Մանածագործություն

կտավ արտադրող գործունեության ոլորտ
(Վերահղված է Ջուլհակությունից)

Մանածագործություն հնում՝ ոստայնանկություն, միջին դարերում և ավելի ուշ՝ նաև ջուլհակություն (պարսկերեն), թելերից գործվածքներ հյուսելու արհեստը։ Առաջացել է դեռևս նեոլիթի դարաշրջանում, լայն տարածում է ստացել նախնադարյան հասարակարգի հետագա փուլերում։ Ենթադրվում է, որ մանածագործությունը ծագել է ծառի դալար ճյուղերից կողով, զամբյուղ և ճիլ խոտերից խսիր գործելու նմանությամբ։ Մանածագործության զարգացումը մեծապես կապված էր երկրագործության ու անասնապահության առաջացման և հետագա ընդլայնման հետ։ Դրանք մատակարարում էին մանածագործությանն անհրաժեշտ հումքը (կանեփի, վուշի, բամբակի թելեր, մազ, բուրդ և այլն)։

Մանածագործ կին

Դեռևս հնագույն ժամանակներում ինչպես հաստ, կոպիտ, նույնպես և բարակ, նուրբ թելերից գործել են տարբեր որակի, երբեմն՝ շատ նուրբ ու գույնզգույն գործվածքներ։ Մ. թ. ա. 111 հազարամյակում Չինաստանում առաջացել է մետաքսագործությունը։ Բուրդն ավելի գործածական է եղել Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայում, կանեփի թելը և վուշը՝ Եգիպտոսում, Արևմտյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում, Կովկասում, բամբակը՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Միջին Արևելքում։ Մանածագործությունը հայտնի չի եղել պոլինեզացիներին, Հյուսիսային Ամերիկայի բնիկներին (բացի նավախո և պուեբլո ցեղերից), Հարավային Աֆրիկայի ցեղերին և Ծայր հյուսիսի (բացի խանտերից ու մանսիներից) բնիկներին։ Դատելով հնագիտական տվյալներից՝ ձեռքի մանածագործական հաստոցն առաջացել է դեռևս մ. թ. ա. V հազարամյակում։ Ֆ. Էնգելսը մանածագործական հաստոցի գյուտը, հանքաքարից մետաղ սաանալու և մշակելու հետ միասին, համարվել է պատմական զարգացման առաջին աստիճանում մարդու առավել կարևոր նվաճումը։ Հաստոցները եղել են երկու տեսակ՝ ուղղահայաց և հորիզոնական։ Միջնադարյան Հայաստանում քաղաքային զարգացած մանածագործության մեջ գործածվել է ուղղահայաց, բավականաչափ բարդ հաստոցը։ Ուղղահայաց հաստոցի առէջքաթելերը ամրացվում էին վերին գլանին, իսկ նրանց ներքին ծայրերին կախվում էին կավե կախիկներ։ Նման կախիկներ, ինչպես և նուրբ ու խավով հաստ գործվածքների բեկորներ, գտնվել են Կարմիր բլուրում՝ ուրարտական Թեյշեբաինի քաղաքի միջնաբերդում։

Մանածագործության մեջ հետզհետե տարբերակվել են տարբեր ծագում ունեցող թելերից գործվածքներ գործելու արհեստները։ Բրդեղեն (ասվի) գործվածքների արտադրությունը կոչվում էր ասվագործություն, վուշի թելից գործվածքներ պատրաստելը՝ կտավագործություն, մետաքսաթելինը՝ մետաքսագործություն։ Արտադրվում էին ամեն տեսակի գործվածքներ, սկսած կոպիտ պաստառներից մինչև նրբագույն շղարշները։ Հին հայերենում գործվածքը հայտնի է եղել ոստայն, հյուսվածք, անկուած, բանվածք անուններով։ Հայ և արաբ հեղինակները մեծ դրվատանքով են խոսում Դվինում և այլ քաղաքներում արտադրվող հայկական գործվածքների՝ վուշից պատրաստվող բեհեզի, որդան կարմիրով ներկված մետաքսաթել ծիրանիի, կերպասի, բրդից, բամբակից և մետաքսից գործված թավշի, ոսկեթել, ոսկեհուռ, ոսկեգույն և արծաթագույն թելերով հյուսված ծաղկանկար դիպակների մասին, որոնք դարձել էին միջազգային առևտրի բարձրարժեք առարկաներ։ XVI-XVII դդ. Եվրոպայի մի շարք երկըրներում (Անգլիա, Ֆրանսիա և այլն), XVII-XVIII դդ. Ռուսաստանում, XIX դ. Հայաստանում առաջանում են կապիտալիստական առաջին մանածագործական ձեռնարկությունները, որի հետևանքով տնայնագործական մանածագործությունը աստիճանաբար կորցնում է նշանակությունը։ Մանածագործությունը այժմ թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերից է։

Գրականություն

խմբագրել
  • Աբրահամյան Վ. Ա., Արհեստները Հայաստանում IV-XVIII դդ., Ե., 1956:
  • Առաքելյան Բ. Ն., Քաղաքները ն արհեստները Հայաստանում IX-XIII դդ., (հ.) 1, Ե., 1958:
  • Цейтлин Е.А., Очерки истории текстильной техники, М.-Л., 1940.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 211