Հոգեբանություն
Հոգեբանություն (հին հունարեն՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն), գիտական և կիրառական գիտություն հոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին[1]։
Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16-րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Ավելի ուշ հետազոտությունների ոլորտը նշանակալիորեն ընդլայնվեց՝ ներառելով անգիտակցական հոգեկան գործընթացները և մարդու գործունեությունը։ 20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին[2]։ «Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել է Գոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին[3]։ Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը, նրա ներաշխարհը։
Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, այսպես, օրինակ`
- ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
- ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
- բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց։
Օտար լեզուներից շատերում «հոգեբանություն» գիտությունը կոչվում է «փսիխոլոգիա»։ Այս բառը հունարեն ծագում ունի։ Հին հունարենում «փսյուխե» նշանակում է «հոգի», իսկ լոգոս` «խոսք, բան», այլ խոսքով` ասելիք, գիտություն։ Այս բառերի թարգմանությունն արդեն հուշում է հոգեբանության առավել ընդհանրական և համառոտ սահմանումը. հոգեբանություն, այսինքն` խոսք հոգու մասին։
Հոգեբանությունը լայն հնարավորությունների և տարբեր հետաքրքրությունների ակադեմիական դիսցիպլին է, որոնք միասին վերցրած փորձում են պարզաբանել ուղեղի հատկությունները։ Որպես հասարակական գիտություն, այն ուղղված է առանձին անհատների և խմբերի հասկացմանը՝ ընդհանուր սկզբունքների և առանձին դեպքերի ուսումնասիրման միջոցով[4][5]։
Այս ոլորտում հետազոտական և պրակտիկ գործունեություն իրականացնող անձը կոչվում է՝ հոգեբան և կարող է դասակարգվել՝ ըստ սոցիալական, վարքային և ճանաչողական ոլորտների։ Հոգեբանները փորձում են հասկանալ առանձին հոգեկան գործընթացների դերը և սոցիալական վարքը, նաև ուսումնասիրում են ֆիզիոլոգիական և նյարդագիտական գործընթացները, որոնք կազմում են ճանաչողական գործընթացների և վարքի հիմքը։
Հոգեբաններն ուսումնասիրում են` վարքային և մտածողության գործընթացները` ներառված ընկալումը, ճանաչողությունը, ուշադրությունը, հույզերը (աֆեկտները), ինտելեկտը, մոտիվացիան, գլխուղեղի ֆունկցիան և անհատականությունը։ Դրանք տարածվում են մարդկանց փոխհարաբերությունների, միջանձնային հարաբերությունների վրա, այդ թվում՝ հոգեբանական, ընտանեկան ճկունությունը և այլ ոլորտներ։ Տարբեր ուղղվածություն ունեցող հոգեբաններ նաև դիտարկում են անգիտակցականը[6]։ Հոգեբաններն օգտագործում են էմպիրիկ մեթոդներ՝ հոգեբանական փոփոխականների պատճառահետևանքային կապերի հարաբերակցությունը որոշելու համար։ Բացի դրանից, կիրառելով էմպիրիկ և դեդուկտիվ մեթոդներ, հատկապես կլինիկական հոգեբանությունում և հոգեբանական խորհրդատվությունում, երբեմն հանգում են հերմենևտիկայի և այլ ինդուկտիվ տեխնիկաների։ Հոգեբանությունը նկարագրվում է որպես՝ «կենտրոնական գիտություն»՝ հասարակական գիտությունների, բնագիտության, բժշկության, հումանիտար գիտությունների և փիլիսոփայության հետ կապված իրադարձությունների հոգեբանական բացահայտումներով[7]։
Արիստոտելը հոգեբանության առաջին դասագրքի հեղինակն է։ Ծավալուն այդ աշխատությունը կոչվում է «Հոգու մասին»։ Այս գրքում Արիստոտելը հոգեբանությունը համարում է գիտելիքների յուրահատուկ բնագավառ։ Նա մարդկային մտքի մեջ առաջին անգամ առաջ է քաշում հոգու և մարմնի անբաժանելիության գաղափարը։ Նրա կարծիքով` յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի հոգի, որն էլ նրան կյանք է հաղորդում։ Ուշագրավ է նաև այն միտքը, ըստ որի մարդկանց հոգիները, ի տարբերություն բույսերի ու կենդանիների հոգիների, մտածող են ու խելամիտ։
Պատմություն
խմբագրելՀոգեբանության զարգացման պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել չորս փուլի[8]։
- Հոգեբանությունը որպես գիտություն հոգու մասին
Հոգեբանության նախապատմությունը սկսվում է անտիկ ժամանակներից, երբ փիլիսոփաները իրենց աշխատություններում փորձում էին պարզել հոգու բնույթը։ Հոգեբանության ուսումնասիրումը փիլիսոփայական համատեքստում գալիս է Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Պարսկաստանի հնագույն քաղաքակրթություններից[9]։
- Հոգեբանությունը որպես գիտություն գիտակցության մասին
Առաջանում է 17-րդ դարում՝ կապված բնական գիտությունների զարգացման հետ։ Մտածելու, զգալու ունակությունները անվանում էին գիտակցություն։ Ուսումնասիրման հիմնական մեթոդ է համարվում ինքնադիտումը և փաստերի նկարագրությունը։
- Հոգեբանությունը որպես գիտություն վարքի մասին
Առաջանում է 20-րդ դարում։ Այս փուլում կենտրոնական խնդիր է հանդիսանում փորձարարական հետազոտություններ իրականացնելը և այն ամենին հետևելը, ինչը կարելի է դիտել անմիջականորեն (վարքը, արարքները, մարդկանց ռեակցիաները)։
- Ժամանակակից փուլ
Հոգեբանությունը հանդես է գալիս որպես գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկանի օբյեկտիվ օրինաչափությունները, դրսևորումները և մեխանիզմները[8]։
Հոգեբանության դպրոցներ
խմբագրել20-րդ դարում հոգեբանությունում կարծիքների, գաղափարների տարաբնույթ լինելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դպրոցներից յուրաքանչյուրն ուներ մյուսներից առանձին, ուսումնասիրման իր սեփական օբյեկտը[10]։
Ստրուկտուրալիզմ
խմբագրելԱյս դպրոցի առաջնորդը Վիլհելմ Վունդտն էր, ով հայտնի է որպես «փորձարարական հոգեբանության հայր», ստեղծեց առաջին հոգեբանական փորձարարական լաբորատորիան Լայպցիգում 1879 թվականին[11]։ Սա համարվում է առաջին հոգեբանական դպրոցը[12][13]։ Այս դպրոցի ներկայացուցիչները իրենց անվանում էին ստրուկտուրալիստներ, քանի որ, ըստ նրանց, հոգեբանության գլխավոր խնդիրը գիտակցության կառուցվածքի փորձարարական ուսումնասիրումն է։ «Կառուցվածք» հասկացությունը ենթադրում է տարրեր և նրանց միջև կապ, ինչ պատճառով էլ այդ դպրոցի ուսումնասիրությունները ուղղված էին գիտակցության տարրերի և նրանց կառուցվածքավորման միջոցների ուսումնասիրմանը։ Ըստ Տիտչեների գիտակցությունը ոչ թե այն է, ինչ մեզ հաղորդում է ինքնադիտումը, այլ այն ունի իր ինքնուրույն կառուցվածքը և նյութը։ Ընդ որում գիտակցության մատերիայում տարբերում էին տարրերի երեք կատեգորիաներ՝ զգայություն (որպես պարզագույն գործընթաց՝ այն բնութագրվում է որակով, ինտենսիվությամբ, հստակությամբ և տևականությամբ), պատկեր և զգացմունք։ Տիտչեները գտնում էր, որ գիտափորձի և մաթեմատիկայի համադրումը հոգեբանությանը կմոտեցնի հոգեբանությանը բնական գիտությունների չափանիշներին[14]։
Ֆունկցիոնալիզմ
խմբագրելՈրպես դպրոց կամ հոգեբանական համակարգ՝ ֆունկցիոնալիզմը առաջացել է Դարվինի էվոլյուցիոն տեսությունից և Ուիլյամ Ջեյմսի հոգեբանությունից։ Դարվինի բնական ընտրության տեսության համաձայն՝ գոյատևում և սերունդ են թողնում այն կենսաբանական տեսակները, որոնք ունեն միջավայրի կոնկրետ պայմաններին ամենալավը հարմարվելու կարողություն։ Դարվինը նաև գտնում էր, որ մարմնի էվոլյուցիայի հետ միասին տեղի է ունենում նաև բանականության էվոլյուցիա, որի հետ կապված կարևորում էր նաև հոգեբանական ադապտացիան։ Այս գաղափարները զարգացվել են Ջեյմսի հոգեբանության մեջ, որն էլ անմիջականորեն ազդեցություն է ունեցել ֆունցիոնալիզմի վրա։ Իր «Հոգեբանության սկզբունքները» աշխատությունում[15], որը հրատարակվել է 1890 թվականին, նա առաջադրել է բազմաթիվ հարցեր, որոնց հոգեբանները պետք է անդրադառնան։ Ջեյմսը նշում էր, որ հոգեբանությունը պետք է գործնական նշանակություն ունենա, և հոգեբանները պետք է պարզեն, թե ինչպես մարդը պետք է գործի հօգուտ իրեն։ Ֆունկցիոնալիզմը բնորոշվում է հետևյալ գաղափարներով՝
- Հոգեբանությունը պետք է ուսումնասիրի ֆունկցիաները, ոչ թե գիտակցության բովանդակությունը,
- Հոգեկան ֆունկցիաները միջավայրի հարմարման էությունն են,
- Հոգեբանությունը պետք է ընդունելի լինի գործնական օգտագործման համար,
- Հոգեկան ֆունկցիաները ամբողջական ակտիվության մաս են, որը ներառում է հոգեկան և ֆիզիկական բաղադրատարրեր,
- Հոգեբանությունը սերտորեն կապված է կենսաբանության հետ, և անատոմիայի և ֆիզիոլոգիայի իմացությունը կարող է օգնել հոգեկան ակտիվության հասկանալուն։ Այս դպրոցի ներկայացուցիչներից են Ջոն Դյուին, Հարվի Կարը և այլք[14]։
Հոգեվերլուծություն
խմբագրելԱյս դպրոցի հիմնադիրը Զիգմունդ Ֆրոյդն է[14]։ Հետագայում Ֆրոյդի hոգեվերլուծությունը ընդլայնվել է, զարգացել և քննադատվել տարբեր ուղղություններով, հիմնականում Ֆրոյդի նախկին կոլեգաների կողմից, որոնց թվում են Ալֆրեդ Ադլերը, Կարլ Գուստավ Յունգը, իսկ հետագայում նեոֆրոյդիզմի ներկայացուցիչների՝ Էրիխ Ֆրոմի, Կարեն Հորնիի, Հարի Սթեք Սալիվանի և Ժակ Լականի կողմից։
Հոգեվերլուծության հիմնական դրույթներն են՝
- Մարդու վարքը, փորձը և ճանաչողությունը մեծ մասամբ պայմանավորված են ներքին և իռացոնալ հակումներով,
- Այդ հակումները մեծ մասամբ անգիտակցական են,
- Այդ հակումների գիտակցման փորձերը հանգեցնում են հոգեբանական դիմադրության՝ պաշտպանական մեխանիզմների տեսքով,
- Անհատական զարգացումը պայմանավորվում է վաղ մանկության իրադարձություններով,
- Իրականության գիտակցական ընկալման և անգիտակցական մատերիալի միջև առկա կոնֆլիկտները կարող են հանգեցնել այնպիսի խանգարումների, ինչպիսիք են նևրոզները, բնավորության նևրոտիկ գծերը, վախը, դեպրեսիան և այլն[16]։
Ֆրոյդը նշանակալի ազդեցություն է ունեցել շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգի հայացքների վրա, ում վերլուծական հոգեբանությունը դարձավ խորքային հոգեբանության այլընտրանքային ձևերից մեկը։ 20-րդ դարի ընթացքում հոգեվերլուծությունը զարգացավ՝ ներառելով տարբեր գաղափարներ։ Ձևավորվեց նեոֆրոյդիզմի ուղղությունը, որ ներկայացուցիչներն են Էրիկ Էրիկսոնը, Մելանի Կլայնը, Ջոն Բոուլբին, Էրիխ Ֆրոմը, Կարեն Հորնին, Զիգմունդ Ֆրոյդի դուստրը՝ Աննա Ֆրոյդը։
Բիհեյվիորիզմ
խմբագրելԲիհեյվիորիզմը (անգլ.՝ Behavior-վարք) ԱՄՆ-ում 20-րդ դարում ձևավորված հոգեբանական ուղղություն է, որը որպես հոգեբանության առարկա սահմանում է ոչ թե գիտակցությունը[14], այլ վարքը՝ օրգանիզմի ռեակցիաների համագումարը ի պատասխան միջավայրի ստիմուլներին։ Բիհեյվիորիզմի հիմնական դրույթը, որն արտացոլվում է Ուոտսոնի, Սկինների և այլ բիհեյվիորիստների աշխատանքներում, այն է, որ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի մարդկանց և կենդանիների տեսանելի վարքը, այլ ոչ թե նրանց հոգեկանում տեղի ունեցող անտեսանելի իրադարձությունները[17]։ Այս դպրոցի հիմնադիր հանդիսանում է Ջոն Ուտսոնը, իսկ ուղղության հետագա զարգացմանը նպաստել են Բերես Ֆրեդերիկ Սկինները, Ալբերտ Բանդուրան, Էդուարդ Թորնդայքը, Էդուարդ Թոլմենը և այլք[18]։ Բիհեյվիորիզմը հաճախ անվանում էին «հոգեբանություն առանց հոգեկանի»։ Այս ուղղության կարևոր ներդրումն այն է, որ ներառում էր գիտակցությունից անկախ, արտաքին օբյեկտիվ դիտման ենթակա հարաբերությունները։
Հումանիստական հոգեբանություն
խմբագրելՀումանիստական հոգեբանությունը արևմտյան հոգեբանության ուղղություններից է, որն իր ուսումնասիրման գլխավոր առարկա համարում է անձը՝ որպես յուրահատուկ համակարգ, որն իրենից ներկայացնում է ինքնաիրացման բաց հնարավորություն, որը հատուկէ միայն մարդուն[19]։ Հումանիստական հոգեբանության մեջ որպես վերլուծության հիմնական առարկա հադես են գալիս բարձրագույն արժեքները, անձի ինքնաիրացումը, ավտոնոմությունը, հոգեկան առողջությունը, միջանձնային շփումը։ Հումանիստական հոգեբանությունը որպես ինքնուրույն ուղղություն առանձնացել է 20-րդ դարի 60-ական թվականների՝ ի հակադրություն բիհեյվիորիզմի և հոգեվերլուծության։ Այն ստացավ 3-րդ ուժ անվանումը։ Այս ուղղության ներկայացուցիչներն են Աբրահամ Մասլոուն, Կարլ Ռոջերսը, Վիկտոր Ֆրանկլ, Ռոլո Մեյը և այլք։ Հիմնական գաղափարներից է մարդկանց ներքուստ բարի լինելը։ Ունի հոլիստական մոտեցում մարդկանց լինելիությանը, և հատուկ ուշադրություն են դարձնում այնպիսի ֆենոմենների, ինչպիսիք են կրեատիվությունը, կամքի ազատությունը և մարդկային պոտենցիալը։ Մարդկանց դիտարկում են որպես «ամբողջական անձինք» և քաջալերում են ինքնաբացահայտումը, քան ուրիշների վարքի ուսումնասիրումը։ Այն կապված է զարգացող ուղղության՝ տրանսպերսոնալ հոգեբանության հետ։
Գեշտալտ հոգեբանություն
խմբագրելԳեշտալտ հոգեբանության (գերմ.՝ Gestalt-ձև, պատկեր, կառուցվածք) հիմնական սկզբունքն այն է, որ գիտակցությունը իրենից ներկայացնում է մեկ ամբողջություն՝ ինքնակազմակերպվող միտումներով։ Այս ուղղության մեջ գիտակցությունը ընդունվում էր որպես դինամիկ դաշտ, որտեղ յուրաքանչյուր կետ փոխազդում է մյուսների հետ։ Այս դաշտի փորձարարական ուսումնասիրման համար առաջադրվել է վերլուծության միավոր, որի դերում հանդես է եկել գեշտալտը։ Հոգեբանությունում գեշտալտ հոգեբանությունը հաճախ հակադրվում է ստրուկտուրալիզմին։ Այն արտահայտությունը, որ «ամբողջը տարբերվում է իր մասերից» հաճախ օգտագործվում է գեշտալտ տեությությունը բացատրելու համար[20]։ Հոգեբանության այս ուղղությունը ծագել է Գերմանիայում 1910-ական թվականներին և գոյատևել մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։ Այնուհետև ամբողջականության խնդիրների ուսումնասիրումը շարունակվել է ավստրական դպրոցի կողմից։ Գեշտալտ հոգեբանության հիմնադիրներն են Վոլֆգանգ Քյոլլերը, Մաքս Վերթհայմերը և Կուրտ Կոֆկան։ Գեշտալտ հոգեբանության համար որպես մեթաոդաբանական հիմք հանդիսացել են «կրիտիկական ռեալիզմի» փիլիսոփայական գաղափարները։ Գեշտալտ հոգեբանույթյունը չպետք է շփոթել Ֆրից Պերլսի գեշտալտ թերապիայի հետ։
Բնագավառներ
խմբագրելՀոգեբանությունը ընդգրկում է գիտելիքի մեծ տիրույթ՝ ներառելով հոգեկան գործընթացները և վարքն ուսումնասիրելու տարբեր մոտեցումներ։ Ժամանակակից հոգեբանությունը լայնորեն զարգացած գիտության բնագավառ է, որն իր մեջ ներառում է առանձին նորմեր և գիտական ուղղություններ։ Սոցիալական հոգեբանությունը ուսումնասիրում է սոցիալ-հոգեբանական գործընթացների առաջացումը մարդու անձի մեջ, նրա փոխհարաբերությունները այլ մարդկանց հետ, սոցիալ-հոգեբանական գործընթացների առաջացումը մեծ խմբերում։ Տնտեսագիտական հոգեբանությունն ուսումնասիրում է տնտեսական գործոնների և հոգեբանական երևույթների փոխազդեցության օրինաչափությունները տնտեսական գործունեության կարգավորման գործում[21]։ Իրավաբանական հոգեբանությունը հոգեբանության բնագավառ է, որն ուսումնասիրում է մարդու հոգեկանի օրինաչափությունները, հոգեկան երևույթները մարդ-իրավունք հարաբերությունների համակարգում[22]։ Կրթության հոգեբանությունը ուսումնասիրում է մարդկանց կրթական, դաստիարակչական գործընթացի զարգացման օրինաչափությունները։ Տարիքային հոգեբանությունը ուսումնասիրում է առողջ մարդու զարգացման օրինաչափությունները ըստ տարիքային խմբի՝ ներառելով մանկան հոգեբանությունը, պատանեկության հոգեբանությունը, հասուն տարիքի հոգեբանությունը, հերոնտոհոգեբանությունը։ Կարելի է առանձնացնել հոգեբանության ճյուղերի մի առանձին շարք, որոնք ուսումնասիրում են մարդու գործունեության կոնկրետ տեսակների հոգեբանական խնդիրները։Աշխատանքային հոգաբանությունը ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեության յուրահատկությունները և աշխատանքային ունակությունների զարգացման օրինաչափություններրը։ Ինժեներական հոգեբանությունը ուսումնասիրում է մարդու և ժամանակակից տեխնիկայի փոխհարաբերությունները՝ դրանց նախագծման, ստեղծման և կիրառման ավտոմատ գործընթացներում։ Ավիացիայի, տիեզերագնացության հոգեբանությունը՝ որպես ինժեներական հոգեբանության ճյուղեր, վերլուծում են օդաչուի, տիեզերագնացի գործունեության յուրահատկությունները։ Բժշկական հոգեբանությունը ուսումնասիրում է բժշկի գործունեության և հիվանդի վարքի յուրահատկությունները, ստեղծում է հոգեբանական մեթոդներ բուժման և հոգեթերապիայի համար։ Կլինիկական հոգեբանության շրջանակներում, որն ուսումնասիրում է հոգեկանի տարբեր խանգարումները և տարբեր հիվանդությունների ժամանակ տեղի ունեցող հոգեկան փոփոխությունները, առանձնանում է պաթոհոգեբանությունը, որն ուսումնասիրում է հոգեկանի զարգացման խանգարումները և հոգեկանի անկումը տարբեր ուղեղային պաթոլոգիաների դեպքում։ Հոգեֆիզիոլոգիան ուսումնաիսրում է հոգեկան գործունեության ֆիզիոլոգիական հիմքը, իսկ դիֆերենցիալ հոգեբանությունը՝ մարդկանց միջև անհատական տարբերությունները։ Գովազդի հոգեբանությունը զբաղվում է սպառողների սպասելիքների և կարիքների գնահատմամբ։ Կրոնի հոգեբանությունը փորձում է հասկանալ և բացատրել հավատացյալների կամ տարբեր կրոնական կազմակերպությունների անդամների վարքագիծը։ Ժամանակակից հոգեբանությանը բնորոշ է դիֆերենցացիայի գործընթացը, որի համաձայն հոգեբանությունը բաժանվում է միմյանցից զգալիորեն տարբերվող ճյուղերի, որոնք պահպանում են հետազոտության ընդհանուր առարկան՝ հոգեկանի օրինաչափությունները, մեխանիզմները։ Հոգեբանության դիֆերենցացիան լրացվում է ինտեգրման գործընթացով, ինչի արդյունքում տեղի է ունենում հոգեբանության և մյուս գիտությունների հատում[8]։
Հոգեբանության մեթոդներ
խմբագրելԳիտական մեթոդի հիմնական կողմերից է գաղափաների էմպիրիկ ստուգման անհրաժեշտությունը։ Մեթոդները այն հնարքներն ու միջոցներն են, որոնց օգնությամբ հետազտոտող հոգեբանները ստանում են վստահելի ինֆորմացիա։ Ստացված ինֆորմացիան հետագայում օգտագործվում է գիտական տեսությունների, ինչպես նաև գործնական տեխնիկաների կիրառման համար։
Դիտում
խմբագրելՈրոշ դեպքերում հետազոտության գաղափարի առաջացումը սկսվում է չհամակարգված դիտումից։ Վարքի մասին գիտելիքների ստացման մյուս ճանապարհը իրական կյանքային պայմաններում նրա բնական դրսևորումների դիտումն ու գրանցումն է, սակայն ավելի մեթոդական և խիստ, քան չհամակարգված դիտման ժամանակ։ Սա կոչվում է բնական դիտում։ Այս մեթոդը չի բացատրում վարքը, սակայն հանդիսանում է ինֆորմացիայի հարուստ աղբյուր այն մասին, թե ինչպես են մարդիկ իրենց դրսևորում իրենց համար առօրեկան միջավայրում։ Բնական դիտումն ունի իր սահմանափակումները՝
- Հաճախ հետազոտողները հանդիսանում են անկանխատեսելի իրադարձությունների դիտորդներ, որոնք ոչ լրիվ կամ միանգամայն չեն կարող ղեկավարել դրանք,
- Հետազոտողի նախապաշարմունքները և որոշակի սպասումները կարող են ազդել այն բանի վրա, թե դրսևորվող վարքի որ կողմերին ուշադրություն կդարձնի հետազոտողը,
- Դիտման արդյունքների ընդհանրացումը հիմնված է դիտման օբյեկտների քիչ քանակի վրա,
- Հետազատողները կարող են չկանխամտածված ձևով միջամտել և ազդել տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Փորձարարական մեթոդ
խմբագրելՀետազտողի համար պատճառահետևանքային կապեր դուրս բերելու հուսալի միջոց է։ Փորձարարական մեթոդի էությունն այն է, որ հետազոտողին հնարավորություն է տալիս մանիպուլյացիա իրականացնել մի փոփոխականի հետ և մանրամասն հսկման պայմաններում դիտել նրա ազդեցությունը այլ, հետազոտողին հետաքրքիր փոփոխականի վրա։ Փոփոխականը, որը մանիպուլյացվում է, կոչվում է անկախ փոփոխական։ Անկախ փոփոխականը մի որոշակի պայման է, որը հետազտողը պարբերաբար փոխում է, որպեսզի գնահատի նրա ազդեցությունը մյուս փոփոխականի վրա։ Փոփոխականը, որն ի պատասխան անկախ փոփոխականի ազդեցության նույնպես փոխվում է, կոչվում է կախյալ փոփոխական։ Փորձարարական հետազոտությունը՝ իր ամենապարզ ձևով, պահանջում է, որ երկու հետազտովող խմբերի միջև կատարվի համեմատություն։ Հետազոտվողների այն խումբը, որը ենթարկվում է որոշակի հատուկ ներգործության, անվանում են փորձարարական խումբ։ Հետազոտվողների մյուս խումբը, որոնք հատուկ ներգործության չեն ենթարկվում, կոչվում է ստուգիչ խումբ։ Այնուհետև իրականանում է երկու խմբերի համեմատություն այն նպատակով, որ ստոէեն արդյոք փորձարարական ներգործությունը ինչ-որ ազդեցություն ունի ընտրված կախյալ փոփոխականի վրա, թե ոչ։ Փորձարարական հետազոտությունը, իր առավելություններով հանդերձ, ունի թերություններ՝
- Փորձարարական մեթոդով որոշ պրոբլեմների ուսումնասիրումը էթիկապես թույլատրելի չէ։
- Փորձարարական հետազոտությունը շատ հաճախ արհեստական է լինում, և նրա արդյունքները չեն կարող էքստրապոլացվել այլ պայմանների և իրավիճակների վրա։
- Լաբորատոր հետազոտությունները սովորաբար սահմանափակվում են բավականաին կարճատև ֆենոմենների ուսումնասիրությամբ, այդ իսկ պատճառով հավանականությունը մեծ է, որ ինչ-որ կարևոր պրոցեսներ կմնան գիտնականների տեսադաշտից դուրս։
- Այն բանից հետո, երբ հետազոտվողը իմանում է, որ գտնվում է փորձարակակն հետազոտության պայմաններում, նրա վարքը կարող է փոփոխվել ոչ թե անկախ փոփոխականների փոփոխության արդյունքում, այլ այն պատճառով, որ գիտի իր վարքը ուսումնասիրող հետազտողի մասին։
Ինքնահաշվետվության մեթոդներ
խմբագրելԱյս հետազոտությունների ընթացում հետազոտվողներին առաջարկվում է գրավոր պատասխանել հարցերի, պնդումների կամ առաջադրոնքների՝ ուղղված անձի խառնվածքի, բնավորության, արժեքների, դիրքորոշումների, դրդապատճառների, ընդունակությունների և այլնի ուսումնասիրմանը։ Այս մեթոդների հիմնական առավելությունն այն է, որ տալիս են առավել ամբողջական, որոշակի և համակարգված ինֆորմացիա անձի մասին։ Օբյեկտիվությունը հիմնականում արդյունքների վերլուծության մեջ է։ Մյուս կողմից դրանք ապահովագրված չեն ստից, սոցիալական ցանկալիության միտվածությունից, էտալոնների ազդեցությունից։
Պրոյեկտիվ մեթոդներ
խմբագրելՊրոյեկտիվ մեթոդ ասելով հասկանում են գնահատման այն մեթոդները, որոցում հետազտովողներին տրվում են անորոշ ստիմուլներ։ Այդ ստիմուլների բովանդակությունը չի ենթադրում հատուկ, տվյալ մշակույթով պայմանավորված պատասխաններ։ Նման մեթոդներն իրենցից ներկայացնում են անձի գնահատման անուղղակի մոտեցում, թույլ են տալիս մարդկանց պրոյեկտել սեփական զգացմունքները, պահանջները, դիրքորոշումները, կյանքի նկատմամբ վերաբերմունքը անորոշ նյութի վրա։ Ենթադրվում է, որ թեստային ստիմուլներին ի պատասխան ի հայտ են գալիս ճնշված իմպուլսների հատկանիշներ, անձի պաշտպանական մեխանիզմներ և նրա ուրիշ ասպեկտներ։ Հետազոտողը երբեք չի բացատրում և չի մատնանշում հետազտության բուն նպատակը կամ հաշվարկի մեխանիզմները։ Նշվում է միայն, որ ճիշտ և սխալ պատասխաններ չկան, և հետազոտվողները կարող են պատասխանել իրենց ուզածի պես։
Զրույցի և հարցազրույցի մեթոդներ
խմբագրելՀարցազրույցի և զրույցի անցկացման ձևն ու ընթացքը կախված է նպատակից և թեմայից։ Օրինակ, անձի մասնագիտական հնարավորությունների գնահատման և կլինիկական հարցազրույցները բովանդակային առումով խիստ տարբեր են։ Հարցազրույցի մի տարբերակի դեպքում հարցերն ընտրվում և դրվում են որոշակի անհրաժեշտ հերթականությամբ, առավել անձնական, խորը հարցերը տրվում են վերջում, մինչդեռ սկզբում դրվում են թեթև, ոչ նշանակալի հարցերը, ինչը օգնում է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծել և հող նախապատրաստում հետագա հարցերի համար։ Հարցազրույցի մեկ այլ տարբերակի դեպքում տրվում է բավական մեծ ազատություն պատասխանների մեջ։ Պատասխանողը ազատ է ընտրել, թե որ հարցին ինչպես պատասխանի, իսկ հարցազրույց վարողը ազատ է փոխելու հետազոտություն վարելու մարտավարությունը, եթե նախորդը իրեն չի արդարացնում[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Блейхер, Вадим Моисеевич, and Инна Вадимовна Крук. "Толковый словарь психиатрических терминов
- ↑ Немов, Р. С. "Психология: учеб. для студ. высш. пед. учеб. заведений: в 3 кн." М.: Гуманит. изд. центр ВЛАДОС (2003).
