Մատթեոս Ուռհայեցի
Մատթեոս Ուռհայեցի (11-րդ դար, Ուռհա, Բյուզանդական կայսրություն - 1144, Ուռհա, Զանգիների ամիրայություն), հայ ժամանակագիր։
Մատթեոս Ուռհայեցի | |
---|---|
Ծնվել է | 11-րդ դար |
Ծննդավայր | Ուռհա, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | 1144 |
Մահվան վայր | Ուռհա, Զանգիների ամիրայություն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | ժամանակագիր և պատմաբան |

Կենսագրություն Խմբագրել
Ծնվել և ապրել է Եդեսիա քաղաքում, եղել վանական։ Հավանաբար զոհվել է Եդեսիա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ` 1144 թվականին։
«Ժամանակագրություն» Խմբագրել
Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113 թվականին և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը։ Այն բաղկացած է 3 մասից։ Առաջինը (ընդգրկում է 952-1051 թվականների իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրության» հիման վրա։ Երկրորդ մասի (1052-1101 թվականների իրադարձությունները) համար Մատթեոս Ուռհայեցին որպես աղբյուր օգտագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես)։ Այն ավարտել է 1128 թվականին։ Երրորդ մասը (1102-1137 թվականների իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև Մատթեոս Ուռհայեցին նկարագրել է իր ժամանակները։ «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկների արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկրից դուրս հայկական իշխանությունների հիմնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին։
Աշխատություններ Խմբագրել
- Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898։
- Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, արևելահայերեն թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Հ. Բարթիկյանի, Երևան, 1973։
- Անգլերեն թարգմանությունը տե՛ս Matthew of Edessa. The Chronicle. Transl. Ara Edmond Dostourian and Krikor H. Maksoudian, University Press of America, 1993. ISBN-10։ 0819189537
Գրականություն Խմբագրել
- Մատթեոս Ուռհայեցի և պարոն Դյուլյորիե։ «Եւրոպա», 1851, № 6։
- Պերպերեան Հ., Բնագրական քանի մը սրբագրութիւններ Մատթէոս Ուռհայեցիի Ժամանակագրութեան մէջ և Չմշկիկի կողմէ Աշոտ Ողորմածի ուղղուած նամակին վերջաբանը, - «Սիոն», 1950, էջ 54-57։
- Բարթիկյան Հ. Մ., Ուռհայեցու երկում հանդիպող «Մարցէ» անվան մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 1973, № 2, էջ 163-168։ Archived 2020-11-01 at the Wayback Machine.
- Մաթևոսյան Ռ. Ի., Մատթեոս Ուռհայեցու «Պատմութեան» տարընթերցումները Բագրատունիների վերաբերյալ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1987, № 2, էջ 120-125։ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Christopher MacEvitt, The Chronicle of Matthew of Edessa: Apocalypse, the First Crusade, and the Armenian Diaspora,- Dumbarton Oaks Papers, Vol. 61, (2007), pp. 157-181
- Tara L. Andrews, Prolegomena to a critical edition of the Chronicle of Matthew of Edessa, with a discussion of computer-aided methods used to edit the text. DPhil. University of Oxford. 2009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 289)։ |