Բագրատունիների դրոշ, միջնադարյան Հայաստանի ազնվական տոմերից մեկի՝ Բագրատունիների դրոշը։
Այն 10-րդ դարի 60-ական թվականների կեսին դառնում է համահայկական թագավորության խորհրդանիշ։

Բագրատունիներ խմբագրել

 
Բագրատունյաց Հայաստանը հզորության գագաթնակետին

855 թվականին Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ էր նշանակվել Հայոց իշխան Աշոտ Բագրատունին։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան։ Աշոտը, համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 885 թվականին վերականգնեց 428 թվականին կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր՝ իր նստոց Բագարանում թագադրվելով հայոց կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից։

Բագրատունի թագավորները իրենց վերջին մայրաքաղաքն են դարձրել Անին (961-1045)։ Այն կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Քաղաքի տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է եղել։ Այստեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Անիի ստորգետնյա քարայրներից մեկում գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի բրոնզե ապարանջան, քաղաքի տարածքից հայտնաբերվել են Տիգրան Մեծի արծաթյա դրամներ։

Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք (990-1020) թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև։

10-րդ դարի ընթացքում՝ ավատատիրական մասնատվածության դարաշրջանում, Հայաստանում առաջացան Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունիների կենտրոնական թագավորությանը։

Զինանշան-դրոշ խմբագրել

 
Բագրատունիների դրոշի քանդակը Անիի պարիսպներին

Աշոտ Ողորմած Բագրատունու (953-977) օրոք՝ 961 թվականին, Անին դառնում է համահայկական մայրաքաղաք։ 963-964 թվականներին կառուցվել էր Անիի պարիսպների առաջին գիծը («աշոտյան»)։ Աշոտ թագավորի որդու՝ Սմբատ Տիեզերակալի (977-990) օրոք, կառուցվում են արտաքին մեծ պարիսպներ՝ «սմբատյան» գիծը, գլխավոր դարպասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը։

Քաղաքի զինանշանի ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը։ Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին։ Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում։ Քանդակն իրականացված է հարթ մշակումով։

Զինանշանի շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին։ Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված։ Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա։ Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան։

Այն, որ միայն հովազն է մնացել այս հայոց մայրաքաղաքի զինանշանից, վկայում է 1273 թվականին Անիում պատրաստված փորագրազարդ գրակալը։ Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին։ Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են։ Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել