Սմբատաշեն, Սնբատյան կամ Սմբատի պարիսպներ, Անի քաղաքի հյուսիսային ամրությունները։ Կոչվել է նաև Սմբատյան պարիսպներ, Սմբատի պարիսպներ, Հյուսիսային պարիսպներ։ Կառուցել է Սմբատ Բ Տիեզերական Բագրատունին 986-988 թվականներին[1]։

Սմբատաշեն պարիսպներ
Նկարագրություն
ՏեղագրությունԹուրքիա Անի
ԵրկիրՀայ-Թուրքական սահման
ԿառուցողՍմբատ Բ Տիեզերակալ թագավոր հայոց
Ընթացիկ վիճակկիսավեր տեղ տեղ ավերակներ

Հիմնադրում խմբագրել

Ըստ Մ. Բրոսեի՝ Սմբատ Բ-ն պարսպի շինարարությամբ զբաղվել է 8 տարի։ Նույն կարծիքին էր նաև Թ. Հակոբյանը, որը համարում էր նաև, որ պարսպի շինարարությունն ավարտվել է 989 թվականին։ Այն կարծիքը, թե պարիսպը կառուցվել է մեկ տարում, դիտարկելով Թ. Թորամանյանի տեսակետի դիրքերից, անհնար էր։ Ուստի հիմնվելով նշանավոր ճարտարապետի դիտարկման վրա՝ նշվել է, որ պարսպի կառուցումը պետք է սկսված լիներ Սմբատ Բ-ի գահակալության սկզբին[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Ըստ Թ. Թորամանյանի հաշվումների՝ Սմբատաշեն պարսպի երկարությունը կազմել է 2500 մետրից ավելի, բարձրությունը՝ 8-10 մետր, իսկ լայնությունը՝ մեկ մետր։ Նոր պարսպի կառուցման համար նախատեսված տեղում տարածքը հարթ չի եղել. փոսեր, հնարավոր է՝ նաև պաշտպանական խրամներ կային, որոնք հարկ է եղել լցնել, իսկ այնուհետև հարթեցված տարածքում կառուցվել է մինչև օրս իր չափերով, հզորությամբ և գեղեցկությամբ բոլորին հմայող՝ Անիի մեծ կամ, ինչպես այն առավել հայտնի է, Սմբատաշեն պարիսպը։ Նոր պարիսպը կառուցվել էր՝ ընդգրկելով քաղաքի` հին պարսպի պաշտպանությունից դուրս մնացած հատվածները կամ, այսպես կոչված, նոր քաղաքը՝ տարածվելով Ախուրյան գետից մինչև Ծաղկոցաձոր։ Հին ու նոր պարիսպների հեռավորությունը կազմել է շուրջ 720 մետր, թեև Մատթեոս Ուռհայեցին այդ տարածությունը հավասարեցնում է մեկ նետընկեցի[3]։ Պարսպի ողջ երկարությամբ միմյանցից 10-20 մետր հեռավորության վրա կառուցվել էին բուրգեր (աշտարակներ), որոնք ունեին կիսաշրջանաձև կառուցվածք՝ բացառությամբ Իգաձորի և Գայլաձորի հատվածներում գտնվող բուրգերի, որոնց հատակագիծը քառակուսի էր։ Անիի պարիսպները բաղկացած էին 80 բուրգից՝ չհաշված Աղջկաբերդի ու միջնաբերդի 4-ական և Աշոտաշեն պարսպի 6 բուրգերը։ Միայն Սմբատաշեն պարիսպն ուներ 55 աշտարակ՝ հաշվառելով նաև բուն պարսպից 7-10 մետր հեռավորության վրա զուգահեռ ձգվող ավելի ցածր պարսպի շուրջ երկու տասնյակ աշտարակները[4]։ Բուրգերը երկհարկ կամ եռահարկ էին՝ հարկերը միմյանց կապող աստիճաններով։ Պարիսպը ուներ 14 դարպաս և մուտք (անցում), որոնցից գլխավորներն էին Ավագ, Կարսի և Դվինի դարպասները։ Դարպասներից յուրաքանչյուրը գտնվել է երկու կիսաշրջանաձև աշտարակների միջև[5]։ Ավագ դարպասի վերևում Անի քաղաքի զինանշանն էր՝ հովազի քանդակով։ Դարպասները, ըստ Արիստակես Լաստիվերտցու, երկաթից էին՝ պղնձե նիգերով (փակաղակ, սողնակ)[6]։ Ն. Մառը համարում էր, որ Սմբատաշեն պարիսպը եղել է կրկնակի, այսինքն՝ բաղկացած է եղել երկու զուգահեռ պարսպապատերից, ինչպես որ մինչև օրս պահպանվել է։ Երկու զուգահեռ պարսպաշարերում գործածվել են նույն տեսակի և գույնի քարեր, ինչպես նաև առկա է նույնատիպ շարվածք։ Սմբատաշեն պարիսպը դրսից եզերող ջրով լցված խրամը այնքան լայն ու խորն էր, որ այն կարելի էր հաղթահարել միայն նավակների միջոցով։ Այդ խրամի հետքը ժամանակին նկատել էր Ն. Մառը՝ մատնանշելով դրա պեղման անհրաժեշտությունը։

