Մաղասաբերդ, ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ախուրյան գետի արևմտյան ափին, ձորեզրին բարձրացող քարաժայռի վրա, Անի քաղաքից 4 կմ հարավ։ Բագրատունյաց մայրաքաղաքի առաջապահ պահակակետերից է։ Հիմնվել է հնագույն ժամանակներում, վիմական որևէ հիշատակություն չի հայտնաբերվել տարածքից։ Ըստ Շապուհ Բագրատունու, VI դ. վերջին այն վերակառուցել է Բյուզանդիայի Մորիկ կայսեր հայ կուսակալ Մաղաս իշխանը և կոչել իր անունով։ Մաղասաբերդը հաջորդաբար եղել է Կամսարականների, Բագրատունիների, Զաքարյանների ռազմական, կարևոր հենակետերից մեկը և այլ ամրոցների հետ (Տիգնիս, Աղջկա բերդ և այլն) ռազմագիտական տեսակետից Անին պաշտպանելու նպատակով կազմակերպված «միակենտրոն համակարգի» մասը կազմել։ XYII դ. Մաղասաբերդը տակավին կանգուն էր։ Զաքարիա Սարկավագն այն հիշատակում է որպես պարսկական զորակայան։

Մաղասաբերդ
Նկարագրություն
Տեսակհնագիտական հուշարձան
Վարչական միավորԿարսի մարզ (Թուրքիա)
Երկիր Թուրքիա
Քարտեզ
Քարտեզ
 Maghasberd Վիքիպահեստում

Մաղասաբերդը փոքր բերդ է, որ վեր է խոյանում Ախուրյանի երկու ոլորանների միջև ընկած հատվածում, երեք կողմից շրջափակված է Ախուրյանի ջրերով ու հզոր պարիսպներով, իսկ մի կողմից՝ պաշտպանված խոր անդունդով։ Հյուսիս-արևմուտքում ցամաքային կողմից կրկնապարիսպ էր, իսկ մուտքը բացված է բերդի հյուսարևելյան հատվածում։ Մուտքի բարավորին երկու քար է տեղադրված՝ արաբատառ արձանագրությամբ, որը վերաբերվում է 19-րդ դարին։ Բերդ տանող տարբեր ճանապարհներ են եղել։ Ներքին և ավելի բարձր պարիսպները ամրացված էին կիսաբոլոր երեք բարձր աշտարակներով։ Ներքին պարսպի դարպասի մոտից ստորգետնյա գաղտնուղին քարաշեն սանդուղքով կապված էր Ախուրյանին։ Բերդի ներսում պահպանվել են քարաշեն տների, մատուռների, պալատի, բաղնիքի, քառակուսի հատակագծով մեծ ջրամբարի և այլ շինությունների ավերակներ։ Պարիսպները այժմ մեծ մասամբ կանգուն են։ Հնագիտական ուսումնասիրություննի արդյունքում պարզվել է, որ բերդն ունի իրար հաջորդող մշակութային երեք շերտ։ Առաջին երկու շերտերը որևէ տեղեկություն չեն տալիս թվագրման համար։ Նախնական տվյալներով բերդի պատմությունը , ճարտարապետական հորինվածքը կապ ունի 10-13-րդ դարերի ճարտարապետական առանձնահատկությունների հետ։ 2004-2005 թթ. ուսումնասիրությունների ընթացքում գետից 100 մետր բարձրության վրա բացվեց մի քաղաքատեղի, որն անվանում են Հին Մաղասաբերդ. այն ունեցել է բարենպաստ դիրք, իսկ մուտքը՝ 3,50 մետր բացվածք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆիլիպ Դանգլը (2021, 16, էջ 47-55). «Վերգտնված Մաղասաբերդը». Վարձք.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 189