Գիմնազիա

միջնակարգ դպրոցի տեսակ

Գիմնազիա, միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություն։ «Գիմնազիա» եզրը փոխառվել է Հին Աթենքից։ Առաջինը գիմնազիա է կոչվել 1538 թվականին Ստրասբուրգում բացված միջնակարգ դպրոցը։ 16-18-րդ դարերում գիմնազիաներ բացվել են Գերմանիայում։ 19-րդ դարում գիմնազիա էին կոչվում Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Հունաստանի,Դանիայի, Սերբիայի և Շվեյցարիայի (գերմանական շրջաններ) արական միջնակարգ դպրոցները։

Կանանց ֆիննական գիմնազիան Վիբորգում

Դասական գիմնազիաների հիմնական նպատակն էր սովորողներին նախապատրաստել համալսարան ընդունվելու։ Իգական գիմնազիաները նման իրավունքներ չունեին։ Մոսկվայի Լազարյան ճեմարանը ունեցել է դասական գիմնազիաների իրավունքներ և արտոնություններ։ Հարավային Կովկասում առաջին գիմնազիան հիմնադրվել է ԹիՖլիսում (1829 թվական)։ 1881 թվականին Երևանի արական, իսկ 1898 թվականին Երևանի Հռիփսիմյան իգական պրոգիմնազիաները վերակառուցվել են գիմնազիաների։ 20-րդ դարի սկզբին ստեղծվել են իգական նոր գիմնազիաներ Երևանում (1912 թվական), Ալեքսանդրապոլում (1906 թվական), Կարսում (1909 թվական)։ Երևանում գործել է նաև մասնավոր գիմնազիա։ Իգական գիմնազիաները հիմնականում ուսուցչուհիներ էին պատրաստում գավառական և քաղաքային ուսումնարանների համար։ Հարավային Կովկասի, այդ թվում Արևելյան Հայաստանի գիմնազիաներում դասավանդվել են նաև տեղական լեզուներ, որոնք պարտադիր էին միայն հայերի, վրացիների և ադրբեջանցիների համար։ Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի գիմնազիաները որոշակի դեր են խաղացել հայ մշակույթի, դպրոցի, մանկավարժական մտքի, մանկավարժական համագործակցությունների զարգացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 68