«Տիգրիս» (անգլ.՝ Tigris), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի նավակներից մեկը։ «Տիգրիսը» եղեգնյա նավակ է, որով 1977 թվականի նոյեմբերից մինչև 1978 թվականի ապրիլը Թուր Հեյերդալն ու իր արշավախումբը միջազգային գիտարշավ կատարեցին։

Տիգրիս
Նավակ Խմբագրել Wikidata
Reed boat Խմբագրել Wikidata
Նյութreed Խմբագրել Wikidata
Crew member(s)Norman Baker, Յուրի Սենկևիչ, Carlo Mauri Խմբագրել Wikidata
ԱրտադրողԹուր Հեյերդալ Խմբագրել Wikidata
ՀրամանատարԹուր Հեյերդալ Խմբագրել Wikidata

Նախապատմություն

խմբագրել

Թուր Հեյերդալը կարծում էր, որ Հին Միջագետքում ձևավորված քաղաքակրթությունը հսկայական մշակութային ազդեցություն է թողել հարակից տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների վրա։ Որպեսզի իրականացնի իր գիտաենթադրության ապացույցը այն մասին, որ այդ քաղաքակրթությունը տարածվել է ոչ այնքան ցամաքով, որքան ծովով, նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալը մտածում է նոր գիտարշավի մասին, որը մեկնարկելու էր այն նավով, որի նախատիպով բաց ծով են դուրս եկել միջագետքյան քաղաքակրթության ծովագնացները։

Կառուցվածքային առանձնահատկություններ

խմբագրել

«Տիգրիս» նավակը կառուցվել է շումերական նավերի նմանությամբ։ Որպես շինանյութ Թուր Հեյերդալն օգտագործել է եղեգների ընտանիքի ներկայացուցիչ կերոն նեղատերև (Typha angustifolia): Ըստ ճանապարհորդի, հենց կերոն նեղատերև բույսն են օգտագործել Միջագետքի բնակիչներն իրենց նավակները կառուցելու ժամանակ։ Նախքան նավակ կառուցելը, Հեյերդալը բազմաթիվ փորձարկումներ է կատարել, որպեսզի իմանա, թե կոնկրետ որ եղեգնը տարվա որ եղանակին պետք է քաղել, երբ չորացնել և կոնկրետ ինչ պայմաններում, որպեսզի հնարավորինս քիչ քանակով ջուր ներծծի իր մեջ։ «Տիգրիս» նավակը կառուցելու ընթացքում Հեյերդալը հրավիրում է հինգ հնդկացիների լեռնային Տիտիկակա լճի մոտ բնակվող, քանի որ նրանք այսպիսի նավակներ պատրաստելու վարպետ են համարվել դարեր իվեր։ Ինչպես նաև հրավիրեց տասը արաբների Իրաքից, քանի որ վերջիններս հիանալի տիրապետում էին եղեգնի չորացման տեխնոլոգիաներին ու գաղտնիքներին։ Աշխատանքի վերջին փուլի ընթացքում մեծ օգնություն ցուցաբերեցին խորհրդային մասնագետները, որոնք այդ ժամանակ աշխատում էին Բասրա իրաքյան նավահանգստում։

«Տիգրիս» նավակի երկարությունը կազմում էր 18 մետր, իսկ լայնությունը՝ 6 մետր։ Կառուցման համար օգտագործվեց ավելի քան երեսուն տոննա կերոն նեղատերև։ Նավի ընդհանուր զանգվածը կազմում էր 50 տոննա։ Տախտակամածին տեղադրված էին երկու կացարաներ անձնակազմի համար, ինչպես նաև կայմ առագաստի համար, ղեկանիվներ և թիավարման թիեր։ Եղեգնը, որով կառուցված էր «Տիգրիս» նավակը, պետք է ապահովեր առնվազն մեկ տարվա լողունակություն։ Նավակի անվանումը տրվեց ի պատիվ Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող Միջագետքով հոսաղ Տիգրիս գետի։

Երթուղին և գիտարշավի տևողությունն այս անգամ Թուր Հեյերդալի կողմից հստակորեն նախագծված չէր, ինչպես օրինակ «Կոն-Տիկի» լաստանավով գիտարշավ կատարելու ժամանակ։ Ըստ անձնակազմի, «Տիգրիս» նավակը պետք է ուղղություն վերցներ դեպի Աֆրիկայի արևելյան ափեր և հասներ մինչև Բարեհուսո հրվանդան։

 
«Տիգրիս» նավակի անձնակազմը տախտակամածի վրա

«Տիգրիս» նավակի անձնակազմ

խմբագրել

Բացի գիտարշավի ղեկավար վաթսուներեքամյա Թուր Հեյերդալից, «Տիգրիս» նավակի անձնակազմում ներառվեցին նաև ներքոհիշյալ անձինք.

Գիտարշավի ժամանակագրություն

խմբագրել

1977 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 13:05-ին «Տիգրիս» նավակը դուրս եկավ Էլ-Կուրնա գյուղի տարածքից, որտեղ միախառնվում են Տիգրիս և Եփրատ գետերի ջրերը՝ ձևավորելով Շատ ալ-Արաբ գետը։ Նավակը ուղղություն վերցրեց այդ գետով՝ օգտվելով առագաստից և նավաքարշ շոգենավից։ Դեկտեմբերի 2-ին «Տիգրիս» նավակը դուրս ելավ Պարսից ծոց։

