Որմնադրություն

շինարարական արհեստ, քարով կամ աղյուսով շարվածք անել

Որմնադրություն, շինարարական արհեստ, քարագործության ճյուղ։ Որմնադրություն ասելով հաճախ հասկանում են նաև քարգործության մյուս ճյուղերը (քարտաշություն, քարհատություն, քարակոփություն և այլն)։ Հայկական լեռնաշխարհում որմնադրության հնագույն նմուշներ են նեոլիթ-էնեոլիթյան կացարանների՝ քարե հիմքով, հում աղյուսով շարված պատերը, մ․ թ․ ա․ I հազարամյակի կիկլոպյան շինությունները։ Որմնադրությունը զգալի վերելք է ապրել ուրարտական և հետագա ժամանակաշրջաններում, իսկ X—XIII դարերում հասել է բարձր զարգացման՝ պայմանավորված քաղաքաշինության նոր վերելքով։ Հայաստանում տարբեր ժամանակաշրջանների բազմապիսի կառույցները (բերդեր, վանքեր, պալատներ, իջևանատներ, կամուրջներ, բնակելի և օժանդակ շինություններ, ջրանցքներ, բաղնիքներ, աղբյուրներ և այլն) հավաստում են, որ եղել են որմնադրության տարբեր ուղղություններ, որոնցով զբաղվել են որմնադիրների մասնագիտացված խմբեր։ Պատերը շարվել են հում կամ թրծած աղյուսով, կոպիտ (անտաշ) կամ հղկված (սրբատաշ) տարբեր չափերի քաբկրով՝ ամրության համար հաճախ օգտագործելով զանազան տեսակի շաղախներ, երկաթե գամեր, կապարե ամրակներ և այլն։ Օգտագործվել են ջարդելու, տաշելու, հղկելու, փորելու, քանդակելու, պատի ուղղահայաց և հորիզոնական ուղղությունները կարգավորելու հատուկ գործիքներ։ Միջին դարերում առաջացել են որմնադիրների ընդհանուր կամ մասնագիտացված համքարություններ։ Առանձնապես մեծ հարգանք են վայելել քարտաշ որմնադիրները, որոնք փորձված լինելով քարգործության բոլոր բնագավառներում, շինարար արհեստավորների մեջ ճանաչվել են ավագներ։ Որմնադիրները սովորաբար շրջելով երկրում և դրա սահմաններից դուրս՝ կատարել են շինարարական զանազան պատվերներ։ Շինարարական տեխնիկայի զարգացման հետ որմնադրությունը կորցնում է նախկին նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 645