սիմիռնովի և ճարտարապետ Ռոմանովի հետ պեղումներ կատարեց Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներում։
1915–16 թթ-ին Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները։ 1922–31 թթ-ին հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում։ 1930 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս էր 1909 թ-ից)։ Մառը գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոս), Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու և ուրիշների երկերին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները։ Մառը բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար։ Հակադրվելով եվրոպական մի շարք արևելագետների (Ալֆրեդ Գուտշմիդտ, Օգյուստ Կարիեր և ուրիշներ)՝ հերքել է այն թյուր կարծիքը, թե իբր Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, և ապացուցել է, որ Մովսես Խորենացին իր պատմությունը գրելիս իրոք օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից։
Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց՝ Մառը հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (1893–1917 թթ., ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում։ Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին։ Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն։ «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է[5]։
Նիկողայոս Մառի հիմնադրած «Խրիստիանսկի Վոստոկ» (1912–22 թթ.) ակադեմիական հանդեսն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Կովկասյան բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» և այլ մատենաշարեր դարձել են գիտության համապատասխան ճյուղերի կազմավորման դպրոցներ[6]։ Մառի անունով Երևանում կոչվել է փողոց։
Գրականություն խմբագրել
- Էդուարդ Աղայան, Բազմավաստակ, մեծ գիտնականը (Նիկողայոս Մառի ծննդյան 100-ամյակը)։ «Գրական թերթ», 1965, № 2:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Марр Николай Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ Մառ Նիկողայոս (2001)։ Ani - Rêve d'Arménie։ Anagramme Editions։ ISBN 978-2-914571-00-5
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-29
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Նիկողայոս Մառ»։ Վերցված է 2023-06-29
Արտաքին հղումներ խմբագրել
- Նիկողայոս Մառ Archived 2020-08-08 at the Wayback Machine.
- Նիկողայոս Մառը և Անին
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 263)։ |