Ֆայլակա կղզու մոտ, որը Պարսից ծոցում է տեղակայված, «Տիգրիս» նավակը իջեցնում է առագաստն ու խարիսխ նետում, քանի որ հանդիպակաց քամին խանգարում էր նավարկելուն։ Բայց շուտով երկու խարիսխներն էլ պոկվում են և նավը սկսում է դրեյֆել դեպի Ֆայլակա կղզու խութային շրջանները։ Դեկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 7:05-ին «Տիգրիս» նավակից «SOS» ազդանշան է արձակվում։ Այդ ազդանշանը ընդունում է խորհրդային «Սլավսկ» շոգենավը։ Այն միակ նավն էր տարածաշրջանում, որը եկավ օգնության։ «Սլավսկը» աղետի գոտի ժամանեց ընդամենը չորս ժամ հետո և ծանծաղ լինելու պատճառով խարիսխ նետեց «Տիգրիս» նավակից երեք մղոն հեռավորության վրա։ Վերջինիս քարշակով նավը սկսեց տեղաշարժել և երեկոյան ժամը 20:00-ին հասնում են Բահրեյն կղզի-պետության մոտ։ Չորս օր անց «Տիգրիսը» հասնում է Մանամայի նավամատույցին։ Այստեղ փոխում են առագաստը նոր ավելի ամուր առագաստով, որը բերվել էր Համբուրգից։ Վերականգնում են ղեկային կառավարման սարքերը և վերացնում են նավակի քթամասի լայն ծակվածքը։ 1977 թվականի դեկտեմբերի 24-ին արշավախումբը ճանապարհ է ընկնում։ Անցնելով Հորմուզի նեղուցը, «Տիգրիս» նավակը գիշերվա ընթացքում հազիվ է փրկվում խորտակումից, քանի որ անցնող մեծ նավերը չէին նկատել նրան։ 1978 թվականի հունվարի սկզբին «Տիգրիսը» մուտք է գործում Օմանի Մատրահ նավահանգիստ։ Այստեղ կրկին վերականգնվում են ղեկային համակարգերը և թարմացնում են ջրի պաշարները։

Հունվարի 12-ին նավարկությունը վերսկսվում է։ Անցնելով Արաբական ծովը ծայրից ծայր, Թուր Հեյերդելի անձնակազմն ու «Տիգրիս» նավակը 1978 թվականի փետրվարի 2-ին կանգառում են կատարում Կարաչիում։

1978 թվականի մարտի 30-ին, 4.5 ամիս նավարկելով ու արդյունքում անցնելով 7 հազար կիլոմետր ճանապարհ, «Տիգրիս» նավակը մտնում է Ջիբութիի նավահանգիստ։ Թուր Հեյերդալը փորձում էր թույլատրություն ստանալ պետություններից և մտնել նրանց տարածքային ջրերը, որոնք սահմանակից են Բաբ էլ-Մանդեբի նեղուցին և այդ տարածքներով նավարկել մինչև Կարմիր ծովի աքվատորիա։ Սակայն ոչ մի պետություն չարձագանքեց Թուր Հեյերդալի խնդրանքին։ Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում, այդ տարածաշրջանի ջրերում ռազմական մանևրումներ էին իրականացնում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերը։ Այդ իսկ պատճառով գիտարշավի շարունակությունը դառնում էր հույժ վտանգավոր։

Թուր Հեյերդալը որոշեց, որ էլ չեն շարունակելու գիտարշավը և այրելու են «Տիգրիս» նավակը, որը բավականին բարվոք վիճակում էր գտնվում։ «Տիգրիս» նավակը վերջնական կանգառն արեց 1979 թվականի ապրիլի 3-ին՝ խարիխ նետելով Ջուբիթիի նավահանգստից մի քանի կիլոմետր հեռու գտնվող կղզիներից մեկի մոտ։ Այդ օրը անձնակազմի անդամները դուրս հանելով նավակից բոլոր իրերն ու հավաքածուները՝ այրեցին այն[1]։

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմին ուղղված բաց նամակում Թուր Հեյերդալը գրել է.

  Այսօր մենք կայրենք մեր հպարտ, սակայն խղճուկ նավակը, որով վերադարձել ենք բաց ծովից...ի նշան բողոքի ընդդեմ անմարդկայնության, որը տիրում է 1978 թվականին աշխարհում։ Մենք ստիպված խարիսխ գցեցինք Կարմիր ծովի մուտքի մոտ։ Շրջապատված քաղաքակիրթ պետությունների ուղղաթիռներով և ռազմանավերով, մեզ թույլ չտվեցին մուտք գործել դեպի միջազգային ջրերը։ Չստանալով պետությունների կառավարությունների օգնությունը՝ անվտանգության նկատառումներով մենք ստիպված կանգառեցինք դեռևս չեզոք դիրքում գտնվող Ջիբութիի Հանրապետությունում, քանի որ շրջակայքում հարևաններն ու եղբայրները վերացնում են միմյանց...

Մենք դիմում ենք բոլոր արդյունաբերական երկրների հասարակ մարդկանց։ Անհրաժեշտ է գիտակցել մեր ժամանակների խելագար իրականությունը... Մեր կողմից ուղղակի անպատասխանատու քայլ կլիներ, եթե մենք չպահանջենք նրանցից, ովքեր վերջնական որոշումներ են ընդունում ու զենք մատակարարում այն երկրներին, որոնց մեր պապերը հրով ու սրով են տիրել։

- Թուր Հեյերդալ
 

«Տիգրիս» նավակի գիտարշավի գլխավոր նպատակն իրականացավ։ Եղեգնյա նավակը ցուցաբերեց ծովագնացության հիանալի արդյունքներ, իսկ դա վկայում է, որ Միջագետքի բնակիչները, Ինդոսի հովտի և Եգիպտոսի ծովագնացները միմյանց հետ մշտական ծովային նավարկությունների մեջ են եղել։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Blair B., Storfjell B. Heyerdahl burns «Tigris» Reed Ship to Protest War // Azerbaijan International — Spring 2003 (11.1) (անգլ.)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել