Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ (ծննդյան թվականն անհայտ անհայտ[1] - 1212[1], թաղված է Սանահինի վանքի տոհմական դամբարանում), հայ իշխան, պետական, ռազմական գործիչ, հայ-վրացական միացյալ բանակի ամիրսպասալար՝ Սարգիս Զաքարյանի-Երկայնաբազուկի որդին և Զաքարե Ա իշխանի թոռը։

Զաքարե Զաքարյան-Երկայնաբազուկ
Թագավոր Հայոց/Շահնշահ
Zakare II
Իշխանություն11901212
Թագադրում1200
Լրիվ անունԶաքարե Բ Զաքարյան-Երկայնաբազուկ
ՏիտղոսներԹագավոր Հայոց, Շահնշահ Հայոց, Կեսար
Զինվորական կոչումամիրսպասալար[1]
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝1212
Թաղվել է՝Սանահինի վանքի տոհմական դամբարան
Երկիր Վրաց թագավորություն
ԱզգությունՀայ
ՀաջորդողԻվանե Ա
ՏոհմԶաքարյան-Երկայնաբազուկներ
քաղաքական գործիչ և զորավար
ՀայրՍարգիս Զաքարյան-Երկայնաբազուկ
ՄայրՍահակադուխտ Արծրունի
ԵրեխաներՇահնշահ Ա
Եղբայր(ներ)Իվանե Ա

Կենսագրական տվյալներ խմբագրել

 
Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն Բ-ն, ում հետ Զաքարե Բ-ն դիվանագիտական և դավանաբանական կապեր է հաստատել՝ հրավիրելով Լոռու և Անիի եկեղեցական ժողովները:

Հոր՝ իշխան, Հայոց և Վրաց զորքերի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի մահից մի քանի տարի անց՝ 1191 թվականին, վրաց թագուհու կողմից նշանակվել է Հայ-վրացական բանակի գլխավոր հրամանատար՝ ամիրսպասալար[2]։ 1203 թվականին, Թամար թագուհուց ստացել է նաև Վրաստանի պետության մանդատորթուխուցեսի պաշտոնը (արքունի կնքապահ և թագուհու թիկնազորի պետ)՝ դառնալով վրաց Բագրատունիների պետության ազդեցիկ դեմք։ Գլխավորելով վրաց-հայկական բանակը՝ եղբոր՝ Իվանե Զաքարյանի (1191 թվականից՝ մսախուրթուխցես. արքունի մեծ վեզիր) հետ ավելի քան 20 տարի ազատագրական կռիվներ է մղել սելջուկյան ամիրությունների դեմ Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանները ազատագրելու համար։ Նրանց հաղթական պատերազմների շնորհիվ ազատագրված հայկական տարածքները՝ Արագածոտնը, Շիրակը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Կարսը, Բասենը և այլն, մտել են Զաքարյան իշխանապետության մեջ:1199 թվականի՝ Անիի վերջնական ազատագրումից հետո, Հայաստանի դարավոր այս մայրաքաղաքը դարձել է ամրապնդված և հզոր Զաքարյան թագավորության կենտրոն[3]։ Զարքարե Բ-ն մեծ հեղինակություն է ունեցել նաև Կիլիկիայի հայկական պետությունում։ Դավանաբանական հարցերի շուրջ բանակցություններ է վարել Լևոն Բ թագավորի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205 թվական) և Անիի (1207 թվական) եկեղեցական ժողովները։ Զաքարե Բ-ին այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը[4]։

Զաքարյան անվան ծագումնաբանական տեղեկություններ՝ կապված Զաքարե Զաքարյանի հետ խմբագրել

Զաքարե Բ-ն իր հաղթարշավներից հետո հաճախ է արձանագրություններ թողել՝ հաստատելու իր՝ որպես հայ ծագումնաբանությունը։ Ըստ նրա՝ Ամբերդի ազատագրումից հետո թողած արձանագրության, վկայակոչվում է Զաքարյանների հայկական Արծրունիներից ծագումը։

 
Զաքարյանների դրոշը
  Ամիրսպասալար Զաքարիա և Իվանա Արծրունի
- Զաքարե Բ Զաքարյան, Ամբերդի ազատագրումից հետո ստեղծած արաբատառ արձանագրություն[5]։
 

Իրենց Արծրունի հռչակելով՝ Զաքարե և Իվանե եղբայրները ակնհայտորեն ունեին քաղաքական նպատակներ։ Դա վկայում է նաև Ամբերդի վիմգրի արաբատառ լինելը։ Մադմեդական աշխարհին և կոնկրետ Շահ Արմեններին նրանք ներկայացել են որպես Արծրունիների ժառանգորդ-իրավահաջորդ՝ հայտարարելով վերջիններիս տիրույթների վրա իրենց գերիշխանությունը։ Սակայն 1207 թվականի Խլաթի անհաջող պաշարումից հետո Շահ Արմենների հողերին տիրացած Այյուբյանների դեմ պայքարի անհեռանկարայնությունը ստիպեց Զաքարյաններին հրաժարվել Արծրունիների նախկին տիրույթներում խորանալու մտքից. նրանք շրջանառության մեջ դրեցին իրենց՝ Բագրատունիներից սերելու վարկածը, որը սկսել էր արծածվել դեռևս 1195 թվականից՝ Բագրատունիների «շահնշահ» պատվանման օգտագործումից սա և անհիմն թեզ է։ Իրենց Բագրատունյաց արմատներ վերագրելու ուղղությամբ Զաքարյան եղբայրների հերթական՝ ավելի որոշակի քայլը Հաղպատում 1210 թվականի Զաքարեի թողած մի քանի առումով ուշագրավ արձանագրությունն Է[6]։

  ...ես մանդատորթաւխուցԷս, ամիրսպասալար շահնշահ Զաքարիա, որդի բարէպաշտ իշխանաց իշխան Սարգսի[7]։
- Զաքարե Զաքարյան
 

Դրանից առաջ ակնարկել է իր և եղբոր բագրատունիական ծագումը՝

  ետ Աստուած ի ձեռն հարազատացս՝ Զաքարէի և Իվանէի զսեփական դղեակն մեր զԱմբերդ, ի նախնեաց մեր ոյց և այլ բազում ամրոցս՛[8]:
- Իվանե և Զաքարե Զաքարյաններ
 

Այսպիսով, հորը միայն իշխանաց իշխան տիտղոսով ներկայացնելով՝ Զաքարեն հանդես է եկել ոչ միայն շահնշահ տիտղոսով, այլև իրեն ու եղբորը հայտարարել է որպես Ամբերդի կառուցողներ։ Այսինքն, Բագրատունիների ժառանգ և, իբրև այդպիսին, պնդում, որ Աստված հետ է վերադարձրել իրենց սեփականը։ Հետևաբար, այս արձանագրությամբ Զաքարեն ոչ միայն հաստատել է ազատագրած տարածքների օրինականացումը, այլև հիշատակել է Բագրատունիների հետ տոհմական կապը կամ ավելի ճիշտ իր Բագրատունի լինելու հանգամանքը։ Մինչդեռ, նույն Զաքարեն դրանից տասը տարի առաջ՝ 1200 թվականին, իր և եղբոր անունից թողած նույնատիպ մի արձանագրության մեջ ասել է՝ «ազատեցաւ երկիրս Արա(յ)րատու» ձևակերպմամբ։ Զաքարյաններին Բագրատունիների հետ կապելու հաջորդ՝ արդեն բացահայտ քայլը կատարել է Իվանեն. եղբոր մահից քիչ անց Հաղարծնի վիմագրում, իրեն ու Զաքարեին անվանել է՝ «.յազգէ Բագրատունեան»: Սա Զաքարյանների կողմից իրենց ուղղակիորեն Բագրատունի հռչակող միակ հայտնի վկայությունն է[9]։

Սակայն ոչ միշտ են բացահայտվել Զաքարյանների հայկական ծագումնաբանության մասին արձանագրություններ։ Թամար թագուհու առաջին պատմիչի երկում ասվում է, որ Զաքարյանները և կոնկրետ Զաքարե Բ-ն սերում են պարսիկներից։ Անդրադառնալով Զաքարե ամիրսպասալարի մահվանը՝ վրաց պատմիչը գրում է.