Ճարտարապետ խմբագրել

Ըստ Ս. Մնացականյանի՝ Տրդատ ճարտարապետն Անիի Մայր տաճարից բացի նախագծել է նաև Սմբատաշեն պարիսպի շինարարությունը և ղեկավարել կառուցման ընթացքը, որի ավարտին սկսվել է Անիի Մայր տաճարի կառուցումը[7]։ Պարսպի շինարարությունը տևել է 5-10 տարի։ Քաղաքի ընդարձակմամբ ի հայտ էր եկել Ախուրյան գետի կողմից Անի եկող առևտրական ճանապարհների համար անցումներ ստեղծելու անհրաժեշտություն։ Եվ Ախուրյանի վրա ձգվող կամուրջները հարմարեցվել են քաղաքի պաշտպանական համակարգին, և թշնամու հարձակման դեպքում դրանց շարժական տախտակամածերի առկայությունն ըստ անհրաժեշտության կամուրջները դարձրել են անանցանելի։ Առավել նշանավոր կամրջով քաղաք մտնող ճանապարհը հասցրել է Մայր տաճարի հրապարակ։ Նոր պարսպի ու պաշտպանական հնարավորություններով օժտված կամուրջների առկայությունը, ինչպես նաև ամենամեծ կամրջով քաղաք մտնող ճանապարհի՝ Մայր տաճար հասնելը Ս. Մնացականյանին հիմք են տվել կարծելու, որ գործել է մի ամբողջական քաղաքաշինական համակարգ, Սմբատ Բ-ի օրոք այդ ամենը նախագծվել ու կառուցվել է որպես մեկ ամբողջություն, և ողջ գործընթացը ղեկավարվել է մեկ մարդու կողմից, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ դարաշրջանի ամենանշանավոր ճարտարապետը՝ Տրդատը[8]։ Վերջինս մշակել էր նաև մայրաքաղաքի քաղաքաշինական ընդհանուր ուրվագիծը՝ որոշելով գլխավոր փողոցի ուղղությունը, որը, գալով Սմբատաշեն պարսպի գլխավոր մուտքից, քաղաքը բաժանում էր երկու մասի՝ արևելյան ու արևմտյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼ ԹԱԳԱՎՈՐ ՀԱՅՈՑ» (PDF).
  2. Հակոբյան Թ., Անի մայրաքաղաք, Եր., Երևանի համալսարանի հրատ.,1988, էջ 114։
  3. Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Եր., Երևանի համալսարանի հրատ., 1991, էջ 160։
  4. Марр Н.,Ани: книжная история города и раскопки на месте городища, Л.-М.,«ОГИЗ-СОЦЭКГИЗ», 1934, էջ 79։
  5. Հասրաթյան Մ., Անիի ճարտարապետությունը, «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն» (միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու), Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, էջ 34-35:
  6. Տես Հարությունյան Վ., Անի քաղաքը (միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմությունից), Եր., Հայաստանի պետական հրատ., 1964, էջ 43,
  7. Լևոնյան Գ.,Ճարտարապետ Տրդատ Անեցին և իր գործերը, «Էջմիածին», պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1949, № 1-2,
  8. Մնացականյան Ս.,Վարպետաց վարպետներ՝ Մանուել. Տրդատ. Մոմիկ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, էջ 101-103