- ↑ Ավանեսյան Հ., Հովհաննիսյան Հ., հովհաննիսյան Ս., Ասրիյան Է. Հոգեբանություն. դեմքեր, փաստեր/ Ուսումնական ձեռնարկ. Եր. ԵՊՀ հրատ. 2010,204 էջ
- ↑ Fernald LD (2008). Psychology: Six perspectives (pp. 12–15). Thousand Oaks, CA: Sage Publications.
- ↑ Hockenbury & Hockenbury. Psychology. Worth Publishers, 2010.
- ↑ Although psychoanalysis and other forms of depth psychology are most typically associated with the unconscious mind, behaviorists consider such phenomena as classical conditioning and operant conditioning, while cognitivists explore implicit memory, automaticity, and subliminal messages, all of which are understood either to bypass or to occur outside of conscious effort or attention. Indeed, cognitive-behavioral therapists counsel their clients to become aware of maladaptive thought patterns, the nature of which the clients previously had not been conscious.
- ↑ "Psychology is a Hub Science". Association for Psychological Science Observer (September 2007)
- ↑ 8,0 8,1 8,2 Столяренко, Людмила Дмитриевна. Психологии.учебник для вузов.-СПб.: Питер,2010.-592 с.
- ↑ Green, C.D. & Groff, P.R. (2003). Early psychological thought: Ancient accounts of mind and soul. Westport, Connecticut: Praeger
- ↑ КАЗАКОВ Ю.Н, ЗОЛОТАРЁВА Г.К "ОБЩАЯ ПСИХОЛОГИЯ РАЗДЕЛ “ВВЕДЕНИЕ В ПСИХОЛОГИЮ” Конспект лекций."
- ↑ Stanford Encyclopedia of Philosophy. (2006). "Wilhelm Maximilian Wundt"
- ↑ http://www.uni.edu/tan/structuralism.htm
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Ярошевский, М. Г. "История психологии от античности до середины ХХ в." М.: Мысль (1996).
- ↑ The Principles of Psychology (1890), with introduction by George A. Miller, Harvard University Press, 1983 paperback, ISBN 0-674-70625-0 (combined edition, 1328 pages)
- ↑ Erich Fromm (1992:13-14) The Revision of Psychoanalysis
- ↑ Skinner, B.F. (16 April 1984). "The operational analysis of psychological terms". Behavioral and Brain Sciences 7 (4): 547–81. doi:10.1017/s0140525x00027187. Retrieved 2008-01-10.
- ↑ Fraley, L.F. (2001). "Strategic interdisciplinary relations between a natural science community and a psychology community"
- ↑ Ярошевский М. Г. Гуманистическая психология
- ↑ David Hothersall: History of Psychology, chapter seven,(2004)
- ↑ Բեգոյան Ա.Ն. Տնտեսագիտական հոգեբանության ներածություն // Էկոնոմիկա, # 2, 2006, էջ 54-57։
- ↑ Արզումանյան Ս., Գրին Է. Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բուհերի համար- Եր., Զանգակ-97, 2004. - 432 էջ։
- ↑ Хьел, Л., and Д. Зиглер. "Теории личности. С-Пб." Москва–Минск–Харьков (1997).
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոգեբանության մասին Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեբանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 500)։ |