  Մահացավ Զաքարե ամիրսպասալարը, նույնպես ամիրսպասալար Սարգսի որդին, մեծափառ և բոլոր առաքինություններով լի մարդ էր, հաղթող, քաջ և զորեղ մարտիկ ... Նա Արտաքսերքսես Մխարգրձելիի ազգականն էր և հավատով հայ էր[10]։  

Ռազմա-քաղաքական գործունեություն խմբագրել

Հոր մահից մի քանի տարի անց՝ 1191 թվականին, նշանակվել է վրաց զորքերի գլխավոր հրամանատար, և հենց նույն թվականից սկսել անընդմեջ թվացող պայքարը սելջուկ-թուրքերի դեմ։ Հայ-վրացական ուժերի առաջխաղացումը խափանելու և իր դիրքերը ամրապնդելու նպատակով 1195 թվականին Ատրպատականի և Գանձակի էմիր Աբուբաքրը խոշոր ուժերով ներխուժել է Հայաստան։ Շամքորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտն ավարտվել է հայ-վրացական բանակի լիակատար հաղթա­նակով։ Այս հաղթանակը նպաստել է Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրմանը, նաև Հայաստանի ազատագրության համար մեծ հույսեր է արթնացրել։ Նույն թվականին մարտական գործողություններ են ընթացել նաև Կարնո գավառի ազատագրման համար։ Ժամանակի հիշատակագիրներից մեկը հարկ է համարել արձանագրել հետևյալ փաստը. «գերեալ ի Վրաց գաւառն Կարնոյ, և վանաւրայն յաւերումի, յառ և ի գերութիւն մատնեցան»[11]: Կիրակոս Գանձակեցու գնահատմամաբ՝

  «հպարտացեալ էին վիրք յաղթութեամբն, զոր յաղթեցին տաճկաց՝ յինքեանս կորզելով զբազում գաւառս Հայոց ի նոցանէ»[12]
- Կիրակոս Գանձակեցի. «Պատմություն Հայոց»
 

Նույն թվականին, երբ Զաքարե Զաքարյանը դարձել է ամիրսպասալար, բոլորովին այլ իրադրություն էր ստեղծվել։ Վրաց թագավորությունը վերջնականապես հաղթահարել էր ներքին ճգնաժամը և պատրաստ էր մասնակցել աշխարհում կատարվող տեղաշարժերին։ Նույն՝ 1191 թվականին, հաղթելով Ռուքն ադ-Դին Տուղրիլ III-ին՝ Խզիլ Արսլանը իրեն հռչակել է սուլթան, բայց քիչ անց սպանվել է և սկսվել է Ելտկուզյանների պատմության սրընթաց անկումը։ Անժառանք Խզիլ Արսլանի մահից հետո սկսվել է գահակալական կռիվները, որոնք ընթացել են Մուհամեդ Փահլավանի չորս որդիների միջը[13]։ Այս գահակալական պայքարը բացասաբար է ազդել պետության վրա, քանզի նվազել է Ելտկուզյանների դերը Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքում, և զգալիորեն դյուրացրել է Հայաստանի կենտրոնական շրջանների՝ Սյունիքի, Ուտիքի և Արցախի ազատագրման գործը[13]։ Շամքորի ճակատամարտի ջախջախիչ հաղթանակից հետո, սուլթանական պետության առաջնորդ Աբուբաքրը (1195-1210) հարկադրված անցել է պաշտպանողական քաղաքականության, որը շարունակվել է նաև նրա եղբոր՝ Ուզբեկի (1210-1225) գահակալման ժամանակաշրջանում[13]։

