Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրավունք (այլ կիրառումներ)

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Իրավունքի հատկանիշները

խմբագրել

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
  • Համակարգայնությունը։

Իրավունքի առաջացման տեսությունները

խմբագրել

Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև։ Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից։

Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը և քաղաքացու ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից։

Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում։ Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ։

Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է։

Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով։

Իրավունքի աղբյուրները

խմբագրել

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։

Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։

Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։

Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

Նորմատիվ ակտերի համակարգումը

խմբագրել

Նորմատիվ ակտերի համակարգումը նորմատիվ ակտերի ներքին և արտաքին համակարգումն է։ Դրա տեսակներն են.

  • Ինկորպորացիա՝ իրավունքի ճյուղերին համապատասխան նորմատիվ ակտերի միավորումն է, ժամանակային, այբբենական կամ այլ հերթականությամբ առանց դրանց բովանդակության փոփոխության։
  • Կոնսոլիդացիա՝ նորմատիվ իրավական փաստաթղթերի համակարգման տեսակ, որի էությունը կայանում է վերջիններիս բազմազանությունը բացառելու մեջ՝ օրենսդրության կառուցվածքում ավելի խոշոր, միատարր բլոկների ստեղծման ճանապարհով։
  • Կոդիֆիկացիա՝ նոր, համակարոգող իրավական ակտի ստեղծում։

Իրավունք և պատասխանատվություն

խմբագրել

Ի՞նչ է իրավունքը։ «Իրավ» նշանակում է ճշմարիտ, իրոք։ Ուրեմն, իրավունք բառը նշանակում է ճշմարիտ, իրավացի, արդար լինելը։ Որոշ լեզուներում, օրինակ` ռուսերենում և անգլերենում, իրավունք բառը նշանակում է «աջ», այսինքն` արդար, անխարդախ։ «Իրավունք» բառն օգտագործվում է եզակի և հոգնակի թվերով։ Որպես եզակի իրավունք, այն նշանակում է համակարգ, որտեղ ամեն ինչ, անգամ պետական բարձրագույն իշխանությունը ենթարկվում են իրավական պահանջներին։ Այս իմաստով հասարակագետները խոսում են իրավունքի գերակայությոան մասին։ Բառն օգտագործվում է հոգնակի թվով մարդու իրավունքների մասին խոսելիս։ Այս առումից իրավունքը շատ մոտ է ազատությանը, և մարդու իրավունքներն ու ազատություները համարյա հոմանիշներ են։ Իսկ ի՞նչ կապ ունի իրավունքը պատախանատվության հետ։ Իրավունքը և պատասխանատվությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են։ Միայն իրենց իրավունքների մասին աղաղակող մարդիկ երբեմն մոռանում են, որ իրավունքները ծնում են նաև պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք։ Իսկ ի՞նչ է պատասխանատվությունը։ Պատասխանատվության խնդիրն առաջ է այն հասարակություններում, որոնցու կան ազատ անհատներ։ Պատասխանատու լինել`նշանակում է գիտակցել ու հիմնավորել սեփական գործողություններն ու դրանց հետևանքները։

Իրավական համակարգ

խմբագրել

Իրավունքը ներառում է բազմաթիվ իրավական համակարգեր, որոնք իրարից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։ Նեղ իմաստով իրավական համակարգը որոշակի պետության իրավունքն է՝ ազգային իրավական համակարգը։ Լայն իմաստով այս կատեգորիան ներառում է համանման իրավական հատկանիշներ ունեցող իրավական ընտանիքներ։
Իրավական համակարգերի դասակարգման համար հիմք են ընդունվում հետևյալ չափորոշիչները.

  • ծագման ընդհանրությունը,
  • իրավունքի աղբյուրների ընդհանրությունը,
  • կառուցվածքային նմանությունը,
  • հասարակական հարաբերությունների կարգավորման սկզբունքների ընդհանրությունը,
  • տերմինաբանության, իրավաբանական կատեգորիաների, հասկացությունների, իրավունքի նորմերի շարադրման տեխնիկայի և համակարգման միասնությունը։

Հաշվի առնելով այս, ընդունված է իրավական համակարգերի հետևայլ դասակարգումը.

 
[1] Աշխարհի իրավական

Իրավունքի համակարգ

խմբագրել

Իրավունքի համակարգը օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրավունքի ներքին կառուցվածքն է, որը բաժանվում է.

Իրավական նորմը իրավունքի համակարգի սկզբնական տարրն է։ Այն իրենից ներկայացնում է համապարտադիր վարքագծի կանոն, որով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։ Իրավական նորմը պաշտպանվում է պետական հարկադրանքի ուժով։ Իրավական նորմերը իրավական համակարգում տարանջատված ձևով գոյություն չունեն, դրանք միավորվում են ելնելով իրենց առարկայական նշանակությունից և ձևավորում են ավելի ընդհանրական կազմավորումներ՝ իրավունքի ինստիտուտներ։
Իրավունքի ինստիտուտը իրավական նորմերի համակցություն է, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների առանձին խումբ՝ համասեռ հասարակական հարաբերություններ։
Իրավունքի ենթաճյուղը իրավունքի մի քանի ինստիտուտների համախմբվածություն է այս կամ այն իրավունքի ճյուղում։
Իրավունքի ճյուղն իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Juriglobe». www.juriglobe.ca. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունք» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 456