Աշոտ Մսակեր
Աշոտ Բագրատունի Մսակեր (մոտ 760-826), հայոց իշխան մոտ 790[2] թվականից (պաշտոնապես՝ 804 թվականից), 774–775 թվականների ապստամբության նահատակ Սմբատ Բագրատունու որդին։ Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ «Մսակեր» մականունն ստացել է պաս չպահելու համար։
Աշոտ Մսակեր | |
---|---|
հայոց իշխան | |
Իշխանություն | 790 թվականից |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 826[1] |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Սմբատ Է Բագրատունի[1] |
Երեխաներ | Հռիփսիմե Բագրատունի, Սմբատ Ը Բագրատունի և Բագրատ Բ Բագրատունի |
Օգտվելով Կամսարական և Մամիկոնյան տոհմերի թուլացումից՝ ընդարձակել է Բագրատունիների կալվածքները։ 780-ական թվականներին Կամսարականներից գնել է Այրարատի Շիրակ և Արշարունիք գավառները, իր նստավայրը Դարույնքից տեղափոխել Բագարան։ Ձեռք է բերել նաև Մամիկոնյանների Տարոն գավառը։ Հաջողությամբ պայքարել է Ջահաֆյանների դեմ, որոնք ձգտում էին նվաճել Հայաստանը։ Ութմանիկներից նեղվող Գնունի տոհմը Աշոտ Բագրատունու հովանավորությամբ Աղիովիտ գավառից տեղափոխվել է Տայք նահանգը։ 9-րդ դարի սկզբին Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել նաև Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։
804 թ-ին խալիֆայությունը ստիպված է եղել Աշոտ Մսակերին ճանաչել որպես Հայոց իշխան։ Նա մերժել է Միջագետքի Խառան քաղաքի եպիսկոպոսի՝ քաղկեդոնականությունն ընդունելու առաջարկը։
Աշոտն իր եղբորը՝ Շապուհ Բագրատունուն, նշանակել է Հայոց սպարապետ, խնամիացել Արծրունիների հետ՝ իր դուստր Հռիփսիմեին կնության տալով Վասպուրականի գահերեց իշխան Համազասպ Արծրունուն։ Ըստ պատմիչ Միքայել Ասորու՝ եղել է Բագրատունի առաջին թագավորը, քանի որ վերջինս իշխել է ինքնուրույն[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 487—488.
- ↑ Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 241, 2003թ
- ↑ «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 487)։ |