 
Վրաց թագավորությունը Թամար թագուհու օրոք

Մեձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Վրաստանի համընթաց զարգացումը նպաստել են Հայաստանի շուտափույթ ազատագրմանը[14]։ Զաքարե և Իվանե եղբայրները, Զաքարեի գլխավորությամբ սկսել են ազատագրական կռիվները։ 1196 թվականին ազատագրել են Ամբերդ բերդաքաղաքը, որը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի և Հայաստանում իշխանություն ստեղծելու համար։ Դեռևս 1124 թվականից սկսած Անիի ազատագրական կռիվները հաջողությամբ չեն պսակվել, մինչև Զաքարեի ամիրսպասալար դառնալը[14]։ Նա 1199 թվականին հայ-վրացական ուժերով չորրորդ անգամ մտել է հայոց հինավուրց մայրաքաղաք և վերջանականորեն գրավել այն՝ քաղաքից վռնդելով բոլոր մուսուլմաններին[15]։ Անիի ազատագրումից հետո անմիջապես սկսել է Շիրակի գավառի ազատագրման գործընթացը։ Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածի ազատագրական կռիվները հաջողությամբ է ավարտվել Զաքարե Բ-ի համար, վերջինս գրավված շրջանները տվել է իր ստորականներին։ Թշնամուց մաքրվել են Արցախը, Սյունիքը, Արարատյան դաշտը։ Որոշ պատմական աղբյուրներ վկայում են, որ մինչև 1199 թվականը, Շիրակի ամբողջ գավաթը ազատագրվել էր Զաքարեի հմուտ հրամանատարության շնորհիվ[14]։ Մինչև 1200 թվականը թշնամուց ազատագրվել են Հայաստանի առավել հյուսիսում գտնվող տարածքները։ 1200-1204 թվականներին ազատագրվել են Արագածոտնի գավառը, Բջնին, Դվին քաղաքը և ամբողջ Արարատյան դաշտը։ 1201 թվականին ազատագրվել է Բջնին, որին հաջորդել է Արարատյան դաշտի գրավում[16]։ 1203 թվականին ազատագրվել է Զաքարյանների ապագա հիմնական կենտրոնը՝ Դվինը։ Զաքարեն այս ազատագրած տարածքները հանձնել է եղբորը՝ Իվանե Զաքարյանին[14]։

Օգտնվելով նաև Շահ Արմենների պետությունում երկար տարիներ շարունակվող ճգնաժամից՝ 1204-1205 թվականներին հայ-վրացական զորքերը երեք արշավանք են կազմակերպել դեպի Արաքսից հարավ ընկած շրջաններ։ Այդ հարձակումները, ինչպես երևում է արաբական սկզբնաղբյուրների վկայություններից, հետախուզական և ավարառուական նպատակներ են հետապնդել[17]։ Դրանք էական արդյունք չեն ունեցել, և թերևս սա է պատճառը, որ Արաքս կատարած արշավանքների մասին հայկական և վրացական աղբյուրներում ոչ մի կերպ չի հիշատակվում, սակայն պարզ է դառնում, որ կայացած արշավանքները լուրջ հետևանքներ չեն ունեցել, սակայն թուլացրել են առանց այդ էլ թույլ Շահ Արմեննեի դիրքերը, և զրկել Հյուսիսարևմտյան Հայաստանում ընթացող պայքարին միջամտելու հնարավորությունից[14]։

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վանանդին տիրապետելու համար հեռախուզական առաջին արշավանքը սկսել է 12-րդ դարի վերջի տարիներին[18]։ Հետախուզական հիմնական աշխատանքները կատարել են Ջավախքում և Սամցխեում տեղակայված ուժերը, քանի որ նրանք գործ են ունեցել համեմատաբար ավելի թույլ հակառակորդի հետ։ Շարունակելով հաղթարշավը՝ Զաքարյանները նպատակ են դրել ազատագրելու Կարսը, որը հայերի համար, պատմության բոլոր ժամանակներում, եղել է կարևորագույն նշանակության ստրատեգիական դիրք։ 1206-1207 թվականներին. ձմռանը, իր կյանքի վերջի ամիսները ապրող Թամար թագուհին Կարսը մտցրել է արքայական տիրույթների կազմի մեջ[19]։ Կարսի փայլուն հաղթանակից ոգևորված, հայ-վրացական ուժերը ազատագրել են նաև Բասենի գավառը, Սուրմառին, Բագրևանդը, Նախիջևանը։

1207 թվականը բեկումնային է եղել Հարավային Հայաստանի ազատագրման համար մղվող պայքարի պատմության մեջ։ Խլաթում ծագած հզոր ապստամբության շնորհիվ տեղի իշխանությունը կարճ ժամանակով լիովին տիրացել է բնակչությանը։

 
Անիի պարիսպների ավերակներ

Համալրում ստանալով Ջաղիրայից և օգտվելով քաղաքում ծագած ներքին տարաձայնություններից՝ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի եղբայր Ադիլի որդի ալ-Աուհադը շուտով գրավել է Խլաթը և դաժան դատաստան տեսել ապստամբերին նկատմամբ[20]։ Խլաթում ապստամբական տրամադրությունը չէր սպառվել, ամեն վայրկյան նոր ապստամբության վախ կար իշխանության մեջ։ Ի վերջո Խլաթի բոլոր մարտական գործողությունները, ապստամբությունները ավարտվում են, իսկ Խլաթում երկար ժամանակ իշխանություն հաստատած Շահ Արմենները մտնում Այյուբյանների հսկայածավալ տիրույթների կազմի մեջ[21]։ Նույն թվականին, Խլաթի ազատագրման համար հայ-վրացական զորքրեը անցել են հարձակման։ Զաքարե Բ-ի հրամանատարությամբ զորքերը փայլուն սկսել են իրենց ազատագրական կռիվը, սակայն մարտի բեկումնային պահին Իվանեն գերեվարվում է։ Զաքարեն ստիպված է լինում դադարեցնել մարտական գործողությունները։ Բանակցություններ են սկսվում կողմերի միջև, ի վերջո Իվանեն իր ազատության համար դստերը՝ Թամթային, կնության է տալիս Այյուբյանների ամիրայի որդում՝ Էմիրին։ Մի քանի տարի անց՝ 1210 թվականին հայ-վրացական զորքերը կրկին սկսել են Խլաթի ազատագրման մարտական գործողությունները։ Այս անգամ, նույնպես, Իվանեն գերի է ընկնում, իսկ եղբայրը՝ Զաքարեն, Այյուբյանների հետ կնքում է 30 տարվա հաշտության պայմանագիր[21]։

 
Դվինի ավերակներ

1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտը, Արճեշը։ Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։ Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Ա-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։ Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։ Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։ Կրել է Բագրատունիների շահնշահ տիտղոսը, անվանվել թագավոր Հայոց, կեսար, ինքնակալ։ Վրաստանի պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։ Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։ Կազմակերպել է Լոռու (1205 թ) և Անիի (1207 թ) եկեղեցական ժողովները։ Հայաստանի անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները, կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ։ Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։ Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։ Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս։

Գրականություն խմբագրել

  • Խոսրով Թորոսյան, Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը որպես Զաքարյան Հայաստանի ու Զաքարյանների պատմության սկզբնաղբյուր։ Երևան 1992 թ.։
  • Ռուդոլֆ Արղության-Երկայնաբազուկ. Զաքարյան Երկայնաբազուկներ։ Երևան 2015 թ.:
  • Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց, 200 Հայ Զորավարներ։ Երևան 2011 թ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Զաքարեի վրաց բանակի գլխավոր հրամանատար դառնալը
  3. [Անին՝ որպես Զաքարյանների իշխանապետության կենտրոն]
  4. Զաքարե Բ-ի եկեղեցական ժողովները
  5. «Զաքարյանների՝ Արծրունիների տոհմից սերելու մասին(Էջ 41)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Անվան ծագումնաբանական լայնածավալ տեղեկություններ (էջ 46)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Զաքարեի՝ իրեն շահնշահ անվանող արձանագրությունը (էջ 46)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Զաքարյան եղբայրների՝ Ամբերդի մասին և իրենց բագրատունիական ծագման մասին արձանագրություն (էջ 46)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Վերլուծողական դատողություններ Զաքարյանների անվան ծագումնաբանության վերաբերյալ (էջ 47)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Զաքարյանների պարսիկներից սերլու մասին (էջ 43)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  11. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. Երևան. էջ 287.
  12. Կիրակոս Գանձակեցի. «Պատմություն Հայոց». էջ 201.
  13. 13,0 13,1 13,2 Հայոց Պատմություն, երկրորդ հատոր. Երևան: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ. 2014. էջ 223.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Հայոց Պատմություն, երկրորդ հատոր. Երևան: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ. 2014. էջ 225.
  15. Զաքարե Զաքարյանի կողմից Անիի վերջնական ազատագրումը
  16. Զաքարե Զաքարյանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջանների ազատարգրում
  17. Իբն ալ-Ասիր. էջեր 283–284, 286–287.
  18. Թորոսյան, Խ. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. էջ 377.
  19. Շահնազարյան, Ա (2005). Զաքարյանների ազատամարտերի երկրորդ փուլ. ԼՀԳ. էջեր 35–36. ISBN թիվ 3. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  20. Մարգարյան, Հ. Քաղաքական կացությունը Մերձավոր Արևելքում և Հայաստանի ազատագրման հեռանկարները։. էջեր 39–43.
  21. 21,0 21,1 Հայոց Պատմություն, երկրորդ հատոր. Երևան: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ. 2014. էջ 226.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672